ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2018 թվականի N 499-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 24-րդ մասին համապատասխան՝
(նախաբանը փոփ. 11.06.25 N 385-Ն)
1. Սահմանել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 15-ից՝ բացառությամբ սույն որոշման հավելվածի 24-րդ և 26-րդ կետերի:
3. Սույն որոշման հավելվածի 24-րդ և 26-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունիսի 15-ից:
(3-րդ կետը փոփ. 26.09.19 N 671-Ն)
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատարԱ. Միրզոյան
2018 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. դեկտեմբեր N 499-Ն որոշման
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու ընթացակարգերը, ինչպես նաև թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը:
2. Մրցույթի թեստերը պետք է բխեն քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից:
(2-րդ կետը փոփ. 11.06.25 N 385-Ն)
3. Թեստը թեստային առաջադրանքների համակարգ է, որի միջոցով ստուգվում է թեստավորման մասնակցի մասնագիտական գիտելիքների տիրապետման մակարդակը:
(3-րդ կետը փոփ. 11.06.25 N 385-Ն)
4. Թեստային առաջադրանքն ստուգողական խնդիր կամ հարց է` պարտադիր կատարման պահանջով կամ ենթադրյալ ճիշտ և սխալ պատասխաններով, կամ գործողության որոշակի ալգորիթմով:
5. Հարցազրույցը մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակցի մասնագիտական գիտելիքների, դրանք կիրառելու կարողությունների և կոմպետենցիաների գնահատումն է:
(5-րդ կետը լրաց. 11.06.25 N 385-Ն)
2. ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼԸ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼԸ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ
6․ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենսդրական ակտերից (այսուհետ՝ ընդհանուր օրենսդրական ակտեր) մասնագիտական գիտելիքներն ստուգող թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրություն) մասնագիտական գիտելիքներն ստուգող թեստային առաջադրանքները՝ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմինները (այսուհետ՝ համապատասխան մարմին), բացառությամբ գլխավոր քարտուղարի մրցույթի։
(6-րդ կետը խմբ. 11.06.25 N 385-Ն)
7․ Գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում ընդհանուր օրենսդրական ակտերից, ինչպես նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից մասնագիտական գիտելիքներն ստուգող թեստային առաջադրանքները կազմում և տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի թեստում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխանաբար՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հաշվեքննիչ պալատը։
(7-րդ կետը խմբ. 11.06.25 N 385-Ն)
8. Թեստում ընդգրկվող առաջադրանքների հարաբերակցությունը որոշվում է ըստ պաշտոնների ենթախմբերի (N 1 ձև). որքան ցածր է պաշտոնի ենթախումբը, այնքան գերակշռում են քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրության վերաբերյալ առաջադրանքները:
(8-րդ կետը փոփ. 11.06.25 N 385-Ն)
9․ Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից թեստային առաջադրանքները կազմվում են համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի կամ օրենքով նախատեսված պաշտոնատար անձի կողմից հաստատված մասնագիտական գիտելիքների շրջանակից՝ հիմք ընդունելով տվյալ մարմնի գործունեության հիմնական ոլորտները և տվյալ պաշտոնի առանձնահատկությունները:
(9-րդ կետը խմբ. 11.06.25 N 385-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 385-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 385-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 385-Ն)
13․ Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից թեստային առաջադրանքները կազմվում են տվյալ ոլորտը և քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը կանոնակարգող սահմանադրական օրենքներից, օրենքներից, օրենսգրքերից և տվյալ պաշտոնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերից։ Հայտարարության մեջ համապատասխան մարմնի կողմից թեստային առաջադրանքներ կազմելու, ինչպես նաև հարցազրույցի փուլում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողություններն ստուգելու համար հրապարակվող սահմանադրական օրենքների, օրենքների, օրենսգրքերի կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի թիվը չի կարող վեցից ավելի լինել։
(13-րդ կետը խմբ. 11.06.25 N 385-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 385-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 385-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 385-Ն)
17. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 385-Ն)
18. Ելնելով քաղաքացիական ծառայության պաշտոնների առանձնահատկություններից` կարող են կազմվել տարբեր բովանդակությամբ թեստեր:
19. Յուրաքանչյուր մրցույթի համար կազմվում է մեկ թեստ, որը բաղկացած է 50 թեստային առաջադրանքից:
20. Թեստային առաջադրանքները կարող են ունենալ հետևյալ ձևերը՝
1) ճիշտ պատասխանի ընտրություն, երբ թեստավորման մասնակցին առաջարկվում է հարց՝ ենթադրյալ պատասխաններով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, և որոնցից թեստավորման մասնակիցն ընտրում է պատասխանի իր տարբերակը.
2) այլընտրանքային ընտրություն, երբ թեստավորման մասնակիցը հարցին պատասխանում է «այո» կամ «ոչ».
3) համապատասխանության որոշում, երբ թեստավորման մասնակցին առաջարկվում է գտնել երկու ցանկի տարբերակների համապատասխանությունը.
4) հաջորդականության որոշում, երբ թեստավորման մասնակիցը համապատասխան հաջորդականությամբ դասավորում է ցանկում առաջադրված տարբերակները:
21. Թեստային առաջադրանքների օրինակելի ձևերը սահմանվում են N 2 ձևով:
22. Պաշտոնների տարբեր ենթախմբերի համար կազմվող թեստերը տարբերվում են թեստային առաջադրանքների բարդության մակարդակով: Թեստային առաջադրանքների բարդությունը որոշվում է՝ համաձայն պաշտոնի խմբի և ենթախմբի. որքան բարձր է պաշտոնի ենթախումբը, այնքան բարդ են թեստային առաջադրանքները:
23. Թեստային առաջադրանքները կազմելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ պահանջները`
1) բացառել ոչ միանշանակ և բարդ ձևակերպումները.
