«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 32804220
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
24 օգոստոսի 2004 թ. |
N 70-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 20-ի «ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջի՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության գործավարության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ղեկավարվել վերոհիշյալ կարգով:
3. Վարչության աշխատակազմի ղեկավարին՝
ա) ապահովել սույն կարգի 20 օրինակ բազմացումը և մեկական օրինակի հանձնումը վարչության ղեկավարությանը և վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին:
բ) Սույն կարգին ծանոթացնել վարչության աշխատակազմի նոր աշխատակիցներին:
4. Սույն կարգի կատարման հսկողությունը դնել վարչության աշխատակազմի ղեկավարի վրա:
5. Իրավաբանական և արտաքին կապերի վարչության պետ Պ. Աղաբաբյանին՝
սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն սահմանված կարգով որպես գերատեսչական նորմատիվային ակտ գրանցելու համար:
Վարչության պետ` |
Գ. Եգանյան |
Հավելված
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության (այսուհետ՝ ՄՓՎ) գործավարության կարգը:
2. ՄՓՎ գործավարության կազմակերպումն իրականացնում է ՄՓՎ աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ):
3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի» պահանջներին համապատասխան:
II. ՄՓՎ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ
5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ՝ քարտուղարություն) ապարատածրագրային միջոցներով, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանշանից և նրա հերթական համարից:
6. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:
7. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի պակասի կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ 2 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին և ուղարկվում այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության, փաստաթղթին կցելով այն ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են՝ անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
8. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաթեթներին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
9. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են ՀՀ կառավարության համակարգչային ցանցով (այսուհետ՝ համակարգչային ցանց), պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակը սահմանված կարգով ներկայացվում է ՄՓՎ պետին:
10. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը՝ ֆայլի ձևով ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է դրա պատրաստող անձը կամ ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը՝ համապատասխան ստորագրություններով:
11. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում, փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
12. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի ՄՓՎ պետին:
13. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման՝ հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
14. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման:
Մյուս թղթակցությունները գրանցվում են, օրվա ընթացքում ներկայացվում են ըստ պատկանելության օրվա վերջում ՄՓՎ պետին և ՄՓՎ պետի տեղակալներին:
15. ՄՓՎ մուտք եղած պաշտոնական գրությունները գրանցվելուց հետո զեկուցվում են ՄՓՎ պետին: ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության որոշումների ու կարգադրությունների ստացված օրինակները հանձնվում են քարտուղարություն, որտեղ գրանցվում են և պահվում համապատասխան գործերում:
16. ՄՓՎ պետի հրամանները, վերջիններս չեղյալ հայտարարելու, փոփոխելու կամ ժամկետը երկարաձգելու մասին գրությունները քարտուղարության միջոցով ուղարկվում են վարչության աշխատակազմի կառուցվածքային այն ստորաբաժանումներին, որտեղ նախկինում նախապատրաստվել էր համանուն որոշումը:
17. ՄՓՎ մի կառուցվածքային ստորաբաժանումից մյուսին թղթակցության հանձնումը կատարվում է միայն քարտուղարության միջոցով:
18. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է ՄՓՎ պետի, պետի տեղակալների, կամ աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությունը, կամ նրա հանձնարարությամբ պատասխանատու աշխատողի կողմից, եթե վերջինս փաստաթղթի վրա նշում է ում է զեկուցել և ինչու է կցվում գործին:
19. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:
Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել: ՄՓՎ աշխատակիցներին արգելվում է փաստաթղթերը ՄՓՎ-ից դուրս բերել:
20. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
Աշխատանքից ազատվելիս, աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին, լրացնել շրջանցիկ թերթիկ և այն հանձնել հաշվապահություն:
ՄՓՎ և ՄՓՎ աշխատակազմի ձևաթերթիկները, կնիքները, դրոշմակնիքները պատրաստվում են և գործողության մեջ են դրվում ՄՓՎ պետի թույլտվությամբ:
III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
21. ՄՓՎ վերադաս մարմիններից մուտք գործած փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված)՝
- լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող հարցերի համար մինչև 5 օր,
- լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար՝ մինչև 10 օր:
22. ՄՓՎ մուտք գործած այլ փաստաթղթերի, դիմում-բողոքների համար (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված) սահմանվում են հետևյալ ժամկետները՝
- լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող փաստաթղթերի, դիմում-բողոքների համար՝ մինչև 15 օր.
- լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջվողներին՝ մինչև 30 օր:
23. Առանձին դեպքերում կատարման ժամկետը կարող է երկարացվել միայն հանձնարարությունը տվող ղեկավարի կողմից՝ մինչև 15 օր ժամկետով:
24. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչությունից, քարտուղարությունից դուրս տրվում են միայն ՄՓՎ աշխատողներին՝ վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն ՄՓՎ աշխատողները՝ իրենց պահանջով:
Աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչությունից, քարտուղարությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:
IV. ՄՓՎ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ
25. Հրամանները մեքենագրվում են սահմանված ձևի բլանկի վրա, առանց ուղղումների և ջնջումների, հանձնվում են ֆինանսատնտեսական վարչություն, ՄՓՎ պետին կամ աշխատակազմի ղեկավարին ներկայացնելու համար:
26. Ֆինանսատնտեսական վարչությունում գրանցվող հրամաններին տրվում է հերթական համարներ, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:
27. Ֆինանսատնտեսական վարչությունը ըստ առաքվող կազմակերպությունների բազմացնում և ՄՓՎ կամ աշխատակազմի կնիքով կնքում է ՄՓՎ պետի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանները, կազմակերպում դրանց ժամանակին առաքումը:
28. ՄՓՎ պետի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները ստորագրվում են նահագահողի կողմից, համարակալվում և պահվում են համապատասխան ստորաբաժանումներում: Խորհրդակցություններում տրված հանձնարարականները ՄՓՎ պետի կողմից ստորագրվելուց հետո առաքվում են ըստ պատկանելության:
V. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
29. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրվում են ՄՓՎ պետի, նրա բացակայության դեպքում՝ համապատասխան տեղակալների և աշխատակազմի ղեկավարի կողմից:
30. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը՝ նախագիծը պատրաստող աշխատողի նշագրով:
31. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարն ու թերթերի թիվը:
32. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես վերադաս մարմիններից, պետական մարմիններից ու կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը: Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը:
33. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցանկերը սահմանված կարգով պահվում են քարտուղարությունում:
34. Ելից թղթակցությունը բաց վիճակում հանձնվում է քարտուղարություն առաքելու համար՝ նշելով հասցեները:
35. Հեռագրերը հանձնվում են քարտուղարություն անհրաժեշտ քանակությամբ պատճեններով (հասցեատերերի թվին գումարած մեկ օրինակ գործի համար): Քարտուղարությունը հեռագրատանն է հանձնում հեռագրերի պատճենները: Հեռագրերի բնագրերը (ստորագրված օրինակը վիզայով) հեռագրատան դրոշմակնիքով պահվում է հեռագրի գործում:
36. Համակարգչային ցանցով ուղարկման ենթակա՝ համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված է ելից համարներ, և դրանց էլեկտրոնային պատճենները փոխանցվում են քարտուղարություն, որը փաստաթղթերն ուղարկում է հասցեատերերին:
37. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցեն, փաստաթուղթը հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (որպես էլեկտրոնային իսկական օրինակ), համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:
38. Փաստաթուղթն ուղարկելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:
39. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում՝ սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:
VI. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
40. Փախստականների, բռնի տեղահանվածների, փախստականի կարգավիճակ հայցողների և քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացի) կողմից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:
41. ՄՓՎ իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ (ընդունելությունը կատարվում է հատուկ կանոնակարգով) նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:
42. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջին ազգանունը:
43. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված, ՄՓՎ-ում ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի և բողոքի գրանցման պայմանանիշով՝ ավելացնելով հերթական համարը կոտորակի ձևով:
44. ՄՓՎ աշխատողները պարտավոր են ապահովել առաջարկություններում, դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին բազմակողմանի և խորը ուսումնասիրությունը և մակագրության համաձայն ու սահմանված ժամկետներում տալ դրանց լուծումը:
45. Առաջարկությունները, դիմումները և բողոքները համարվում են լուծված, եթե քննության են առնվում նրանցում բարձրացված բոլոր հարցերը, նրանց վերաբերյալ ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ և սպառիչ պատասխաններ:
46. Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ դիմողի համաձայնությամբ բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է երկու օրինակից, որոնք ստորագրվում են իրավասու անձի կողմից և երկուսն էլ հանձնվում է քարտուղարություն: Առաջին օրինակը ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը համապատասխան աշխատողի նշագրով և նամակին առնչվող բոլոր նյութերով կցվում է գործին որոշումը կայացնողի «Գործին» մակագրությամբ:
47. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ՝ բաղկացած առաջարկության, դիմումի բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:
48. Վերահսկողության վերցրած նամակների պատասխանները ենթակա են քարտուղարությունում պարտադիր գրանցման: Այդ դեպքում նամակի վերջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է «Վերահսկողություն» դրոշմոցը կամ գրվում «Վերահսկողություն» բառը:
Պատասխան պայմանանիշը կազմվում է գրանցման պայմանանշանից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը:
Պատասխանն ուղարկվում է վերադաս մարմնի այն ստորաբաժանմանը, որի վրա դրված է այդ նամակի նկատմամբ վերահսկողությունը:
49. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:
Նամակների ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում համապատասխան ծրագրի միջոցով (հակառակ դեպքում՝ մատյանների միջոցով) քարտուղարությունում և պահվում տվյալների շտեմարանում:
50. Փախստականի կարգավիճակ հայցողների փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձևը և գրանցման կարգը սահմանվում է ՄՓՎ պետի հրամանով:
VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
51. ՄՓՎ քարտուղարություն են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը:
52. ՄՓՎ քարտուղարությունում փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
53. Չեն թույլատրվում գործերից փաստաթղթեր հանելը և դուրս տանելը: Խստիվ արգելվում է քարտուղարությունից բնօրինակ փաստաթղթերով գործերի դուրս բերումը: Անհրաժեշտության դեպքում քարտուղարությունից գործերի կրկնօրինակները կարելի է դուրս բերել միայն ՄՓՎ պետի, նրա տեղակալի, աշխատակազմի ղեկավարի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:
54. Քարտուղարությունում գործերին կարելի է ծանոթանալ քարտուղարության արխիվի հարցերով զբաղվող մասնագետի թույլտվությամբ:
55. Արգելվում է վերադաս մարմիններից ստացված, ՄՓՎ կարգադրությունների բնօրինակներից պատճեններ հանելը, նրանցում ջնջումներ, ուղղումներ, գրառումներ կատարելը:
56. Քարտուղարության արխիվի հարցերով զբաղվող մասնագետը գործավարության փաստաթղթերն ընդունում է ըստ ցուցակների, ստորագրում է այդ ցուցակների բոլոր օրինակներում, նշում է դրանց ընդունման ամսաթիվը և քանակությունը: Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են քարտուղարությունում:
57. Քարտուղարության արխիվի հարցերով զբաղվող մասնագետի կողմից ՄՓՎ գործավարության փաստաթղթերն ընդունելուց հետո նախապատրաստում է դրանք հետագայում սահմանված կարգով պետական արխիվ հանձնելու համար: