ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1980 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
4 հոկտեմբերի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1980 թվականի ապրիլի 11-ին Վիեննայում ստորագրված` Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան (կից հայտարարություններով) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1980 թվականի ապրիլի 11-ին` Վիեննայում:
Կոնվենցիայի նպատակն ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերը կարգավորող և տարբեր հասարակական, տնտեսական և իրավական համակարգերը հաշվի առնող միասնական նորմերի ընդունումն է:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1988 թ. հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան չի ստորագրել:
Կոնվենցիայի 91 հոդվածի 3-րդ կետի ուժով կոնվենցիան բաց է այն չստորագրած բոլոր պետությունների կողմից միանալու համար` դրա ստորագրման համար բացման ամսաթվից:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միանում է կոնվենցիայի 94, 95, 96 հոդվածների հիման վրա արված հայտարարություններով, որոնք վերաբերում են, մասնավորապես, կոնվենցիայի, դրա 1-ին հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի, 11-րդ, 29-րդ հոդվածների և երկրորդ մասի դրույթների` Հայաստանի Հանրապետության կողմից կիրառման սահմանափակումների դեպքերին:
2. Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` կոնվենցիան կիրառվում է այն կողմերի միջև ապրանքների առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ, որոնց առևտրային կազմակերպությունները գտնվում են տարբեր պետություններում, մասնավորապես, երբ այդ պետությունները Պայմանավորվող պետություններն են, կամ երբ միջազգային մասնավոր իրավունքի նորմերի համաձայն կիրառելի է Պայմանավորվող պետության իրավունքը:
Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` կոնվենցիան կարգավորում է միայն առուվաճառքի պայմանագրի կնքումը և այդպիսի պայմանագրից բխող` վաճառողի ու գնորդի իրավունքներն ու պարտականությունները: Մասնավորապես, այնքանով, որքանով կոնվենցիայում այլ բան նախատեսված չէ, այն չի վերաբերում պայմանագրի կամ դրա որևէ դրույթի, կամ ցանկացած սովորույթի վավերականությանը, ինչպես նաև այն հետևանքներին, որը կարող է պայմանագիրն առաջացնել վաճառված ապրանքի սեփականության իրավունքի նկատմամբ:
3. Կոնվենցիան սահմանում է վաճառողի և գնորդի միջև առուվաճառքի պայմանագրի կնքման կարգն ու պայմանները, առուվաճառքի պայմանագրում ներառվող էական պայմանները, պայմանագրի կողմերի իրավունքները և պարտականությունները, վաճառողի կողմից պայմանագրի խախտման դեպքում գնորդի իրավական պաշտպանության միջոցները, գնորդի կողմից պայմանագրի խախտման դեպքում վաճառողի իրավական պաշտպանության միջոցները, առուվաճառքի պայմանագրի կողմերի` պատասխանատվությունից ազատման իրավական հիմքերը, կարգավորում է ռիսկի գնահատման, վնասների փոխհատուցման և տոկոսների իրավունքի հետ կապված հարաբերությունները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1980 թվականի ապրիլի 11-ին Վիեննայում ստորագրված` Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|