2) խնդիրներն ու հարցերը ձևակերպել տրամաբանական կառուցվածքով.
3) ժխտողական կառուցվածք ունեցող առաջադրանքները կազմել հնարավորինս քիչ, ընդ որում՝ ժխտողական «Չի», «Չէ», «Ոչ» մասնիկները նշել ընդգծված.
4) պատասխանների տարբերակներում չկիրառել «Բոլոր վերոգրյալները ճիշտ են (ճիշտ չեն)», «Բոլոր հիմնավորումները ճիշտ են (ճիշտ չեն)», «Թվարկված պատասխանները ճիշտ են (ճիշտ չեն)» և այլ նմանատիպ ձևակերպումներ.
5) պատասխանների տարբերակներում չնշել մասնակի ճիշտ պատասխան.
6) բացառել գործողությունը դադարեցված իրավական ակտերից թեստային առաջադրանքների կիրառումը:
24. Մրցույթ անցկացնող համապատասխան մարմինը թեստային առաջադրանքների օրինակների նմուշներ է տեղադրում իր պաշտոնական կայքէջում, գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում քաղաքացիական ծառայության գրասենյակը թեստային առաջադրանքների օրինակների նմուշները տեղադրում է իր պաշտոնական կայքէջում:
3. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ
25. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովը մրցույթի մասնակցի վերաբերյալ առավել ամփոփ տեղեկություններ է ստանում, մրցույթի մասնակցին տալիս է հարցեր՝ նրա ներկայացրած տեղեկությունների ճշմարտացիությունը հնարավորինս պարզելու նպատակով, գնահատում է նրա մասնագիտական գիտելիքների, դրանք կիրառելու կարողությունների և կոմպետենցիաների համապատասխանությունը տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջներին:
(25-րդ կետը լրաց. 11.06.25 N 385-Ն)
26. Հանձնաժողովն իրավունք ունի ծանոթանալու մրցույթի մասնակցի ներկայացրած էլեկտրոնային փաստաթղթերին, ինչպես նաև մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման կողմից տրված՝ փաստաթղթերի ամբողջականության ու դրանց՝ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության մասին եզրակացություններին:
27. Մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է միևնույն՝ մեկ կամ մեկից ավելի ձևաչափերով:
(27-րդ կետը փոփ. 11.06.25 N 385-Ն)
28. Հարցազրույցի անցկացման ժամանակ օգտագործվում են հետևյալ ձևաչափերը՝
1) հարցարան. կոնկրետ հարցերի միջոցով մասնակցի գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի գնահատում.
2) աշխատանքային իրավիճակներ. կոնկրետ առաջադրանքի միջոցով աշխատանքային իրավիճակում մասնակցի կարողությունների գնահատում.
3) արդի հիմնախնդիրներ. ոլորտի հրատապ լուծում պահանջող արդիական խնդիրների մասին մասնակցի տեսակետի, վերլուծական մտքի և հաղորդակցության հմտությունների արտահայտում, տվյալ խնդրի դրական, բացասական հետևանքների և դրանց արդյունավետ լուծման հնարավոր տարբերակների առաջարկում.
4) էսսեի կազմում. հանձնաժողովի կողմից առաջարկվող թեմաներից որևէ մեկի վերաբերյալ մասնակցի տեսակետի կամ դիրքորոշման շարադրում: Այս ձևաչափը կարող է կիրառվել քաղաքացիական ծառայության միայն ղեկավար պաշտոնների մրցույթների համար:
29. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի անդամները մասնակցին հնարավորություն են տալիս ինքնաներկայանալու, ազատ և անկաշկանդ ներկայացնելու իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Հանձնաժողովի անդամները մասնակցին կարող են տալ հարցեր, մասնակցի տված պատասխաններից կարող են կատարել անհրաժեշտ վերլուծություններ և եզրահանգումներ:
30. Սույն հավելվածի 28-րդ կետում նշված հարցազրույցի անցկացման ձևաչափերը գնահատվում են 0-3 միավորների միջակայքում, որտեղ 0-ն պատասխանի բացակայությունն է կամ անբավարար պատասխանը, 1-ը բավարար պատասխանն է, 2-ը՝ լավ, իսկ 3-ը՝ գերազանց:
(30-րդ կետը փոփ. 11.06.25 N 385-Ն)
31․ Սույն հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ձևաչափով նախօրոք կազմված հարցերի միջոցով անցկացվում է հարցազրույց: Հարցարանը կազմված է չորս հիմնական բաժիններից։ Հարցարանի առաջին բաժնի հարցերի միջոցով ստուգվում են ընդհանուր օրենսդրական ակտերից մասնակցի մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները, երկրորդ բաժնի հարցերի միջոցով ստուգվում են քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից մասնակցի մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները, երրորդ բաժնի հարցերի միջոցով ստուգվում են մասնակցի ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաները, իսկ չորրորդ բաժնի հարցերի միջոցով՝ անձնային որակները։ Պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների առանձնահատկությունից բխող որևէ կոնկրետ կարողություն ստուգելու անհրաժեշտության դեպքում հարցարանը կարող է ներառել նաև լրացուցիչ՝ հինգերորդ բաժին։ Հինգերորդ բաժնում ներառված հարցերի բովանդակությունը պետք է բխի տվյալ կոնկրետ կարողությունն ստուգելու անհրաժեշտությունից։
(31-րդ կետը խմբ. 11.06.25 N 385-Ն)
32. Սույն հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ձևաչափով մասնակցի մասնագիտական գիտելիքների, դրանք կիրառելու կարողությունների և կոմպետենցիաների բացահայտման համար տրվող հարցերի, գնահատման չափանիշների, գնահատման համար հիմք հանդիսացող ցուցիչների և միավորների օրինակելի ձևերը սահմանվում են N 3 ձևով:
(32-րդ կետը լրաց. 11.06.25 N 385-Ն)
33. Սույն հավելվածի 28-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ձևաչափով հարցազրույցը վարելու դեպքում հանձնաժողովը մասնակցին կարող է հանձնարարել տվյալ պաշտոնի գործառույթներից բխող որևէ առաջադրանք, իսկ մասնակիցը որոշակի ժամանակահատվածում պետք է ներկայացնի դրա լուծման իր տարբերակը: Հանձնաժողովը մասնակցին կարող է հանձնարարել նաև որևէ շնորհանդես անցկացնել կամ ստուգել ինչ-որ փաստաթուղթ: Փաստաթղթերը կարող են լինել՝ ինչպես ճիշտ ձևակերպված, այնպես էլ՝ սխալներով: Ստուգման ընթացքում սխալների հայտնաբերումը կամ բացթողումը կարող է վկայել մասնակցի կոմպետենտության մասին:
34. Սույն հավելվածի 28-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ձևաչափով մասնակցի մասնագիտական գիտելիքների, դրանք կիրառելու կարողությունների և կոմպետենցիաների բացահայտմանը վերաբերող աշխատանքային իրավիճակների օրինակելի ձևը սահմանվում է N 4 ձևով:
(34-րդ կետը լրաց. 11.06.25 N 385-Ն)
35. Սույն հավելվածի 28-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ձևաչափով մասնակցի մասնագիտական գիտելիքները, դրանք կիրառելու կարողությունները և կոմպետենցիաները բացահայտելու համար հանձնաժողովը մասնակցին առաջարկում է ոլորտի հրատապ լուծում պահանջող արդիական խնդիրների, տրված խնդիրների դրական, բացասական հետևանքների և դրանց արդյունավետ լուծման վերաբերյալ գրավոր՝ երկու էջի սահմաններում ներկայացնել առաջարկություններ:
(35-րդ կետը լրաց. 11.06.25 N 385-Ն)
36. Սույն հավելվածի 28-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ձևաչափով մասնակցի մասնագիտական գիտելիքների, դրանք կիրառելու կարողությունների և կոմպետենցիաների բացահայտմանը վերաբերող արդի հիմնախնդիրների օրինակելի ձևը սահմանվում է N 5 ձևով:
(36-րդ կետը լրաց. 11.06.25 N 385-Ն)
37. Սույն հավելվածի 28-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված էսսեն մասնակիցը գրում է ազատ ոճով, շարադրում է առաջադրված թեմայի վերաբերյալ խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները և հիմնավորումները:
38․ Էսսե ձևաչափով հարցազրույց անցկացնելու որոշում կայացվելու դեպքում մրցույթի հայտարարության մեջ նշվում է այն ոլորտը, որի շրջանակում առաջադրվելու է էսսեի թեման։ Էսսեի թեման ընտրում է մասնակիցը՝ հանձնաժողովի կողմից առաջարկված առնվազն երեք տարբերակներից:
(38-րդ կետը խմբ. 11.06.25 N 385-Ն)
39. Էսսեն ունի հետևյալ կառուցվածքը՝
1) առաջաբան, որտեղ շարադրվում է առաջադրված թեմայի արդիականությունը.
2) թեզիսներ, որտեղ ներկայացվում են հիմնավոր ապացույցներն ու անձնական տեսակետները.
3) վերջաբան, որտեղ տրվում է առաջադրված թեմայի վերաբերյալ եզրակացություն:
40. Էսսեն գրելու համար մասնակցին տրվում է 30 րոպե ժամանակ:
41. Էսսեի թեմաների օրինակելի ցանկը և էսսեի գնահատման չափանիշների օրինակելի ձևը սահմանվում է N 6 ձևով:
42. Էսսեի համար սահմանված միավորն իջեցվում կամ գնահատվում է 0, եթե՝
1) առաջադրված թեմայի էությունը սխալ է ընկալվել.
2) շարադրանքի տրամաբանական կառուցվածքը բացակայում է.
3) հիմնավորումների փոխարեն օգտագործվել է հռետորաբանություն.
4) տվյալները կիրառվել են ոչ ճիշտ՝ անտեղի ընդհանրացումներով.
5) ներկայացված է ընդարձակ նկարագրական մաս՝ առանց վերլուծական նյութի.
6) բացակայում է սեփական դիրքորոշումը, ներկայացվում են ուրիշների տեսակետները՝ առանց հղումների:
43. Հանձնաժողովի կողմից, հարցազրույցի անցկացման ձևաչափերին համապատասխան, մրցույթի մասնակցի մասնագիտական գիտելիքները, դրանք կիրառելու կարողությունները և կոմպետենցիաները գնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու վերաբերյալ որոշմամբ սահմանված՝ մասնակցի հարցազրույցի գնահատման թերթերում:
(43-րդ կետը լրաց. 11.06.25 N 385-Ն)
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատարԱ. Միրզոյան
Ձև N 1
ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
NN ը/կ |
Պաշտոնը, պաշտոնի խումբը կամ պաշտոնի ենթախումբը |
Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությանը վերաբերող առաջադրանքների տոկոսը |
Ընդհանուր օրենսդրական ակտերին վերաբերող առաջադրանքների տոկոսը |
1. |
Գլխավոր քարտուղարների պաշտոններ |
40 |
60 |
2. |
Ղեկավար խմբի պաշտոններ, բացառությամբ գլխավոր քարտուղարների պաշտոնների |
50 |
50 |
3. |
Մասնագիտական խմբի 1-ին և 2-րդ ենթախմբի պաշտոններ |
50 |
50 |
4. |
Մասնագիտական խմբի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբի պաշտոններ |
60 |
40 |
(ձևը խմբ. 11.06.25 N 385-Ն)
Ձև N 2
ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
Թեստային առաջադրանքի ձևերը |
Հարցը կամ խնդիրը |
Օրինակ |
1. Ճիշտ պատասխանի ընտրություն |
Նշեք ճիշտ պատասխանը |
Անհատի կողմից արտահայտվող առանձնահատուկ և համեմատաբար կայուն վարքի, մտածողության և զգացմունքների կառուցվածքը՝ Ա. Անհատականություն Բ. Գիտակցություն Գ. Բնավորություն Դ. Խիզախություն |
2. Այլընտրանքային ընտրություն |
Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» |
Ճի՞շտ է, արդյոք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ամենաբարձր լեռը Արարատն է: Պատասխան՝ «Այո» «Ոչ» |
3. Համապատաս-խանության որոշում |
Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի եզրույթները և աջ սյունակի մեկնաբանությունները |
1. Կառավարում՝ Ա. Աշխատողների աշխատանքի գնահատում և շտկում՝ սահմանված նպատակներին համապատասխան. 2. Հսկողություն՝ Բ. Կազմակերպությունում աշխատող մարդկանց գործունեության ակտիվացմանը միտված գործողություն 3. Շահադրդում՝ Գ. Վարչարարական գործառույթների իրականացման գործընթաց Պատասխան՝ 1) 1-Ա, 2-Բ, 3-Գ 2) 1-Բ, 2-Գ, 3-Ա 3) 1-Գ, 2-Ա, 3-Բ |
4. Հաջորդակա-նության որոշում |
Դասավորեք ճիշտ հերթականությամբ |
Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝ Ա. կիրակի Բ. երեքշաբթի Գ. շաբաթ Դ. երկուշաբթի Պատասխան՝ 1) Ա, Բ, Գ, Դ 2) Դ, Բ, Գ, Ա 3) Գ, Դ, Ա, Բ |
Ձև N 3
ՀԱՐՑԱՐԱՆ
ՀՀ_______ (համապատասխան մարմին)-ի________ (ստորաբաժանում)-ի_______(պաշտոն)-ի (ծածկագիր__) թափուր պաշտոնի համալրման համար անցկացվող հարցազրույցի փուլի
1-ին բաժին
Բաժնի անվանումը |
Հարցեր (օրինակ) (Ղեկավար խմբի պաշտոնների համար) |
Ընդհանուր օրենսդրական ակտերից մասնագիտական գիտելիքների և դրանք կիրառելու կարողությունների ստուգում |
1. Ինչպե՞ս է իրականացվում պետական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, ո՞ր սկզբունքն է դրված պետական իշխանության իրականացման հիմքում։ 2. Որո՞նք են հանրային ծառայության հիմնական սկզբունքները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք «հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից» սկզբունքի բովանդակությունը։ 3. Ի՞նչ նպատակ է հետապնդում հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովի և բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորումը: 4. Որո՞նք են քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերը։ Ներկայացրեք փոխադրման կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերն ու առանձնահատկությունները։ 5. Ներկայացրեք պետական ծառայողին տրվող դրամական օգնության դեպքերը և ընթացակարգը։ 6. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։ |
1-ին բաժնի գնահատման չափանիշները
Գնահատման չափանիշը |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Գերազանց պատկերացնում է պետական համակարգի, հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության նպատակները և առաջնահերթությունները: |
Լավ |
2 |
Պատկերացնում է պետական համակարգի, հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության նպատակները և առաջնահերթությունները: |
Բավարար |
1 |
Հստակ չի պատկերացնում քաղաքացիական ծառայության և պետական կառավարման խնդիրներն ու առաջնահերթությունները: Գիտելիքները մակերեսային են։ |
Անբավարար |
0 |
Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։ |
2-րդ բաժին
Բաժնի անվանումը |
Հարցեր (օրինակ)
(Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար) |
Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից մասնագիտական գիտելիքների և դրանք կիրառելու կարողությունների ստուգում |
1. Թվարկեք գլխավոր քարտուղարի լիազորությունները։ 2. Պարզաբանեք հետևյալ կարգավորման իմաստը՝ «Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում պետությանը իր մեղքով պատճառած վնասի համար»։ 3. Ո՞ր կառուցվածքային ստորաբաժանումներն են անմիջական հաշվետու գլխավոր քարտուղարին: Ինչպիսի՞ մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ գլխավոր քարտուղարին մարդկային ռեսուրսների կառավարումն արդյունավետ իրականացնելու համար: 4. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։ |
2-րդ բաժնի գնահատման չափանիշները
Գնահատման չափանիշը |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Գերազանց տիրապետում է աշխատանքային գործունեության ոլորտին, ունի մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ։ |
Լավ |
2 |
Պատկերացնում է աշխատանքային գործունեության ոլորտը, ունի մասնագիտական պատրաստվածության միջին մակարդակ։ |
Բավարար |
1 |
Աշխատանքային գործունեության ոլորտի վերաբերյալ գիտելիքները մակերեսային են, ունի մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակ։ |
Անբավարար |
0 |
Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։ |
3-րդ բաժին
Բաժնի անվանումը |
Հարցեր (օրինակ)
(Ղեկավար, իսկ 6-15-րդ հարցերի դեպքում՝ նաև մասնագիտական խմբի պաշտոնների համար) |
Ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների ստուգում |
1. Ի՞նչ չափանիշներ եք կարևորում լավ ղեկավարի իմիջի ստեղծման համար: 2. Ո՞րն է ղեկավարի և առաջնորդի տարբերությունը։ Ներկայացրեք մի քանի տարբերություններ և մեկնաբանեք։ 3. Ինչպե՞ս կվարվեք այն իրավիճակում, երբ աշխատողը ցուցաբերում է կատարողականի ցածր արդյունք, սակայն որպես ղեկավար համոզված եք, որ նա կարողունակ է: Ձեր գործողությունները: 4. Ինչպե՞ս եք պատրաստ հաղթահարել որոշումների կայացման գործընթացում առկա կանխակալ վերաբերմունքը: Ինչպե՞ս կապահովեք որոշումների կայացման թափանցիկությունը: 5. Եթե ստիպված լինեք աշխատանքից ազատելու որևէ աշխատողի, ապա այդ որոշման կայացման համար ինչպիսի՞ գործոններ հաշվի կառնեք։ 6. Ղեկավար-աշխատող կամ աշխատող-աշխատող փոխհարաբերություններում կոնֆլիկտային իրավիճակներում ի՞նչ քայլեր կձեռնարկեք։ Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ եթե ղեկավարը միջամտում է և կառավարում է կոնֆլիկտը դրա զարգացման սկզբնական փուլում, ապա հիմնականում կոնֆլիկտը լուծվում է: 7. Պատկերացրեք իրավիճակ, երբ Ձեր ստորաբաժանմանը հանձնարարվել է կարճ ժամկետում պետության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ուսումնասիրել հնարավոր ռիսկերը, ակնկալվող արդյունքը և ներկայացնել եզրակացություն։ Ինչպե՞ս կհաղթահարեք խնդիրները, ինչպես կմոտիվացնեք աշխատողներին/գործընկերներին արդյունավետ աշխատելու համար։ 8. Ինչպե՞ս կապահովեք բաց և թափանցիկ հաղորդակցություն թիմում՝ հաշվի առնելով աշխատողների/գործընկերների անհատական կարիքները և հնարավորությունները: 9. Ինչպե՞ս եք կառավարում սեփական հույզերը լարված իրավիճակներում: 10. Ինչպե՞ս եք ստեղծում վստահության մթնոլորտ: 11. Պատմեք՝ ինչպե՞ս կխրախուսեք նոր գաղափարները և նախաձեռնությունները: 12. Ինչպե՞ս եք աջակցում ոչ ստանդարտ մտածողությանը: 13. Ինչպե՞ս կդիմակայեք խմբային մտածողությանը, եթե կարծում եք, որ Ձեր կամ մեկ այլ աշխատողի տեսակետն ավելի փաստահեն է, արժեքային: 14. Ինչպե՞ս կվարվեք, եթե Ձեր գործընկերը կամ Ձեր ղեկավարած ստորաբաժանման աշխատողը զգուշանում է մտքերը բարձրաձայն արտահայտել: 15. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։ |
3-րդ բաժնի գնահատման չափանիշները
Գնահատման չափանիշը |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Ցուցաբերում է կոմպետենցիաների բարձր մակարդակ։ Որոշումներ կայացնելիս ցուցաբերում է վճռականություն։ Ունի խնդիրները տարանջատելու և լուծման հերթականություն սահմանելու հստակ կարողություն։ |
Լավ |
2 |
Ցուցաբերում է կոմպետենցիաների միջին մակարդակ։ Կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել և խնդիրներ լուծել: |
Բավարար |
1 |
Ցուցաբերում է կոմպետենցիաների ցածր մակարդակ։ Բարդ իրավիճակներում ունակ չէ ինքնուրույնաբար որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու։ |
Անբավարար |
0 |
Կոմպետենցիաները բացակայում են։ |
4-րդ բաժին
Բաժնի անվանումը |
Հարցեր (օրինակ)
(Ղեկավար և մասնագիտական խմբի պաշտոնների համար) |
Անձնային որակներ |
1. Անձնային ո՞ր որակներն են օգնում Ձեզ հաջողության հասնել աշխատանքում, որ անձնային որակներն են խանգարում։ 2. Մասնագիտական գործունեության ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ դեմ եք գնացել Ձեր սկզբունքներին: 3. Որքանո՞վ եք վստահում մարդկանց, եթե ունեք կասկածներ կբարձրաձայնե՞ք, թե կնախընտրեք լռել և սպասել հարմար պահի։ 4. Աշխատանքային գործունեության մեջ որո՞նք են եղել Ձեզ համար հիասթափությունները, ներկայացրեք։ 5. Եթե տեսնեք, որ Ձեր աշխատակիցներից (գործընկերներից) մեկը խտրական վերաբերմունք ունի որևէ աշխատակցի նկատմամբ, ինչպե՞ս կվարվեք: 6. Ինչպե՞ս եք ապահովում հավասար և արդարացի վերաբերմունք բոլոր աշխատակիցների նկատմամբ՝ անկախ նրանց անձնական հատկանիշներից: 7. Խնդրում եմ պատմել մի իրավիճակի/դեպքի մասին, երբ Դուք կամ Ձեր աշխատակիցն աշխատավայրում բախվել եք/է անարդար վերաբերմունքի կամ խտրականության։ Ինչպե՞ս եք դիմակայել այդ մարտահրավերին, ինչպե՞ս եք արձագանքել և պահպանել հավասարության և արդարության սկզբունքներին հավատարմությունը: 8. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։ |
4-րդ բաժնի գնահատման չափանիշները
Գնահատման չափանիշները |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Ցուցաբերում է անձնային որակների բարձր մակարդակ։ Հստակ ներկայացնում է իր բնավորության դրական և բացասական կողմերը, շփումներում շատ բարեկիրթ է։ Ունի խտրական իրավիճակներում միջամտելու, աշխատանքային միջավայրում արժեքները պաշտպանելու համարձակություն։ Ցուցադրում է անկողմնակալություն, արդարություն, ազնվություն և ճշմարտացիություն։ |
Լավ |
2 |
Ցուցաբերում է անձնային որակների միջին մակարդակ։ Կարողանում է գնահատել իր բնավորության դրական և բացասական կողմերը։ Հաղորդակցվելիս հասնում է փոխըմբռնման, շփումներում ձգտում է պահպանել բարեկրթության նորմերը, դրսևորում է արդարամտություն։ |
Բավարար |
1 |
Ցուցաբերում է անձնային որակների ցածր մակարդակ։ Հաղորդակցվելիս չի ձգտում լսել զրուցակցին։ Ունի խտրական իրավիճակներում չմիջամտելու, աշխատանքային միջավայրում արժեքները չպաշտպանելու հակումներ։ Ունի կողմնակալ վերաբերմունք։ |
Անբավարար |
0 |
Անձնային որակները բացասական են։ Հաղորդակցվելիս կոպիտ է, չի լսում զրուցակցին, չի պահպանում բարեկրթության նորմերը։ Բացասաբար է տրամադրված։ |
5-րդ (լրացուցիչ) բաժին
Բաժնի անվանումը |
Հարցեր (օրինակ)
(Ղեկավար և մասնագիտական խմբի պաշտոնների համար) |
Տեղեկատվական տեխնոլոգիաների |
1. Ի՞նչ եք հասկանում էլեկտրոնային կառավարում ասելով: 2. Ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետման Ձեր մակարդակը: 3. Ո՞րն է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը թափանցիկության ապահովման գործում: 4. Անձնակազմի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար ծրագրատեխնիկական ի՞նչ նոր լուծումներ կառաջարկեք: 5. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։ |
5-րդ (լրացուցիչ) բաժնի գնահատման չափանիշները
Գնահատման չափանիշները |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Ցուցաբերում է կոնկրետ կարողության տիրապետման բարձր մակարդակ։ Գերազան տիրապետում է անհրաժեշտ հմտություններին։ |
Լավ |
2 |
Ցուցաբերում է կոնկրետ կարողության տիրապետման միջին մակարդակ։ |
Բավարար |
1 |
Ցուցաբերում է կոնկրետ կարողության տիրապետման ցածր մակարդակ։ |
Անբավարար |
0 |
Կարողությունը բացակայում է։ |
(ձևը խմբ. 11.06.25 N 385-Ն)
Ձև N 4
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
NN |
Կոմպետենցիաներ և բնութագրեր |
Երաշխավորվող մեթոդը |
1. |
Խնդրի ձևակերպման հմտություն. Ունակ է հստակ և հակիրճ հասկանալ խնդրի բովանդակությունը, միջանկյալ և վերջնական արդյունքները, իրականացման քայլերն ու ժամկետները: |
Իրավիճակային խնդիր. Օրինակ` Մասնակցին առաջարկել աշխատողներին առաջադրված խնդիրները ձևակերպել՝ ելնելով ստորաբաժանման գործունեությունից: |
2. |
Ուշադրություն. Հեշտ է կենտրոնանում, նույնիսկ աշխատանքի հանդեպ հետաքրքրության բացակայության դեպքում կարող է արագ կենտրոնանալ դժվար և ոչ հետաքրքիր աշխատանքի վրա: Զանազանում է փաստաթղթերում առկա սխալները: |
Իրավիճակային խնդիր. Օրինակ՝ Գտնել փաստաթղթում առկա սխալները: |
3. |
Կառավարման ժամանակակից մեթոդների կիրառման հմտություն. (ղեկավար պաշտոնների խմբի համար) Ունի զարգացած որակներ՝ ենթականերին ղեկավարելու համար, և հաջողությամբ դրանք դրսևորում է առօրյա աշխատանքում, մշտապես ձգտում է բարձր արդյունքների՝ ինչպես իր, այնպես էլ՝ ենթակաների համար: Արդյունավետ կիրառում է պլանավորման, ենթակաների շահադրդման և հսկողության ժամանակակից մեթոդները, ինչով ապահովում է նրանց աշխատանքի արդյունավետության բարձր մակարդակը: |
Իրավիճակային խնդիր. Օրինակ՝ Առաջարկել մասնակցին մշակել կոնկրետ միջոցառման օրացուցային պլան, պատասխանատվության աստիճանակարգությունը, ընտրել հսկողության մեթոդները: |
4. |
Ռազմավարական մտածողություն (ղեկավար պաշտոնների խմբի համար) Կարողանում է պատկերացնել բոլոր խնդիրները համատեղ, ունի դրանք տարանջատելու և լուծման հերթականությունը սահմանելու կարողություն: Ընկալում է գործընթացի զարգացման, ընթացիկ և ռազմավարական կառավարման տարբերությունները, կարող է հասկանալ կազմակերպության կառավարումը ներքին և արտաքին ազդեցությունների, ռազմավարական առաջնահերթությունների վերլուծության միջոցով: |
