ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածում «առանց ծնողական խնամքի մնացած» բառերը փոխարինել «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված» բառերով և նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համար կիրառվում են «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքով նախատեսված սահմանումները, եթե սույն օրենսգրքով այդ սահմանման այլ բովանդակություն նախատեսված չէ:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին հոդվածով.
| «Հոդված 2.1. | Օտարերկրյա պետությունների տված փաստաթղթերի ճանաչումը |
1. Ընտանեկան օրենսդրությամբ սահմանված և դրանից բխող այլ գործառույթների ու գործընթացների իրականացման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերը, բացառությամբ օտարերկրյա դատական ակտերի և արբիտրաժների վճիռների, Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասում նշված օրենքի վերնագիրը, 46-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը և 113-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերությունը «ակտերի» բառից հետո լրացնել «գրանցման» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները» բառերը փոխարինել «երեխաների կամ անաշխատունակ, սոցիալապես անապահով ամուսնու ապրուստը» բառերով.
2) 4-րդ մասից հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 20-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «դրա պետական գրանցման» բառերը փոխարինել «ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին որոշումը կայացնելու» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ամուսնության պետական գրանցումն անվավեր է ճանաչվում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 35-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից արգելվում է: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու միջոցով ծնված երեխայի սերման փաստը որոշվում է կնքված պայմանագրի և ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) հետազոտության հիման վրա:».
2) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մոր մահվան կամ դատարանի կողմից երեխայի մորն անգործունակ, մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է որպես երեխայի կենսաբանական հայր ներկայացած անձի դիմումի և նրանից երեխայի սերված լինելը հիմնավորող ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) հետազոտության արդյունքների հիման վրա կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 39-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «միայն» բառը և նույն մասի «պահանջով» բառից առաջ նշված «երեխայի» բառը փոխարինել «անձի» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը վերացնելու դեպքում կատարված ծախսերը, որոնք նախքան հայրության ճանաչման վերացումը կատարվել են երեխայի նկատմամբ հայրություն ճանաչած անձի կողմից, հատուցման և վերադարձման ենթակա չեն, եթե ապացուցվի, որ որպես երեխայի հայր գրառվելու պահին այդ անձին հայտնի է եղել, որ ինքը չի համարվում երեխայի կենսաբանական հայրը:».
3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ և համարակալել՝ 3.1-ին մաս․
«3.1. Այն անձը, որը համաձայնություն է տվել կատարելու սաղմի պատվաստում և պտղի հասունացում այլ կնոջ միջոցով, երեխայի ծնունդը գրանցելուց հետո իրավունք չունի վիճարկելու այդ ճանապարհով ծնված երեխայի՝ իրենից սերված լինելու փաստը:»:
Հոդված 8. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունները, 42-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը, 54-րդ հոդվածի 3-րդ մասը, 56-րդ հոդվածի 3-րդ մասը, 57-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 4-րդ մասը, 66-րդ հոդվածի 2-րդ մասը, 111-րդ հոդվածի 1.2-րդ մասը, 112-րդ հոդվածի 2-րդ մասը, 113-րդ հոդվածի 2-րդ մասը, 116-րդ հոդվածի 3-րդ մասը, 120-րդ հոդվածի 2-րդ մասը, 126-րդ հոդվածի 4-րդ մասը, 132-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 136-րդ հոդվածի 2-րդ մասը, 137-րդ հոդվածի 7-9-րդ մասերը, 138-րդ հոդվածի 2-րդ մասը «շահեր» բառի համապատասխան հոլովաձևերից առաջ լրացնել «լավագույն» բառով:
Հոդված 9. Օրենսգրքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն անհապաղ իրականացնում են երեխայի հրատապ այլընտրանքային խնամքի կազմակերպում, ներառյալ՝ երեխայի տեղափոխումն ընտանիքից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություն: Սույն մասով նախատեսված գործողությունները, առաջացած վտանգով կամ հասարակական կարգի պահպանմամբ պայմանավորված, կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) հետ համատեղ:»:
Հոդված 10. Օրենսգրքի 44-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «կամ մանկավարժի» բառերը.
2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Երեխայի կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը լսելիս կամ տեսաձայնագրությունը վերարտադրելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը, դատարանը կամ այլ մարմիններ և կազմակերպություններ, որոնք ապահովում են սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը, կամ պետք է լսեն այդ կարծիքը, ներգրավում են մանկական հոգեբան կամ սոցիալական աշխատող, որի գրավոր կամ բանավոր կարծիքին ներկայացվող պահանջները սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:
5. Երեխայի տրամադրած գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր կամ տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր, ներառյալ՝ տեսաձայնագրությամբ ամրագրված կարծիքով, որն արձանագրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, դատարանի կամ երեխայի կարծիքը լսելու կարիք կամ պարտականություն ունեցող այլ մարմինների և կազմակերպությունների կողմից:»:
Հոդված 11. Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «փոխում է» բառերը փոխարինել «, հաշվի առնելով երեխայի կարծիքը, կարող է փոխել» բառերով.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-3-րդ մասերում և 112-րդ հոդվածի 3-րդ մասում «երեխաների» բառը փոխարինել «երեխայի» բառով, իսկ նույն մասերը «շահեր» բառի համապատասխան հոլովաձևերից առաջ լրացնել «լավագույն» բառով, ինչպես նաև 53-րդ հոդվածի 2-րդ մասում «Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր» բառերը փոխարինել «Երեխայի դաստիարակությանը, կրթությանը, խնամքին, տեղաշարժմանը, բնակության վայրին և երեխային վերաբերող բոլոր այլ» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում «դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «բժշկական, շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններից, խնամակալից, հոգաբարձուից, խնամատարից» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «կենսական» բառը փոխարինել «լավագույն» բառով.
2) 4-րդ կետի «դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունից» բառերով.
3) 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենսգրքի 60-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել`
1) ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը).
2) խնամակալության և հոգաբարձության մարմինը.
3) մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ:».
2) 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր է ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան ոչ ուշ, քան 59-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից տասնօրյա ժամկետում:».
3) 2.1-ին մասի «սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի» բառերով, իսկ «երեխայի և ծնողի սոցիալական կարիքների գնահատման մասին եզրակացությունը (դիրքորոշումը)» բառերը՝ «ընտանիքի սոցիալական գնահատման մասին եզրակացությունը» բառերով:
Հոդված 16. Օրենսգրքի 63-րդ հոդվածում`
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ելնելով երեխայի լավագույն շահերից՝ դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ: Այդ վճռում, ելնելով հայցում ներառված լինելու հանգամանքից, դատարանը կարող է անդրադառնալ նաև՝
1) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու հարցին.
2) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու դեպքում երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելիս՝ խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքների և պարտականությունների շրջանակին.
3) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու հարցին՝ հաշվի առնելով մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը խնամատար ընտանիք տեղավորելու հնարավորության մասին.
4) ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և նրան շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում տեղավորելու հարցին:
2. Ծնողական իրավունքների սահմանափակում կարող է կիրառվել այն դեպքում, երբ ծնողը, համաձայն իր գրավոր կամ բանավոր հայտարարության, չի ցանկանում կատարել կամ փաստացի չի կատարում ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը կամ մտավոր զարգացումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.
«2.1. Ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխայի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողը կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարն իր նախաձեռնությամբ երեխայի ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի հետ համատեղ երեխայի պաշտպանության պլանի շրջանակում աջակցում է ծնողական իրավունքներում սահմանափակված ծնողին հաղթահարել ծնողական իրավունքների սահմանափակման հիմք հանդիսացող խնդիրները և դժվարությունները:
2.2. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ մասին տեղեկացնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:
2.3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն փոխում իրենց վարքագիծը կամ չեն կատարում դատարանի վճռով սահմանված պահանջները, ապա մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել դատարան ծնողական իրավունքներից զրկելու մասին: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի լավագույն շահերից:».
3) 4-րդ մասի «պարտադիր մասնակցությամբ» բառերը փոխարինել «ու երեխայի օրինական ներկայացուցչի, ներառյալ՝ այն շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի պարտադիր մասնակցությամբ, որտեղ իրականացվում են երեխայի խնամքն ու դաստիարակությունը» բառերով:
Հոդված 17. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասություններով. «Ծնողական իրավունքներում սահմանափակված ծնողը երեխայի հետ կապ ունենալու արգելքը կարող է վիճարկել դատական կարգով: Հաշվի առնելով երեխայի կարծիքը և լավագույն շահերը՝ դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը՝ արգելելով ծնողական իրավունքները սահմանափակված ծնողի շփումը երեխայի հետ: Երեխան, որի ծնողի ծնողական իրավունքները սահմանափակվել են, խնամակալի կամ հոգաբարձուի կամ այլ օրինական ներկայացուցչի միջոցով կարող է դատական կարգով վիճարկել իր ծնողի հետ կապ ունենալու արգելքը, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին:»:
Հոդված 18. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի» բառերով:
Հոդված 19. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին պարբերության «պահել իրենց երեխաներին» բառերը փոխարինել «հոգալ իրենց երեխաների ապրուստը» բառերով, իսկ երրորդ պարբերության «երեխաներին պահելու» բառերը՝ «երեխաների ապրուստը հոգալու» բառերով.
2) 2-րդ մասի «պահելու» բառը փոխարինել «ապրուստը հոգալու» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Երեխաների ապրուստը հոգալու համար միջոցները (ալիմենտը) վճարվում են անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 20. Օրենսգրքի 72-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առանց ծնողական խնամքի մնացած և շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտները փոխանցվում են այդ կազմակերպությունների հաշվին, որտեղ դրանք հաշվառվում են յուրաքանչյուր երեխայի համար առանձին:»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված կազմակերպություններն այդ գումարները պահում են երեխայի անվամբ բացված բանկային հաշվին: Ալիմենտի գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսն օգտագործվում է նշված կազմակերպություններում երեխաների ապրուստը հոգալու համար: Կազմակերպությունում երեխայի խնամքն օրինական հիմքերով դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում նրա անունով ստացված ալիմենտի գումարը և այդ գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը փոխանցվում են երեխայի անվամբ՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության դիմումի հիման վրա բացված բանկային հաշվին:»:
Հոդված 21. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Անաշխատունակ չափահաս զավակներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 22. Օրենսգրքի 75-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 23. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «շահերից» բառը փոխարինել «այլ հանգամանքներից» բառերով, իսկ նույն մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ամուսինների (նախկին ամուսինների) միջև ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 24. Օրենսգրքի 80-րդ հոդվածի վերնագրում «ամուսնուն պահելու» բառերը փոխարինել «ամուսնու ապրուստը հոգալու» բառերով:
Հոդված 25. Օրենսգրքի 81-րդ հոդվածի վերնագրում «եղբայրներին և քույրերին պահելու» բառերը փոխարինել «եղբայրների և քույրերի ապրուստը հոգալու» բառերով:
Հոդված 26. Օրենսգրքի 82-րդ հոդվածի վերնագրում «Թոռներին պահելու» բառերը փոխարինել «Թոռների ապրուստը հոգալու» բառերով:
Հոդված 27. Օրենսգրքի 83-րդ հոդվածի վերնագրում «Պապերին և տատերին պահելու» բառերը փոխարինել «Պապերի և տատերի ապրուստը հոգալու» բառերով:
Հոդված 28. Օրենսգրքի 84-րդ հոդվածի վերնագրում «խնամողներին պահելու» բառերը փոխարինել «խնամողների ապրուստը հոգալու» բառերով:
Հոդված 29. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝
1) վերնագրի «հորը և խորթ մորը պահելու» բառերը փոխարինել «հոր և խորթ մոր ապրուստը հոգալու» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դատարանը կարող է խորթ զավակներին ազատել խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու պարտականությունից, եթե խորթ հայրը կամ խորթ մայրը հինգ տարուց պակաս է դաստիարակել ու խնամել նրանց, ինչպես նաև եթե նրանք պատշաճ ձևով չեն կատարել խորթ զավակների ապրուստը հոգալու և նրանց դաստիարակելու ու խնամելու իրենց պարտականությունները:»:
Հոդված 30. Օրենսգրքի 6-րդ բաժնի և 17-րդ գլխի վերնագրերը «ՄՆԱՑԱԾ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ» բառերով:
Հոդված 31. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «մնացած» բառից հետո լրացնել «և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ» բառերով.
2) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններից» բառերով.
3) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «ընտրում են» բառերից հետո լրացնել «(առաջարկում են)» բառերով.
4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքով:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները, ինչպես նաև իրենց լիազորությունների շրջանակում՝ պետական կառավարման մարմիններն ու իրավաբանական անձինք: Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների խնամքն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:»:
Հոդված 32. Օրենսգրքի 110-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխա բացահայտելիս հիմնական պատասխանատուն համարվում են համայնքի ղեկավարը և համայնքում գործող մասնագիտացված սոցիալական աշխատողները, որոնց այդ հարցում աջակցում են ուսումնական, բժշկական կամ երեխայի խնամք իրականացնող կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն փաստացի առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ տեղեկատվությունը, անհապաղ այն հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:
1.2. Առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխա բացահայտելիս խնամակալության և հոգաբարձության մարմինն անհապաղ իրականացնում է այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխայի և ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված գնահատում և դեպքի ուսումնասիրություն:».
3) 2-րդ մասի «Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունների» բառերը փոխարինել «Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների» բառերով.
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ և այդ մասին եռօրյա ժամկետում հայտնելով մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, ուսումնասիրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաշվառման հիմքերը, երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է կարգավիճակը և այդ մասին հայտնում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնին: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումն իրականացնելու կարգը և հաշվառման տեղեկանքի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տվյալների փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 33. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝
1) վերնագիրը, 1-ին մասի առաջին պարբերությունը, 1.1-ին, 2-րդ և 4-րդ մասերը «մնացած» բառից հետո լրացնել «և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ» բառերով, իսկ «դաստիարակչական, բժշկական հաստատություններում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով.
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «որոշակի» բառը.
3) 1.1-ին մասի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.
4) 1.2-րդ մասի «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում)» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-1.6-րդ մասերով.
«1.3. Այլընտրանքային խնամքի հրատապ կարիքի դեպքում համայնքի սոցիալական աշխատողը Ոստիկանության հետ համատեղ կազմակերպում է այդ խնամքը՝ նախապատվություն տալով մերձավոր ազգականի մոտ երեխայի խնամքի կազմակերպմանը՝ փաստացի խնամակալության կամ հոգաբարձության միջոցով, կամ ճգնաժամային խնամատարությանը, իսկ դրանց անհնարինության կամ երեխայի լավագույն շահերից չբխելու դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում խնամքի կազմակերպմանը: Այլընտրանքային խնամքի հրատապ կարիքի դեպքում այլընտրանքային խնամքի կազմակերպման և դրա ձևի ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
1.4. Այն դեպքում, երբ առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխան տեղափոխվել է փաստացի խնամակալության կամ հոգաբարձության, երեխայի խնամքը կազմակերպելուց հետո համայնքի սոցիալական աշխատողը դիմում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոն՝ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված սոցիալական գնահատման համար: Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, կազմակերպում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատումը, համայնքի սոցիալական աշխատողին տրամադրում է եզրակացություն: Եզրակացության հիման վրա համայնքի սոցիալական աշխատողը նախաձեռնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից խնամակալության կամ հոգաբարձության հաստատում:
1.5. «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 14-րդ կետով նախատեսված դեպքի մասին համայնքի սոցիալական աշխատողն անհապաղ հայտնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:
1.6. Երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման վերաբերյալ համաձայնության բացակայության կամ երեխայի խնամքի և դաստիարակության ձևի՝ երեխայի լավագույն շահերից չբխելու դեպքում համայնքի սոցիալական աշխատողը դիմում է մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելու միջնորդությամբ: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդը, ուսումնասիրելով դեպքը, եզրակացություն է տրամադրում՝ առաջարկելով երեխայի խնամքն ու դաստիարակությունն այլընտրանքային խնամքի միջոցով կազմակերպելու ձևը: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդը համապատասխան պայմանների առկայության դեպքում եզրակացության մեջ կարող է առաջարկել համայնքի ղեկավարին երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն նշանակել կամ կարող է առաջարկել մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպել, իսկ դրա անհնարինության կամ երեխայի լավագույն շահերից չբխելու դեպքում կարող է առաջարկել սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնին երեխային տեղավորել շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում:».
6) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մինչև սույն հոդվածի 1.4-րդ կամ 1.6-րդ մասով նախատեսված դեպքերում խնամքը կազմակերպելը երեխաների խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա:».
7) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Երեխայի խնամքը կազմակերպելուց հետո երեխայի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողը, իսկ երեխայի` շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում կազմակերպության ղեկավարը նախաձեռնում է երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձին (վերամիավորմանը) ուղղված աշխատանքներ՝ ներգրավելով ընտանիքի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողին և ըստ անհրաժեշտության՝ այլ պետական կառավարման մարմինների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների՝ իրենց լիազորությունների շրջանակում երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձին աջակցելու և նախնական դիրքորոշում տրամադրելու համար: Երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձի նպատակով ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված սոցիալական գնահատման համար համայնքի սոցիալական աշխատողը ներգրավում է ընտանիքի գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին, որի գնահատման եզրակացության հիման վրա ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը դիմում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին՝ երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու (վերամիավորման) մասին որոշում կայացնելու նպատակով: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու (վերամիավորման) մասին: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, կախված երեխայի խնամքի կազմակերպման ձևից, որոշման մասին տեղեկացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ առաջարկելով դադարեցնել երեխայի նկատմամբ նշանակված խնամակալությունը կամ հոգաբարձությունը, լուծում է պայմանագիրը խնամատար ընտանիքի հետ կամ որոշումն ուղղորդում է շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություն: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, որոշման մասին տեղեկացնում է նաև երեխայի ընտանիքի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողին, որը կազմակերպում է երեխայի տեղափոխումը կենսաբանական ընտանիք:».
