ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մարզպետը կրթության բնագավառում՝
1) աջակցում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարմանը.
2) մասնակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և հանրակրթության մեջ ներգրավման աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.
3) ապահովում է մարզում գործող կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.
5) իրականացնում է պետական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).
6) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների կատարման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).
7) ըստ անհրաժեշտության հավաքում, ամփոփում և կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները.
8) իրականացնում է ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ և ներկայացնում լիազոր մարմին:»:
Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով շարադրվող՝ Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում նախատեսված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-357-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: