Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարությունը,
հիմնվելով երկու պետությունների և նրանց ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական փոխհարաբերությունների վրա,
հաշվի առնելով, որ ժողովրդավարական սկզբունքները, միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքները և մարդու հիմնարար իրավունքները հարգելը հիմք է հանդիսանում երկու երկրների միջև հարաբերությունների համար,
գիտակցելով տեխնիկական համագործակցությունն ընդլայնելու համար բավարար դաշտ ձևավորելու անհրաժեշտությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարությունը (այսուհետ` Միացյալ Թագավորության Կառավարություն) ցանկանում է տեխնիկական աջակցություն տրամադրել` ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական, սոցիալական, քաղաքական և վարչական բարեփոխումների:
Հոդված 2
Աջակցության շրջանակները: Միացյալ Թագավորության Կառավարությունը աջակցություն կտրամադրի Հայաստանի Հանրապետության Կառավարության համաձայնությամբ: Երկու երկրների Կառավարությունները կարող են քննարկել առաջարկություններ նոր նախաձեռնությունների վերաբերյալ:
Հոդված 3
Սահմանումներ: Սույն Հուշագրի նպատակներով.
ա) «ՄԶԴ» նշանակում է` Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտ:
բ) «ՄԶԴ ֆիրմա» նշանակում է` ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի սովորական գործունեության վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և որն ընտրվել է ՄԶԴ կողմից ՄԶԴ ծրագրերին որոշակիորեն առնչվող աշխատանք իրականացնելու համար:
գ) «ՄԶԴ ծրագիր» նշանակում է` ծրագիր, որը ֆինանսավորվում է ՄԶԴ կողմից տեխնիկական աջակցության միջոցով:
դ) «ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցներ» նշանակում է` Միացյալ Թագավորության Կառավարության կողմից նշանակված ցանկացած անձ և ՄԶԴ ֆիրմայի ցանկացած աշխատակից կամ խորհրդատու, որն իրականացնում է ՄԶԴ ծրագրին առնչվող որևէ աշխատանք:
ե) «Խնամքի տակ գտնվող անձ» նշանակում է` ամուսին, զուգընկեր, երեխա կամ ցանկացած այլ անձ, որը ֆինանսական կախվածության մեջ է ՄԶԴ ֆիրմայի աշխատակիցներից:
Հոդված 4
Միացյալ Թագավորության Կառավարությունը, ի թիվս այլոց, կարող է իր հաշվին տրամադրել.
ա) Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կամ մասնագիտական բնույթի համապատասխան աջակցություն` 2-րդ հոդվածում նախատեսված աջակցության շրջանակներում` ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական, սոցիալական և քաղաքական բարեփոխումների,
բ) խորհրդատուների, ֆիրմաների կամ անհատների կամ այլ կազմակերպությունների ծառայություններ` իրականացնելու համար տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կազմակերպելու փորձագետների վերապատրաստում և խորհրդատվություն կամ համապատասխան այլ ծառայություններ,
գ) առանձին դեպքերում, կախված ծրագրի կարիքներից, սակայն ոչ ի սեփականություն անհատների, բրիտանական սարքավորումներ` աջակցելու ՄԶԴ ծրագրերին, որոնք ծրագրի իրականացման ժամանակ և հետագայում կմնան որպես ՄԶԴ սեփականություն: Այդ սարքավորումների արժեքը չի գերազանցի ՄԶԴ որևէ ծրագրի ծախսերի 10%-ը:
դ) ներկայացուցչություն Երևանում:
Հոդված 5
Երկու երկրների Կառավարությունները կարող են քննարկել նոր նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկներ: Նոր ծրագիր նախաձեռնելու Միացյալ Թագավորության Կառավարության որոշումից անմիջապես հետո ՄԶԴ-ն ծրագրի մասին կծանուցի Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և համապատասխան փաստաթղթեր կներկայացնի վերջինիս:
Հոդված 6
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կստանձնի հետևյալ պարտավորությունները` ապահովելու ՄԶԴ ծրագրերի կապակցությամբ տրամադրվող տեխնիկական աջակցության օգտագործումը՝ ըստ դրա տրամադրման նպատակի և խնդիրների.
ա) Եկամտահարկեր: Կազատի ՄԶԴ ֆիրմաներին և ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց եկամտահարկերից և եկամտից հարկվող այլ վճարումներից՝ ներառելով, բայց չսահմանափակելով կենսաթոշակային ապահովագրության, սոցիալական ապահովագրության հատկացումները՝ այն պայմանով, որ տվյալ եկամուտը ստացված լինի Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից կամ միջոցներից: Ի լրումն նշվածի՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կազատի ՄԶԴ ֆիրմաներին և ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցներին (ներառյալ խնամքի տակ գտնվող անձանց) նշված ազատումների առնչությամբ գրավոր հայտարարագրեր ներկայացնելու որևէ պարտավորությունից:
բ) Ծրագրի իրականացման հետ կապված սարքավորումներից գանձվող մաքսատուրքեր: Կազատի ՄԶԴ ֆիրմաներին և ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցներին ՄԶԴ ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տեխնիկական և մասնագիտական սարքավորումների և նյութերի հետ կապված՝ ներմուծման և արտահանման տուրքերից, մաքսավճարներից և այլ տուրքերից, վճարներից, գանձումներից կամ որևէ ծախսից՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
գ) Մաքսատուրքեր աշխատակիցներին պատկանող գույքի դիմաց: Կազատի ՄԶԴ ֆիրմաներին և ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց անձնական և տան գույքի` ներառելով, բայց չսահմանափակելով կենցաղային տեխնիկայի և տրանսպորտային միջոցների դիմաց գանձվող՝ ներմուծման և արտահանման տուրքերից, մաքսավճարներից և բոլոր այլ տուրքերից, հարկերից, վճարներից կամ գանձումներից կամ որևէ ծախսից՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
դ) Վիզաներ: Կտրամադրի պաշտոնական օժանդակություն, ներառյալ վիզաների և թույլտվությունների (մուտքի, բնակության, աշխատանքի) անվճար տրամադրման գործընթացների դյուրացումը, որոնք անհրաժեշտ են ՄԶԴ ֆիրմայի աշխատակիցների կողմից իրենց գործառույթները արդյունավետ իրականացնելու համար: Նմանատիպ աջակցություն կտրամադրվի խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ վիզաների և թույլտվությունների տրամադրման դեպքում:
ե) Կրթաթոշակներ: Կազատի բոլոր եկամտահարկերից և եկամտից գանձվող այլ վճարումներից՝ ներառելով, բայց չսահմանափակելով կենսաթոշակային ապահովագրության, սոցիալական ապահովագրության հատկացումները, բոլոր այն գումարները, որոնք ծախսվել են Հայաստանի Հանրապետության վերապատրաստվողների և ուսումնական ծրագրերին մասնակցելու իրավունք ունեցողների ծախսերը հոգալու համար` պայմանով, որ այդ գումարները ստացված լինեն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
զ) Ոչ առևտրային բնույթ: Ընդունելով, որ ՄԶԴ ծրագրերը, վերջիններիս առնչվող ՄԶԴ ֆիրմաները, ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցները և նրանց խնամքի տակ գտնվող անձինք, կապված ծրագրին աջակցելու համար Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործողությունների հետ, որևէ նպատակով չեն համարվի առևտրային կազմակերպություններ կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալողներ:
է) Այլ աջակցություն: Կտրամադրի այլ առարկաներ և շենքային պայմաններ, որոնք կարող են պահանջվել՝ լրացուցիչ պայմանավորվածությունների համաձայն:
Հոդված 7
Սույն Հուշագրի դրույթները կարող են պարբերաբար վերանայվել և ժամանակ առ ժամանակ փոփոխվել Միացյալ Թագավորության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության փոխադարձ համաձայնությամբ: Այդ փոփոխությունները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք կկազմեն սույն Հուշագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Հուշագրի 9-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 8
Երկու Կառավարությունները ազատ են` սույն Հուշագրի ընդհանուր շրջանակներում ձեռք բերելու այլ պայմանավորվածություններ այնպես, ինչպես դա երաշխավորված է ցանկացած առանձին դեպքի համար:
Հոդված 9
Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմտնի դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության` Միացյալ Թագավորության Կառավարությանը ուղղված գրավոր ծանուցումը վերջինիս ստանալու օրվան հաջորդող օրվանից: Սույն Հուշագիրն ուժի մեջ կմնա, մինչև դադարեցվի՝ յուրաքանչյուր Կառավարության կողմից մյուսին վեց ամիս առաջ գրավոր ծանուցելով:
Կատարված է Երևան քաղաքում 2004 թվականի փետրվարի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ անգլերեն և հայերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 12.11. 2004թ.
