ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1987 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
10 հոկտեմբերի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1987 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում ստորագրված` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1987 թվականի նոյեմբերի 26-ին` Ստրասբուրգում: Կոնվենցիայի նպատակն է ազատազրկված անձանց նկատմամբ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխումը:
2. Կոնվենցիայով նախատեսվում է ստեղծել Եվրոպական կոմիտե, որն այցելությունների միջոցով ուսումնասիրելու է ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը` անհրաժեշտության դեպքում խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից նրանց պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:
Կոնվենցիան նախատեսում է Կոմիտեի կազմավորման և գործունեության կարգը, ինչպես նաև լիազորությունների շրջանակը:
3. Կոնվենցիայով յուրաքանչյուր Կողմ ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- թույլատրել այցելություն ցանկացած վայր, որտեղ պահվում են պետական մարմնի կողմից ազատազրկված անձինք: Բացառիկ հանգամանքներում շահագրգիռ իրավասու մարմինները Կոմիտեին կարող են առարկություններ ներկայացնել` ելնելով ազգային պաշտպանության, հասարակական անվտանգության նկատառումներից,
- ապահովել ազատազրկված անձանց պահելու վայրերի մասին լիարժեք տեղեկատվությամբ, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ, որը Կոմիտեին անհրաժեշտ է իր խնդիրներն իրականացնելու համար: Այդպիսի տեղեկատվության որոնման ընթացքում Կոմիտեն պահպանում է ազգային օրենսդրության նորմերը և մասնագիտական էթիկայի կանոնները,
- տրամադրել Կոմիտեին, նրա անդամներին և փորձագետներին սույն կոնվենցիայի հավելվածով նախատեսված արտոնությունները և անձեռնմխելիությունը:
Կոնվենցիան պարունակում է նաև դրույթներ` կապված դրա վավերացման, դրա ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարեցնելու կարգի հետ:
Կոնվենցիան ունի հավելված, որով սահմանվում են Կոմիտեի, նրա անդամների և փորձագետների արտոնությունները և անձեռնմխելիությունը:
4. Կոնվենցիան համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 19 հոդվածների դրույթներին: Այն կոչված է ուժեղացնելու ազատազրկված անձանց պաշտպանությունը խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1987 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում ստորագրված` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|