Իրավիճակային խնդիր. Օրինակ՝ Առաջարկել մասնակցին վերլուծել որևէ ոլորտի, պետական մարմնի գործունեությունը: |
5. |
Ենթակաների շահադրդման հմտություն. (ղեկավար պաշտոնների խմբի համար) Կարողանում է բացահայտել առանձին անհատների և խմբի համոզմունքներն ու արժեքները, ունի մտքեր, գաղափարներ ձևավորելու և դրանք ուրիշներին փոխանցելու կարողություն: Կարողանում է խոսել մարդկանց հետ, համոզել, բացատրել, սովորեցնել՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրություններն ու առանձնահատկությունները: Ունակ է փոխել մարդկանց վարքը նույնիսկ կրիտիկական և ոչ ստանդարտ իրավիճակներում: |
Իրավիճակային խնդիր. Օրինակ՝ Առաջարկել մասնակցին նկարագրել վերացական ստորաբաժանում՝ տարբեր առաջնահերթություններ և պահանջարկներ ունեցող աշխատողներով, և մշակել շահադրդման անհատական սխեմաներ: |
6. |
Որոշումների կայացման հմտություն. Ունակ է մանրամասնորեն վերլուծել խնդրահարույց իրավիճակը, առանձնացնել նպատակներին ու արդյունքներին հասնելու պահանջները, մշակում է որոշումների տարբերակներ: Կարողանում է կայացնել կառավարչական որոշումներ՝ ելնելով պետական մարմնի հիմնական նպատակներից: Ունակ է կայացնել ճիշտ որոշում տեղեկատվության և ժամանակի սղության պայմաններում: |
Իրավիճակային խնդիր. Օրինակ՝ Բերել աշխատանքի ոչ տիպային իրավիճակի օրինակ և մասնակցին առաջարկել մշակել դրա լուծման մի քանի որոշումներ, հիմնավորել յուրաքանչյուր որոշման առավելություններն ու թերությունները: |
7. |
Քաղաքացիական ծառայողի մասնագիտական էթիկայի նորմերի իմացություն. Տիրապետում և ճիշտ որոշում է գործողությունների հերթականությունը՝ վարքի ալգորիթմը, ծառայողական փաստաթղթերի ձևակերպման կանոնները՝ քաղաքացիական ծառայողների ծառայողական էթիկայի նորմերի խախտման իրավիճակներում: |
Իրավիճակային խնդիր. Օրինակ` Առաջարկել մասնակցին երաշխավորել գործողությունների հերթականություն՝ շահերի բախման առաջացման իրավիճակում: |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Գնահատման չափանիշները |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Կատարյալ տիրապետում է պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաներին, պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին, կարող է ցանկացած խնդրի լուծմանը ցուցաբերել նորարարական մոտեցում: Կողմնորոշվում է իր ապագա գործունեության հարցում։ |
Լավ |
2 |
Բավարար չափով տիրապետում է պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաներին, պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին: Կարող է տվյալ բնագավառում վերլուծություններ կատարել և ներկայացնել առաջարկություններ: Կարողանում է հստակ ձևակերպել մասնագիտական եզրույթները: Ունի բավարար գիտելիքներ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների վերաբերյալ։ |
Բավարար |
1 |
Չունի բավարար գիտելիքներ պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների, պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների վերաբերյալ: Ունի մասնագիտական եզրույթների աղոտ պատկերացում: Մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները բավարար չեն: |
Անբավարար |
0 |
Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։ |
(ձևը փոփ., լրաց. 11.06.25 N 385-Ն)
Ձև N 5
ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
NN |
Օրինակներ |
1. |
Տեղյա՞կ եք, որ գործում է ծխելու դեմ պայքարը կանոնակարգող օրենք, որով սահմանափակվում են այն տարածքները, որտեղ կարելի է ծխել, և սահմանվում են տուգանքներ՝ այդ կանոնները խախտողների համար: 1. Ի՞նչ դրական և բացասական հետևանքներ կարող է ունենալ այդ կանոնակարգումը: 2. Ծխողների և չծխողների միջև հակամարտության վերացման ինչպիսի՞ օպտիմալ որոշումներն են Ձեզ համար ընդունելի: Ինչպիսի՞ք կառաջարկեք Դուք: |
2. |
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պահանջվում է, որ պետական պաշտոնատար անձինք, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականները հայտարարագրեն իրենց ունեցվածքը: 1. Ինչպիսի՞ դրական և բացասական հետևանքներ ունի տվյալ պահանջը և որքանով է այն արդյունավետ՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք: 2. Առաջարկեք Ձեր տարբերակները՝ պետական ծառայության համակարգում կոռուպցիայի վերացման համար: |
3. |
Տեղյա՞կ եք, որ տևական ժամանակ է՝ ընթանում են կրթական համակարգի օպտիմալացման գործընթացներ՝ ուղղված կրթության որակի բարելավմանը: 1. Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին: Նշեք գործընթացի դրական և բացասական հետևանքները: 2. Ինչպիսի՞ այլընտրանքային միջոցներ կառաջարկեք կրթության որակի բարելավման համար: |
4. |
Վերջերս ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես եկավ մի շարք դեղերի վաճառքն առանց դեղատոմսի արգելելու նախաձեռնությամբ: Նշենք, որ նմանատիպ պրակտիկա արդեն երկար ժամանակ կիրառվում է մի շարք երկրներում: 1. Ի՞նչ հետևանքներ՝ ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, կարող է ունենալ նման նորարարությունը մեր երկրում: 2. Ի՞նչ փոփոխություններ կառաջարկեք Դուք՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը: |
5. |
Կրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում շատ է քննարկվում համակարգի արդիականացման, այդ թվում՝ դպրոցական համազգեստի հարցը: 1. Ձեր կարծիքով, միասնական դպրոցական համազգեստ ունենալը ճի՞շտ է, թե՞ սխալ: Նշեք դրա դրական և բացասական կողմերը, դրանց հետևանքները: 2. Դպրոցական համակարգի արդիականացման ինչպիսի՞ միջոցներ կառաջարկեք: |
ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Գնահատման չափանիշները |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Ունի ոլորտի արդի հիմնախնդիրների վերաբերյալ հստակ պատկերացումներ: Ունի վերլուծական միտք, համակողմանիորեն ներկայացնում է հիմնախնդրի դրական և բացասական կողմերը, տալիս է լուծման արդյունավետ ուղիներ: Մասնագիտական հմտությունների զարգացման մակարդակը բարձր է, գերազանց կողմնորոշվում է ապագա գործունեության հարցում։ |
Լավ |
2 |
Հստակ և հասկանալի բացատրում է ոլորտի հիմնախնդրի էությունը: Կարճ և տրամաբանորեն ներկայացնում է իր մտքերը: Ունի բավարար գիտելիքներ խնդրի լուծման համար: Կարողանում է ձևակերպել մասնագիտական եզրույթները: Ունի բավարար գիտելիքներ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների վերաբերյալ։ |
Բավարար |
1 |
Առկա են ընդհանրական գիտելիքներ տվյալ ոլորտի հիմնախնդրի վերաբերյալ: Ունի մասնագիտական եզրույթների աղոտ պատկերացում: Մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները բավարար չեն: |
Անբավարար |
0 |
Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։ |
(ձևը փոփ., լրաց. 11.06.25 N 385-Ն)
Ձև N 6
ԷՍՍԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԹԵՄԱՆԵՐ
NN |
Օրինակելի թեմաներ |
1. |
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սոցիալական պետություն |
2. |
Կոռուպցիայի դեմ պայքարի իրավական հիմքերն ու հակազդման մեխանիզմները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում |
3. |
Քաղաքացիական ծառայողի ծառայողական վարքագիծը և էթիկան |
4. |
Շահերի բախումը քաղաքացիական ծառայության համակարգում, դրանց բացահայտման, կանխարգելման և կարգավորման միջոցները |
5. |
Հանրային ծառայության հրապարակայնությունն ու թափանցիկությունը |
6. |
Անձնակազմի հետ աշխատանքի նոր մոտեցումները, դրանց կիրառման մեխանիզմները քաղաքացիական ծառայության համակարգում |
7. |
Քաղաքացիական ծառայողի գործունեության արդյունավետության գնահատումը, կատարելագործման հնարավոր ուղիները |
8. |
Երիտասարդ մասնագետներին քաղաքացիական ծառայության համակարգում ներգրավելու պայմանների և մեխանիզմների ստեղծման հնարավորությունները |
9. |
Քաղաքացիական ծառայության տեղեկատվական ապահովումը, ժամանակակից տեղեկատվական համակարգերի հնարավորությունները՝ որպես քաղաքացիական ծառայության արդյունավետության բարձրացման միջոց |
10. |
Կադրերի ռեզերվը քաղաքացիական ծառայության համակարգում. նպատակն ու հնարավորությունները |
ԷՍՍԵԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Գնահատման չափանիշները |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Շարադրված է հստակ և պարզ՝ առանց ուղղագրական սխալների: Ապացույցները տրամաբանական են, առաջ քաշված թեզերը հիմնավոր են և գրագետ: Ներկայացվում են տարբեր տեսակետներ, և դրանց տրվում է անձնական գնահատական: Գրագետ է վերլուծում նյութը: Հմտորեն օգտագործում է համեմատելու և ընդհանրացնելու կարողությունը: Ունակ է բացատրել խնդրի այլընտրանքային տեսակետները և հանգել հավասարակշռված եզրահանգման: Ունակ է օգտագործել տեղեկատվության բազմաթիվ հոսքեր: |
Լավ |
2 |
Հստակ և ամբողջությամբ բնորոշում է դիտարկվող թեման՝ բերելով համապատասխան օրինակներ: Օգտագործվող հասկացություններն ամբողջությամբ համապատասխանում են թեմային: Դրսևորել է աշխատանքի իրականացման ինքնուրույնություն: Ունի բավարար գիտելիքներ թեմայի վերաբերյալ: |
Բավարար |
1 |
Ունի թույլ պատկերացումներ թեմայի վերաբերյալ, բացակայում է վերլուծական միտքը: Աշխատանքը տեխնիկապես համապատասխանում է հիմնական պահանջներին, պահպանվել են էսսեի կազմման հիմնական պահանջները: |
Անբավարար |
0 |
Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։ |
(ձևը փոփ., լրաց. 11.06.25 N 385-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 11.06.25 N 385-Ն)
