ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«04» հուլիս 2024 թ. |
N 3709-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖՈՌԵՍՏԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՆՈՒՇ ԱԲԳԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՏԱԹԵՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 2055-Ա ՀՐԱՄԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
Ուսումնասիրելով գործում առկա նյութերը (վարչական վարույթի նյութեր), առաջնորդվելով գործում առկա ապացույցներով, ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները և Առողջապահության նախարարության ունեցած տեղեկությունները.
ՊԱՐԶԵՑԻ`
1. Նկարագրական մաս
1) 2024 թվականի ապրիլի 4-ին «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անուշ Աբգարյանի կողմից թիվ 13611-2024 մտից համարով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվել «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տրված արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000010 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմում:
2) Առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 2055-Ա հրամանով` լիցենզավորված անձի դիմումի համաձայն («Լիցենզավորման մասին» օրենք, 37-րդ հոդված, 1-ին մաս, 7-րդ կետ) «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տրված արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000010 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:
3) 2024 թվականի ապրիլի 25-ին մտից թիվ 16841-2024 համարով Առողջապահության նախարարություն է մուտքագրվել «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անուշ Աբգարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարգսյանի (լիազորագիր` կազմված 2024 թվականի ապրիլի 22-ին, տրված 1 (մեկ) տարի ժամկետով) կողմից ներկայացված վարչական բողոքը` Առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 2055-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
4) Առողջապահության նախարարությունում հարուցվել է վարչական վարույթ` բողոքի մուտքագրման օրվանից` 2024 թվականի ապրիլի 25-ից:
5) 2024 թվականի մայիսի 2-ին նշանակվել է լսում, որի վերաբերյալ բողոք բերած անձը ծանուցվել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի ապրիլի 26-ի թիվ ՎԳ/14/12566-2024 գրությամբ:
6) 2024 թվականի ապրիլի 30-ին «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անուշ Ավգարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարգսյանի կողմից մտից թիվ 17407-2024 գրությամբ Առողջապահության նախարարություն է ներկայացվել խնդրանք` լսումների օրը հետաձգելու և մեկ այլ օր նշանակելու մասին:
7) Առողջապահության նախարարությունը, առաջնորդվելով վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին արտահայտվելու հնարավորություն տալու սկզբունքով, հետաձգել և լսումների նոր օր է նշանակել 2024 թվականի մայիսի 7-ին և այդ մասին բողոք բերած անձը ծանուցվել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի մայիսի 2-ի թիվ ՎԳ/14/13100-2024 գրությամբ:
8) 2024 թվականի մայիսի 7-ին նշանակված լսումներին մասնակցել են «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անուշ Աբգարյանի ներկայացուցիչներ Տաթևիկ Սարգսյանը և Էմմա Օհանյանը:
9) Վարչական վարույթի ընթացքում փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխօգնության նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որի համար անհրաժեշտ էր ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մայիսի 24-ի թիվ 2883-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 30 օրով:
10) 2024 թվականի հունիսի 24-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից փոխօգնության շրջանակներում դիրքորոշում չի տրամադրվել: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հունիսի 24-ի թիվ 3464-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 10 օրով:
11) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2024 թվականի հունիսի 25-ի թիվ /10.1.3/25001-2024 գրությամբ ստացվել է փոխօգնության շրջանակներում տրամադրված դիրքորոշումը:
2. Պատճառաբանական մաս
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
2024 թվականի ապրիլի 25-ին մտից թիվ 16841-2024 համարով Առողջապահության նախարարություն է մուտքագրվել «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անուշ Աբգարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարգսյանը (լիազորագիր` կազմված 2024 թվականի ապրիլի 22-ին, տրված 1 (մեկ) տարի ժամկետով) կողմից ներկայացված վարչական բողոքը` Առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 2055-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
«ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անուշ Աբգարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարգսյանը բողոքում նշել է, որ Առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 2055-Ա հրամանով «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տրված արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000010 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել միայն «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)` լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու օրվա դրությամբ, այնինչ, հաշվի առնելով «ՖՈՌԵՍՏԱ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշման Հավելված 1-ի 29-րդ կետի պահանջի չկատարումը «ՖՈՌԵՍՏԱ» ՍՊ ընկերությանը տրված լիցենզիան պետք է ուժը կորցրած ճանաչվեր նաև ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշման Հավելված 1-ի 30-րդ կետի հիմքով ` 2023 թվականի սեպտեմբերի 14-ի օրից:
2022 թվականի օգոստոսի 18-ին «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվել արտադրական կանեփի ներմուծման և արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտ:
Արտադրական կանեփի ներմուծման և արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտին կից` արտադրական կանեփի գործունեության իրականացման նպատակով ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի քանակների վերաբերյալ տեղեկանքում լիցենզիայի գործողության 1-ին տարվա (2022-2023թթ.) համար Ընկերության կողմից հայցվել է մինչև մեկ տարվա ժամկետի տրամադրում` ջերմատուն, տնկարան, սածիլանոցի լաբորատորիա, ինչպես նաև պահեստ կառուցելու համար:
Ընկերության կողմից ներկայացված հայտը ուսումնասիրվել է սահմանված կարգով, և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 4281-Ա հրամանով ընկերությանը տրվել է արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000010 լիցենզիա (ժամկետ` 10 տարի, մինչև 2032 թվականի սեպտեմբերի 13):
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշման (այդ պահին գործող խմբագրությամբ) N 1 hավելվածի 28-րդ կետը և Ընկերության կողմից ներկայացված արտադրական կանեփի ներմուծման և արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտը, ներմուծման և արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտին կից տեղեկանքը` Ընկերությանը տրված լիցենզիայով նախատեսված 1-ին (2022-2023թթ.) տարվա համար քվոտաները սահմանվել են 0, և քվոտավորումը կիրառվել է լիցենզիայի մյուս տարիների համար:
Այնուհետև, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշման (այդ պահին գործող խմբագրությամբ) N 1 հավելվածի 29-րդ կետը` Ընկերությունը պետք է մինչև մեկ տարվա ընթացքում լիազոր մարմին ներկայացներ ջերմատան, տնկարանի, սածիլանոցի լաբորատորիայի, ինչպես նաև պահեստի կառուցված լինելու վերաբերյալ դիմում:
2022 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 3 հավելվածի 9-րդ կետի 12-րդ ենթակետի խմբագրության համաձայն` հայտատուն արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել տասը տարին, ընդ որում, լիցենզիայի գործողությունը չի կարող ավելի ուշ սկսել, քան լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից մեկ տարվա ընթացքում: Սահմանված դրույթից բխում է, որ քննարկվող հաշվարկը պետք է սկսել հայտի ներկայացման պահից:
Փաստական հանգամանքների համաձայն` 18.08.2022 թվականին ներկայացվել է արտադրական կանեփի ներմուծման և արտահանման հայտ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տրամադրվել է լիցենզիա: Ընկերության կողմից հայտ ներկայացնելու օրվա (18.08.2022 թվական) հաջորդ օրվանից (19.08.2022 թվականից) հաշվարկվող մեկ տարվա ժամկետը լրացել է 2023 թվականի օգոստոսի 19-ին: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-3-րդ մասերի և 32-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումները և այն հանգամանքը, որ 2023 թվականի օգոստոսի 19-ին ոչ աշխատանքային օր է, հետևաբար ժամկետի վերջին օր է դիտարկվել հաջորդ աշխատանքային օրը՝ 21.08.2023 թվականը:
Սույն դեպքով, Ընկերությունն իր կողմից կատարման ենթակա պարտավորությունը չի կատարել: 2024 թվականի ապրիլի 4-ին Ընկերության տնօրենի կողմից Առողջապահության նախարարություն է ներկայացվել արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000010 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմում:
Հիմք ընդունելով Ընկերության տնօրենի դիմումը և «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 2055-Ա հրամանի համաձայն` ուժը կորցրած է ճանաչվել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000010 լիցենզիան:
Միաժամանակ, 20.08.2023 թվականին ուժի մեջ է մտել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-237-Ն օրենքը, որով Օրենքի 45.6-րդ հոդվածը լրացվել է 8-16-րդ մասերով: Լրացված 15-րդ մասով սահմանվել է, որ լիցենզիայի գործողությունը կարող է սկսվել լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից հետո՝ երկու տարվա ընթացքում: Հայտատուն լիցենզավորման հայտ ներկայացնելիս կարող է հայցել մինչև երկու տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կառույցները կառուցելու համար:
Այսպիսով, մինչև նախատեսված ժամկետի լրանալը օրենսդրական փոփոխության արդյունքում ընդունվել է բարենպաստ նորմ, որի համաձայն՝ լիցենզավորման հայտը բավարարվելու դեպքում ջերմատան, տնկարանի, սածիլանոցի լաբորատորիայի, ինչպես նաև պահեստի կառուցված լինելու վերաբերյալ լիազոր մարմին լիցենզավորված անձի կողմից դիմում ներկայացվելու ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով:
Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝
«1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից պարզ է դառնում, որ այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնք բարելավում են անձի իրավական վիճակը, ունեն հետադարձ ուժ՝ այն դեպքում, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Այս կապակցությամբ հարկ է պարզել, թե արդյոք «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-237-Ն օրենքում նախատեսվել է քննարկվող դրույթին տալ հետադարձ ուժ, թե՝ ոչ: Նշված օրենքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ որևէ դրույթի առհասարակ հետադարձ ուժ չի տրվել, հետևաբար բացակայում է Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը՝ բարելավող նորմի հետադարձ ուժ ունենալու վերաբերյալ այդ ակտով նախատեսված լինելը:
Այսպիսով ակնհայտ է, որ Օրենքի 45.6-րդ հոդվածի 15-րդ մասի դրույթը՝ նախատեսելով հավելյալ մեկ տարի ժամկետ դիմում ներկայացնելու համար՝ թեև բարելավող նորմ է, սակայն չունի հետադարձ ուժ, որպիսի պայմաններում առկա չեն հիմքեր ժամկետի երկարաձգման համար:
Միաժամանակ լիցենզավորման հայտ ներկայացնող անձը հայցել է մեկ տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված ջերմատուն, տնկարան, պահեստ կամ լաբորատորիա կառուցելու համար:
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.6-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն` եթե երկու տարվա ընթացքում լիցենզիա ստացած անձը չի ներկայացնում վերապահմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ այդ տարածքները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին, ապա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի հիմքով լիցենզավորող մարմինը լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում՝ անկախ տվյալ լիցենզիայի գործողությունը կասեցված լինելու հանգամանքից:
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավակարգավորումները` «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված լիցենզիան ենթակա է ուժը կորցրած ճանաչման «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.6-րդ հոդվածի 16-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի հիմքով` 2023 թվականի օգոստոսի 21-ից:
3. Եզրափակիչ մաս
Ելնելով վերը շարադրվածից` արձանագրում եմ, որ «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անուշ Աբգարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարգսյանի կողմից ներկայացված վարչական բողոքը` Առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 2055-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին ենթակա է մասնակի բավարարման, ուստի ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.6-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասի, 2022 օգոստոսի թվականի օգոստոսի 18-ի դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 3 հավելվածի 9-րդ կետի 12-րդ ենթակետի պահանջով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել «ՖՈՌԵՍՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անուշ Աբգարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարգսյանի կողմից ներկայացված վարչական բողոքը մասնակիորեն և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի ապրիլի 10-ի 2055-Ա հրամանը:
2. Մերժել վարչական բողոքը «Ֆոռեստա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տրված արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ–ՆՄԱ-000010 լիցենզիան 2023 թվականի սեպտեմբերի 14-ից ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում բողոք բերած անձին իրազեկելուն հաջորդող օրվանից:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` սույն հրամանը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ ուղարկել բողոքաբերին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Վարչական դատարան` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |