ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի` ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
24 փետրվարի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1992 թվականի հոկտեմբերի 9-ի` Բռնագաղթած անձանց, ազգային փոքրամասնությունների և ժողովուրդների իրավունքների վերականգնման հետ կապված հարցերով համաձայնագրին կից արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2003 թ. մայիսի 30-ին` Սանկտ Պետերբուրգում: Արձանագրության նպատակն է 10 տարով երկարաձգել 1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշկեկում ստորագրված` Բռնագաղթած անձանց, ազգային փոքրամասնությունների և ժողովուրդների իրավունքների վերականգնման հետ կապված հարցերով համաձայնագրի (այսուհետև` Համաձայնագիր) գործողության ժամկետը` այն 2003թ. հունիսի 26-ին լրանալու կապակցությամբ:
2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ Արձանագրության նախաբանում և 1-ին կետում հիշատակվող Համաձայնագրի հոդված 12-ի` Համաձայնագիրը կնքվել է 10 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա վավերացման կամ հաստատման պահից: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը վավերացրել է 1993թ. հունիսի 9-ին, և ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի հինգերորդ պարբերության ուժով Համաձայնագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Արձանագրությամբ կողմերը պարտավորություն են ստանձնում ևս 10 տարի ժամկետով շարունակել ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը հանդիսացող Համաձայնագրով արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարումը, ընդ որում, Համաձայնագրի` մինչև ՀՀ Սահմանադրության ընդունումը վավերացված լինելու հետևանքով Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների նկատմամբ չի իրականացվել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական վերահսկողություն: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի երկրորդ պարբերության համաձայն` «Սահմանադրական դատարանը որոշումներ և եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ»:
3. Արձանագրությունում ամրագրված պարտավորությունները կոչված են ապահովելու կողմերի միջև հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված` արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. մայիսի 30-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` 1992 թվականի հոկտեմբերի 9-ի` Բռնագաղթած անձանց, ազգային փոքրամասնությունների և ժողովուրդների իրավունքների վերականգնման հետ կապված հարցերով համաձայնագրին կից արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|