ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 նոյեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի ապրիլի 4-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի միջև Երևանում Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի ծրագրի իրականացման գրասենյակի կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2003 թ. ապրիլի 4-ին` Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտին (այսուհետև` ԺԸԱՄԻ), նրա Ծրագրի իրականացման երևանյան գրասենյակին (այսուհետև` Գրասենյակ) և նրա անձնակազմին իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում արտոնություններ և անձեռնմխելիություն սահմանելու նպատակով:
2. Ըստ համաձայնագրի նախաբանի երկրորդ պարբերության` ԺԸԱՄԻ-ն հիմնադրվել է 1995 թվականի փետրվարի 27-ին Ստոկհոլմում ստորագրված` Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի հիմնադրման մասին համաձայնագրով, որը մասնավորապես նպատակ ունի աշխարհում խրախուսել և զարգացնել ժողովրդավարությունը, բարելավել ընտրական ընթացակարգերը և օժանդակել ընտրական գործընթացների արդյունավետությանը: Գրասենյակը ղեկավարում է ԺԸԱՄԻ-ի կողմից հաստատված` Հարավային Կովկասի ծրագիրը:
3. Ըստ համաձայնագրի` Գրասենյակն ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Որպես իրավաբանական անձ` Գրասենյակն իրավասու է կնքել պայմանագրեր, ձեռք բերել և օտարել գույք, հանդես գալ դատարանում:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ԺԸԱՄԻ-ին, Գրասենյակին, նրա սեփականությանն ու ակտիվներին տրամադրում է անձեռնմխելիություն դատական հետապնդումից, միաժամանակ սահմանվում է ԺԸԱՄԻ-ի Գլխավոր քարտուղարի կողմից այդ անձեռնմխելիությունից հրաժարվելու հնարավորություն:
Համաձայնագրով Գրասենյակի շենքերն ու շինությունները, սեփականությունն ու ակտիվներն անձեռնմխելի են, դրանք չեն կարող խուզարկվել, բռնագրավվել, ենթարկվել հարկադիր օտարման:
Քննության առարկա համաձայնագրով արտոնություններ ու անձեռնմխելիություն է տրամադրվում ԺԸԱՄԻ-ի պաշտոնյաներին և փորձագետներին, ինչպես նաև ԺԸԱՄԻ-ի անդամ պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հաշվի առնելով, որ արտոնություններն ու անձեռնմխելիությունը նշված անձանց տրամադրվում են իրենց գործառույթների անկախ և արդյունավետ իրականացումը երաշխավորելու նպատակով և ոչ թե անձնական շահի համար, համաձայնագիրը նախատեսում է նաև նրանց այդ արտոնություններից և անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` ԺԸԱՄԻ-ն, Գրասենյակը, նրա սեփականությունն ու ակտիվները, ԺԸԱՄԻ-ի գործունեության կապակցությամբ ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն ուղղակի հարկերից ազատելու, ծառայողական օգտագործման նպատակով ներմուծվող և արտահանվող առարկաները մաքսատուրքերից ազատելու, ԺԸԱՄԻ-ի կողմից նշանակված պաշտոնյաներին և փորձագետներին վճարված աշխատավարձը հարկերից ազատելու կապակցությամբ:
Հայկական կողմը պարտավորվում է նաև միջոցներ ձեռնարկել ԺԸԱՄԻ-ի շինությունների և անձնակազմի անվտանգության և պաշտպանության նպատակով, Գրասենյակի համար ապահովել հանրային ծառայությունների մատչելիությունը:
Համաձայնագիրը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է տրամադրել անվճար մուտքի արտոնագիր` Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության ժամկետով:
6. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 1, 4 և 9 հոդվածների դրույթներին: Որպես ինքնիշխան և իրավական պետություն` Հայաստանի Հանրապետությունը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, պարտավորվել է ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը նաև նրանց հատուկ կարգավիճակում գտնվելու ընթացքում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. ապրիլի 4-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի միջև Երևանում Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի ծրագրի իրականացման գրասենյակի կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
