ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
14 նոյեմբերի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Գ. Մարտիրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց ««Էներգետիկ խարտիայի պայմանագրում» և «Էներգետիկ խարտիային առընթեր էներգետիկ արդյունավետության հարցերի և էկոլոգիական հարակից ասպեկտների արձանագրությունում» ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված պայմանագրում և արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 և 65 հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է ընդունել միավորել և դատարանի նույն նիստում քննել նշված երկու միջազգային պայմանագրերի վերաբերյալ գործերը:
Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Մարտիրոսյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը, արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
«Էներգետիկ խարտիայի պայմանագրում» և «Էներգետիկ խարտիային առընթեր էներգետիկ արդյունավետության հարցերի և էկոլոգիական հարակից ասպեկտների արձանագրությունը» ստորագրվել են 1994 թվականի դեկտեմբերի 17-ին` Լիսաբոնում: Պայմանագրի անբաժանելի մասն են համարվում 14 հավելված և Էներգետիկ խարտիայի 1994 թվականի դեկտեմբերի 17-ի կոնֆերանսի Եզրափակիչ ակտի երկրորդ հավելվածում զետեղված որոշումները:
Սույն պայմանագրով Էներգետիկ խարտիայի նպատակներին և սկզբունքներին համապատասխան սահմանվում են էներգետիկայի բնագավառում երկարատև համագործակցության համար անհրաժեշտ իրավադրույթներ: Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են աջակցել էներգետիկ նյութերի և արտադրանքի բաց ու մրցակցային շուկայի զարգացմանը:
Պայմանագիրը դրույթներ է պարունակում էներգետիկ ոլորտում առևտրի, տարանցիկ փոխադրումների, կապիտալ ներդրումների, դրանց հետ կապված վեճերի կարգավորման վերաբերյալ:
Պայմանագրի Կողմերը պարտավորվում են էներգետիկայի բնագավառում ներդրումների համար ստեղծել բարենպաստ և կայուն պայմաններ, ապահովել կապիտալ ներդրումների պաշտպանությունը: Պայմանագրի մասնակից երկրների ներդրողները ըստ պայմանագրի 10(7) հոդվածի իրավունք ունեն օգտվելու ոչ պակաս բարենպաստ պայմաններից, քան սահմանված են տեղի ներդրողների համար:
Գործը քննության նախապատրաստելու ընթացքում ստացվել է Էներգետիկ խարտիայի կոնֆերանսի գլխավոր քարտուղարի պարզաբանումներն այն մասին, որ պայմանագրի շուրջ բանակցությունների ոչ մի փուլում հարց չի առաջացել, որ 10(7) հոդվածը ենթադրում է հողի ձեռքբերման հնարավորություն: Այն երկրները, որոնք Սահմանադրությամբ և օրենքով օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հողի սեփականության իրավունք չեն վերապահում, այդ հանգամանքը նախաներդրումային փուլում կարող են արտացոլել լրացուցիչ պայմանագրում, որի շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում:
Պայմանագրով կարգավորվում են նաև շրջակա միջավայրի վրա էներգետիկ համակարգերի ազդեցության հարցերը, և Կողմերը պարտավորվում են լիովին հաշվի առնել էկոլոգիական պահանջները և ծախսերը:
Արձանագրությունը սահմանում է էներգետիկ արդյունավետության բարձրացմանը և էներգետիկ համակարգերի վնասակար էկոլոգիական ազդեցության նվազեցմանը նպաստող համագործակցության սկզբունքները:
Ե'վ պայմանագրով, և' արձանագրությամբ սահմանվում են նաև Էներգետիկ խարտիայի կոնֆերանսի դերը, լիազորությունները և գործունեության կարգը:
Պայմանագրի և արձանագրության դրույթների անհամապատասխանության դեպքում գերակայություն ունեն պայմանագրի դրույթները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Էներգետիկ խարտիայի պայմանագրում» ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. «Էներգետիկ խարտիային առընթեր էներգետիկ արդյունավետության հարցերի և էկոլոգիական հարակից ասպեկտների արձանագրությունում» ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
