ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
13 օգոստոսի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Կանոնադրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը (այսուհետև` Կանոնադրություն) ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում` Միավորված ազգերի կազմակերպության Լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական կոնֆերանսում:
Կոնֆերանսին մասնակցած պետություններից 120-ը կողմ են քվեարկել Կանոնադրության ընդունմանը, 7-ը` դեմ (ԱՄՆ, Չինաստան, Իրաք, Յեմեն, Կատար, Լիբիա և Իսրայել), 21-ը` ձեռնպահ:
Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին:
Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002 թ. հուլիսի 1-ից:
Կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու և դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի (այսուհետև` Դատարան) հիմնադրումը:
2. Կանոնադրության հիման վրա ձևավորվում է մշտական հիմունքներով գործող Միջազգային քրեական դատարան: Դատարանը միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված անկախ միջազգային դատարան է, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնելու միջազգային ողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ և, ըստ Կանոնադրության նախաբանի 10-րդ մասի և հոդված 1-ի, լրացնում է ներպետական քրեական իրավազորության մարմինների համակարգը:
Կանոնադրության հիման վրա 2003 թ. փետրվարի 7-ին կատարվել է Միջազգային քրեական դատարանի 18 դատավորների ընտրությունը:
3. Կանոնադրության 5 հոդվածը սահմանում է Դատարանին ընդդատյա հանցագործությունների շրջանակը: Այդ հանցագործություններն են ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները, ընդ որում` դատարանին ընդդատյա են ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ագրեսիայի հանցագործությունը: Կանոնադրությունն ամրագրում է, որ ագրեսիայի նկատմամբ Դատարանն իր իրավազորությունը կիրականացնի միայն այն ժամանակ, երբ Կանոնադրության 121 և 123 հոդվածների համաձայն կընդունվի այդ հանցագործությունը սահմանող և այն պայմաններն ամրագրող դրույթը, որոնց դեպքում Դատարանն իրականացնում է իր իրավազորությունն այդ հանցագործությունների նկատմամբ:
Դատարանի կողմից Կանոնադրության 5 հոդվածում նշված հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ իր իրավազորությունն իրականացնելու առիթ կարող են հանդիսանալ.
- Կանոնադրության մասնակից պետության կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
- Դատախազի կողմից այդ հանցագործությունների կապակցությամբ քննություն նախաձեռնելը:
Կանոնադրությունը սահմանում է Դատարանի կողմից գործի ընդունելիության մասին որոշում կայացնելու կարգը, գործի ընդունելիությունը մերժելու հիմքերը, գործի ընդունելիության մասին որոշման բողոքարկման կարգը:
4. Կանոնադրության 29 հոդվածի համաձայն` Դատարանին ընդդատյա հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում: Կանոնադրության այս դրույթը համահունչ է Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին կոնվենցիային (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թ. մարտի 31-ին), ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1973 թ. դեկտեմբերի 3-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատու անձանց հայտնաբերման, ձերբակալման, հանձնման և պատժի հետ կապված հարցերում միջազգային համագործակցության սկզբունքների մասին» բանաձևին:
ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածի համաձայն`վաղեմության ժամկետ չի կիրառվում խաղաղության և մարդկության դեմ ուղղված` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե դրանցում սահմանված է վաղեմության ժամկետ կիրառելու արգելք:
5. Կանոնադրությունը սահմանում է Դատարանի կառուցվածքը, Դատարանի մարմինների գործառույթներն ու լիազորությունները, դատավորների ընտրության կարգը, դատավորներին ներկայացվող պահանջները: Կանոնադրության 34 հոդվածի համաձայն` Դատարանի մարմիններն են Նախագահությունը, Վերաքննիչ բաժանմունքը, Դատական բաժանմունքը, Մինչդատական վարույթի բաժանմունքը, Դատախազի գրասենյակը և Քարտուղարությունը: Դատարանի դատական գործառույթները յուրաքանչյուր բաժանմունքում իրականացնում են պալատները:
Դատախազի գրասենյակը գլխավորում է Դատախազը, որին օգնում են մեկ կամ մի քանի տեղակալներ:
Դատարանի Քարտուղարությունը պատասխանատու է Դատարանի ոչ դատական բնույթի գործունեության կառավարման և սպասարկման համար:
Կանոնադրությամբ քննություն նախաձեռնելու իրավասությունը վերապահված է Դատախազին, որը քննություն է հարուցում Մինչդատական վարույթի պալատի թույլտվության հիման վրա: Մինչդատական վարույթի պալատին են վերապահված գործի ընդունելիության կապակցությամբ որոշում կայացնելու, քննություն նախաձեռնելու թույլտվություն տալու, անձի կալանավորման օրդեր տալու, մեղադրանքները հաստատելու լիազորությունները:
Գործի ըստ էության քննությունն իրականացնում է Դատական պալատը:
Վերաքննիչ պալատը բողոքի հիման վրա վերանայում է ինչպես Դատական պալատի կողմից գործով ըստ էության կայացված դատավճիռը, այնպես էլ Մինչդատական պալատի կայացրած որոշումները:
6. Կանոնադրության 6, 7 և 8 հոդվածների մեկնաբանման և կիրառման գործում, որոնցում համապատասխանաբար սահմանված են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների հանցակազմերը, Դատարանին օգնում է «Հանցագործության տարրեր» ակտը, որն ընդունվել է Կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի` 2002 թ. սեպտեմբերի 3-10-ը տեղի ունեցած նիստում: Կանոնադրության 9 հոդվածի համաձայն` նշված ակտը պետք է համապատասխանի Կանոնադրությանը:
Կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի` 2002 թ. սեպտեմբերի 3-10-ը տեղի ունեցած նիստում ընդունվել են նաև Ընթացակարգի և ապացուցման կանոններ, որոնք պետք է համապատասխանեն Կանոնադրությանը. վերջինիս դրույթներին հակասելու դեպքում Կանոնադրությունն ունի գերակայող ուժ: Նշված փաստաթուղթը կոչված է հստակեցնելու Կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերն ու պահանջները, սահմանել Կանոնադրությամբ նախատեսված իրավունքների և պարտականությունների իրացման կարգը:
Ընթացակարգի և ապացուցման կանոնների Բացատրագրում նշված է, որ այդ փաստաթուղթը Դատարանի կողմից Կանոնադրությունը կիրառելու համար օգտագործվող միջոց է: Բոլոր դեպքերում, այդ Կանոնները պետք է ընթերցվեն Կանոնադրության դրույթների հետ համակցված:
Ընթացակարգի և ապացուցման կանոնները չեն շոշափում մասնակից պետությունների ներպետական դատավարական նորմերը` ներպետական դատական վարույթների կապակցությամբ:
7. Կանոնադրությունն ամրագրում է Դատարանի կողմից քննության, քրեական հետապնդման և քրեական իրավունքի միջազգային չափորոշիչներն ու սկզբունքները: Մասնավորապես, ոչ ոք չի կարող Կանոնադրության հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե կատարման պահին տվյալ արարքը Դատարանին ընդդատյա հանցագործություն չէ (nullum crimen sine lege), Դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձը կարող է պատժվել միայն Կանոնադրության համապատասխան (nulla poena sine lege), Կանոնադրության դրույթները չեն կարող կիրառվել մինչև դրա ուժի մեջ մտնելը կատարված արարքի համար (ratione personae):
Կանոնադրությունն ամրագրում է նաև Դատարանի գործունեության հիմքում ընկած` քրեական իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են անհատական պատասխանատվության, պաշտոնական դիրքը վկայակոչելու անթույլատրելիության, ինչպես նաև միևնույն հանցագործության համար անձին կրկին պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիության սկզբունքները (ne bis in idem): Կանոնադրությունը, սակայն, նախատեսում է վերջին սկզբունքից որոշակի բացառություն, որը սերտորեն առնչվում է պետության` քրեական հետապնդում իրականացնելու ցանկության հնարավոր բացակայության հանգամանքին: Միևնույն հանցագործության համար անձին կրկին պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիության սկզբունքն ամրագրող` Կանոնադրության 20 հոդվածը տարանջատում է կատարում այդ սկզբունքի` ներպետական և միջազգային մակարդակներում կիրառման միջև: Ելնելով այս մոտեցումից` Կանոնադրությունը թույլատրում է Դատարանին նշված փաստաթղթով նախատեսված արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկել անձին, որն այդ հանցագործությունների համար արդեն իսկ դատապարտվել է ներպետական դատարանների կողմից, եթե այդ դատարանում դատավարությունն իրականացվել է տվյալ անձին` Դատարանին ընդդատյա հանցագործությունների կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելուց պաշտպանելու համար կամ չի իրականացվել անկախ կամ անկողմնակալ, միջազգային իրավունքում ընդունված պատշաճ ընթացակարգի նորմերին համապատասխան, և իրականացվել է այնպես, որ անհամատեղելի է եղել անձի նկատմամբ արդարադատություն իրականացնելու մտադրության հետ:
Կանոնադրությունը նաև իրավական երաշխիքներ է ստեղծում Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց արդար դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու համար: Մասնավորապես, երաշխավորվում է դատաքննության կազմակերպումը մեղադրյալի պարտադիր ներկայությամբ, ամրագրվում է անմեղության կանխավարկածի իրավունքը, Միջազգային քրեական դատարանի Դատական պալատը կրում է դատաքննությունն անաչառ և առանց ձգձգումների կազմակերպելու, մեղադրյալի իրավունքները հարգելու, տուժողներին ու վկաներին պաշտպանելու պարտականություն: Կանոնադրությունը նաև երաշխավորում է Դատարանի կողմից իրականացվող քննությանը մասնակից այլ անձանց` վկաների, տուժողների իրավունքների պաշտպանությունը: Կանոնադրության 75 հոդվածը տուժողներին ընձեռում է վնասի հատուցում ստանալու հնարավորություն: Կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի որոշմամբ ստեղծվում է նաև Նպատակային հիմնադրամ` ի շահ Դատարանին ընդդատյա հանցագործություններից տուժածների և նրանց ընտանիքների:
Կանոնադրության 55 հոդվածը սահմանում է Դատարանի կողմից իրականացվող քննության ընթացքում անձանց իրավունքները, 67 հոդվածը սահմանում է մեղադրյալի իրավունքները:
8. Կանոնադրության համաձայն` դրանում նախատեսված հանցագործությունների համար մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կարող են նշանակվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժամիջոցներ: Որպես հիմնական պատժամիջոց կարող է նշանակվել ազատազրկում` 30 տարին չգերազանցող ժամկետով, կամ ցմահ ազատազրկում:
Կանոնադրությունը սահմանում է Դատարանի դատավճիռը բողոքարկելու կարգը, բողոքարկման և վերանայման հիմքերը:
9. Կանոնադրությունը ներառում է առանձին բաժին, որով կանոնակարգվում են Դատարանի և Կանոնադրության մասնակից պետությունների միջև համագործակցության հետ կապված հարաբերությունները: Կանոնադրությունը սահմանում է համագործակցության իրավական հիմքերն ու ձևերը: Կանոնադրությամբ նախատեսված համագործակցության հիմնական ձևերն են.
- անձի կալանավորումը և փոխանցումը Դատարանին,
- հետաքննություն և քրեական հետապնդում իրականացնելու կապակցությամբ գործնական օգնության այլ ձևերը, որոնք պետություններն իրականացնում են իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին համապատասխան:
Կանոնադրության 9-րդ բաժնում սահմանված է մասնակից պետությանը` անձին կալանավորելու և Դատարանին փոխանցելու պահանջ, ինչպես նաև Դատարանին աջակցություն ցույց տալու կապակցությամբ խնդրանք ներկայացնելու և կատարելու կարգը:
Կանոնադրության 93 հոդվածը թույլատրում է աջակցության խնդրանքի մերժում, եթե այն վերաբերում է այնպիսի փաստաթղթերի ներկայացմանը կամ ապացույցների բացահայտմանը, որոնք առնչվում են իր ազգային անվտանգությանը:
10. Կանոնադրության մասնակիցները, իրենց հայեցողությամբ և կամավորության սկզբունքով, մասնակցում են Դատարանի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժն իրականացնելու գործին: Դատարանը դատապարտված անձին ընդունելու պատրաստակամություն հայտնած պետությունների ցանկից նշանակում է այն պետությանը, որտեղ տվյալ անձը պետք է կրի պատիժը:
Ազատազրկման ձևով նշանակված պատժի կատարումն իրականացվում է Դատարանի հսկողությամբ:
Կանոնադրությունը նախատեսում է պատժի կրճատման հնարավորություն, որը կարող է անել միայն Դատարանը:
11. Կանոնադրությամբ հիմնադրվել է Մասնակից պետությունների ասամբլեա, որում յուրաքանչյուր մասնակից պետություն ունի մեկ ներկայացուցիչ: Դատարանի և Մասնակից պետությունների ասամբլեայի ծախսերը ծածկվում են Դատարանի միջոցների հաշվին, որոնք գոյանում են մասնակից պետությունների կողմից կատարվող վճարումներից և ՄԱԿ-ի կողմից տրամադրվող միջոցներից:
12. Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
- ճանաչել Միջազգային քրեական դատարանը` որպես ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները լրացնող ինստիտուտ,
- ճանաչել Դատարանի իրավազորությունը` Կանոնադրության 5 հոդվածով սահմանված առավել ծանր հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց նկատմամբ,
- ճանաչել ՀՀ տարածքում Դատարանի` Կանոնադրությամբ նախատեսված իր լիազորություններն ու գործառույթներն իրականացնելու իրավունքը,
- Կանոնադրությունը հավասարապես կիրառել բոլոր անձանց նկատմամբ` առանց պաշտոնական դիրքով պայմանավորված տարբերակման, ապահովել, որպեսզի ազգային կամ միջազգային իրավունքով նախատեսված անձեռնմխելիությունը կամ դատավարական հատուկ նորմերը, որոնք կարող են կապված լինել անձի պաշտոնական դիրքի հետ, չխոչընդոտեն Դատարանի` այդ անձանց նկատմամբ իր իրավազորության իրականացմանը,
- ՀՀ տարածքում երաշխավորել Դատարանի` այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվելու իրավունքը, որոնք անհրաժեշտ են նրա նպատակների իրականացման համար, երաշխավորել դատավորների, դատախազի, դատախազի տեղակալների և քարտուղարի` Դատարանի գործունեությանը մասնակցելու ընթացքում կամ նման գործունեության առնչությամբ այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվելու իրավունքը, ինչպիսիք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին,
- ճանաչել Դատախազի` Կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ՀՀ տարածքում առանձին քննչական գործողություններ կատարելու իրավունքը,
- ճանաչել Մինչդատական վարույթի պալատի` Կանոնադրության 56 և 57 հոդվածներով նախատեսված լիազորություններն իրականացնելու իրավունքը,
- համագործակցել Դատարանի հետ` Դատարանին ընդդատյա հանցագործությունների կապակցությամբ նրա կողմից իրականացվող քննության և քրեական հետապնդման գործում,
- Կանոնադրության 9-րդ բաժնում նշված համագործակցության բոլոր ձևերի համար երաշխավորել ՀՀ ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի առկայությունը,
- Կանոնադրության 9-րդ բաժնի դրույթներին և ՀՀ ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին համապատասխան կատարել Դատարանի` անձին կալանավորելու և փոխանցելու մասին պահանջը,
- Կանոնադրության 9-րդ բաժնի դրույթների և ՀՀ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն քննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու կապակցությամբ Դատարանին օգնություն ցույց տալու մասին խնդրանքի կատարման նպատակով կատարել Կանոնադրության 93 հոդվածում նշված քննչական գործողությունները,
- ձգտել բավարարելու Դատարանի այն խնդրանքը, որը կապված է Կանոնադրության համաձայն Դատարանին փոխանցված անձի նկատմամբ դատավարական գործողություններ, պատիժ կամ կալանավորում իրականացնելու հետ` մինչև փոխանցումը կատարած ցանկացած արարքի համար, որը տարբեր է, քան այն արարքը կամ արարքի ընթացքը, ինչը հանդիսանում է այն հանցագործության հիմքը, որի համար այդ անձը փոխանցվում է,
- կրել ՀՀ տարածքում համագործակցության և աջակցության վերաբերյալ խնդրանքների կատարման հետ կապված սովորական ծախսերը, բացառությամբ Կանոնադրության 100 հոդվածի 1-ին կետում նշված ծախսերի, ինչպես նաև Կանոնադրության 100 հոդվածի 1-ին կետում նշված ծախսերը, եթե համագործակցության վերաբերյալ խնդրանքով Հայաստանի Հանրապետությունն է դիմել Դատարանին,
- ճանաչել Դատարանի իրավազորությունն իր կողմից իրականացվող արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ, որոնք թվարկված են Կանոնադրության 70 հոդվածի 1-ին կետում, և ՀՀ քաղաքացիների կողմից կամ ՀՀ տարածքում կատարված այդպիսի հանցագործությունների վրա տարածել հետաքննության անցկացման և դատաքննության իրականացման դեմ ուղղված հանցագործությունների համար պատիժներ նախատեսող ՀՀ քրեական օրենսդրությունը,
- ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն կատարել տուժողների վնասի հատուցման վերաբերյալ Դատարանի` Կանոնադրության 75 հոդվածի համաձայն ընդունած որոշումը,
- իր համար պարտադիր ճանաչել Դատարանի` ազատազրկման ձևով պատժի նշանակման վերաբերյալ դատավճիռը, ոչ մի դեպքում չփոփոխել այդ դատավճիռը,
- ընդունել Դատարանի բացառիկ իրավունքը` որոշում ընդունելու բողոքարկման կամ վերանայման մասին միջնորդության կապակցությամբ,
- չխոչընդոտել դատապարտված անձին դատավճռի բողոքարկման կամ վերանայման մասին Դատարանին միջնորդություններ ներկայացնելու հարցում,
- մասնակցել Դատարանի և մասնակից պետությունների ասամբլեայի, ներառյալ` նրա բյուրոյի և օժանդակ մարմինների ծախսերի վճարմանը:
13. Կանոնադրությանը Հայաստանի Հանրապետությունը միանում է հայտարարությամբ: Կանոնադրության 124 հոդվածը մասնակից պետություններին թույլ է տալիս հայտարարել, որ Կանոնադրության` տվյալ պետության համար ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարվա ընթացքում ինքը չի ընդունում Դատարանի իրավազորությունը 8 հոդվածում նշված հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ, երբ, ինչպես ենթադրվում է, հանցագործությունը կատարվել է իր քաղաքացիների կողմից կամ իր տարածքում: Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությանը միանում է նույնաբովանդակ հայտարարությամբ:
14. Ներկայումս միջազգային հարաբերություններում իրականություն է դարձել պետությունների կողմից իրականացվող առանձին իրավասություններ տարածաշրջանային կամ միջազգային մակարդակով գործող որոշ հատուկ կառույցների միջոցով իրականացնելը: Նույնը վերաբերում է նաև արդարադատություն իրականացնելու իրավազորության իրացմանը:
ՀՀ Սահմանադրությունն իր նախաբանում հավաստում է հայ ժողովրդի հավատարմությունը համամարդկային արժեքներին:
ՀՀ Սահմանադրության 4 հոդվածն ամրագրում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան իրականացնելու պետության պարտականությունը: ՀՀ Սահմանադրության նշված դրույթներն ստեղծում են իրավական հնարավորություններ ներգրավվելու այնպիսի համամարդկային արժեքների պաշտպանությանը, ինչպիսիք են խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Վերջիններս այն արժեքներն են, որոնց պաշտպանությանն է ուղղված նաև մշտական հիմունքներով գործող միջազգային քրեական դատարանի հիմնադրման գաղափարը:
Կանոնադրությունը նախատեսում է պետությունների և Դատարանի փոխհարաբերության կարգավորման այնպիսի սկզբունքներ և մոտեցումներ, որոնք ուղղված են պետության` Դատարանի իրավազորությունը ճանաչելու պարտավորության և պետության ինքնիշխանության սկզբունքի ներդաշնակմանը և իրավական համաձայնեցմանը: Այդ խնդիրը, մասնավորապես, լուծվում է Կանոնադրության հետևյալ դրույթների միջոցով.
- Դատարանն իր իրավազորությունն իրականացնում է Կանոնադրությամբ նախատեսված միայն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են`
ա) Կանոնադրության մասնակից պետության կամ Կանոնադրությանը համապատասխան Դատարանի իրավազորությունը ճանաչած պետության տարածքում` տվյալ պետության համար Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո (Կանոնադրության հոդված 12, կետ 2, (ա) ենթակետ),
բ) Կանոնադրության մասնակից պետության կամ Դատարանի իրավազորությունը ճանաչած պետության քաղաքացիների կողմից` տվյալ պետության համար Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո (Կանոնադրության հոդված 12, կետ 2, (բ) ենթակետ):
Կանոնադրությունն ամրագրում է Դատարանի իրավազորության հիմքում ընկած հիմնական սկզբունքը, այն է` Դատարանը, իրավազորություն իրականացնելով Կանոնադրությամբ նախատեսված ծանր հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց նկատմամբ, լրացնում է ներպետական իրավազորության մարմինները: Դատարանի իրավազորության հիմքում ընկած այս սկզբունքի բովանդակությունը, մասնավորապես, բացահայտված է Կանոնադրության 17 հոդվածում, որի համաձայն` Դատարանն իրավասու է Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների նկատմամբ արդարադատություն իրականացնել միայն այն դեպքում, երբ տվյալ պետությունն ի վիճակի չէ կամ չի ցանկանում Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների առնչությամբ պատշաճ կերպով իրականացնել քննություն կամ քրեական հետապնդում: Նույն հոդվածը նաև հստակորեն սահմանում է այն գործոնները, որոնք օբյեկտիվ հիմք են հանդիսանում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետության կողմից քննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու ցանկության բացակայությունը միջազգային իրավունքով ճանաչված համապատասխան ընթացակարգային նորմերին համապատասխան գնահատելու համար: Կանոնադրության 17 հոդվածի 3-րդ կետը սահմանում է նաև յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետության` քննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու անկարողության առկայության գնահատման օբյեկտիվ հիմքերը: Բացի դրանից, Կանոնադրության 19 հոդվածը տվյալ գործի նկատմամբ իրավազորություն ունեցող պետությանը հնարավորություն է տալիս վիճարկել գործի ընդունելիությունը և Դատարանի իրավազորությունն այն հիմքով, որ այդ պետությունը գործով քննություն կամ քրեական հետապնդում է իրականացնում կամ իրականացրել է: Դատարանի` ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող բնույթը դրսևորվում է նաև նրանում, որ Կանոնադրությունը նախատեսում է նաև կոնկրետ անձանց նկատմամբ քննությունը Դատախազի կողմից իրավասու պետությանը փոխանցելու հնարավորություն, երբ այդ պետությունը Կանոնադրությամբ սահմանված ժամկետում Դատարանին տեղեկացնում է, որ ինքը քննություն է իրականացնում կամ իրականացրել է այդ անձանց նկատմամբ:
Այսուհանդերձ, Կանոնադրության նախաբանի 10-րդ մասով և հոդված 1-ով նախատեսված` ներպետական քրեական իրավազորության մարմինների լրացման դրույթը չի բխում ՀՀ Սահմանադրության 91 և 92 հոդվածներով ամրագրված նորմերից: Արդարադատության իրականացումը հանդիսանում է դատարանների բացառիկ իրավասությունը: Ներպետական դատական համակարգի առնչությամբ ՀՀ Սահմանադրության 91 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Սահմանադրության 92 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, այդ թվում նաև քրեական իրավազորություն իրականացնող դատարաններն են առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը:
ՀՀ Սահմանադրության` դատական իշխանությանը վերաբերող 9-րդ գլուխը, հստակորեն սահմանելով ՀՀ դատական իշխանության համակարգը, չի նախատեսում որևէ դրույթ, որը հնարավորություն կտար միջազգային պայմանագրով լրացնել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` քրեական իրավազորություն իրականացնող դատական մարմինների համակարգը` քրեական իրավազորության միջազգային դատական մարմնով:
15. Պետության ինքնիշխանության սկզբունքի և Դատարանի իրավազորության փոխհարաբերության հիմնախնդրին են առնչվում նաև Կանոնադրության 54 հոդվածի 2-րդ կետի, 57 հոդվածի 3-րդ կետի /դ/ ենթակետի և 99 հոդվածի 4-րդ կետի դրույթները: Այս դրույթները հնարավորություն են ընձեռում Դատախազին համապատասխան մասնակից պետության տարածքում անմիջականորեն իրականացնել առանձին քննչական գործողություններ` առանց այդ պետության կողմից համագործակցության համաձայնություն ստանալու կամ առանց այդ պետության իշխանությունների ներկայության:
Կանոնադրության նշված դրույթները և 54, 57 և 99 հոդվածների այլ դրույթներ, Դատախազին տրամադրելով բավականին լայն լիազորություններ, միաժամանակ նախատեսում են մի շարք երաշխիքներ, որոնք հաշվի են առնում պետության ինքնիշխանությունը և թույլ չեն տա Դատախազին չարաշահել իր իրավասությունը: Այսպես.
- Կանոնադրության 54 և 57 հոդվածների համաձայն` Դատախազը մասնակից պետության տարածքում առանձին քննչական գործողություններ կարող է անմիջականորեն իրականացնել Մինչդատական վարույթի պալատի թույլտվությամբ: Մինչդատական վարույթի պալատը նման թույլտվություն տալիս պետք է հնարավորինս հաշվի առնի տվյալ պետության կարծիքը: Եվ որ ամենակարևորն է` Մինչդատական վարույթի պալատը կարող է Դատախազին անմիջական քննչական գործողությունների թույլտվություն տալ միայն այն դեպքում, երբ հավաստիանում է, որ տվյալ պետությունն ի վիճակի չէ կատարել իր տարածքում համապատասխան քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ խնդրանքը` դրա համար անհրաժեշտ լիազորությամբ օժտված որևէ մարմնի կամ դատական համակարգի որևէ օղակի բացակայության պատճառով:
- Կանոնադրության 99 հոդվածի 4-րդ կետի համաձայն` Դատախազը մասնակից պետության տարածքում, առանց այդ պետության իշխանությունների ներկայության, կարող է կատարել միայն այնպիսի քննչական գործողություններ, որոնք կարող են իրականացվել առանց հարկադրանքի միջոցների, և եթե դա էապես կարևոր է այդպիսի քննչական գործողությունների կատարման համար: Բացի դրանից, Դատախազը կարող է Կանոնադրության 99 հոդվածի 4-րդ կետի հիման վրա առանձին քննչական գործողությունները կատարել միայն տվյալ մասնակից պետության հետ բոլոր հնարավոր խորհրդակցություններից հետո, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ մասնակից պետության ներկայացրած բոլոր հիմնավոր պայմաններն ու մտահոգությունները:
Այսպիսով, Կանոնադրության 54 հոդվածի 2-րդ կետը, 57 հոդվածի 3-րդ կետի (դ) ենթակետը և 99 հոդվածի 4-րդ կետն ածանցյալ են Դատարանի գործունեության հիմքում ընկած փոխլրացնելիության սկզբունքից և, մեկնաբանվելով այդ սկզբունքի` Սահմանադրությամբ ամրագրված լինելու համատեքստում, չեն կարող վտանգել մասնակից պետության ինքնիշխանությունը:
16. Կանոնադրության 101 հոդվածի 1-ին կետի համաձայն` «Անձը, որը ... Կանոնադրության համաձայն փոխանցվում է Դատարանին, ենթակա չէ դատավարական գործողությունների, պատժի կամ կալանավորման` մինչև փոխանցումը կատարած ցանկացած արարքի համար, որը տարբեր է, քան այն արարքը կամ արարքի ընթացքը, որը հանդիսանում է այն հանցագործության հիմքը, որի համար այդ անձը փոխանցվում է»: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանը կարող է անձին փոխանցող պետությանը խնդրել հրաժարվելու այդ պահանջից, և տվյալ պետությունը պետք է ձգտի բավարարելու դատարանի այդ խնդրանքը:
Դատարանի նշված խնդրանքը բավարարելուն ձգտելու պարտավորությունը չի ենթադրում այդ խնդրանքի անվերապահ կատարում, և այդ պարտավորությունը պահանջում է մինչև խնդրանքի կատարումը հաշվի առնել իրավական և ոչ իրավական մի շարք գործոններ, հետևաբար` այդպիսի պարտավորության իրավաբանորեն ամրագրումն ինքնին բավարար հիմք չէ այն որպես ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված ինքնիշխանության սկզբունքի հետ անհամատեղելի դիտելու համար:
17. Կանոնադրության 105 հոդվածի համաձայն` ազատազրկման ձևով պատժի նշանակման վերաբերյալ Դատարանի դատավճիռը պարտադիր է մասնակից պետությունների համար, որոնք ոչ մի դեպքում չեն կարող փոփոխել այն: Այս դրույթը ենթադրում է, որ Կանոնադրության 5 հոդվածում նախատեսված հանցագործությունների համար Դատարանի կողմից դատապարտված` Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավազորության ներքո գտնվող անձինք չեն կարող օգտվել ներում ստանալու, ինչպես նաև իրենց նկատմամբ համաներման կիրառման միջոցով պատժի կրումից ազատվելու կամ ազատազրկման ժամկետի կրճատման հնարավորությունից, և, համապատասխանաբար` ՀՀ Նախագահը չի կարող այդ անձանց առնչությամբ իրացնել ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 17 կետով նախատեսված` դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը, իսկ ՀՀ Ազգային ժողովը` ՀՀ Սահմանադրության 81 հոդվածի 1-ին կետով նախատեսված` համաներում հայտարարելու իրավունքը:
Այն դեպքում, երբ Կանոնադրության 5 հոդվածում նախատեսված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեական իրավազորություն իրականացնում են ՀՀ ներպետական դատարանները, վերջիններիս կողմից ազատազրկման դատապարտված անձինք կարող են օգտվել ներում հայցելու հնարավորությունից և համաներման միջոցով պատժի կրումից ազատվելու կամ ազատազրկման ժամկետի կրճատման հնարավորությունից: Մինչդեռ, նույն հանցագործությունների համար Դատարանի` որպես ներպետական քրեական իրավազորության համակարգը լրացնող մարմնի, կողմից դատապարտված` ՀՀ ընդհանուր իրավազորության ներքո գտնվող անձինք Կանոնադրության 105 հոդվածի պահանջներին համապատասխան զրկվում են ՀՀ Սահմանադրության 40 հոդվածով նախատեսված ներման իրավունքից, ինչպես նաև 81 հոդվածով ամրագրված համաներման հնարավորությունից:
Հայաստանի Հանրապետությունը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության 4 հոդվածով ստանձնած` մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքների, չի կարող ստանձնել Սահմանադրությամբ չնախատեսված` մարդու իրավունքների սահմանափակման այնպիսի պարտավորություններ, որոնք նվազ բարենպաստ վիճակ կստեղծեն ՀՀ իրավազորության ներքո գտնվող անձանց համար` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների և ազատությունների երաշխավորման առումով:
18. Համաձայն ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի 6-րդ մասի, Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի 6-րդ մասի դրույթները, ՀՀ սահմանադրական դատարանը` ելնելով նաև միջազգային իրավակիրառական պրակտիկայից, հնարավոր է համարում ՀՀ Սահմանադրության այնպիսի փոփոխություն կամ լրացում, որը կճանաչի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները, կամ այդ Դատարանի իրավազորությունը` որպես ներպետական դատական համակարգը լրացնող մարմին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները (Կանոնադրության նախաբանի 10-րդ մաս և 1-ին հոդված), չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91 և 92 հոդվածներին:
2. Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդվածի, 55 հոդվածի 17 կետի, 81 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|