ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի
1960 թվականի դեկտեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրված «Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ միջազգային կոնվենցիայի (ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ)» (այսուհետ՝ Կոնվենցիա) մասնակից պետությունները, որոնք հիմնել են «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» Օդանավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն),
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Առանց վնաս հասցնելու Կոնվենցիայի 21-րդ և 22-րդ հոդվածներում սահմանված իրավունքների վերականգնմանը, երբ Կազմակերպությունը իր պաշտոնական գործողությունները իրականացնելիս կատարում է գույքի էական ձեռքբերում կամ նշանակալի արժողության ծառայություններ է մատուցում, որոնց հետ կապված ոչ ուղղակի տուրքեր, հարկեր կամ գանձումներ են (ներառյալ ներմուծումից գանձվող այնպիսի տուրքերը, հարկերը կամ գանձումները, որոնք տարբերվում են Կոնվենցիայի 22-րդ հոդվածի 1-ին կետում նշվածներից) վճարվել կամ վճարվելու են, անդամ պետությունների կառավարությունները, ըստ հնարավորության, համապատասխան գործողություններ կձեռնարկեն Կազմակերպությանը նման տուրքերի, հարկերի և գանձումների դիմաց փոխհատուցման համար՝ Կազմակերպությանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու կամ այդ տուրքերի, հարկերի կամ գանձումների գումարներից Կազմակերպությանը ազատելու միջոցով:
2. Ինչ վերաբերում է Կազմակերպության կողմից անդամ պետություններին արված վճարումներին, այդ պետությունների կողմից կատարված կապիտալ ներդրումների հետ կապված, քանի որ դրանց արժեքը փոխհատուցվում է Կազմակերպության կողմից, ապա նշված պետությունները կերաշխավորեն, որ Կազմակերպությանը ներկայացված տվյալ գումարների նրանց հայտարարությունները չեն ներառում տուրքեր, հարկեր կամ գանձումներ, որոնցից Կազմակերպությունը ազատվել է կամ որոնց դիմաց նրան փոխհատուցում է տրվել, կամ որոնց համար Կազմակերպությանը ֆինանսական ավանդներ են հատկացվել, եթե Կազմակերպությունը ինքն է կատարել այդ ներդրումները:
3. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվի հասարակությանը ցուցաբերվող ծառայությունների համար որպես վճար գանձվող տուրքերի, հարկերի կամ գանձումների նկատմամբ:
Հոդված 2
Կազմակերպությանը պահանջվող գույքը, որի նկատմամբ կիրառվում է 1-ին հոդվածի 1-ին կետը, չի կարող վաճառվել կամ այլ կերպ կազմալուծվել` բացառությամբ շահագրգիռ պետությունների կառավարությունների կողմից սահմանված պայմանների:
Հոդված 3
1. Երբ Գործակալության Գլխավոր տնօրենը կամ որևէ պաշտոնյա կամ ծառայող, ործակալության Կանոնադրության 14-րդ հոդվածում նախատեսված Անձնակազմի կանոնակարգերին կամ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ-ի Մաստրիխտի կենտրոնի անձնակազմի ծառայության ընդհանուր պայմաններին համապատասխան, անդամ պետության կողմից հարկվում է Կազմակերպության կողմից իրեն վճարվող աշխատավարձի և պարգևատրման համար, շահագրգիռ անդամ պետությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում հարկերի գումարի առնչությամբ հնարավորինս ճիշտ ֆինանսական ներդրում կատարելու համար Կազմակերպության համապատասխան բյուջե:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվի Կազմակերպության կողմից վճարվող կենսաթոշակների և ամենամյա եկամուտների նկատմամբ:
Հոդված 4
Սույն Արձանագրության նպատակների համար Կազմակերպությունը կգործի շահագրգիռ անդամ պետությունների համապատասխան մարմինների հետ համատեղ:
Հոդված 5
Սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման հետ կապված` Պայմանավորվող կողմերի կամ Պայմանավորվող կողմերի և Հանձնաժողովի կողմից ներկայացվող` Կազմակերպության միջև ծագող ցանկացած վեճ կկարգավորվի Կոնվենցիայի 33-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան:
Հոդված 6
Սույն Արձանագրությունը ուժի մեջ կմնա մինչև Կոնվենցիայի գործողության ժամկետի դադարեցումը:
Հոդված 7
1. Սույն Արձանագրությունը պետք է վավերացվի:
2. Վավերագրերը ի պահ կհանձնվեն Բելգիայի Թագավորության Կառավարությանը:
3. Սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի վերջին մասնակից պետության վավերագիրը ի պահ հանձնելուն հաջորդող ամսվա առաջին օրից:
4. Բելգիայի Թագավորության Կառավարությունը կծանուցի սույն Կոնվենցիայի մասնակից մյուս պետությունների կառավարություններին ցանկացած վավերագրի ի պահ հանձնման և ուժի մեջ մտնելու ժամկետի մասին:
Հոդված 8
1. Սույն Արձանագրությունը բաց է ցանկացած չստորագրած պետության միանալու համար, որը Կոնվենցիային միանալու խնդրանքով դիմում է 41-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Հանձնաժողովի` վերոնշյալ 41-րդ հոդվածում պայմանավորված համաձայնությունը վերաբերում է նաև շահագրգիռ պետության` սույն Արձանագրությանը միանալուն:
3. Սույն Արձանագրությանը միանալու մասին փաստաթուղթը ի պահ կհանձնվի այն նույն ժամանակ, երբ Կոնվենցիային միանալու մասին փաստաթուղթը կհանձնվի Բելգիայի Թագավորության Կառավարությանը, որը կծանուցի այդ մասին մյուս ստորագրած և միացած պետությունների կառավարություններին:
4. Սույն Արձանագրությանը միանալը ուժի մեջ է մտնում նույն օրը, ինչ Կոնվենցիային միանալը:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ ձևով կազմված իրենց լիազորությունները ներկայացնելուց հետո, ստորագրեցին սույն Արձանագրությունը և կնքեցին այն:
Կատարված է Բրյուսել քաղաքում 1970 թվականի հուլիսի 6-ին` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և հոլանդերեն, մեկ օրինակով, որը ի պահ կհանձնվի Բելգիայի Թագավորության Կառավարության արխիվներին, որն էլ հաստատված պատճենները կփոխանցի բոլոր ստորագրած պետություններին: Տարաձայնությունների դեպքում ֆրանսերեն տեքստը կգերակայի:
Արձանագրությունը ուժի մեջ է մտել 2006թ. մարտի 1-ին: