Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր հարգանքն է հավաստում Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից պատիվ ունի հաստատելու 2018 թվականի օգոստոսի 22-ին հետևյալ բովանդակությամբ հմ. 15-68215/3557 հայտագրի ստացումը.
«Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և հայտնում հետևյալը:
Ձգտելով ստեղծել 2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Ղազախստանի Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» Կոնվենցիայի և դրան կից Արձանագրության շրջանակներում պաշտոնական փաստաթղթերի ճանաչման հարցերով համագործակցության արդյունավետ և պարզեցված մեխանիզմ՝ Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը (այսուհետև՝ Կողմեր) առաջարկում է սահմանել հետևյալը.
1. Մի Կողմի պետության լիազոր մարմնի կողմից տրված և նրա զինանշանի պատկերն ունեցող կնիքով ամրագրված փաստաթղթերը մյուս Կողմի պետության տարածքում ընդունվում են առանց որևէ հատուկ հավաստման, այդ թվում` ապոստիլի կամ հյուպատոսական օրինականացման: Այդպիսի փաստաթղթերը, որոնք մի Կողմի պետության տարածքում դիտարկվում են որպես պաշտոնական, մյուս Կողմի պետության տարածքում ունեն պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժ: Ճանաչման տվյալ կարգը կիրառվում է Կողմերի պետությունների լիազոր մարմինների կողմից 2012 թվականի հունվարի 1-ից տրված պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ:
2. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճ ու տարաձայնություն Կողմերը լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից մեկը չի դադարեցրել դրա գործողությունը: Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարին լրանալուց հետո` ընթացիկ օրացուցային տարվա ավարտից առնվազն 6 (վեց) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Նման դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է այն տարվա հունվարի 1-ից, որը հաջորդում է այդպիսի ծանուցումն ստանալու տարվան:
4. Վերոշարադրյալի առնչությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության համաձայնության դեպքում Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ղազախստանի Հանրապետության Կառավարության անունից պատիվ ունի առաջարկելու սույն հայտագիրն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխան հայտագիրը դիտարկել հայտագրերի փոխանակման ձևով Համաձայնագիր 2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Ղազախստանի Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» Կոնվենցիայի և դրան կից Արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված` ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին, որն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից:
Օգտվելով առիթից` Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կրկին իր խորին հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատիվ ունի հայտնելու, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը համաձայն է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ 2018 թվականի օգոստոսի 22-ի հմ. 15-68215/3557 հայտագիրը և սույն հայտագիրը դիտարկել որպես հայտագրերի փոխանակման ձևով Համաձայնագիր 2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» Կոնվենցիայի և դրան կից Արձանագրության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված` ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին:
Օգտվելով առիթից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերստին իր խորին հարգանքն է հավաստում Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Երևան, 1-ը նոյեմբերի, 2018թ.