8) 4-րդ մասի «Առանց» բառը փոխարինել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց» բառերով, իսկ նույն մասի «աջակցության անհատական սոցիալական ծրագրի» բառերը՝ «պաշտպանության պլանի» բառերով.
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Երեխայի խնամքի տրամադրման մասին եզրակացության ձևը, երեխային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն ուղեգրելու ձևը, երեխային շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունից երեխայի` կենսաբանական ընտանիք վերադառնալու համար տրվող եզրակացության ձևը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:»:
Հոդված 34. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասության «` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման» բառերը փոխարինել «որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի (երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած և հաշվառված անձի) համադրման (այսուհետ՝ համադրում)» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Երեխայի որդեգրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն կարգը ներառում է որդեգրմանը վերաբերող, սույն օրենսգրքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված կարգավորումների ամբողջությունը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Որդեգրման ենթակա է առանց ծնողական խնամքի մնացած այն երեխան, որի ծնողները կամ միակ ծնողը մահացել են, ճանաչվել են մահացած, զրկվել են ծնողական իրավունքներից, հրաժարվել են երեխայից կամ, սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, երեխայի ծնողը հայտնել է իր համաձայնությունը երեխային որդեգրման տալու վերաբերյալ:
1.2․ Որդեգրման ենթակա երեխայի հաշվառման տեղեկանքի ձևը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:».
3) 2.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.2. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա՝ նրան հայտնաբերած մարմնի կամ անձի կողմից Ոստիկանությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունն ստանալուց անմիջապես հետո: Գտնված (ընկեցիկ) երեխային հայտնաբերողը պարտավոր է անհապաղ դրա մասին տեղեկացնել Ոստիկանությանը կամ համայնքի սոցիալական աշխատողին: Համայնքի սոցիալական աշխատողը կամ փաստացի խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր է տեղեկացնել երեխայի գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին և հարցումն ուղարկել Ոստիկանություն երեխայի հայտնաբերումից հետո՝ եռօրյա ժամկետում: Ոստիկանությունը ծնողներին չհայտնաբերելու դեպքում հարցման պատասխանը ներկայացնում է հարցումն ստանալուց հետո՝ ոչ շուտ, քան երեք ամսվա, և ոչ ուշ, քան չորս ամսվա ընթացքում:».
4) 4-րդ մասի «հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու» բառերը փոխարինել «երեխաներին որդեգրելու ցանկություն չեն հայտնել երեխաների ազգականները կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» բառերով, իսկ նույն մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների համար որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են դառնում երեխաներին հաշվառման վերցնելուց երրորդ ամսին հաջորդող օրը:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում որդեգրման ենթակա երեխաների տվյալները տրամադրվում են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնին (այսուհետ՝ Կենտրոնական մարմին) օտարերկրյա որդեգրման գործընթացներն ապահովելու համար: Սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ երեխաների տվյալների հասանելիության և տրամադրման ժամկետը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ երեխային ցանկություն է հայտնել որդեգրել օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող խորթ հայրը, խորթ մայրը կամ մերձավոր ազգականը, և երեխայի տվյալները տրամադրվում են Կենտրոնական մարմնին երեխային հաշվառման վերցնելուն հաջորդող օրը: Սույն մասով նախատեսված որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնում է Կենտրոնական մարմինը:
6. Որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի մասին գնահատականը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարների համատեղ հրամանով սահմանված կարգով:»:
Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 112.1-ին հոդվածով.
| «Հոդված 112.1. |
Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումը |
1. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումն իրականացվում է որդեգրել ցանկացող հաշվառված անձի ցանկալի չափանիշներին համապատասխան առանձնացված՝ որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի միջև: Որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են և կարող են տրամադրվել միայն համադրման արդյունքներով՝ երեխա որդեգրելու մասին դրական եզրակացություն ստացած անձին, բացառությամբ սույն օրենսգրքի 113.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացը կազմակերպելու համար որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են երեխային հաշվառման վերցվելուն հաջորդող օրը, իսկ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման գործընթացը կազմակերպելու համար (այսուհետ նաև՝ օտարերկրյա որդեգրում) որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են երեխային հաշվառման վերցվելուց հետո երրորդ ամսին հաջորդող օրը: Համադրման համար որդեգրման ենթակա երեխաների տվյալների հասանելիությունը երկքաղաքացիներին որոշվում է ըստ երկքաղաքացու կողմից որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու ընթացակարգի:
3. Համադրումը որդեգրման ենթակա երեխայի կարիքները, ինչպես նաև որդեգրել ցանկացող անձի՝ որդեգրման ենթակա երեխայի կարիքները հոգալու հնարավորությունը գնահատելուն ուղղված գործունեություն է, որի արդյունքում որդեգրել ցանկացող անձին առաջարկվում է որդեգրման գործընթացն իրականացնել իր ներկայացրած չափանիշներին համապատասխան այն երեխայի հետ, որի լավագույն շահերից է բխում այդ որդեգրումը: Համադրումն իրականացվում է երկու փուլով՝
1) տեխնիկական և
2) մասնագիտական:
4. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման տեխնիկական փուլում մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն իրականացնում են որդեգրել ցանկացող անձի կողմից ցանկալի չափանիշներին համապատասխան որդեգրման ենթակա երեխաների առանձնացում՝ հաշվի առնելով երեխայի անհատական տվյալները և կարիքները, և հնարավորություն ընձեռում որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին ծանոթանալ որդեգրման ենթակա առանձնացված երեխաների ապանձնավորված տվյալներին:
5. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխաների համադրման մասնագիտական փուլն իրականացվում է մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մասնագիտական գնահատման և իրենց կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի միջոցով: Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է՝ հիմք ընդունելով նաև որդեգրել ցանկացող անձի, նրա հետ համատեղ բնակվող անձանց և ընտանիքի՝ որպես սոցիալական խմբի սոցիալական գնահատումը, որն իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը՝ ըստ որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Որդեգրել ցանկացող անձի համար սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «գ»-«ե» կամ «թ»-«ժա» կետերով նախատեսված պայմաններն ու հանգամանքները վերաբերում են նաև որդեգրել ցանկացող անձի հետ համատեղ բնակվող բոլոր չափահաս անձանց: Այդ չափահաս անձանց մոտ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով «գ»-«ե» կամ «թ»-«ժա» կետերով նախատեսված պայմանների ու հանգամանքների առկայության դեպքում որդեգրումը չի թույլատրվում:
7. Եթե որպես որդեգրել ցանկացող հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և նրա ընտանիքի սոցիալական գնահատումից հետո անցել է առնվազն վեց ամիս, ապա համադրման մասնագիտական փուլն իրականացնելուց առաջ կազմակերպվում է ընտանիքի սոցիալական գնահատման վերանայում: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, դիմում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ըստ որդեգրել ցանկացող հաշվառված անձի բնակության վայրի՝ ընտանիքի սոցիալական գնահատման վերանայման նպատակով: Գնահատման վերանայումը կազմակերպվում է տեղեկատվությունն ստանալուց հետո՝ առավելագույնը հնգօրյա ժամկետում, և վերանայված գնահատումը երկօրյա ժամկետում ուղարկվում է դիմում ներկայացրած մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան:
8. Որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և ընտանիքի ընտրության փուլում առաջնահերթությունը տրվում է որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերին, նրա իրավունքներին և կարիքներին առավելագույնս համապատասխանող ու որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին և ընտանիքին՝ համադրման չափանիշների և չափորոշիչների միջոցով:
9. Որդեգրման ենթակա երեխայի ու որդեգրել ցանկացող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընտանիքի համակեցությունն առավելագույնս ապահովելու համար որդեգրել ցանկացող անձին կամ ընտանիքին մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում տրամադրում են մասնագիտական աջակցություն:
10. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրում չի իրականացվում երեխայի խորթ հոր, խորթ մոր կամ ազգականի կողմից երեխային որդեգրելու դեպքում՝ ելնելով երեխայի լավագույն շահերից:
11. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու դիմումների քննարկման, երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տալու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և որդեգրման ենթակա երեխայի համադրման, որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները տրամադրելու, ապրուստը հոգալու պայմանները որոշելու, որդեգրող ընտանիքին մասնագիտական աջակցություն տրամադրելու, որդեգրման վերահսկողություն իրականացնելու և վերահսկման զեկույցներ կազմելու կարգերը, ինչպես նաև համադրման չափանիշները և չափորոշիչները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ներառելով սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված կարգում:
12. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու կարգը, սույն մասում նշված անձանց որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու դիմումների քննարկման, երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տալու, հաշվառման վերցնելու, սույն մասում նշված անձանց և որդեգրման ենթակա երեխայի համադրման, որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները տրամադրելու, հանդիպումը կազմակերպելու, որդեգրելու կամ որդեգրելուց հրաժարվելու վերաբերյալ դիրքորոշումն ստանալու, երեխայի կարգավիճակն ստուգելու և տվյալների տրամադրումը այլ անձանց համար կասեցնելու, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դիրքորոշումն ստանալու, որդեգրման գործը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալու, միջպետական որդեգրումը հավաստող վկայական տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացիների կենսապայմանների ուսումնասիրություն կազմակերպելու և արձանագրություն տրամադրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
13. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու գործընթացը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
14. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի հաշվառման կարգը, հաշվառման փաստաթղթային և էլեկտրոնային տեղեկատվական համակարգի շահագործման և օգտվելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 36. Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է՝
1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.
