Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
30 հունիսի 2011 թվականի N 25
48. ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մրցութային փաթեթը մշակելու մեթոդաբանությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մասնագիտական երկու աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խմբեր)`
1) իրավական և մեթոդական հարցերի աշխատանքային խումբ (այսուհետ` խումբ N 1).
2) համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խումբ (այսուհետ` խումբ N 2):
4. Հաստատել`
1) N 1 խմբի ներկայացուցչական կազմը` համաձայն N 2 հավելվածի.
2) N 2 խմբի ներկայացուցչական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
5. Սահմանել, որ`
1) N 1 խումբը համարվում է ձևավորված N 2 հավելվածով սահմանված մարմինների ներկայացուցիչների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակվելու պահից: N 1 խմբի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` համապատասխան հրամանով.
2) N 2 խումբը համարվում է ձևավորված N 3 հավելվածով սահմանված մարմինների ներկայացուցիչների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին ներկայացնելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակվելու պահից: N 2 խմբի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը` համապատասխան հրամանով.
3) N 1 խմբի լիազորություններն են`
ա. եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման օրենսդրական հակասություններն ու բացերը վերհանելը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի «Կենսաթշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու մասին» N 58-Ն որոշմամբ ստեղծված կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհրդին (այսուհետ` խորհուրդ) ներկայացնելը,
բ. N 2 խմբի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ օպերատիվ մեթոդական օժանդակությունը, օրենսդրական լուծում պահանջող հարցերի ամփոփումը և խորհրդին ներկայացնելը,
գ. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման համար ընտրված կազմակերպությանը (այսուհետ` ընտրված կազմակերպություն) եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ֆունկցիոնալ պահանջները մշակելու (ամբողջացնելու) աշխատանքներում մեթոդական (բովանդակային) աջակցություն տրամադրելը, մշակված ֆունկցիոնալ պահանջների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը,
դ. ընտրված կազմակերպության և կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում ներգրավված մարմինների (կազմակերպությունների) մեթոդական (բովանդակային) համագործակցությունն ապահովելը,
ե. ընտրված կազմակերպության կողմից մշակված մոդուլների և ամբողջական ծրագրի փորձարկումը, համակարգի ֆունկցիոնալ պահանջների և մշակված ծրագրի համապատասխանության վերաբերյալ մեթոդական մասնագիտական եզրակացություններ տալը,
զ. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման աշխատանքների իրականացման և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ մեթոդական մշտադիտարկումը.
4) N 2 խմբի լիազորություններն են`
ա. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մրցութային փաթեթը մշակելը (ամբողջացնելը)` հիմք ընդունելով ԱՄՆ ՄԶԳ-ի մշակած նյութերը (որպես օժանդակ նյութ),
բ. ընտրված կազմակերպությանը եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ֆունկցիոնալ պահանջները մշակելու (ամբողջացնելու) աշխատանքներում աջակցություն տրամադրելը, մշակված ֆունկցիոնալ պահանջների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը,
գ. ընտրված կազմակերպության և կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում ներգրավված մարմինների (կազմակերպությունների) համագործակցությունն ապահովելը,
դ. ընտրված կազմակերպության կողմից մշակված մոդուլների և ամբողջական ծրագրի փորձարկումը, համակարգի ֆունկցիոնալ պահանջների և մշակված ծրագրի համապատասխանության վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ տալը,
ե. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման աշխատանքների իրականացման և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը.
5) N 1 խումբը հաշվետու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.
6) N 2 խումբը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին.
7) եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքում պարտադիր ներառել համապատասխան դրույթ, որի համաձայն ընտրված կազմակերպությունն անձնավորված հաշվառման համակարգի գործարկումից հետո պարտավոր է առնվազն հինգ տարի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում ապահովել անձնավորված հաշվառման համակարգի սպասարկման և ուսուցման աշխատանքների իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի մշակման և ներդրման (կիրարկման) համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ նախնական գնահատականը (ներառյալ հաշվարկներն ու հիմնավորումները).
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընտրված կազմակերպության հետ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ծառայությունների ձեռքբերման պայմանագիր կնքելը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով (առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգի):
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում, հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետի դրույթը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:
9. Աշխատանքային խմբերի ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի N 58-Ն որոշմամբ ստեղծված` կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդին ներկայացնել տեղեկատվություն եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:
10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` եռօրյա ժամկետում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել մասնագիտական աշխատանքային խմբերի ներկայացուցիչների թեկնածությունները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 22 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշման |
Մ Ե Թ Ո Դ Ա Բ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Եկամտային հարկի ԵՎ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մրցութային փաթեթի մշակման
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմնաված կարգով:
Մրցութային փաթեթի պահանջները խմբավորվում են ըստ պարտադիր պահանջների և խորհրդատվական փաստաթղթերի (որոնք կներառեն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացված աշխատանքների արդյունքները` որպես օժանդակ նյութ):
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների կառավարման պլանը կբաժանվի երկու փուլերի.
Ընտրված կազմակերպությունն առաջին փուլում.
կատարում է ուսումնասիրություն և ստեղծում է ծրագրային ապահովության փաթեթի ամբողջական և մանրամասն նկարագրություն (մանրամասն տեխնիկական մասնագրերը)` ըստ մրցութային փաթեթի բովանդակության,
բոլոր շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցնում է ծրագրային ապահովության տեխնիկական մասնագրերը,
հաստատում է ծրագրի մշակման ընթացքում պահանջարկի փոփոխությունների իրականացման գործընթացը,
աշխատանքային խմբերի դրական եզրակացություններից հետո ձեռնամուխ է լինում անձնավորված համակարգի ծրագրավորման աշխատանքներին:
Մշակված տեխնիկական մասնագրերը կապահովեն ստեղծվելիք ծրագրային ապահովության որակական բարձր մակարդակը և համատեղելիությունն առկա այլ ծրագրային համակարգերի հետ, ինչպես նաև` կապահովի կանխատեսելի ծրագրային ապահովություն, որն ամբողջովին կհամապատասխանի շահագրգիռ կողմերի սահմանված պահանջների չափորոշիչներին:
Երկրորդ փուլում, ըստ տեխնիկական մասնագրերի ընտրված կազմակերպությունն սկսում է ծրագրային ապահովության ստեղծման գործընթացը` ծրագրային ապահովության ստեղծման «Ծրագրային ապահովման ճկուն մշակում» /Agile Software Development Methodology/ մեթոդաբանության Scrum /կամ համատեղելի/ մեթոդով, ինչը ենթադրում է.
ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում հետադարձ կապի առկայություն պատվիրատուի և ընտրված կազմակերպության միջև,
չկատարված պարտավորությունների առաջնահերթ կատարում,
կարճ կրկնվող քայլերի կամ սպրինտի (sprints) շարքում ամրագրված հիմնական չկատարված պարտավորությունների, բացթողումների ամբողջության ավարտում,
ամենօրյա հակիրճ հանդիպում (որը կոչվում է Scrum), որի ընթացքում մեկնաբանվում է առաջընթացը, նկարագրվում է առաջիկա աշխատանքը և առաջ են քաշվում առկա խոչընդոտները,
պլանավորման հակիրճ խորհրդակցություն, որի ընթացքում սպրինտի (sprints) համար սահմանվում են չկատարված պարտավորությունները,
ակնթարթների հակիրճ անդրադարձ և ամփոփում, որի ընթացքում աշխատանքային խմբերի բոլոր անդամներն անդրադառնում են անցյալ սպրինտին (sprint):
Առկա վիճակում, երբ ստեղծվելիք ծրագրային ապահովության պահանջներն ամբողջապես հնարավոր չէ սահմանել, առավել նպատակահարմար է օգտագործել ծրագրային ապահովություն ստեղծելու` վերոնշյալ մեթոդաբանությունը, քանի որ առաջարկվող մեթոդաբանությունը`
նվազագույնի է հասցնում ստեղծվելիք ծրագրային ապահովության թերությունները,
ապահովում է հետադարձ կապ պատվիրատուի հետ,
պատվիրատուն ամբողջովին ներգրավված է իրականացման աշխատանքներին,
պատվիրատուին հնարավորություն է ընձեռվում ծրագրային ապահովության ստեղծման ընթացքում վերասահմանել և փոփոխել պահանջները,
ծրագրային ապահովման աշխատանքների կառավարումը դարձնում է առավել արդյունավետ, ապահովում է ծրագրային ապահովման ամբողջական համապատասխանություն, ըստ պատվիրատուի ներկայացված պահանջների, և հետագայում ապահովում է ծրագրային ապահովման շահագործման նվազագույն ծախսերը:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշման |
Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց ՈՒ Ց Չ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Իրավական ԵՎ մեթոդական հարցերի աշխատանքային խմբի (N 1 խումբ )
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ (խմբի ղեկավար)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2 ներկայացուցիչ
3. ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի 2 ներկայացուցիչ
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 3 ներկայացուցիչ
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 3 ներկայացուցիչ
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1 ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշման |
Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց ՈՒ Ց Չ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Համակարգչային ԵՎ տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի (N 2 խումբ)
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ (խմբի ղեկավար)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
5. ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի ներկայացուցիչ