ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
20 դեկտեմբերի 2018 թվականի |
քաղաք Մինսկ |
Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիան, հետևյալ կազմով՝
նախագահող՝ Ժ.Ն. Բաիշև,
զեկուցող դատավոր` Տ.Ն. Նեշատաևա,
դատավորներ՝ Ա.Մ. Աժիբրաիմովա, Է.Վ. Հայրիյան, Դ.Գ. Կոլոս, Վ.Խ. Սեյտիմովա, Գ.Ա. Սկրիպկինա, Ա.Է. Թումանյան, Ա.Ա. Ֆեդորցով, Կ.Լ. Չայկա,
դատական նիստի քարտուղար՝ Ա.Կ. Պանով, ուսումնասիրելով գործի նյութերը, լսելով զեկուցող դատավորին,
ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 46-րդ, 50-րդ, 68-րդ, 69-րդ, 73-րդ, 96-րդ, 98-րդ կետերով, Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի 72-րդ, 85-րդ հոդվածներով,
ներկայացնում է սույն խորհրդատվական եզրակացությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ և 54-րդ կետերի դրույթների պարզաբանման մասին դիմումի վերաբերյալ:
I. Դիմողի կողմից ներկայացված հարցը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ դիմող, ԵՏՀ, Հանձնաժողով) դիմել է Եվրասիական տնտեսական միության դատարան (այսուհետ` Դատարան)՝ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ և 54-րդ կետերի դրույթների պարզաբանման մասին դիմումով:
Դիմողը հայտնում է, որ թիվ 32 հավելվածի 53-րդ կետին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող՝ Հանձնաժողովի և Դատարանի այն պաշտոնատար անձինք և աշխատողները, որոնք մինչև Հանձնաժողովի և Դատարանի կազմում աշխատելը զբաղեցրել են դաշնային պետական (պետական քաղաքացիական) ծառայության պաշտոններ, որոնք ազատվել են Հանձնաժողովի և Դատարանի կազմում իրենց զբաղեցրած պաշտոններից (բացառությամբ իրենց մեղքով աշխատանքից ազատվելու դեպքերի), և որոնք պետական քաղաքացիական ծառայության առնվազն 15 տարվա ստաժ ունեն, պետական քաղաքացիական ծառայողների համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված կարգով երկարամյա ծառայության թոշակի իրավունք ունեն, եթե մինչև Հանձնաժողովից և Դատարանից աշխատանքից ազատվելը նրանք առնվազն 12 ամիս դրանց կազմում պաշտոն են զբաղեցրել։
Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) դրույթների կատարելագործման մասով աշխատանքների իրականացման շրջանակներում Հանձնաժողովը հայտնաբերել է թիվ 32 հավելվածի 53-րդ կետի դրույթների ոչ միանշանակ ընկալման և կիրառման փաստը:
Դիմողը հղում է կատարում Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության՝ 2017 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 29661-ГА/ДЮи նամակին, համաձայն որի երկարամյա ծառայության թոշակի իրավունքը տրամադրվում է Հանձնաժողովի և Դատարանի միայն այն պաշտոնատար անձանց և աշխատողներին, որոնք մինչև Հանձնաժողովի և Դատարանի կազմում աշխատելը զբաղեցրել են դաշնային պետական քաղաքացիական ծառայության պաշտոններ:
Այսպիսով, Հանձնաժողովի և Դատարանի այն պաշտոնատար անձինք և աշխատողները, որոնք մինչև Հանձնաժողովում կամ Դատարանում աշխատելը զբաղեցրել են դաշնային պետական ծառայության այլ տեսակների պաշտոններ, թիվ 32 հավելվածի 53-րդ կետին համապատասխան երկարամյա ծառայության թոշակի իրավունք չունեն:
Այդպիսի մոտեցումը, ըստ Հանձնաժողովի, այնքան էլ չի համապատասխանում աշխատանքի ոլորտում իրավունքների մասին հիմնարար միջազգային իրավական սկզբունքներին, որոնցով հռչակվում է Հանձնաժողովի և Դատարանի միջազգային բոլոր ծառայողների հավասարություն օրենքի (Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ, Միություն) իրավունքի) առջև, ինչպես նաև այդ մոտեցմամբ հաշվի չի առնվում միջազգային կազմակերպության ֆունկցիոնալ անձեռնմխելիության սկզբունքը, Հանձնաժողովի և Դատարանի միջազգային ծառայողների հատուկ կարգավիճակը, որոնք կոչված են ապահովելու միջազգային իրավունքի անկախ սուբյեկտի՝ միջազգային կազմակերպության գործունեությունը:
Հանձնաժողովի կողմից ուղարկված նյութերը ցույց են տալիս, որ ԵՏՀ-ի և Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների միջև ծագած տարաձայնությունները գլխավորապես պայմանավորված են Միության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատողների կենսաթոշակային ապահովման կարգավորման այն համակարգի տարբեր ընկալմամբ, որը խառը բնույթ է կրում. հարցերի մի մասը կարգավորված է Պայմանագրով, իսկ մյուս մասը, Պայմանագրին հղում պարունակող նորմին համապատասխան, կարգավորվում է անդամ պետության ազգային իրավունքով:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հանձնաժողովը խնդրում է Դատարանին պարզաբանել՝
թիվ 32 հավելվածի 53-րդ կետի դրույթները՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող՝ Հանձնաժողովի և Դատարանի այն պաշտոնատար անձանց և աշխատողների նկատմամբ դրանց կիրառման մասով, որոնք մինչև Հանձնաժողովի կամ Դատարանի կազմում աշխատելը զբաղեցրել են դաշնային պետական ծառայության (պետական դաշնային քաղաքացիական ծառայության, զինվորական ծառայության և այլ տեսակների դաշնային պետական ծառայության) պաշտոններ.
թիվ 32 հավելվածի 54-րդ կետի դրույթները՝ Հանձնաժողովում և Դատարանում պաշտոնատար անձանց և աշխատողների աշխատանքի ժամանակահատվածը սոցիալական երաշխիքներ սահմանելու և երկարամյա ծառայության թոշակի նշանակման նպատակով տարբեր տեսակների պետական ծառայության ստաժի մեջ ներառելու մասով:
II. Ընթացակարգը Դատարանում
Եվրասիական տնտեսական միության Դատարանի ստատուտի 68-րդ կետի համաձայն (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 2 հավելված, այսուհետ՝ Դատարանի ստատուտ)՝ պարզաբանման վերաբերյալ գործերի քննության կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 101 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգով:
Դատարանի կանոնադրության 73-րդ կետով նախատեսված է, որ դատարանը պարզաբանման վերաբերյալ գործերը քննում է Դատարանի մեծ կոլեգիայի նիստերում։
Գործի քննության նախապատրաստման շրջանակներում Դատարանի կողմից հարցումներ են ուղարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Ռուսաստանի Դաշնության նախարարություններ և գերատեսչություններ, որոնք պատասխանատու են սոցիալական ապահովման համար, Միության անդամ պետությունների գերագույն և սահմանադրական դատարաններ, պետական ծառայողների արհմիություններ, գիտական հաստատություններ, որոնք զբաղվում են կենսաթոշակային ապահովման հարցերի ուսումնասիրությամբ, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումներ: Պատասխաններ են ստացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունից, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունից, Ռուսաստանի Դաշնության կառավարության իրավական դեպարտամենտից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանից, Բելառուսի Հանրապետության սահմանադրական դատարանից, Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդից, Ղրղզստանի Հանրապետության գերագույն դատարանի սահմանադրական պալատից, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանից, Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանից, Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանից, Ղրղզստանի Հանրապետության գերագույն դատարանից, Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանից, Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության՝ բնակչության սոցիալական պաշտպանության հիմնադրամից, Ղազախստանի Հանրապետության միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամից, Ղրղզստանի Հանրապետության սոցիալական հիմնադրամից, Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամից, Ղրղզստանի Հանրապետության պետական կադրային ծառայությունից, Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների հանրապետական ճյուղային միությունից, Բելառուսի պետական և այլ հաստատությունների աշխատողների արհմիությունից, Ղազախստանի Հանրապետության պետական, բանկային հաստատությունների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային արհմիությունից, Ռուսաստանի Դաշնության պետական հաստատությունների և հասարակական սպասարկման աշխատողների համառուսական արհմիությունից, Բելառուսի Հանրապետության՝ օրենսդրության և իրավական հետազոտությունների ազգային կենտրոնից, Ղազախստանի Հանրապետության օրենսդրության ինստիտուտից, Ժուսուպ Բալասագինի անվան Ղրղզստանի ազգային համալսարանից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտից, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտից, Ռուսաստանի ԱԳՆ-ի միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտից, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայից, Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանից, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանից, Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայից, Եվրոպական հանձնաժողովի աշխատակազմի կառավարման և անվտանգության գծով գլխավոր տնօրենից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Դատարան է ուղարկել լրացուցիչ նյութեր՝ կապված ԵՏՀ-ի նախկին աշխատողներին երկարամյա ծառայության թոշակի նշանակման հետ, ինչպես նաև, ի պատասխան Դատարանի հարցմանը, տեղեկացրել է Հանձնաժողովում թիվ 32 հավելվածի 53-րդ կետի մշակման և ընդունման հետ կապված նիստերի արձանագրությունների և այլ նյութերի բացակայության մասին:
III. Դատարանի եզրահանգումները
1. Դատարանի կանոնադրության 50-րդ կետի համաձայն՝ Դատարանը արդարադատություն իրականացնելիս կիրառում է միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքները և նորմերը. Պայմանագիրը, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը և այլ միջազգային պայմանագրեր, որոնց մասնակիցները վեճի կողմ հանդիսացող պետություններն են. Միության մարմինների որոշումներն ու կարգադրությունները. միջազգային սովորույթը՝ որպես համընդհանուր գործելակերպի ապացույց, որը ճանաչված է որպես իրավական նորմ։ Պայմանագրի 6-րդ կետի համաձայն՝ Միության իրավունքի մաս են կազմում Պայմանագիրը, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը, Միության միջազգային պայմանագրերը երրորդ կողմի հետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներն ու կարգադրությունները, որոնք ընդունվել են Պայմանագրով ու Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում։
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի կոնվենցիայի (այսուհետ՝ Վիեննայի կոնվենցիա) 26-րդ հոդվածով նախատեսված է, որ գործողության մեջ գտնվող յուրաքանչյուր պայմանագիր պարտադիր ուժ ունի դրա մասնակիցների համար և պետք է բարեխիղճ կերպով կատարվի նրանց կողմից (pacta sunt servanda սկզբունք): Վիեննայի կոնվենցիայի 27-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է հղում կատարել ներքին իրավունքի դրույթներին որպես պայմանագիրը չկատարելու համար արդարացում:
Թիվ 32 հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, Միության դատարանի դատավորները, պաշտոնատար անձինք և աշխատողները միջազգային ծառայողներ են։ Իրենց լիազորություններն իրականացնելիս (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս) նրանք չպետք է պահանջեն կամ ստանան ցուցումներ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից կամ պաշտոնատար անձանցից, ինչպես նաև Միության անդամ չհանդիսացող պետությունների իշխանություններից։ Նրանք պետք է ձեռնպահ մնան որևէ գործողությունից, որը չի համապատասխանում միջազգային ծառայողի՝ իրենց կարգավիճակին։
Թիվ 32 հավելվածի 44-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացիներն են նրանք. ընդ որում, կենսաթոշակային ապահովման գծով մասհանումները կատարվում են Միության բյուջետային միջոցների հաշվին այն անդամ պետությունների կենսաթոշակային ֆոնդերին, որոնց քաղաքացիներն են նշված անձինք՝ համապատասխան անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով. նշված անձանց կենսաթոշակների վճարման ծախսերը հոգում է վերը նշված անդամ պետությունը:
Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ տվյալ նորմն ընդհանուր բնույթ է կրում: Դրա գործողությունը տարածվում է Միության մարմինների միջազգային բոլոր ծառայողների վրա՝ անկախ նրանց կարգավիճակից, և կենսաթոշակային ապահովման իրավունքի հետ կապված հասարակական բոլոր հարաբերությունների վրա:
Դատարանի մեծ կոլեգիան փաստում է, որ կենսաթոշակային ապահովումն իրավական, տնտեսական և կազմակերպական ինստիտուտների և նորմերի ամբողջություն է, որոնց նպատակը քաղաքացիներին թոշակի վճարման տեսքով աջակցություն տրամադրելն է:
Միջազգային ծառայողների կենսաթոշակային ապահովման հարցերը կարգավորվում են նաև թիվ 32 հավելվածի 46-րդ և 47-րդ կետերով: Թիվ 32 հավելվածի 46-րդ կետում խոսքը գնում է Հանձնաժողովի կամ Միության Դատարանի միջազգային աշխատողների աշխատանքի ժամանակահատվածներն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ապահովագրական կամ աշխատանքային ստաժում ներառելու մասին: Թիվ 32 հավելվածի 47-րդ կետի համաձայն՝ միջազգային ծառայողների՝ իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում վաստակած գումարները հաշվի են առնվում թոշակի չափը սահմանելիս այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացիներ են նրանք:
Թիվ 32 հավելվածի 53-րդ և 54-րդ կետերը հատուկ են 44-րդ, 46-րդ և 47-րդ կետերի նկատմամբ, քանի որ դրանք տարածվում են միայն Հանձնաժողովի և Միության Դատարանի պաշտոնատար անձանց և աշխատողների, ինչպես նաև թոշակի մեկ տեսակի՝ երկարամյա ծառայության թոշակի վրա:
Այս կապակցությամբ Դատարանի մեծ կոլեգիան ղեկավարվում է lex specialis derogat generali, սկզբունքով, համաձայն որի ընդհանուր (generalis) և հատուկ (specialis) բնույթի նորմերի միջև կոլիզիայի (մրցակցության) դեպքում մեկնաբանման և կիրառման ժամանակ նախապատվությունը պետք է տրվի հատուկ նորմերին:
Թիվ 32 հավելվածի 53-րդ կետի առաջին պարբերությունում սահմանված են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից երկարամյա ծառայության թոշակի իրավունք ստանալու պայմանները, որոնց մեջ հարկ է առանձնացնել՝ ա) պետական քաղաքացիական ծառայության առնվազն 15 տարվա անհրաժեշտ ստաժը, բ) Միության մարմնում աշխատանքի ժամանակահատվածն անմիջապես աշխատանքից ազատվելուց առաջ (առնվազն 12 ամիս), գ) Միության մարմինների կազմում զբաղեցրած պաշտոնից մեղավոր արարքի հետ չկապված ազատվելը. դ) մինչև Հանձնաժողովի և Միության Դատարանի կազմում աշխատելը դաշնային պետական (պետական քաղաքացիական) ծառայության պաշտոններ զբաղեցնելը: Թոշակի նշանակման կարգի մասով թիվ 32 հավելվածի 53-րդ կետը պարունակում է հղում ազգային օրենսդրությանը:
Թիվ 32 հավելվածի 53-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված է, որ երկարամյա ծառայության թոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով պաշտոնատար անձի կամ աշխատակցի միջին ամսական աշխատավարձը, որի առավելագույն չափը սահմանվում է այն պաշտոնային դրույքաչափերի (դրամական վարձատրության) համար, որոնք սահմանվում են ըստ պետական քաղաքացիական ծառայության հավասարեցված պաշտոնների՝ համաձայն Հանձնաժողովի և Միության դատարանի պաշտոնատար անձանց ու աշխատակիցների պաշտոնների և Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմում և Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի աշխատակազմում դաշնային պետական քաղաքացիական ծառայության պաշտոնների համապատասխանության՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հաստատված ցանկի։
Ինչպես սահմանել է Դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 12-ի խորհրդատվական եզրակացության մեջ, միջազգային կազմակերպությունների ծառայողների իրավական կարգավիճակը կարգավորող՝ միջազգային իրավունքի նորմերն առաջնահերթ են, ազգային օրենսդրությունը տվյալ անձանց նկատմամբ կարող է կիրառվել միայն Միության իրավունքում դրա մասին ուղղակի նշման առկայության դեպքում:
Այսպիսով, թիվ 32 հավելվածի 53-րդ կետի նորմի բառացի ընթերցումը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ Պայմանագրում պարունակվում է երկարամյա ծառայության թոշակի իրավունքի կարգավորման նյութական մաս (այդպիսի թոշակի իրավունք ձեռքբերման պայմաններ), մինչդեռ թոշակի նշանակման կարգի (ընթացակարգի) մասով Պայմանագրում հղում է կատարվում ազգային օրենսդրությանը՝ թողնելով Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին և Միության դատարանի նախագահին ներկայացման իրավունք, որի հիման վրա գործադիր իշխանության դաշնային այն մարմնի ղեկավարը, որն իրականացնում է կենսաթոշակային ապահովման ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման ու նորմատիվ-իրավական կարգավորման հետ կապված գործառույթներ, կայացնում է երկարամյա ծառայության թոշակի սահմանման վերաբերյալ համապատասխան որոշում:
2. Հանձնաժողովի և Դատարանի պաշտոնատար անձինք և աշխատողները, որոնք ապահովում են Միության վերազգային մարմինների գործառույթների կատարումը, թիվ 32 հավելվածի 2-րդ կետի ուժով Միության մարմինների միջազգային ծառայողներ են:
Միությունը, Պայմանագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավասուբյեկտություն։
Պայմանագրի 5-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 2-րդ կետի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) և Դատարանի ստատուտի IV գլխի համակարգային մեկնաբանումից հետևում է, որ Միության անդամ պետությունները Հանձնաժողովին և Դատարանին փոխանցել են բացառիկ լիազորություններ Պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված գործունեության ոլորտներում:
«Պաշտոնատար անձինք» և «աշխատողներ» հասկացությունների սահմանումը պարունակվում է Պայմանագրի 2-րդ հոդվածում: Տվյալ իրավական նորմի ուժով՝ պաշտոնատար անձինք անդամ պետությունների այն քաղաքացիներն են, որոնք նշանակված են Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների և տնօրենների տեղակալների, ինչպես նաև Դատարանի քարտուղարության ղեկավարի և ղեկավարի տեղակալների, Դատարանի դատավորների խորհրդականների պաշտոններում: Իրենց հերթին, աշխատողներն անդամ պետությունների այն քաղաքացիներն են, որոնք Միության մարմիններում աշխատում են իրենց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի հիման վրա, և որոնք պաշտոնատար անձինք չեն:
Դատարանի մեծ կոլեգիան համարում է, որ թիվ 32 հավելվածը չի պարունակում Հանձնաժողովի և Դատարանի պաշտոնատար անձանց և աշխատողների՝ պետական (պետական քաղաքացիական) ծառայության պաշտոններում այն ստաժը հաշվի առնելու արգելք, որը ձեռք է բերվել նրանց աշխատանքային գործունեության տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում՝ մինչև Միության ստեղծումը և դաշնային պետական ծառայության տարբեր տեսակներով:
3.1. Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետի ուժով՝ Պայմանագիրը պետք է մեկնաբանվի բարեխղճորեն՝ համապատասխան սովորական նշանակությանը, որը պետք է տրվի պայմանագրի եզրույթներին՝ դրանց համատեքստում, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո: Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ Պայմանագրի մեկնաբանման նպատակներով տեքստից, այդ թվում՝ նախաբանից և հավելվածներից բացի, համատեքստն ընդգրկում է ցանկացած փաստաթուղթ, որը կազմվել է մեկ կամ մի քանի մասնակիցների կողմից՝ կապված պայմանագրի կնքման հետ, և որպես պայմանագրին վերաբերող փաստաթուղթ ընդունվել է մյուս մասնակիցների կողմից:
Հաշվի առնելով այն, որ թիվ 32 հավելվածի 53-րդ կետը պարունակում է հղում ազգային օրենսդրությանը, Դատարանի մեծ կոլեգիան եզրակացության է գալիս այն մասին, որ տվյալ դեպքում որպես փաստաթղթեր դիտարկվում են երկարամյա ծառայության թոշակի իրավունք ստանալուն վերաբերող՝ Ռուսաստանի Դաշնության ազգային իրավական ակտերը, որոնք կարող են պարունակել այլ պայմաններ, որոնք նշված չեն Պայմանագրում:
Սակայն թիվ 32 հավելվածի 53-րդ կետում Հանձնաժողովի և Դատարանի պաշտոնատար անձանց և աշխատողներին երկարամյա ծառայության թոշակի նշանակման առանձին պայմանի առկայությունը նշանակում է, որ անկախ ազգային օրենսդրության մեջ այն ստաժի փոփոխությունից, որի առկայության դեպքում նշանակվում է համապատասխան թոշակ, Միության միջազգային ծառայողների նկատմամբ կիրառվում է Պայմանագրով սահմանված ստաժի մասին նորմը:
Հարկ է նշել նաև, որ հաշվի առնելով թիվ 32 հավելվածի 53-րդ կետի հստակությունը և որոշակիությունը՝ Հանձնաժողովի և Դատարանի պաշտոնատար անձինք և աշխատողներն իրենց՝ երկարամյա ծառայության թոշակի իրավունք ստանալու օրինական ակնկալիքները կապել են տվյալ իրավական նորմում նշված այն պայմանների պահպանման հետ, որոնց վերաբերում է Պայմանագրով սահմանված՝ պետական քաղաքացիական ծառայության առնվազն 15 տարի ստաժը:
Դատարանի մեծ կոլեգիան հաշվի է առնում այն, որ Պայմանագրի նախաբանում ամրագրված՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների գերակայության սկզբունքի անվերապահ պահպանմանը հավատարմության հետ կապված՝ Միության կողմից երաշխավորված այդպիսի իրավունքների և ազատությունների մակարդակը չի կարող լինել անդամ պետություններում ապահովվող մակարդակից ցածր: Հավասարության և արդարության համընդհանուր ճանաչում ունեցող այն սկզբունքներին համապատասխան, որոնց վրա հիմնված է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների իրականացումը, Ռուսաստանի Դաշնությունում սահմանված է իրավական որոշակիության և դրա հետ կապված՝ կենսաթոշակային ապահովման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի կանխատեսելիության մասին կանոն, որոնք անհրաժեշտ են այն բանի համար, որ համապատասխան իրավահարաբերությունների կողմերը կարողանան ողջամիտ սահմաններում կանխատեսել իրենց վարքի հետևանքները և վստահ լինել, որ իրենց կողմից ձեռք բերված՝ երկարամյա ծառայության թոշակի իրավունքը կիրականացվի:
3.2. Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ «պետական ծառայության ստաժ» ասելով հարկավոր է հասկանալ պետական ծառայության իրականացման ժամանակահատվածների գումարային այն տևողությունը զբաղեցվող պաշտոնից ազատման օրվա դրությամբ, որը հաշվի է առնվում Ռուսաստանի Դաշնության պետական ծառայողների՝ երկարամյա ծառայության թոշակի իրավունքը որոշելիս և այդ թոշակի չափը հաշվարկելիս:
«Ռուսաստանի Դաշնությունում պետական կենսաթոշակային ապահովման մասին» 2001 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 166-FZ դաշնային օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական ծառայողների երկարամյա ծառայության թոշակի նշանակման համար պետական ծառայության ստաժում Ռուսաստանի Դաշնության կառավարության «Դաշնային պետական քաղաքացիական ծառայողների երկարամյա ծառայության թոշակի նշանակման համար պետական քաղաքացիական ծառայության ստաժում դաշնային պետական քաղաքացիական ծառայության պաշտոններում, դաշնային պետական ծառայության պետական պաշտոններում, դաշնային պետական ծառայողների պետական պաշտոններում և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից սահմանվող այլ պաշտոններում ծառայության (աշխատանքի) ժամանակահատվածները ներառելու մասին» 2003 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 570 որոշմամբ սահմանված կարգով ներառվում են դաշնային պետական քաղաքացիական ծառայության պաշտոններում և Ռուսաստանի Դաշնության նախագահի «Պաշտոնների ցանկ, որոնցում ծառայության (աշխատանքի) ժամանակահատվածները ներառվում են պետական քաղաքացիական ծառայության ստաժում դաշնային պետական քաղաքացիական ծառայողների երկարամյա ծառայության թոշակի նշանակման համար» 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1141 հրամանագրին համապատասխան որոշվող այլ պաշտոններում ծառայության (աշխատանքի) ժամանակահատվածները:
Նշված հրամանագրի 15-րդ կետով նախատեսված է, որ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ ստեղծված միջպետական (միջկառավարական) մարմիններում աշխատանքը, ինչպես նաև պետական ծառայության տեսակները՝ «Ռուսաստանի Դաշնության պետական ծառայության համակարգի մասին» 2003 թվականի մայիսի 27-ի թիվ 58-FZ դաշնային օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, երկարամյա ծառայության նշանակման համար ներառվում են պետական ծառայության ստաժում:
Բացի այդ, նշված հրամանագրին համապատասխան՝ պետական քաղաքացիական ծառայության ստաժում ներառվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում քաղաքացին զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական պաշտոններ, պետական քաղաքացիական ծառայության պաշտոններ, զինվորական ծառայության պաշտոններ, մունիցիպալ պաշտոններ (այդ թվում՝ ընտրական մարմինների) և մունիցիպալ ծառայության պաշտոններ, միջկառավարական և միջգերատեսչական մարմիններում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների պաշտոններ, պետական և մունիցիպալ պաշտոններ՝ մինչև 1991 թվականի դեկտեմբերի 31-ը ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, և այլ պաշտոններ (դաշնային պետական քաղաքացիական ծառայության, զինվորական ծառայության և դաշնային պետական այլ տեսակների ծառայության):
Միջազգային ծառայության համատեքստում հարկավոր է հաշվի առնել այն, որ Միության մարմիններում պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուներին ներկայացվող որակավորման պահանջներն ամրագրված են Պայմանագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում. «Միության մշտապես գործող մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք ունեն անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ»։ Հանձնաժողովի համար տվյալ պահանջները մանրամասն ներկայացված են ԵՏՀ խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում պաշտոններ զբաղեցնելու հետ կապված հարցեր» 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 99 որոշման մեջ: Միության դատարանի մասով այդպիսի պահանջներն ամրագրված են Եվրասիական տնտեսական միության Դատարանի քարտուղարության կազմում թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգում:
Նշված նորմերի վերլուծությունը Դատարանի մեծ կոլեգիային թույլ է տալիս գալ այն եզրակացության, որ Միության մարմիններում ծառայության անցնելու համար որոշիչ նշանակություն ունեն համապատասխան մասնագիտական կրթությունը և աշխատանքային փորձը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց համար՝ աշխատանքային փորձը ղեկավար պաշտոններում:
Վերը նշվածից հետևում է, որ ԵԱՏՄ մարմիններում միջազգային ծառայության համար պահանջվում է գործունեության այն ոլորտներում մասնագիտական գիտելիքների և հմտությունների առկայություն, որոնք Միությունը ստեղծած պետությունների կողմից փոխանցվել են վերազգային իրավասությանը, և որոնք միջազգային ծառայողները կիրառում են միջազգային մակարդակի վրա: Այդպիսի հմտությունները կարող են ձեռք բերվել միայն համապատասխան ոլորտներում գործնական այն աշխատանքի միջոցով, որի ստաժը ծառայում է որպես թեկնածուներին ներկայացվող պահանջներից մեկը, հաշվի է առնվում Միության մարմնում աշխատանքի ընդունելիս, իսկ դա նշանակում է, որ այն չի կարող բացառվել նաև թոշակի անցնելու հետ կապված Հանձնաժողովում և Միության դատարանում զբաղեցրած պաշտոններից ազատելիս:
Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության օրենսդրության նորմերը թույլ են տալիս գալ այն եզրակացության, որ միջազգային (միջպետական) կազմակերպություններում աշխատանքի ստաժը ներառվում է պետական քաղաքացիական ծառայության ստաժում: Պետական ծառայության տարբեր տեսակների (պետական քաղաքացիական, զինվորական, այլ տեսակներ) ներառումը նշված կատեգորիայում որոշվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:
4. Դիմողի երկրորդ հարցը վերաբերում է թիվ 32 հավելվածի 54-րդ կետի դրույթի պարզաբանմանը՝ Հանձնաժողովում և Դատարանում պաշտոնատար անձանց և աշխատողների աշխատանքի ժամանակահատվածը սոցիալական երաշխիքներ սահմանելու և երկարամյա ծառայության թոշակի նշանակման նպատակով անդամ պետությունների պետական ծառայության ստաժի մեջ ներառելու մասով:
Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ ի տարբերություն թիվ 32 հավելվածի 53-րդ կետի, 54-րդ կետը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, այլև բոլոր անդամ պետությունների քաղաքացիներին, քանի որ տվյալ նորմի ձևակերպման մեջ նշված է, որ Հանձնաժողովի և Միության դատարանի պաշտոնատար անձանց և աշխատողների աշխատանքի ժամանակահատվածը ներառվում է «այն անդամ պետության պետական (պետական քաղաքացիական) ծառայության ստաժում, որի քաղաքացիներն են նրանք»:
Փակագծերի օգտագործումը, այդ թվում՝ տվյալ կետի վերջին տողում, պայմանավորված է Միության անդամ պետություններում պետական ծառայության եզրութաբանության տարբերությամբ («դաշնային» եզրույթը կիրառվում է միայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունում):
Մյուս կողմից, ի տարբերություն թիվ 32 հավելվածի 53-րդ կետի, 54-րդ կետը չի պարունակում Հանձնաժողովում և Դատարանում աշխատանքի ժամանակահատվածները պետական քաղաքացիական ծառայության ստաժում ներառելու որևէ պայմանի նշում, ինչը թույլ է տալիս գալ այն եզրակացության, որ տվյալ նորմը կարող է կիրառվել նաև այն անձանց նկատմամբ, որոնք մինչև Հանձնաժողովում և Դատարանում աշխատանքի անցնելը չեն ունեցել պետական քաղաքացիական ծառայության ստաժ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ տվյալ նորմը կարգավորում է միայն Միության մարմիններում միջազգային ծառայության և անդամ պետություններում պետական ծառայության ստաժի հարաբերակցության հարցը: Քաղաքացիական ծառայությունը (որպես պետական ծառայության տեսակ), զինվորական ծառայությունը կամ այլ տեսակների պետական ծառայությունը կարող են ներառվել պետական ծառայության ստաժում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
Այդպիսով, ծառայության տևողության և այն իրականացնելու առանձնահատկությունների համար ապահովագրական թոշակի հավելավճարներ ստանալու իրավունքի առաջացման պայմաններն ամրագրված են միջազգային պայմանագրում, մինչդեռ դրանց իրականացման կարգը սահմանվում է ազգային օրենսդրությամբ:
Երկարամյա ծառայության թոշակ նշանակելիս Միության մարմիններն իրավասու են կիրառելու Պայմանագրում ամրագրված՝ թոշակի նշանակման պայմաններն այն մեկնաբանմամբ, որը տվել է Դատարանը սույն խորհրդատվական եզրակացության մեջ՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով փաստաթղթերի ներկայացմամբ: Անդամ պետությունների ազգային ադմինիստրացիաների կողմից Միության մարմնի այդպիսի ներկայացման չկատարումը չի համաձայնեցվում թիվ 32 հավելվածի 53-րդ և 54-րդ կետերի դրույթների հետ:
Եզրահանգում
1. Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ կետը կիրառվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող՝ Հանձնաժողովի կամ Դատարանի այն պաշտոնատար անձանց և աշխատողների նկատմամբ, որոնք մինչև Հանձնաժողովի կամ Դատարանի կազմում աշխատելը զբաղեցրել են դաշնային պետական ծառայության պաշտոններ: Պետական ծառայության տարբեր տեսակների (պետական քաղաքացիական, զինվորական, այլ տեսակներ) ներառումը նշված կատեգորիայում որոշվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:
2. Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 32 հավելված) 54-րդ կետով նախատեսված է Հանձնաժողովում և Դատարանում պաշտոնատար անձանց և աշխատողների աշխատանքի ժամանակահատվածի ներառում պետական ծառայության ստաժի մեջ՝ սոցիալական երաշխիքներ սահմանելու, այդ թվում՝ երկարամյա ծառայության թոշակ նշանակելու համար:
IV. Եզրափակիչ դրույթներ
Սույն խորհրդատվական եզրակացության պատճենն ուղարկել դիմողին:
Խորհրդատվական եզրակացությունը տեղադրել Դատարանի պաշտոնական ինտերնետային կայքում:
Նախագահող` |
Ժ.Ն. Բաիշև |
Զեկուցող դատավոր՝ |
Տ.Ն. Նեշատաևա |
Դատավորներ՝ |
Ա.Մ. Աժիբրաիմովա |
Է.Վ. Հայրիյան | |
Դ.Գ. Կոլոս | |
Վ.Խ. Սեյտիմովա | |
Գ.Ա. Սկրիպկինա | |
Ա.Է. Թումանյան | |
Ա.Ա. Ֆեդորցով | |
Կ.Լ. Չայկա |