2) որդեգրել ցանկացող անձի ու Կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահերից, դատարանը գործի քննությանը կարող է վկայի կարգավիճակով հրավիրել որդեգրվող երեխային:».
3) 2-րդ մասի առաջին պարբերության «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի)» բառերը փոխարինել «երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի» բառերով, նույն պարբերությունը «երեխայի որդեգրման դեպքում» բառերից առաջ լրացնել «քաղաքացի» բառով, իսկ «կենտրոնական» բառը փոխարինել «Կենտրոնական» բառով.
4) 2-րդ մասի երկրորդ պարբերության «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ երկքաղաքացիների կողմից երեխայի որդեգրման կարգը, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, որդեգրել ցանկացող անձանց կողմից օտարերկրյա պետությունում որդեգրված երեխային Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համաձայնության (թույլտվության) կամ որդեգրման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որդեգրման գործընթացը կազմակերպելու ընթացակարգով նախատեսված դիմումների, համաձայնությունների, հայտարարությունների, վկայականների, զեկույցների, անձնական քարտերի և տեղեկանքների ձևերը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:».
6) 3-րդ մասի երկրորդ պարբերության «՝ ըստ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի, և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման» բառերը փոխարինել «և սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր» բառերով, երրորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման» բառերը՝ «սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր» բառերով, իսկ չորրորդ պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
Հոդված 37. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 113.1-ին հոդվածով.
| «Հոդված 113.1․ | Օտարերկրյա որդեգրման կազմակերպման առանձնահատկությունները |
1. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերն ուսումնասիրում է Կենտրոնական մարմինը, և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության կամ դրանցում թերությունների առկայության դեպքում Կենտրոնական մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, ինչպես նաև շտկել թերությունները: Եթե 60-օրյա ժամկետում Կենտրոնական մարմին չեն ներկայացվում պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունները, ապա որդեգրել ցանկացող անձանց հաշվառման դիմումը մնում է առանց քննության:
2. Որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով Կենտրոնական մարմինը տրամադրում է երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն:
3. Օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու նպատակով տրամադրված՝ որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա Կենտրոնական մարմինը պատրաստում է զեկույց՝ դիմողի կենսագրական տվյալների, բժշկական քարտի և ընտանիքի պատմության, որդեգրման պատճառների, օտարերկրյա որդեգրում իրականացնելու հնարավորության, ինչպես նաև այն երեխաների բնութագրի վերաբերյալ, որոնց նրանք ցանկանում են որդեգրել: Զեկույցում ներառվում են նաև տեղեկություններ որդեգրված երեխային Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և բնակվելու թույլտվության մասին:
4. Զեկույցը պատրաստելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական մարմինն այն փոխանցում է ծագման պետության իրավասու մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը: Կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձին փոխանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմնից կամ կազմակերպությունից ստացված՝ երեխայի մասին զեկույցը՝ դիրքորոշում ստանալու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետությունում «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացման, դրա կասեցման և դադարեցման, հայաստանյան ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն հիմնելու մասին տեղեկությունների տրամադրման և Կենտրոնական մարմնի կողմից այդպիսի տեղեկություններն ընդունելու, ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեության համաձայնություն տալու, դադարեցման կամ կասեցման, ինչպես նաև հավատարմագրված կազմակերպության, դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ Կենտրոնական մարմնին տեղեկություններ տրամադրելու և քննարկելու, հավատարմագրված կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների գործունեության հսկողության կարգն ու լիազորությունների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Օտարերկրյա որդեգրմանը հասանելի որդեգրման ենթակա երեխաների ապանձնավորված տվյալները Կենտրոնական մարմինը կարող է տրամադրել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակից պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը՝ երեխայի կարիքներին համապատասխան որդեգրել ցանկացող անձ գտնելու համար: Որդեգրման ենթակա երեխաների տվյալներն օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին տրամադրելու, նրանց որդեգրելու ցանկություն հայտնած որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու, տվյալները հետ կանչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 38. Օրենսգրքի 114-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվառվում են որպես որդեգրման ենթակա երեխա:».
2) 1.1-ին մասի «որդեգրող» բառը փոխարինել «որդեգրել ցանկացող անձ» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-1.5-րդ մասերով.
«1.2. Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացությունն ուժի մեջ է տրամադրման օրվանից 18 ամիս: Երեխա որդեգրելու հնարավորության բացասական եզրակացություն ստացած անձը որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով կարող է կրկին դիմել ընդհանուր կարգով՝ բացասական եզրակացություն ստանալու պատճառները վերանալու դեպքում:
1.3. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է դրական եզրակացության վավերականության ժամկետով:
1.4 Որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի համադրումն իրականացվում է որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության վավերականության ժամկետի ընթացքում: Համադրումից հետո սույն մասում նշված եզրակացության վավերականության ժամկետի ավարտը չի խոչընդոտում երեխայի որդեգրմանն ուղղված հետագա գործողությունների (այդ թվում՝ դատավարական) իրականացումը:
1.5. Որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողի կամ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը համապատասխան մարմիններից համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, իրականացնում է որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատում և մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին է տրամադրում գնահատման մասին եզրակացություն:».
4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով: Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 39. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Գործունեությունը չի համարվում միջնորդական, եթե այն օրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալության և հոգաբարձության մարմինների, մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների կենտրոնական մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների, ինչպես նաև համադրմանը ներգրավված անձանց գործունեությունն է:»:
Հոդված 40. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 115.1-ին հոդվածով.
| «Հոդված 115.1. | Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունները, դրանց հայաստանյան ներկայացուցչություններն ու ներկայացուցիչները, նրանց գործունեությունն ու համագործակցությունը |
1. «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակցությունն իրականացվում է Կենտրոնական մարմնի և սույն մասում նշված կոնվենցիային անդամակցող օտարերկրյա պետությունների կենտրոնական մարմինների, օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցչի կամ ներկայացուցչությունների միջոցով: Օտարերկրացու, քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, երկքաղաքացու կողմից, որի բնակության վայրն է հանդիսանում կոնվենցիային անդամակցող օտարերկրյա պետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման գործընթացներն իրականացվում են սույն մասում նշված մարմինների, կազմակերպությունների և անձանց միջոցով: Օտարերկրացու, քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, երկքաղաքացու կողմից, որի բնակության վայրն է հանդիսանում կոնվենցիային չանդամակցող պետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման գործընթացները Կենտրոնական մարմինը իրականացնում է որդեգրել ցանկացող անձանց հետ անմիջականորեն:
2. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից օտարերկրյա որդեգրումների ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն կամ հավատարմագրում ունեցող շահույթ չհետապնդող, հավատարմագրող օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կազմակերպություն է, որը պետք է ունենա՝
1) հավատարմագրող օտարերկրյա պետության տարածքում մշտական նստավայր.
2) հավատարմագրող օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան մասնագիտացված անձնակազմ.
3) հավատարմագրող օտարերկրյա պետությունում՝ ընթացիկ հաշիվ՝ Հայաստանի Հանրապետություն վճարներ և այլ գումարներ փոխանցելու համար:
3. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում կարող է ունենալ անհատ ներկայացուցիչ կամ ներկայացուցչություն:
4. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալել օտարերկրյա պետության իրավասու մարմնի և Կենտրոնական մարմնի թույլտվության դեպքում: Սույն մասում նշված թույլտվությունը ձևակերպվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից կազմակերպությունը հավատարմագրելու, իսկ Կենտրոնական մարմնի կողմից՝ տվյալ կազմակերպությունն ավտորիզացնելու միջոցով:
5. Ավտորիզացիան Կենտրոնական մարմնի կողմից օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությանը «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրումն է:
6. Ավտորիզացված օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը՝
1) որդեգրման գործընթացում համագործակցում է Կենտրոնական մարմնի հետ.
2) Կենտրոնական մարմնից ստանում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետության՝ որդեգրմանը վերաբերող օրենսդրության և ընթացակարգերի մասին և Կենտրոնական մարմնին է փոխանցում հավատարմագրող պետության օրենսդրական կարգավորումների մասին տեղեկություններ.
3) հավաքում, պատրաստում և ուսումնասիրում է որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերը, ստուգում է դրանց ամբողջականությունը, պատրաստում և փոխանցում է դրանք կենտրոնական մարմնին, լրացնում է բացակայող փաստաթղթերը և շտկում դրանցում առկա թերությունները, ապահովում է փաստաթղթերի թարգմանություններն ու վավերացումները.
4) Կենտրոնական մարմնից ստանում է որդեգրման գործընթացին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր, այդ թվում՝ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տրամադրելու, համադրման, երեխայի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ, երեխայի մասին զեկույց և անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
5) Կենտրոնական մարմնին տրամադրում է որդեգրման գործընթացի համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր.
6) Կենտրոնական մարմնից ստանում է ապանձնավորված (առանց երեխայի անվան, ազգանվան, հայրանվան և բնակության վայրի) տեղեկություններ որդեգրման ենթակա երեխաների մասին.
7) որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով Կենտրոնական մարմնին տրամադրում է որդեգրված երեխաների հետորդեգրման վերաբերյալ տեղեկություններ կամ զեկույցներ.
8) Կենտրոնական մարմնին տրամադրում է տեղեկություններ և փաստաթղթեր հավատարմագրման, գործունեության, մատուցվող ծառայությունների, դրանց վճարների և դրույքաչափերի վերաբերյալ.
9) Կենտրոնական մարմին է ներկայացնում իր հայաստանյան ներկայացուցչի թեկնածուի տվյալները, ներկայացուցիչ հանդիսանալու վերաբերյալ փաստաթղթերը, տեղեկությունները, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու համար նախատեսված և տրամադրված վճարների մասին տեղեկությունները, լիազորությունների շրջանակը.
10) Կենտրոնական մարմին է ներկայացնում իր ներկայացուցչության անձնակազմի թեկնածուների տվյալները, փաստաթղթերը, տեղեկությունները, աշխատանքներ կատարելու և ծառայությունների մատուցման համար նախատեսված և տրամադրված վճարների և դրանց փոփոխության մասին տեղեկությունները, լիազորությունների շրջանակը:
7. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը՝
1) Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում է օտարերկրյա այն հավատարմագրված կազմակերպությունը, որի ներկայացուցիչն է հանդիսանում.
2) իրականացնում է սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ կետերում նշված գործողությունները.
3) ստանում, հավաքում և ուսումնասիրում է որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերը, ստուգում է դրանց ամբողջականությունը, փոխանցում է դրանք Կենտրոնական մարմնին, լրացնում է բացակայող փաստաթղթերը և շտկում դրանցում առկա թերությունները, ապահովում է փաստաթղթերի թարգմանություններն ու վավերացումները, իր լիազորությունների սահմանում մասնակցում է որդեգրման գործընթացին, բացառությամբ դռնփակ դատական նիստի մասնակցության.
4) համադրումից հետո Կենտրոնական մարմնից ստանում է որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր.
5) Կենտրոնական մարմնին տրամադրում է տեղեկություններ և փաստաթղթեր օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության հավատարմագրման, գործունեության, մատուցվող ծառայությունների, դրանց վճարների և դրույքաչափերի վերաբերյալ.
6) Կենտրոնական մարմին է ներկայացնում ներկայացուցչի կամ ներկայացուցչության անձնակազմի վերաբերյալ տվյալները, ներկայացուցիչ (ներկայացուցչություն) հանդիսանալու վերաբերյալ փաստաթղթերը, տեղեկությունները, աշխատանքներ կատարելու ու ծառայությունների մատուցման համար նախատեսված և տրամադրված վճարների մասին տեղեկությունները, լիազորությունների շրջանակը.
7) որդեգրման գործընթացի բոլոր փուլերում կարող է ուղեկցել որդեգրել ցանկացող անձանց, ապահովել նրանց դիմավորելու, տեղավորելու, ճանապարհելու հարցերը, իրականացնել թարգմանչի գործառույթներ, բացառությամբ դռնփակ դատական նիստի մասնակցության:
8. Ավտորիզացում ստանալու համար օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Կենտրոնական մարմին է ներկայացնում՝
1) ավտորիզացվելու դիմում.
2) կազմակերպության կանոնադրության պատճենը.
3) հավատարմագրող պետության իրավասու մարմնի կողմից հավատարմագրված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.
4) մատուցվող ծառայությունների տեսակների, դրանց մատուցման համար նախատեսված վճարների և այլ ծախսերի վերաբերյալ տեղեկություններ.
5) հավատարմագրող պետությունում առկա հաշվեհամարի վերաբերյալ տեղեկություններ.
6) որդեգրման ոլորտում փորձառության մասին տեղեկություններ.
7) անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ.
8) ներկայացուցիչ ունենալու կամ ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ տեղեկություններ, իսկ ներկայացուցիչ կամ ներկայացուցչություն ունենալու դեպքում՝ դրանց գործունեության վերաբերյալ տեղեկություններ.
9) առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բարեգործական կամ որդեգրման ոլորտում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ:
9. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության կողմից ավտորիզացվելու դիմում ստանալու մասին Կենտրոնական մարմինը տեղեկացնում է համագործակցող օտարերկրյա պետության Կենտրոնական մարմնին, որին տրամադրում է դիմող հավատարմագրված կազմակերպության մասին տեղեկություններ՝ խնդրելով ներկայացնել դիրքորոշում: Օտարերկրյա կենտրոնական մարմնից հավատարմագրված կազմակերպությունն ավտորիզացնելու խոչընդոտների բացակայության վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո քննարկվում է դիմող կազմակերպության ավտորիզացման հարցը:
10. Ավտորիզացիան տրամադրվում է երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տվյալ կազմակերպության հավատարմագրման ժամկետը: Ավտորիզացիան նույն ժամկետով և պայմանով կարող է երկարացվել Կենտրոնական մարմնի կողմից հավատարմագրման առկայության դեպքում, և եթե Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու ընթացքում հավատարմագրված կազմակերպության կողմից թույլ չի տրվել սույն օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջների խախտում կամ թերացում:
11. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը կարող է գործունեություն ծավալել տվյալ կազմակերպության հավատարմագրման և ավտորիզացիայի ժամկետների սահմաններում:
12. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության, ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների և ծախսերի, ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն ստեղծելու, ներկայացուցչի և ներկայացուցչության անձնակազմի հետ կապված հարցերը քննարկվում և համաձայնեցվում են մինչև տվյալ կազմակերպության ավտորիզացումն այդ կազմակերպության և Կենտրոնական մարմնի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի միջև:
13. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն հիմնելու մտադրության մասին կարող է հայտնել Կենտրոնական մարմնին իր գործունեության ցանկացած պահի՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր:
14. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը հայաստանյան ներկայացուցիչ ունենալու մասին տեղեկացնում է Կենտրոնական մարմնին՝ ներկայացնելով ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի, նրա՝ հավատարմագրված կազմակերպության աշխատող լինելու վերաբերյալ տեղեկանքի կամ կազմակերպության անունից հանդես գալու իրավունքը հավաստող փաստաթղթի (լիազորագրի, ծառայությունների մատուցման պայմանագրի և այլն) պատճենը, Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչի հաշվեհամարի, լիազորությունների շրջանակի և վճարվող գումարների վերաբերյալ տեղեկությունները: Ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում կարող է գործունեություն ծավալել Կենտրոնական մարմնի համաձայնության դեպքում:
15. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը հայաստանյան ներկայացուցիչ նշանակելու մտադրության մասին տեղեկացնում է Կենտրոնական մարմնին՝ ներկայացնելով ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի, նրա՝ հավատարմագրված կազմակերպության աշխատող լինելու վերաբերյալ տեղեկանքի կամ կազմակերպության անունից հանդես գալու իրավունքը հավաստող փաստաթղթի (լիազորագրի, ծառայությունների մատուցման պայմանագրի և այլն) պատճենը, լիազորությունների շրջանակի, մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների, ծախսերի վերաբերյալ տեղեկությունները: Կենտրոնական մարմնի՝ գործունեություն իրականացնելու մասին համաձայնությունն ստանալուց հետո Կենտրոնական մարմնին տրամադրվում է ներկայացուցչի՝ գումարներ ստանալու եղանակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը, ներառյալ՝ հաշվեհամարը և փոխանցման համակարգը:
16. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն հիմնելու մտադրության մասին տեղեկացնում է Կենտրոնական մարմնին՝ տրամադրելով ներկայացուցչության անձնակազմի վերաբերյալ տեղեկություն, աշխատողների անձը հաստատող փաստաթղթերի, ներկայացուցչության կանոնադրության պատճենները, լիազորությունների շրջանակի, մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների, ծախսերի վերաբերյալ տեղեկությունները: Կենտրոնական մարմնի՝ գործունեություն իրականացնելու մասին համաձայնությունն ստանալուց հետո Կենտրոնական մարմնին տրամադրվում է ներկայացուցչության՝ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական Միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, ինչպես նաև գումարներ ստանալու եղանակների վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ հաշվեհամարը և փոխանցման համակարգը:
17. Կենտրոնական մարմինը կարող է մերժել հավատարմագրված կազմակերպության ավտորիզացումը, եթե՝
1) համաձայնություն ձեռք չի բերվել հավատարմագրման կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների և ծախսերի վերաբերյալ առաջացող հարցերի վերաբերյալ.
2) միևնույն օտարերկրյա պետության հավատարմագրված և Հայաստանի Հանրապետությունում ավտորիզացված կազմակերպությունների քանակը բավարարում է տվյալ պետության տարածք որդեգրման ենթակա երեխաների որդեգրումն ապահովելու համար.
3) հավատարմագրված կազմակերպության, դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից չեն պահպանվել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, կամ թույլ են տրվել խախտումներ, որոնք չեն շտկվել, նախկինում չեն տրամադրվել կամ ոչ պատշաճ կերպով կամ ժամկետանց են տրամադրվել մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ տեղեկությունները, հետորդեգրման զեկույցները, կամ ներկայացված տեղեկություններում կամ հետորդեգրման զեկույցներում առկա են եղել ակնհայտ կեղծ տեղեկություններ.
4) Կենտրոնական մարմնի կողմից դադարեցվել կամ մեկից ավելի անգամ կասեցվել է օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ավտորիզացիան:
18. Կենտրոնական մարմինը կարող է կասեցնել հավատարմագրված կազմակերպության ավտորիզացումը, եթե՝
1) ընթացիկ տարվա ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, չեն տրամադրվել կամ թերի են տրամադրվել մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ տեղեկությունները, կամ այդ հաշվետվություններում ներառվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն.
2) ավտորիզացված կազմակերպությունը գործել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին հակառակ կամ չի պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր համար պարտադիր պայմանները կամ պահանջները:
19. Ավտորիզացումը կարող է կասեցվել նաև Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա համապատասխան պետությունում տիրող բացառիկ իրավիճակների դեպքում (ռազմական դրության, պատերազմի, ֆորսմաժորային այլ իրավիճակի), որոնք չեն անդրադառնում հավատարմագրված մարմնի վարկանիշի վրա և չեն հանդիսանում հավատարմագրումը դադարեցնելու հիմք: Սույն մասում նշված կասեցումը դադարում է կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո:
20. Ավտորիզացիայի կասեցումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված դեպքերի, թերությունները չվերացնելու կամ պահանջները չապահովելու դեպքում Կենտրոնական մարմինը դադարեցնում է օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ավտորիզացումը: Ավտորիզացիան դադարեցվում է նաև, եթե ավտորիզացման ժամանակահատվածում երկու և ավելի անգամ այն կասեցվել է:
21. Ավտորիզացիան դադարեցվում է հավատարմագրված կազմակերպության գործունեության դադարեցման, ինչպես նաև հավատարմագրման դադարեցման դեպքերում:
22. Ավտորիզացիան դադարեցվում է, եթե որդեգրված երեխայի վերաբերյալ ստացվում են հիմնավոր տեղեկություններ երեխայի նկատմամբ բռնության, դաժան վերաբերմունքի, երեխային առանց խնամքի թողնելու մասին:
23. Ավտորիզացիայի կասեցման կամ դադարեցման մասին Կենտրոնական մարմինը տեղեկացնում է հավատարմագրված կազմակերպությանը և համապատասխան օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին որոշում կայացնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում:
24. Ավտորիզացիայի կասեցման կամ դադարեցման հետևանքով կասեցվում կամ համապատասխանաբար դադարում է նաև տվյալ կազմակերպության ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեությունը:
25. Կենտրոնական մարմինը, տեղեկացնելով հավատարմագրված կազմակերպությանը, կարող է հրաժարվել շարունակել համագործակցությունն օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցչի կամ ներկայացուցչության հետ՝ գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու միջոցով: Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցչի կամ ներկայացուցչության հետ համագործակցությունից հրաժարվելու հիմք են հանդիսանում օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ավտորիզացիայի կասեցման կամ դադարեցման համար սահմանված հիմքերը:
26. Համագործակցությունը կարող է վերսկսվել խախտումներն ու թերությունները շտկելուց կամ ներկայացուցչին (ներկայացուցչության դեպքում՝ անձնակազմի ներկայացուցչին) փոխարինելուց կամ նրա լիազորությունները դադարեցնելուց հետո:»:
Հոդված 41. Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «դ» կետը «հեռացված» բառից հետո լրացնել «կամ խնամատարության պայմանագիրը լուծած» բառերով.
2) 1-ին մասի «է» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: Որդեգրել ցանկացող անձ հաշվառելու ժամանակ անհրաժեշտ եկամտի չափը և նվազագույն կենսապայմանները սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը.».
3) 1-ին մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) այն անձանց, որոնց բնակելի տարածքը չի համապատասխանում սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի հրամանով սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին: Եթե անձն ունի սեփականության իրավունքով մեկից ավելի բնակելի տարածքներ կամ բնակվում է իրեն սեփականության իրավունքով չպատկանող բնակելի տարածքում, ապա գնահատվում է որդեգրել ցանկացող անձի նշած բնակելի այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ.».
4) 1-ին մասի «թ» կետը «հանցագործության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության» բառերով.
5) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» և «ժա» կետերով.
«ժ) այն անձանց, որոնք դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից․
ժա) այն անձանց, որոնք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Դատվածություն չունեցող անձի կողմից երեխա որդեգրելու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև որդեգրման մասին դատարանի վճռի կայացումը որդեգրել ցանկացող անձի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո որդեգրել ցանկացող անձի ընտրությունը, հաշվառումը և վերապատրաստումն իրականացվում են ընդհանուր կարգով:».
7) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման» բառերը փոխարինել «սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր» բառերով.
8) 5-րդ մասի «բովանդակությանը» բառը փոխարինել «բովանդակությունը» բառով.
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.
«7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դասընթացներին մասնակցելու պայմանը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների վրա, եթե նրանք իրենց բնակության վայրի՝ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցել են համապատասխան դասընթացներ և ներկայացնում են այդ փաստը հավաստող վկայական, հավաստագիր կամ տեղեկանք:
8. Որդեգրումն արգելվում է, եթե որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու իրավունքը սահմանափակող կամ որդեգրումն արգելող նորմը կիրառելի է ամուսիններից առնվազն մեկի նկատմամբ:»:
Հոդված 42. Օրենսգրքի 117-րդ հոդվածում՝
1) վերնագրի և 1-ին մասի «Որդեգրողի» բառը փոխարինել «Որդեգրել ցանկացող անձի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերության վերին շեմը կիրառելի է որդեգրել ցանկացող ամուսիններից միայն մեկի նկատմամբ՝ ըստ ամուսինների ցանկության:
1.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերության վերին շեմը կիրառելի չէ այն դեպքերում, երբ որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահերից, և որդեգրել ցանկացող անձը ներկայացրել է բավարար ապացույցներ երեխայի խնամքը և դաստիարակությունը պատշաճ կազմակերպելու հնարավորության վերաբերյալ:».
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 43. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «ծնողների» բառից հետո լրացնել «կամ միակ ծնողի» բառերով.
2) 2-րդ մասից հանել «կամ մերձավոր ազգականների» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում երեխայի ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարումը համարվում է համաձայնություն երեխայի որդեգրման վերաբերյալ՝ գրավոր հրաժարումից առնվազն 6 ամիս անց: Որդեգրման հնարավորության մասին ծնողները կամ միակ ծնողը նախազգուշացվում են գրավոր հրաժարումը ներկայացնելու պահին:».
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«5. Ծնողների կամ միակ ծնողի՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումը կամ ծնողի՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնությունն արտահայտվում է դիմումով, որը կազմվում է երեխայի գտնվելու վայրի կամ դրա անհնարինության դեպքում՝ ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի ներկայությամբ, հաստատվում այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է երեխան, կամ նոտարի կողմից, եթե դիմումը կազմվում է երեխայի խնամատար ընտանիքի, երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ ծնողների գտնվելու վայրում:».
5) 6-րդ մասի «Դիմումի ձևը» բառերը փոխարինել «Դիմումների ձևերը» բառերով.
6) 7-րդ մասը «Ծնողները» բառից հետո լրացնել «կամ միակ ծնողը» բառերով:
Հոդված 44. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «պահելուց» բառը փոխարինել «ապրուստը հոգալուց» բառերով:
Հոդված 45. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Որդեգրվելու մասին տեղեկացված լինելու դեպքում երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը, որը հաշվի է առնվում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:»:
Հոդված 46. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում, 125-րդ հոդվածի 2-րդ մասում և 132-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «Տասը տարին լրացած» բառերը փոխարինել «Որդեգրման մասին տեղյակ» բառերով:
Հոդված 47. Օրենսգրքի 124-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «Որդեգրման» բառից հետո լրացնել «կամ որդեգրման գործընթացի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Որդեգրման ակտի պետական գրանցման հիման վրա փոփոխման ենթակա է երեխայի հանրային ծառայության համարանիշը, բացառությամբ երեխային խորթ մոր կամ խորթ հոր կողմից որդեգրման դեպքերի:»:
Հոդված 48. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ծննդի պետական գրանցման գրքում որդեգրողը գրառվում է որպես որդեգրված երեխայի ծնող:»:
Հոդված 49. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասում առաջին «մահացած» բառը փոխարինել «մահացածի» բառով:
Հոդված 50. Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝
1) վերնագիրը, 1-ին մասի առաջին պարբերությունը և 2-րդ մասը «որդեգրման» բառից հետո լրացնել «կամ որդեգրման գործընթացի» բառերով.
2) 1-ին մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Որդեգրման մասին տեղեկատվությունը կարող է հրապարակվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում:».
3) 1-ին մասի երկրորդ պարբերության «որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման» բառերը փոխարինել «մասնագիտական կամ ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ որդեգրման և որդեգրման գործընթացի մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման, ինչպես նաև որդեգրման գործընթացի» բառերով.
4) 2-րդ մասը «հակառակ» բառից հետո լրացնել «կամ կամքն անտեսելով» բառերով.
5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության բացակայության դեպքում կենսաբանական ծնողը ցանկացած պահի կարող է փոխել իր դիրքորոշումը և գրավոր համաձայնություն ներկայացնել սույն մասում նշված տեղեկության տրամադրման վերաբերյալ: Սույն մասում նշված համաձայնությունը երեխայի կենսաբանական ծնողի կողմից կարող է տրվել, փոփոխվել կամ հետ վերցվել ցանկացած ժամանակ:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.4-րդ մասերով.
«3.1. Որդեգրման ենթակա երեխաների, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն ստացած անձանց վերաբերյալ անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարին, բնակության վայրը, առողջական վիճակը և այլն), հաշվառման ժամկետը և ներկայացված փաստաթղթերը, երեխա որդեգրելու նախընտրելի չափանիշները, երեխաների հետորդեգրման գործընթացում ստացված տեղեկությունները, որոնք հայտնի են դառնում որդեգրման գործընթացը կազմակերպող և իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց, հրապարակման ենթակա չեն:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված տեղեկությունները հասանելի են միայն որդեգրման գործընթացին մասնակցող մարմիններին, այդ թվում՝ մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին, խնամակալության և հոգաբարձության մարմնին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմիններին, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների կենտրոնական մարմիններին, հավատարմագրված կազմակերպություններին և դրանց հայաստանյան ներկայացուցիչներին կամ ներկայացուցչություններին, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման գործընթացին մասնակցող անձանց, ինչպես նաև դատարանին, դատախազությանը, նախաքննության և հետաքննության մարմիններին՝ ըստ դրանց իրավասության և գործառույթների շրջանակի:
3.3. Որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց:
3.4. Այլ անձանց, այդ թվում՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն չստացած, և նրանց ներկայացուցիչներին՝ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները տրամադրման ենթակա չեն:».
7) 4-րդ մասի «Տեղեկատվության տրամադրման» բառերը փոխարինել «18 տարին լրացած անձի կողմից իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, կենսաբանական ծնողի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդպիսի տեղեկություններ տրամադրելու» բառերով:
Հոդված 51. Օրենսգրքի 128.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը (այսուհետ նաև` վերահսկողություն իրականացնող մարմին), իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրման դեպքում` Կենտրոնական մարմնի կողմից: «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում որդեգրված երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի, հավատարմագրված կազմակերպության (ներկայացուցչի կամ ներկայացուցչության) համագործակցության միջոցով: Կենտրոնական մարմինն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն մասում նշված կոնվենցիային չանդամակցող պետության որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու ուղղությամբ՝ դիմելով համապատասխան պետության իրավասու մարմնին կամ որդեգրողներին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ մասերով.
«1.1. Վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդության կամ հարցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցներով Կենտրոնական մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն, եթե երեխան տեղափոխվել է օտարերկրյա պետություն: Օտարերկրյա պետությունից ստացված՝ երեխայի խնամքի իրականացման վերաբերյալ կազմված փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական մարմինը փոխանցում է վերահսկողություն իրականացնող մարմնին:
1.2. Օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկողություն իրականացնող մարմինը: «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում Հայաստանի Հանրապետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության արդյունքով կազմված փաստաթուղթը փոխանցում են Կենտրոնական մարմնին սույն մասում նշված մարմինները՝ համագործակից պետության կենտրոնական մարմնին փոխանցելու նպատակով: Սույն մասի կարգավորումները վերաբերում են նաև օտարերկրյա պետությունների կամ իրավասու մարմինների համագործակցության արդյունքով որդեգրված երեխային, որն օտարերկրյա պետություն որդեգրվելուց հետո տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, և նրա խնամքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջնորդություն է ներկայացրել օտարերկրյա իրավասու մարմինը:
1.3. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից, եթե վերահսկողության ժամանակահատվածում երեխան շարունակում է բնակվել կամ բնակություն է հաստատում Հայաստանի Հանրապետությունում:
1.4. Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում համայնքի սոցիալական աշխատողն աջակցություն է տրամադրում ընտանիքին՝ երեխային ընտանիքում ինտեգրելու, համակեցությունն ու համերաշխությունն ապահովելու, ընտանեկան միջավայր ձևավորելու, ինչպես նաև առաջացող սոցիալական խնդիրները կարգավորելու նպատակով:»․
4) 6-րդ մասի 2-րդ կետը «ապահովվածությունը» բառից հետո լրացնել «, տեղեկություն ստանալու երեխայի առողջության, բժշկական հետազոտությունների, ինչպես նաև նախասիրությունների, կրթության և այլ տվյալների մասին, անհրաժեշտության դեպքում՝ ստանալու փաստաթղթերի պատճենները, երեխայի լուսանկարները» բառերով.
5) 6-րդ մասի 3-րդ կետի «(որդեգրողների)» բառը փոխարինել «, նրանց ընտանիքի անդամների» բառերով, նույն կետը «կրթական» բառից հետո լրացնել «, բժշկական» բառով, իսկ «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրված և օտարերկրյա պետության տարածք տեղափոխված երեխայի հետորդեգրման զեկույցները կարող են ներկայացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 52. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետի «դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունից» բառերով.
2) 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 53. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ՝ նրանց խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու, ապրուստը հոգալու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու և շահերը պաշտպանելու նպատակով:»:
Հոդված 54. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 134.1-ին հոդվածով.
| «Հոդված 134.1. |
Փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը |
1. Մինչև խնամակալության և հոգաբարձության փաստաթղթավորումը առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ կարող է կիրառվել փաստացի խնամակալություն կամ հոգաբարձություն: Փաստացի խնամակալ կամ հոգաբարձու կարող է հանդիսանալ երեխայի մերձավոր ազգականը, բացառությամբ գտնված (ընկեցիկ) երեխաների, որոնց նկատմամբ փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները կատարում է երեխայի հայտնաբերման վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը: Փաստացի խնամակալը կամ հոգաբարձուն ժամանակավորապես ստանձնում է օրինական ներկայացուցչի գործառույթներն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են երեխայի կենսաապահովումն ու իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
2. Երեխայի փաստացի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողն անմիջապես նախաձեռնում է փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատումը՝ դիմելով նրանց բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որը տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, իրականացնում է գնահատումը, տրամադրում է եզրակացություն և տեղեկացնում խնամակալության և հոգաբարձության մարմնին:»:
Հոդված 55. Օրենսգրքի 135-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է» բառերը փոխարինել «՝ հաշվի առնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի կամ խնամակալ կամ հոգաբարձու դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքները, երեխայի կարծիքը և ելնելով երեխայի լավագույն շահերից» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը և խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարեցնելը, խնամակալին կամ հոգաբարձուին ներկայացվող պահանջները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները կատարելու նրա ունակությունները գնահատելու չափորոշիչները, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու վեճի կամ անհամաձայնության դեպքում դրանց լուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 56. Օրենսգրքի 136-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով.
2) 1-ին մասից հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում պետության լրիվ խնամքի տակ» բառերը փոխարինել «և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով, «կազմակերպությունների» բառը՝ «հաստատությունների կամ կազմակերպությունների ղեկավարների» բառերով և նույն մասից հանել երկրորդ պարբերությունը:
Հոդված 57. Օրենսգրքի 137-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Խնամատարությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպումն է այլ ընտանեկան միջավայրում իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, ուսուցման դասընթացն ավարտած, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև համապատասխան վերապատրաստումն անցած անձի միջոցով՝ մինչև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը, երեխայի որդեգրումը կամ, երեխայի լավագույն շահերից ելնելով, երեխայի այլընտրանքային խնամքի ձևի փոփոխությունը: Երեխայի մերձավոր ազգականները կարող են չմասնակցել ուսուցման դասընթացներին ճգնաժամային խնամատարության դեպքում, իսկ մնացած դեպքերում պարտավոր են մասնակցել ուսուցման դասընթացներին՝ խնամատարության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Խնամատարության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խնամատարության կարգում ներառվում են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ընտրության, վերապատրաստման, ուսուցման դասընթացների կազմակերպման, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հնարավորությունների գնահատման, խնամատարության ենթակա երեխայի կարիքների գնահատման և այդ գնահատումների ձևաչափերը, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառման, խնամատարության ենթակա երեխաների հաշվառման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ու խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի համադրման, բազմամասնագիտական խորհրդի եզրակացության տրամադրման, երեխաների տվյալները տեղեկատվական համակարգում հաշվառելու, տրամադրելու և կասեցնելու, խնամատարություն ստանձնելու կամ հրաժարվելու վերաբերյալ դիրքորոշում ստանալու, խնամատարության ձևերի կազմակերպման առանձնահատկությունների, հոգեզավակի անկախ կյանքի անցման գործընթացի կազմակերպման, հոգեզավակի՝ կենսաբանական ընտանիքի հետ աշխատանքի կազմակերպման, հոգեզավակի՝ խնամատար ընտանիքից դուրսբերման և կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման կարգը, ինչպես նաև երեխայի՝ ընտանիքում խնամատարության ձևի փոփոխումն ու դրա չափորոշիչները, խնամատար ծնողի հաշվետվության ձևաթուղթը, կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման պլանի և բազմամասնագիտական խորհրդի եզրակացության ձևերը:».
