Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ (ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ) ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐող ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները`
պատրաստակամություն հայտնելով գործել համընդհանուր և ամբողջական զինաթափման գործընթացի արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ` ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի բոլոր տեսակների արգելումն ու ոչնչացումը, և համոզված լինելով, որ մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելումն ու այդ զենքի ոչնչացումը բոլոր արդյունավետ միջոցներով խթան կհանդիսանա խիստ և մշտական միջազգային վերահսկողության ներքո իրականացվող համընդհանուր և ամբողջական զինաթափման գործընթացի համար,
գիտակցելով 1925թ. հունիսի 17-ին Ժնևում ստորագրված «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող և այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» Արձանագրության կարևոր նշանակությունը և այն ներդրումը, որը նշված Արձանագրությունը կատարել է և շարունակում է կատարել պատերազմի սարսափների կանխման գործում,
վերահաստատելով իրենց համախոհությունը Արձանագրության սկզբունքներին և նպատակներին և կոչ անելով բոլոր պետություններին խստորեն հետևել դրանց,
մտաբերելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան շարունակաբար դատապարտում է 1925թ. հունիսի 17-ի՝ Ժնևի Արձանագրության սկզբունքներին և նպատակներին հակասող բոլոր գործողությունները,
ցանկանալով իրենց ներդրումն ունենալ ազգերի միջև վստահության ամրապնդման և միջազգային մթնոլորտի ընդհանուր բարելավման գործում,
ձգտելով նաև աջակցել Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության նպատակների և սկզբունքների իրականացմանը,
գիտակցելով պետությունների զինանոցներից բոլոր արդյունավետ միջոցներով թունավորող և մանրէաբանական (կենսաբանական) նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զենքի վերացման կարևորությունն ու հրատապությունը,
գիտակցելով, որ մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի արգելման մասին համաձայնագիրը առաջին հնարավոր քայլն է հանդիսանում դեպի նաև քիմիական զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման մասին համաձայնագիրը, և պատրաստակամություն հայտնելով շարունակել այդ ուղղությամբ վարվող բանակցությունները,
վճռականություն հայտնելով հանուն համայն մարդկության բացառել մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութերի որպես զենք օգտագործման հնարավորությունը,
գիտակցելով, որ նման օգտագործումը անհամատեղելի է մարդկային խղճի սկզբունքների հետ և որ ոչ մի ջանք չի կարելի ափսոսալ այդ վտանգը նվազեցնելու համար,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է երբեք և ոչ մի հանգամանքում չմշակել, չարտադրել, չկուտակել կամ այլ կերպ ձեռք բերել կամ պահպանել.
(1) այնպիսի մանրէաբանական կամ այլ կենսաբանական և թունավորող նյութեր` անկախ դրանց ծագումից, արտադրության մեթոդից, տեսակից և քանակից, որոնք նախատեսված չեն պրոֆիլակտիկ, պաշտպանիչ կամ այլ խաղաղ նպատակների համար,
(2) այնպիսի զենքեր, սարքավորումներ կամ առաքման միջոցներ, որոնք նախատեսված են
թշնամական նպատակներով կամ զինված հակամարտություններում այդ նյութերի օգտագործման համար:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ինն ամսվա ընթացքում, ոչնչացնել կամ խաղաղ նպատակների համար օգտագործման մեջ դնել Կոնվենցիայի 1-ին հոդվածում սահմանված` իր տրամադրության, իրավասության կամ հսկողության տակ գտնվող բոլոր մանրէաբանական և թունավորող նյութերը, զենքերը, սարքավորումները և առաքման միջոցները: Սույն հոդվածի դրույթների կատարումը պահանջում է բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության կանոնների պահպանումը:
Հ ո դ վ ա ծ 3
Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չփոխանցել որևէ ստացողի` ուղղակի կամ անուղղակի ճանապարհով, և ոչ մի կերպ չաջակցել, չսատարել կամ չդրդել որևէ պետության, պետությունների խմբի կամ միջազգային կազմակերպության արտադրել կամ որևէ այլ ճանապարհով ձեռք բերել սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածում սահմանված մանրէաբանական և թունավորող նյութեր, զենքեր, սարքավորումներ և առաքման միջոցներ:
Հ ո դ վ ա ծ 4
Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն` իր սահմանադրական ընթացակարգերին համապատասխան պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Կոնվենցիայի 1-ին հոդվածում սահմանված` իր տարածքում, ինչպես նաև իր իրավասության կամ հսկողության տակ գտնվող բոլոր մանրէաբանական և թունավորող նյութերի, զենքերի, սարքավորումների և առաքման միջոցների մշակման, արտադրության, կուտակման կամ պահպանման արգելման և կանխման ուղղությամբ:
Հ ո դ վ ա ծ 5
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են խորհրդակցել միմյանց հետ և համագործակցել ցանկացած խնդրի շուրջ, որը կարող է ծագել Կոնվենցիայի նպատակների կամ Կոնվենցիայի դրույթների կիրառման առնչությամբ: Սույն հոդվածով նախատեսված համագործակցությունը կարող է իրականացվել նաև ըստ սահմանված միջազգային կարգի` Միավորված ազգերի կազմակերպության գործառույթների շրջանակներում և համաձայն դրա Կանոնադրության:
Հ ո դ վ ա ծ 6
(1) Ցանկացած մասնակից պետություն` մեկ այլ մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիայի դրույթներով սահմանված պարտավորությունների խախտման հայտնաբերման դեպքում կարող է բողոք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ: Բողոքի մեջ պետք է ներկայացված լինեն այն հիմնավորող բոլոր առկա փաստերը և Անվտանգության խորհրդում այն քննության դնելու առաջարկությունը:
(2) Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է համագործակցել Անվտանգության խորհրդի կողմից ստացված բողոքի հիման վրա հարուցված քննության գործընթացներին` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության դրույթներին համապատասխան: Անվտանգության խորհուրդը քննության արդյունքների մասին տեղեկացնում է Կոնվենցիայի մասնակից պետություններին:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության համաձայն, պարտավորվում է աջակցություն ցուցաբերել այն ակնկալող ցանկացած այլ մասնակից պետությանը, երբ Անվտանգության խորհուրդը վճռում է, որ վերջինս վտանգի է ենթարկվել Կոնվենցիայի դրույթների խախտման հետևանքով:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես 1925 թվականի հունիսի 17-ին Ժնևում ստորագրված «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող և այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» Արձանագրության համաձայն մասնակից պետությունների կողմից ստանձնած պարտավորությունները որևէ կերպ սահմանափակող կամ այդ պարտավորություններից շեղվող:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն հաստատում է իր վճռական դիրքը քիմիական զենքի համընդհանուր արգելման գործում և, այս առնչությամբ, պարտավորվում է բարեխղճորեն շարունակել բանակցություններն` այդ զենքի մշակմանն, արտադրությանն ու կուտակմանն, ինչպես նաև դրա ոչնչացմանն ուղղված արդյունավետ միջոցների և ռազմական նպատակներով քիմիական նյութերի օգտագործման կամ արտադրության համար նախատեսված սարքավորումների և առաքման միջոցների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման նպատակով:
Հ ո դ վ ա ծ 10
(1) Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են սատարել և լիարժեք իրավունքով մասնակցել մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութերի խաղաղ նպատակներով օգտագործմանն առնչվող սարքավորումների, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության լայնածավալ փոխանակման գործընթացին: Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են համագործակցել միմյանց կամ միջազգային կազմակերպությունների հետ նաև մանրէաբանության (կենսաբանության) ոլորտի հետագա զարգացման և այդ ոլորտում կատարվող հայտնագործությունների կիրառման շուրջ` հանուն վարակների կանխման և այլ խաղաղ նպատակների:
(2) Սույն Կոնվենցիայի դրույթների իրականացումը չպետք է խոչընդոտ հանդիսանա մասնակից պետությունների գիտական կամ տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև խաղաղ նպատակներով մանրէաբանական (կենսաբանական) նյութերի կիրառման ոլորտում միջազգային համագործակցության համար` ներառյալ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրականացվող մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութերի, ինչպես նաև դրանց մշակման, օգտագործման կամ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների փոխանակումը հանուն խաղաղ նպատակների:
Հ ո դ վ ա ծ 11
Կոնվենցիայում փոփոխությունները և լրացումները կատարվում են ցանկացած մասնակից պետություն առաջարկությամբ: Փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում դրանք վավերացրած բոլոր մասնակից պետությունների համար` Կոնվենցիայի մասնակից պետությունների ձայների մեծամասնությամբ հաստատվելուն պես, իսկ յուրաքանչյուր հաջորդ վավերացնող մասնակից պետության համար` վավերացման օրվանից:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից հինգ տարի անց, կամ ավելի շուտ, եթե նախաձեռնող պետություններին այդպիսի առաջարկություն է ներկայացվում մասնակից պետությունների մեծամասնության կողմից, Ժնևում (Շվեյցարիա) կկայանա Կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողով, որի ընթացքում քննարկման կենթարկվի Կոնվենցիայի դրույթների իրականացման գործընթացը` Կոնվենցիայի նպատակներին դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով, ներառյալ քիմիական զենքի վերաբերյալ բանակցությունների ընթացքը: Քննարկումների ընթացքում պետք է նաև հաշվի առնվեն Կոնվենցիայի դրույթներին առնչվող գիտական և տեխնոլոգիական բոլոր նոր զարգացումները:
Հ ո դ վ ա ծ 13
(1) Սույն Կոնվենցիայի գործողության համար որևէ ժամկետ սահմանված չէ:
(2) Ցանկացած մասնակից պետություն` իր ազգային ինքնորոշման իրավունքի շրջանակներում, կարող է դուրս գալ Կոնվենցիայից, եթե այն որոշում է, որ Կոնվենցիայի կարգավորման առարկայի հետ առնչություն ունեցող ստեղծված արտակարգ իրավիճակը վտանգի տակ է դնում պետության գերագույն շահերը: Կոնվենցիայից դուրս գալու իր մտադրության մասին պետությունը պետք է երեք ամիս առաջ ծանուցի այլ մասնակից պետություններին և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին: Ծանուցման մեջ պետք է ներկայացվի այն արտակարգ իրավիճակի նկարագրությունը, որը վտանգի տակ է դրել պետության գերագույն շահերը:
Հ ո դ վ ա ծ 14
(1) Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է ցանկացած պետության համար: Համաձայն սույն հոդվածի 3-րդ կետի, մինչ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահը այն չստորագրած պետությունները կարող են միանալ ցանկացած ժամանակ:
(2) Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման ստորագրող պետությունների կողմից: Վավերացման և միանալու մասին փաստաթղթերը ներկայացվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարություններին, որոնք այսուհետև կհամարվեն ավանդապահ պետություններ:
(3) Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսաներկու պետությունների կողմից` ներառյալ ավանդապահ պետությունները, վավերացման փաստաթղթերի ներկայացման պահից:
(4) Այն պետությունների համար, որոնց վավերացման և միանալու մասին փաստաթղթերը ներկայացվում են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում վավերացման և միանալու մասին փաստաթղթերի ներկայացման պահից:
(5) Ավանդապահ պետությունները ժամանակին տեղեկացնում են բոլոր ստորագրող և միացող պետություններին ստորագրման, վավերացման կամ միանալու մասին փաստաթղթի ներկայացման և սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին, ինչպես նաև այլ ծանուցումների ստացման մասին:
(6) Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն, սույն Կոնվենցիան ենթակա է գրանցման ավանդապահ պետությունների կողմից:
Հ ո դ վ ա ծ 15
Կոնվենցիայի անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով կազմված օրինակները, որոնք բոլորն էլ հավասարազոր են, կպահպանվեն ավանդապահ պետությունների արխիվներում: Ըստ սահմանված կարգի հաստատված օրինակները ավանդապահ պետությունների կողմից կփոխանցվեն այլ մասնակից պետություններին:
Ի հավաստումն որի, ներքոստորագրյալները, պատշաճ ձևով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է երեք օրինակից` Վաշինգտոն, Լոնդոն և Մոսկվա քաղաքներում, 1972 թվականի ապրիլի 10-ին:
* Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի հունիսի 7-ից: