Բ Ա Զ Մ Ա Կ Ո Ղ Մ Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը,
Ավստրիայի Հանրապետությունը,
Բելգիայի Թագավորությունը,
Իսպանիան,
Ֆրանսիայի Հանրապետությունը,
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը,
Իռլանդիան,
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը,
Նիդերլանդների Թագավորությունը,
Պորտուգալիայի Հանրապետությունը,
Շվեյցարիայի Համադաշնությունը,
այսուհետ՝ Պայմանավորվող պետություններ,
Օդանավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպությունը,
այսուհետ՝ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»,
համարելով, որ 1960թ. դեկտեմբերի 13-ի «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին միջազգային Կոնվենցիայի («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»)» փոփոխության հետևանքով օդային երթուղիների սպասարկման վճարների գանձման համար «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի հետ եվրոպական պետությունների կնքած համաձայնագրերը պետք է փոխարինվեն,
ընդունելով, որ համագործակցությունը օդային երթուղիների սպասարկման վճարների սահմանման և գանձման հարցում մինչ այդ արդյունավետ է եղել,
ցանկանալով շարունակել և ամրապնդել սկսած համագործակցությունը,
վճռականորեն տրամադրված լինելով օդային երթուղիների սպասարկման վճարների գանձման միասնական եվրոպական համակարգ կիրառել, հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հանձնարարականները, և նրանում ընդգրկել հնարավորին չափ շատ եվրոպական երկրներ,
համոզված լինելով, որ միասնական համակարգի կիրառումը հնարավորություն կտա ավելի սերտ կապի մեջ գտնվել օդային երթուղիների սպասարկման ծառայություններից օգտվողների հետ,
համարելով, որ ցանկալի է, որ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգում ներգրավված պետությունները Կազմակերպությանն ավելի լայն իրավասություններով օժտեն վճարների փոխհատուցման առումով,
ընդունելով, որ նման համակարգը նոր իրավական հիմք է պահանջում,
համաձայնել են հետևյալի մասին.
Հոդված 1
1. Պայմանավորվող պետությունները համաձայնում են ընդհանուր սկզբունքներ կիրառել երթուղում գտնվող թռիչքների սպասարկման օբյեկտների և ծառայությունների համար գանձվող վճարների հարցում, այսուհետ՝ «օդային երթուղիների սպասարկման վճարներ», իրենց իրավասության ներքո գտնվող Թռիչքների տեղեկատվական շրջաններում։
2. Հետևաբար նրանք համաձայնում են օդային երթուղիների սպասարկման վճարների սահմանման և գանձման միասնական համակարգ ստեղծել և այն գործարկելու համար օգտվել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի ծառայություններից։
3. Այդ նպատակով «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի Մշտական հանձնաժողովը և նրա կառավարման Կոմիտեն ընդլայնվում են՝ ընդգրկելով «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի անդամ չհանդիսացող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչներին, և այսուհետ կոչվելու են «ընդլայնված Հանձնաժողով» և «ընդլայնված Կոմիտե»։
Հոդված 2
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ունի մեկ ձայն ընդլայնված Հանձնաժողովում՝ համաձայն 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի դրույթների։
Հոդված 3
1. Ընդլայնված Հանձնաժողովը պետք է ձեռնարկի օդային երթուղիների սպասարկման վճարների ընդհանուր համակարգի ստեղծումը. այնպես, որ՝
ա) նշված վճարների չափը սահմանվի ընդհանուր բանաձևի օգնությամբ, որում հաշվի կառնվեն ինչպես երթուղում գտնվող թռիչքների սպասարկման օբյեկտների և ծառայությունների տրամադրման և համակարգի գործարկման համար Պայմանավորվող պետության կատարած ծախսերը, այնպես էլ համակարգի գործարկման «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի ծախսերը.
բ) նշված վճարները գանձվեն «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի կողմից՝ որպես յուրաքանչյուր թռիչքի համար կատարվող մեկ միասնական վճարում։
2. Վերը նշվածի իրականացման նպատակով ընդլայնված Հանձնաժողովը՝
ա) սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծախսերի հաշվարկման սկզբունքներ է սահմանում,
բ) օդային երթուղիների սպասարկման վճարների հաշվարկման բանաձև է ստեղծում,
գ) վճարների գանձման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար դրույքաչափ է ընդունում, որով պետք է փոխհատուցվեն սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծախսերը,
դ) հաշվարկի միավոր է սահմանում, որով պետք է արտահայտվեն օդային երթուղիների սպասարկման վճարները,
ե) որոշում է համակարգի գործարկման պայմանները, այդ թվում՝ վճարման պայմանները, ինչպես նաև միավորի դրույքաչափը, սակագները և այն ժամանակահատվածը, որին դրանք վերաբերում են,
զ) որոշում է, թե ինչ սկզբունքներով և որ թռիչքներն են ազատվում օդային երթուղիների սպասարկման վճարներից,
է) հաստատում է ընդլայնված Կոմիտեի հաշվետվությունները,
ը) ընդունում է օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգի ֆինանսական կանոնակարգը,
թ) հաստատում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի և վերջինիս միջոցներից կամ տեխնիկական օգնությունից օգտվել ցանկացող պետությունների միջև կնքված համաձայնագրերը սույն Համաձայնագրով չնախատեսված օդային երթուղիների սպասարկման վճարների վերաբերյալ,
ժ) հաստատում է ընդլայնված Կոմիտեի կողմից 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն առաջարկված բյուջետային հավելվածը։
3. Բոլոր Պայմանավորվող պետությունների քվեների միաձայնությամբ ընդլայնված Հանձնաժողովը սահմանում է իր սեփական ընթացակարգի կանոնները։
Հոդված 4
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ունի մեկ ձայն ընդլայնված Կոմիտեում՝ համաձայն 6-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի դրույթների։
Հոդված 5
1. Ընդլայնված Կոմիտեն պարտավորվում է՝
ա) որոշումներ պատրաստել ընդլայնված Հանձնաժողովի համար,
բ) վերահսկել օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգի գործարկումը, այդ թվում՝ այդ նպատակով «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի կողմից օգտագործվող միջոցները, և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հատկապես օդային երթուղիների սպասարկման վճարների փոխհատուցման ուղղությամբ՝ ի կատարումն ընդլայնված Հանձնաժողովի որոշումների,
գ) զեկուցել ընդլայնված Հանձնաժողովին օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգի գործարկման համար պահանջվող միջոցների մասին և բյուջետային հավելված ներկայացնել վերջինիս օդային երթուղիների սպասարկման վճարների ուղղությամբ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի գործունեության վերաբերյալ,
դ) կատարել ընդլայնված Հանձնաժողովի կողմից իր վրա դրված ցանկացած այլ պարտականություն։
2. Ընդլայնված Կոմիտեն սահմանում է իր սեփական ընթացակարգի կանոնները՝ 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի դրույթների համաձայն։
Հոդված 6
1. Ընդլայնված Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հետևյալ կերպով.
ա) 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ա»-ից «զ» և «է» ենթակետերում նշված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են բոլոր Պայմանավորվող պետությունների քվեների միաձայնությամբ և պարտադիր են բոլոր Պայմանադիր պետությունների համար. քվեների միաձայնություն չապահովելու դեպքում ընդլայնված Հանձնաժողովը որոշումն ընդունում է քվեարկող կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ. ցանկացած Պայմանավորվող պետություն, որն իր ազգային շահերի գերակայության պատճառով անկարող է ի կատար ածելու խնդրո առարկա որոշումը, իրեն դրդող պատճառները հիմնավորող բացատրագիր է ներկայացնում ընդլայնված Հանձնաժողովին,
բ) 3-րդ հոդվածի 2-րդ կետի «թ» և «ժ» ենթակետերում նշված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են քվեարկող կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ՝ այն պայմանով, որ, 2-րդ Հավելվածում նշված համամասնական սկզբունքով ձայների քանակը հաշվարկելով, «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի անդամ պետությունները մեծամասնություն կազմեն. ամեն տարի «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ը հայտնում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի անդամ չհանդիսացող Պայմանավորվող պետություններին սույն կետի պահանջների համաձայն իր անդամ պետություններին հասնող ձայների քանակը,
գ) 3-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետում նշված հարցի շուրջ որոշումն ընդունվում է քվեարկող կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ։ Այս պահանջը վերաբերում է նաև 25-րդ հոդվածում հիշատակված արբիտրաժային դատարանում ընդլայնված Հանձնաժողովի կողմից հանուն «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի հարուցված դատական գործերին։
2. ա) Ընդլայնված Կոմիտեի ընթացակարգի կանոնները, այդ թվում՝ որոշումներ կայացնելու վերաբերյալ, ընդունվում են ընդլայնված Հանձնաժողովի կողմից` բոլոր Պայմանավորվող պետությունների քվեների միաձայնությամբ։
բ) Սակայն 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին վերաբերող հարցերի դեպքում ընդլայնված Կոմիտեի որոշումներն ընդունվում են սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն։
Հոդված 7
«ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ը, գործող կանոնների համաձայն, հաշվարկում է 1-ին հոդվածում սահմանված օդային տարածքում կատարված յուրաքանչյուր թռիչքի համար գանձվելիք օդային երթուղիների սպասարկման վճարի չափը։
Հոդված 8
«ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ը գանձում է 7-րդ հոդվածում նշված օդային երթուղիների սպասարկման վճարները։ Այդ նպատակով նշված վճարներն իրենցից ներկայացնում են յուրաքանչյուր թռիչքի համար կատարվող մեկ միասնական վճարում, որը ներկայացվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի կողմից` մեկ առանձին վճարման հայտով, և պետք է վճարվի «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի նստավայրում:
Հոդված 9
Վճարումը պետք է կատարվի այն անձի կողմից, որը թռիչքը կատարելիս օդանավը շահագործողն է եղել։
Հոդված 10
Եթե օդանավը շահագործողի ինքնությունն անհայտ է, շահագործող է համարվում օդանավի սեփականատերը, եթե վերջինս փաստացի չի նշում, թե ով է շահագործել օդանավը։
Հոդված 11
Վճարումը չկատարողի դեմ կարող են ձեռք առնվել ստիպողական փոխհատուցման միջոցներ։
Հոդված 12
1. Չվճարված գումարի փոխհատուցման հարցով դատական գործը հարուց-վում է կա՜մ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի կողմից, կա՜մ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի հարցումով՝ Պայմանավորվող պետության կողմից։
2. Փոխհատուցումը կատարվում է կա՜մ դատական, կա՜մ վարչական ընթացակարգով։
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ին ծանոթացնում է տվյալ պետությունում և նրա իրավասու դատական կամ վարչական մարմիններում գործող ընթացակարգերին:
Հոդված 13
Փոխհատուցման հարցով դատավարությունը տեղի է ունենում այն Պայմանավորվող պետության տարածքում՝
ա) որտեղ բնակվում է պարտապանը, կամ որտեղ գրանցված է նրա գրասենյակը,
բ) որտեղ պարտապանն աշխատում է, եթե նա ո՜չ բնակվում է Պայմանավորվող պետության տարածքում և ո՜չ էլ այնտեղ գրանցված գրասենյակ ունի,
գ) որտեղ պարտապանն ակտիվներ ունի. «ա» և «բ» կետերում նշված իրավական հիմքերի բացակայության դեպքում,
դ) որտեղ գտնվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի նստավայրը. «ա»-ից «գ» կետերում նշված իրավական հիմքերի բացակայության դեպքում։
Հոդված 14
«ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ը իրավասու է դատական գործ հարուցել սույն Համաձայնագրի անդամ չհանդիսացող պետությունների` իրավասու դատական և վարչական ատյաններում։
Հոդված 15
Որևէ Պայմանավորվող պետության ատյաններում ընդունված հետևյալ որոշումները պետք է ճանաչվեն և կատարվեն մյուս Պայմանավորվող պետությունների տարածքներում.
ա) դատարանի վերջնական որոշումները,
բ) վարչական մարմնի կայացրած այն որոշումները, որոնք ենթակա են եղել դատարանի կողմից վերանայման, սակայն ներկայումս այլևս վերանայման ենթակա չեն, քանի որ կա՜մ դատարանը վերջնական որոշմամբ մերժել է բողոքարկման հայցը, կա՜մ հայցվորը հետ է վերցրել իր դիմումը, կա՜մ լրացել է հայցի լսման ժամկետը։
Հոդված 16
15-րդ հոդվածում նշված որոշումները չպետք է ճանաչվեն կամ կատարվեն հետևյալ դեպքերում.
ա) եթե հայցվոր պետության դատարանը կամ վարչական մարմինը 13-րդ հոդվածում թվարկված իրավական հիմքերը չի ունեցել,
բ) եթե որոշումը բացահայտորեն հակասում է պատասխանող պետության պետական քաղաքականությանը,
գ) եթե դատական գործ հարուցելու վերաբերյալ վարչական մարմնի կամ հիմնարկության որոշման մասին ծանուցումը ստանալուց հետո պարտապանին բավարար ժամանակ չի տրվել իր գործը պաշտպանելու կամ դատարանում որոշումը բողոքարկելու համար,
դ) եթե օդային երթուղիների սպասարկման միևնույն վճարների հարցով պատասխանող պետության դատարանում կամ վարչական ատյանում մինչ այդ արդեն գործ հարուցվել է, որը դեռ ընթացքի մեջ է,
ե) եթե ընդունված որոշումը հակասում է օդային երթուղիների սպասարկման` միևնույն վճարների կապակցությամբ պատասխանող պետության կողմից ընդունված մեկ այլ որոշման,
զ) եթե հայցվոր պետության դատարանը կամ վարչական մարմինը իր որոշումը կայացնելու նպատակով ֆիզիկական անձանց կարգավիճակի կամ իրավասությունների, ամուսնական հարաբերություններից բխող սեփականության իրավունքի, կտակների կամ իրավահաջորդությանը վերաբերող որևէ հարցի կապակցությամբ նախապես այնպիսի մի որոշում է ընդունել, որը հակասում է այն պետության միջազգային մասնավոր իրավունքի կանոններին, որտեղ պետք է ճանաչվի տվյալ որոշումը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նույն արդյունքը կստացվեր, եթե կիրառվեր տվյալ պետության միջազգային մասնավոր իրավունքը։
Հոդված 17
Եթե 15-րդ հոդվածում նշված որոշումները կատարվելու են հայցվոր պետության տարածքում, ապա դրանք պետք է կատարվեն պատասխանող պետության օրենսդրության համաձայն։ Անհրաժեշտության դեպքում պատասխանող պետության դատարանը կամ վարչական մարմինը կատարման վճիռ են արձակում՝ այդ մասին արված դիմումի համաձայն:
Հոդված 18
1. Դիմումին կցվում են՝
ա) որոշման վավերացված օրինակը,
բ) եթե դատարանի որոշումը կայացվել է պարտապանի բացակայությամբ, ապա այն փաստաթղթի բնօրինակը կամ վավերացված օրինակը, որը հաստատում է, որ պարտապանին դատական գործի հարուցման մասին ծանուցում է ուղարկվել բոլոր օրենքների պահպանմամբ,
գ) վարչական մարմնի կողմից ընդունված որոշման դեպքում՝ փաստաթուղթ, որը հաստատում է, որ 15-րդ հոդվածի պահանջները կատարված են,
դ) փաստաթուղթ, որը հաստատում է, որ որոշումը ենթակա է ի կատար ածման հայցվոր պետության տարածքում, և որ պարտապանը ժամանակին ստացել է որոշման մասին ծանուցում։
2. Պատասխանող պետության դատարանի կամ վարչական մարմնի պահանջով վերջինիս ներկայացվում է փաստաթղթերի վավերացված թարգմանությունը։ Օրինականացում կամ նման այլ պաշտոնական ձևականություններ չեն պահանջվում։
Հոդված 19
1. Դիմումը կարող է մերժվել միայն 16-րդ հոդվածում նշված պատճառներից մեկով։ Պատասխանող պետությունը ոչ մի դեպքում չի կարող վերանայել որոշումն ըստ էության։
2. Որոշման ճանաչման և կատարման ընթացակարգը իրականացվում է պատասխանող պետության օրենսդրությամբ, եթե Համաձայնագրում այլ բան նախատեսված չէ:
Հոդված 20
«ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի կողմից գանձված գումարը վճարվում է Պայմանա-վորվող պետություններին՝ ընդլայնված Կոմիտեի որոշումների համաձայն։
Հոդված 21
Եթե Պայմանավորվող պետությունը փոխհատուցել է վճարման հայտը, ապա գանձված գումարը պետք է անհապաղ վճարվի «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ին, որը կգործի 20-րդ հոդվածի պահանջների համաձայն: Տվյալ պետության կատարած փոխհատուցման ծախսերը գանձվում են «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ից:
Հոդված 22
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պետք է համագործակցեն «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի հետ օդային երթուղիների սպասարկման վճարների սահմանման և գանձման հարցում։
Հոդված 23
Եթե ընդլայնված Կոմիտեն քվեների միաձայնությամբ որոշի հրաժարվել փոխհատուցումից, Պայմանավորվող պետությունները կարող են ձեռնարկել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ կհամարեն։ Նման դեպքում դադարում են գործել Համաձայնագրի այն դրույթները, որոնք վերաբերում են փոխհատուցումներին, որոշումների ճանաչմանը և կատարմանը:
Հոդված 24
Արտակարգ իրավիճակներում կամ պատերազմի ժամանակ սույն Համաձայնագրի պահանջները չպետք է սահմանափակեն Պայմանավորվող պետությունների գործողությունները։
Հոդված 25
1. Պայմանավորվող պետությունների միջև կամ Պայմանավորվող պետությունների և «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ը ներկայացնող ընդլայնված Հանձնաժողովի միջև ծագած ցանկացած վեճ՝ սույն Համաձայնագրի կամ նրա հավելվածների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ, որը չի կարգավորվում ուղղակի բանակցությունների միջոցով կամ որևէ այլ եղանակով, կողմերից որևէ մեկի խնդրանքով ներկայացվում է արբիտրաժային դատարան։
2. Այդ նպատակով կողմերից յուրաքանչյուրը ամեն կոնկրետ դեպքում նշանակում է իրավարար, և իրավարարները նշանակում են երրորդ իրավարարին:
3. Արբիտրաժային դատարանը սահմանում է իր սեփական ընթացակարգը։
4. Կողմերից յուրաքանչյուրն ինքն է հոգում իր իրավարարի և դատական վարույթի ներկայացման հետ կապված ծախսերը։ Երրորդ իրավարարի և այլ ծախսերը հավասարապես բաշխվում են վեճին մասնակից կողմերի միջև։ Սակայն արբիտրաժային դատարանը իր հայեցողությամբ կարող է այլ կերպ բաշխել ծախսերը։
5. Արբիտրաժային դատարանի որոշումները պարտադիր են վեճին մասնակից կողմերի համար։
Հոդված 26
Սույն Համաձայնագիրը փոխարինում է 1970 թ. սեպտեմբերի 8-ի «Օդային երթուղիների սպասարկման վճարների գանձման մասին» բազմակողմ համաձայնագիրին։
Այս դրույթը չի ազդում օդային երթուղիների սպասարկման վճարների գանձման մասին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի և «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի անդամ չհանդիսացող պետությունների միջև կնքված որևէ համաձայնագրի վրա, որը վերաբերում է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված Թռիչքների տեղեկատվական շրջաններին։ Որևէ պետության հետ կնքված նման համաձայնագրերն ուժի մեջ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ այդ պետությունը սույն Համաձայնագրի կողմ է։
Հոդված 27
1. Սույն Համաձայնագիրը նախքան ուժի մեջ մտնելը բաց է բոլոր այն պետությունների ստորագրման համար, որոնք ստորագրման պահին ընդգրկված են «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգում, կամ որոնք Մշտական հանձնաժողովի միաձայն հավանությամբ իրավասու են այն ստորագրելու։
2. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման։ Վավերագրերն ի պահ են հանձնվում Բելգիայի Թագավորության Կառավարությանը։ 1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրման համար բաց` 1960 թվականի դեկտեմբերի 13-ի «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին միջազգային Կոնվենցիայում («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»)» փոփոխություններ մտցնող Արձանագրության վավերացմամբ, այսուհետ՝ Արձանագրություն, ինքնաբերաբար վավերացված է համարվում նաև սույն Համաձայնագիրը։
3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը՝ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի, «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի անդամ պետությունների և մինչ այդ իրենց վավերագրերն ի պահ տված պետությունների համար։