2) 4-րդ մասի «հիվանդությամբ տառապող» բառերը փոխարինել «հիվանդություն կամ հաշմանդամություն ունեցող» բառերով.
3) 5-րդ մասի «դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամքի հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում» բառերով, իսկ նույն մասը «կազմակերպելը» բառից հետո լրացնել «կամ այդ հաստատություններից կամ կազմակերպություններից դուրս բերելու նպատակով» բառերով.
4) 10-րդ մասի «Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարանները» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմը» բառերով, իսկ նույն մասը «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանով.
5) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Խնամատարության կազմակերպումը, այդ թվում՝ խնամատարության ենթակա երեխաների հաշվառումը, որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառումը, խնամատարության ենթակա երեխաների և խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համադրման նպատակով երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմակերպումը, բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա խնամատար ընտանիքի ընտրության հաստատումն իրականացնում է մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ և 14-րդ մասերով.
«13. Եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում, ապա ելնելով երեխայի լավագույն շահերից՝ խնամքի կազմակերպման ձևի ընտրության և փոփոխության մասին հաստատության կամ կազմակերպության գտնվելու վայրի մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, խնամքը կազմակերպող մարմնին տրամադրում է խնամքի կազմակերպման ձևի ընտրության և փոփոխության մասին եզրակացություն՝ իրենց կից երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա:
14. Խնամատարության վերաբերյալ հանրային իրազեկման առանձնահատկությունները և թեկնածու խնամատար ընտանիքների ներգրավումը, խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման ընթացակարգը և դրանում կիրառվող ձևաթղթերը, խնամատար ծնողների և խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների ուսուցման դասընթացների և վերապատրաստումների մոդուլները և ստուգաթերթերը հաստատվում են սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:
Հոդված 58. Օրենսգրքի 137.1-ին հոդվածում`
1) 2-րդ մասի և 6-րդ մասի 3-րդ կետի «Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարաններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «մարզպետի աշխատակազմ» բառերով.
2) 2-րդ մասը «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանով.
3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.
«4) դատական կարգով սահմանափակվել են ծնողական իրավունքները.
5) սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 13-րդ մասում նշված հաստատություններում կամ կազմակերպություններում խնամվող երեխայի ծնող է:».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ծնողը կարող է հանդես չգալ որպես Խնամատարության պայմանագրի կողմ՝
1) արգելանքի տակ գտնվելու, ծանր հիվանդության կամ ներկայանալու անհնարինության հիմնավոր պատճառով` այդ մասին գրավոր հայտնելով մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան կամ
2) ճգնաժամային խնամատարության դեպքերում, երբ ծնողը չարամտորեն խուսափում է երեխայի խնամքի կազմակերպման վերաբերյալ համաձայնություն տալուց:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Դատվածություն չունեցող անձի խնամատար ծնող դառնալու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև Խնամատարության պայմանագրի կնքումը սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անձի ընտրությունը, հաշվառումը և վերապատրաստումն իրականացվում են ընդհանուր կարգով:».
6) 6-րդ մասը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև» բառերով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Խնամատարության պայմանագրի վաղաժամկետ լուծման այլ հիմքեր կարող են նախատեսվել Խնամատարության պայմանագրով:».
8) 7-րդ մասի «պայմանագրի օրինակելի ձևը» բառերը փոխարինել «պայմանագրերի օրինակելի ձևերը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը՝ «սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 59. Օրենսգրքի 138-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «հայտնված» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Երեխան խնամատարության ենթակա չէ, եթե այլընտրանքային խնամքը կազմակերպված է այլ կերպ, և սկսված է կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման ակտիվ գործընթաց:».
3) 6-րդ մասի «ծնողներից յուրաքանչյուրի» բառերը փոխարինել «ծնողի» բառով, «55» թիվը՝ «65» թվով, իսկ նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն մասով նախատեսված տարիքային սահմանափակումները չեն գործում Խնամատարության պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում և կիրառելի են միայն մեկ խնամատար ծնողի նկատմամբ՝ ըստ խնամատար ծնողի ցանկության:»:
Հոդված 60. Օրենսգրքի 138.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 8-րդ կետը «համար» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-13-րդ կետերով.
«10) այն անձանց, որոնք դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը վերացված կամ մարված լինելու հանգամանքից.
11) այն անձանց, որոնք չարաշահել են խնամատար ծնողի իրավունքները, որի հիմքով Խնամատարության պայմանագիրը վաղաժամկետ լուծվել է.
12) այն անձանց, որոնք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք.
13) երեխայի հետ մերձավոր ազգակցական կապի մեջ գտնվող անձանց և նրանց ամուսինների, բացի մասնագիտացված և ճգնաժամային խնամատար ընտանիքներում կազմակերպվող խնամքից և դաստիարակությունից:».
3) 2-րդ մասը «խնամակալի» բառից հետո լրացնել «կամ հոգաբարձուի» բառերով, իսկ «պարտականություններ» բառից հետո՝ «, բացառությամբ սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խնամակալին (հոգաբարձուին) վերապահված իրավունքի» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, իրականացնում է խնամատարության գործընթացում անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրում, հաշվետվությունների կազմում և այլ գործողություններ համապատասխան տեղեկատվական համակարգում, որի վարման կարգը սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:
4. Ամուսնության մեջ գտնվող անձանցից միայն մեկը կարող է դառնալ Խնամատարության պայմանագրի կողմ և հաշվառվել որպես խնամատար ծնող, բայց նրանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի սույն օրենսգրքով նախատեսված պայմաններին, բացառությամբ սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
5. Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու մասին դիմումի հիման վրա դիմում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման համար: Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, իրականացնում է գնահատումը և տրամադրում եզրակացություն: Եզրակացության, ինչպես նաև խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից վերապատրաստման վկայականի և համայնքի սոցիալական աշխատողի դիրքորոշման հիման վրա իրականացվում են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի հաշվառումն ու խնամատարության տեսակների նշումը, որոնք տրամադրելու համար խնամատար ծնող դառնալ ցանկացող անձն ունի բավարար պայմաններ և համապատասխանում է պահանջներին: Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բավարար պայմանները և ներկայացվող պահանջները սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:»:
Հոդված 61. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետի «վարքի խանգարումով տառապող» բառերը փոխարինել «վարքային խնդիրներ ունեցող» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետի «տարերային կամ տեխնածին աղետի» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակի, պատերազմի» բառերով.
3) 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով.
«է. եթե նա գտնված (ընկեցիկ) երեխա է։».
4) 1-ին մասի 3-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բացառիկ դեպքերում արձակուրդային խնամատարության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 60 օր տևողությամբ՝ անընդմեջ:».
5) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մասնագիտացված խնամատարությունը կարող է իրականացվել նաև 18-23 տարեկան անձանց նկատմամբ` որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն: 18-23 տարեկան անձանց տրամադրվող հետխնամքի աջակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
6) 3-րդ և 5-րդ մասերի «մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` ևս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ» բառերը փոխարինել «վեց ամիս ժամկետով» բառերով:
Հոդված 62. Օրենսգրքի 139.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարանների» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմի» բառերով, իսկ նույն մասը «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությանն աջակցում է համայնքի սոցիալական աշխատողը, որն իր գործունեության իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ խնամատար ընտանիքի կամ հոգեզավակի, նրանց կենսապայմանների, փոխհարաբերությունների և երեխայի իրավունքների իրացման արդյունավետության վրա ազդող այլ պայմանների ու պատճառների մասին տեղեկատվությունն անհապաղ հայտնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:».
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղափոխումից հետո՝ եռօրյա ժամկետում, տեղեկացնել Խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին, որոնք պարտավոր են եռօրյա ժամկետում այդ փոփոխության մասին տեղեկացնել խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին:».
4) 8-րդ մասը «Վերահսկողության կարգը» բառերից առաջ լրացնել «Խնամատար ընտանիքներում» բառերով, իսկ «սահմանում» բառից առաջ՝ «, վերահսկողության զեկույցների միասնական ձևաչափը» բառերով:
Հոդված 63. Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 145-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը «դեպքում» բառից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ» բառերով:
Հոդված 64. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երրորդ պարբերության «համար տասը տարին լրացած» բառերը փոխարինել «փաստի մասին տեղյակ» բառերով.
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասում նշված նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում և 4-րդ մասում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է տալու երեխային որդեգրելու նախնական համաձայնություն կամ մերժելու նման համաձայնություն տրամադրելը:»:
| Հոդված 65. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 24 ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքով սահմանված հոդվածները, որոնց իրականացումը պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ, գործելու են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
4. Մինչև սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում ավտորիզացման կարգի ընդունումն օտարերկրյա որդեգրումների ընթացքն ապահովելու նպատակով Կենտրոնական մարմինը համագործակցում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների հավատարմագրված կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների կամ ներկայացուցչությունների հետ՝ առանց ավտորիզացման:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-363-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: