«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105362
հայաստանի հանրապետության
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
25 հուլիսի 2005 թ. |
N 348-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջի և ՀՀ վարչապետի 2005 թվականի մարտի 5-ի N 139-Ա որոշմամբ հաստատված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 11-րդ կետի`
Հրամայում եմ`
1. Սահմանել «ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Սույն կարգի ապահովման հսկողությունը դնել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի վրա:
Նախարար` |
Հ. Հովեյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման գործընթացը, որը նախատեսված է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է միայն պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների և պետական սեփականություն չհամարվող այն մշակութային արժեքների վրա, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում(այսուհետ` մշակութային արժեքներ):
Ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքները ենթակա են նույնականացման, որն իրականացվում է մաքսային ծառայության մարմինների կողմից նույնականացման գործընթացի հետ միաժամանակ:
3. Մշակութային արժեքների նույնականացումն իրականացնում է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալությունը (այսուհետ` Գործակալություն):
4. Նույնականացումն իրականացվում է ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների և դրանց` ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու ժամանակ վավերացված լուսանկարների կամ ցուցակի տվյալների համեմատական ստուգման միջոցով: Ցուցակի առկայության դեպքում լուսանկարն ընդունելի է նաև մշակութային արժեքի անվանման ու ծածկագրի նշումով:
5. Մշակութային արժեքները հայտատուն նույնականացման նպատակով տեղափոխում է Գործակալություն, իսկ դրանց մեծաքանակ կամ ծավալուն լինելու, ինչպես նաև վերադարձը ոչ աշխատանքային օրերին համընկնելու դեպքերում` իր տարածք:
6. Մշակութային արժեքները հայտատուի տարածք տեղափոխելու դեպքում Գործակալության համապատասխան մասնագետները, համատեղ պայմանավորվածության արդյունքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում այցելում են նշված տարածք և իրականացնում մշակութային արժեքների նույնականացման գործընթացը:
7. Մշակութային արժեքները Գործակալություն տեղափոխելու դեպքերում Գործակալության մասնագետները մշակութային արժեքների նույնականացման գործընթացն իրականացնում են Գործակալությունում:
8. Նույնականացման գործընթացն ավարտելուց հետո Գործակալության մասնագետները կազմում են մշակութային արժեքների նույնականացման մասին ակտ:
9. Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների վնասվածքների դեպքում Գործակալության մասնագետներն ու հայտատուն կազմում են մշակութային արժեքների վնասվածքի մասին ակտ: Մշակութային արժեքների վնասվածքի մասին հայտնվում է համապատասխան լիազորված պետական մարմնին:
10. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների վնասվածքների դեպքերում Գործակալության մասնագետներն ու հայտատուն կազմում են մշակութային արժեքների վնասվածքի մասին ակտ:
11. Մշակութային արժեքների անհամապատասխանությունների դեպքերում Գործակալության մասնագետներն ու հայտատուն կազմում են մշակութային արժեքների անհամապատասխանության մասին ակտ: Մշակութային արժեքների անհամապատասխանության մասին հայտնվում է համապատասխան լիազորված պետական մարմնին:
12. Սույն կարգով նախատեսված ակտերը հիմք են հանդիսանում մշակութային արժեքների նույնականացման գործընթացն ավարտելու վերաբերյալ, որոնք կազմվում են երեք օրինակից. մեկը տրվում է Գործակալությանը, երկրորդը` հայտատուին, երրորդը` մաքսային ծառայության մարմիններին:
Աշխատակազմի ղեկավար` |
Գ. Մանասյան |