4. Այն պետության համար, որն իր վավերագիրն ի պահ է հանձնել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հետո, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում տվյալ պետության վավերագիրն ի պահ հանձնելու օրվան հաջորդած երկրորդ ամսվա առաջին օրը։
5. «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ը, ստորագրելով սույն Համաձայնագիրը, դառնում է նրա կողմ։
6. Բելգիայի Թագավորության Կառավարությունը կծանուցի սույն Համաձայնագիրը ստորագրած պետությունների կառավարություններին Համաձայնագրի յուրաքանչյուր ստորագրման, յուրաքանչյուր վավերագրի ի պահ հանձնման կամ նրա ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին։
Հոդված 28
1. Ցանկացած պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին։
Բացի այն եվրոպական պետություններից, որոնք միանում են 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված փոփոխված Կոնվենցիային, որևէ այլ պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին միայն ընդլայնված Հանձնաժողովի բոլոր անդամների միաձայն հավանությամբ։
2. Համաձայնագրին միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Բելգիայի Թագավորության Կառավարությանը, որն այդ մասին տեղյակ է պահում այլ Պայմանավորվող պետությունների կառավարություններին։
3. Համաձայնագրին միանալու որոշումն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդած երկրորդ ամսվա առաջին օրը։
Հոդված 29
1. Փոփոխված Կոնվենցիայի անդամ պետությունների համար սույն Համաձայնագիրը գործում է այնքան ժամանակ, որքան ուժի մեջ է վերը նշված փոփոխված Կոնվենցիան։
2. Փոփոխված Կոնվենցիայի անդամ չհանդիսացող պետությունների համար սույն Համաձայնագիրը գործում է հինգ տարի ժամկետով՝ այն օրվանից հաշված, երբ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում տվյալ պետության համար, կամ մինչև Կոնվենցիայի ժամկետի լրանալը՝ կախված նրանից, թե վերը նշվածներից որն է ավելի վաղ տեղի ունենում։ Հնգամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամկետներով, եթե պետությունը ընթացիկ հնգամյա ժամկետի ավարտից առնվազն երկու տարի առաջ Բելգիայի Թագավորության Կառավարությանը գրավոր չի ծանուցում Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին։ Բելգիայի Թագավորության Կառավարությունը գրավոր ծանուցում է մյուս Պայմանավորվող պետությունների կառավարություններին նման ծանուցում ստանալու մասին:
3. Եթե փոփոխված Կոնվենցիայի որևէ Պայմանավորվող կողմ ծանուցում է Բելգիայի Թագավորության Կառավարությանը նշված Կոնվենցիայից դուրս գալու իր մտադրության մասին, Բելգիայի Թագավորության Կառավարությունը այդ մասին գրավոր կերպով տեղյակ է պահում այլ Պայմանավորվող պետությունների կառավարություններին։
Հոդված 30
Բելգիայի Թագավորության Կառավարությունը գրանցում է սույն Համաձայնագիրը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի պահանջների, և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Խորհրդում՝ համաձայն 1944 թվականի` Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» համաձայնագրի 83-րդ հոդվածի դրույթների։
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճ ձևով կազմված իրենց լիազորությունները ներկայացնելուց հետո, ստորագրեցին սույն Համաձայնագիրը։
Կատարված է Բրյուսել քաղաքում, 1981 թվականի փետրվարի 12-ին, մեկ բնօրինակով՝ գերմաներեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, հոլանդերեն և պորտուգալերեն. ընդ որում՝ բոլոր վեց լեզուներով կազմված տեքստերը հավասարազոր են: Բնօրինակը ի պահ է հանձնվում Բելգիայի Թագավորության Կառավարության արխիվներին, որը Համաձայնագրի հաստատված պատճենները փոխանցում է Համաձայնագիրը ստորագրած մյուս պետությունների կառավարություններին։ Տարակարծությունների դեպքում ֆրանսերեն տեքստը կգերակայի:
Հավելված 1 |
ԹՌԻՉՔՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ
Պայմանավորվող կողմեր | Թռիչքների տեղեկատվական շրջաններ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
Հանովերի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Հռենոսի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Բրեմենի թռիչքների տեղեկատվական շրջան Դյուսելդորֆի թռիչքների տեղեկատվական շրջան Ֆրանկֆուրտի թռիչքների տեղեկատվական շրջան Մյունխենի թռիչքների տեղեկատվական շրջան |
Ավստրիայի Հանրապետություն |
Վիեննայի թռիչքների տեղեկատվական շրջան |
Բելգիայի Թագավորություն- Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն |
Բրյուսելի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Բրյուսելի թռիչքների տեղեկատվական շրջան |
Իսպանիա |
Մադրիդի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Մադրիդի թռիչքների տեղեկատվական շրջան Բարսելոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Բարսելոնի թռիչքների տեղեկատվական շրջան Կանարյան կղզիների վերին թռիչքների տեղեկատվական շրջան Կանարյան կղզիների թռիչքների տեղեկատվական շրջան |
Ֆրանսիայի Հանրապետություն |
Ֆրանսիայի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Փարիզի թռիչքների տեղեկատվական շրջան Բրեստի թռիչքների տեղեկատվական շրջան Բորդոյի թռիչքների տեղեկատվական շրջան Մարսելի թռիչքների տեղեկատվական շրջան |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
Շոտլանդիայի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Շոտլանդիայի թռիչքների տեղեկատվական շրջան Լոնդոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Լոնդոնի թռիչքների տեղեկատվական շրջան |
Իռլանդիա |
Շենոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Շենոնի թռիչքների տեղեկատվական շրջան |
Նիդերլանդների Թագավորություն |
Ամստերդամի թռիչքների տեղեկատվական շրջան |
Պորտուգալիայի Հանրապետություն |
Լիսաբոնի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Լիսաբոնի թռիչքների տեղեկատվական շրջան Սանտա Մարիայի թռիչքների տեղեկատվական շրջան |
Շվեյցարիայի Համադաշնություն |
Շվեյցարիայի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Շվեյցարիայի թռիչքների տեղեկատվական շրջան |
Չեխիայի Հանրապետություն |
Պրահայի թռիչքների տեղեկատվական շրջան |
Թուրքիայի Հանրապետություն |
Անկարայի թռիչքների տեղեկատվական շրջան Ստամբուլի թռիչքների տեղեկատվական շրջան |
Պետություն, որը դեռևս չի մասնակցում Եվրակոնտրոլի Օդային երթուղիների սպասարկման վճարների համակարգին
|
Ռովանիեմի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Տամպերի վերին թռիչքների տեղեկատվական շրջան Ռովանիեմի թռիչքների տեղեկատվական շրջան Տամպերի թռիչքների տեղեկատվական շրջան |
Հավելված 2 |
(6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ)
Քաղվածքներ 1960 թ. դեկտեմբերի 13-ի
«Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին միջազգային Կոնվենցիայից («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»)»,
որը փոփոխությունների է ենթարկվել 1981թ. Բրյուսելում
ստորագրման համար Արձանագրությամբ
Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ կետ
«3. Բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է նախատեսված, 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում և 6-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերի առնչությամբ Հանձնաժողովի կողմից ընդունվող հրահանգները և միջոցները պետք է ընդունվեն քվեների մեծամասնությամբ, մասնավորապես`
- քվեների հաշվարկը պետք է կատարվի 8-րդ հոդվածում նշված համամասնական սկզբունքով,
- քվեները պետք է ներկայացնեն քվեարկությանը մասնակցող Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը»:
Համաձայնագրի 8-րդ հոդված
«Հոդված 8
1. 7-րդ հոդվածում նշված ձայների բաշխումը պետք է կատարվի հետևյալ աղյուսակի համաձայն.
Պայմանավորվող կողմի տարեկան ավանդների տոկոսային հարաբերությունը բոլոր Պայմանավորվող կողմերի տարեկան ավանդների համեմատ |
Ձայների քանակը |
1 %-ից պակաս |
|
1%-ից մինչև 2 % |
2 |
2%-ից մինչև 3 % |
3 |
3%-ից մինչև 4.5 % |
4 |
4.5%-ից մինչև 6 % |
5 |
6%-ից մինչև 7.5 % |
6 |
7.5%-ից մինչև 9 % |
7 |
9%-ից մինչև 11 % |
8 |
11%-ից մինչև 13 % |
9 |
13%-ից մինչև 15 % |
10 |
15%-ից մինչև 18 % |
11 |
18%-ից մինչև 21 % |
12 |
21%-ից մինչև 24 % |
13 |
24%-ից մինչև 27 % |
14 |
27%-ից մինչև 30 % |
15 |
30 % |
16 |
2. Ձայների քանակը նախապես սահմանվում է 1981թ. Բրյուսելում ստորագրման համար բաց Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից՝ ըստ վերը բերված աղյուսակի, և ործակալության Կանոնադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ որոշելով Պայմանավորվող կողմերի տարեկան ավանդները Կազմակերպության բյուջե։
3. Կոնվենցիային որևէ պետության միանալու դեպքում Պայմանավորվող կողմերի ձայների քանակային հարաբերությունը վերահաշվարկվում է նույն սկզբունքով։
4. Ձայների քանակային հարաբերությունները վերահաշվարկվում են ամեն տարի՝ վերը նշված պայմանների համաձայն»:
Կոնվենցիայի 1-ին Հավելվածի 19-րդ հոդված
(Գործակալության Կանոնադրությունը)
«Հոդված 19
1. Չվնասելով սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարեկան ավանդների քանակը Կազմակերպության բյուջե պետք է հաշվարկվի յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար՝ հետևյալ բանաձևի համաձայն.
ա) նախնական 30% մուծումը պետք է հաշվարկվի Պայմանավորվող կողմի՝ սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանված համախառն ներքին արտադրանքի չափի համեմատությամբ,
բ) մնացած 70%-ը պետք է հաշվարկվի Պայմանավորվող կողմի՝ սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված` օդային երթուղիների սպասարկման օբյեկտների ծախսային բազայի չափի համեմատությամբ։
2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է հարկադրված լինի որևէ կոնկրետ ֆինանսական տարում բոլոր Պայմանավորվող կողմերի ավանդների ընդհանուր գումարի 30%-ը գերազանցող մուծում կատարելու։ Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ավանդները, սույն հոդվածի 1-ին կետի մեջ նշված կարգով հաշվարկելով, գերազանցեն 30%-ը, ապա լրացուցիչ գումարը կբաշխվի Պայմանավորվող կողմերի միջև՝ վերոհիշյալ կետի մեջ նկարագրված կարգով։
3. Հաշվարկներում օգտագործվող համախառն ներքին արտադրանքը պետք է սահմանել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (կամ, եթե դա հնարավոր չէ, տվյալների հավասարազոր արժանահավատություն ապահովող և Խորհրդի որոշմամբ նշանակված որևէ այլ կազմակերպության) վիճակագրական տվյալների համաձայն՝ հաշվարկելով վերջին այն երեք տարիների միջին թվաբանական ցուցանիշը, որոնց վերաբերյալ առկա են վիճակագրական տվյալները։ Համախառն ներքին արտադրանքը պետք է լինի այն թիվը, որը ստացվում է գնային գործոնների և ընթացիկ գների հիման վրա՝ արտահայտված եվրոպական հաշվարկային միավորով։
4. Հաշվարկներում օգտագործվող` օդային երթուղիների սպասարկման օբյեկտների ծախսային բազան պետք է լինի խնդրո առարկա ֆինանսական տարվան նախորդող նախավերջին տարվա նկատմամբ սահմանված ծախսային բազան»:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. մարտի 1-ից: