ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 1993 թվականի N 161
քաղ. Երևան
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված առևտրատնտեսական համաձայնագրի համաձայն սահմանամերձ առևտուր կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Պատգամավորների Մեղրու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին` տոնավաճառի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը սահմանված կարգով կատարել հողահատկացում Ագարակ ավանին հարակից տարածություններից` 2,5 հեկտար տարածքով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և առևտրի պետական ձեռնարկությանը` Մեղրու շրջանի ավտոտեխսպասարկման կայանի չօգտագործվող տարածքը վարձակալական հիմունքներով հանձնել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` սահմանամերձ առևտրի կազմակերպման նպատակով հատկացվող տարածքում նախագծային առաջադրանքները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համապատասխան հրամանատարության հետ:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրանական կողմի հետ նախապես համաձայնեցված սահմանամերձ առևտրի շրջանակներում մշտապես գործող տոնավաճառի կազմակերպման համաձայնագրի նախագիծը:
5. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության պատվիրած նախագծերին համապատասխան իրականացնել շինմոնտաժային աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բանկի հետ համատեղ հայթայթել միջոցներ տոնավաճառի գոտում շինմոնտաժային աշխատանքների ֆինանսավորումն իրականացնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության բանկին, Հայարդշինբաժնետերբանկին, Հայպետագրոբանկին` տոնավաճառի գոտում կազմակերպել վալյուտայի փոխանակման և այլ գործարքների ձևակերպման բանկային կետ:
7. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ սահմանել տոնավաճառի գոտում միանվագ վճարների չափը և դրանց գանձման կարգը:
8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետնախարար Վ. Սարգսյանի վրա:
9. Սույն որոշումը լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |