Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Միջազգային գիտահետազոտական կենտրոնների և գիտական կազմակերպությունների ստեղծման և կարգավիճակի վերաբերյալ
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները ի դեմս Կառավարությունների (այսուհետ՝ Կողմեր),
ընդունելով առաջնային ուղղություններով գիտատեխնիկական հետազոտությունների կատարման համար միավորման անհրաժեշտությունը և ջանքերի համակենտրոնացումը,
միջազգային գիտահետազոտական կենտրոնների և գիտական կազմակերպությունների ստեղծման և գործելու համար իրավական հիմքի ձևավորման նպատակով,
գործելով միջազգային փորձի համապատասխան, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի, ԱՄԿ-ի երաշխավորությունների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածություն ստեղծելու մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի Համաձայնագրով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակների համար ստորև նշված հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունները.
միջազգային գիտահետազոտական կենտրոն (այսուհետ՝ Կենտրոն)՝ միջպետական կազմակերպություն է, որը տարածքային և կազմակերպական հիմունքներով միավորում է Կենտրոնի անդամ պետությունների գիտնականներին և մասնագետներին` այդ պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ գիտահետազոտական հիմնախնդիրների ուսումնասիրության համար: Կենտրոնը գործում է միջպետական համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր), ինչպես նաև իր Կանոնադրության հիման վրա,
միջազգային գիտական կազմակերպություն (այսուհետ` Կազմակերպություն)՝ միջկառավարական կազմակերպություն, որը ստեղծված է համաձայնեցված գիտատեխնիկական քաղաքականության անցկացման, կազմակերպության անդամ պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտատեխնիկական համագործակցության նպատակով այդ պետությունների ազգային գիտական կազմակերպությունների առանձին առաջնային ուղղություններով գործունեության համաձայնեցման համար և գործում է կազմակերպության ստեղծման միջպետական համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) և իր Կանոնադրության հիման վրա,
գիտատեխնիկական հիմնախնդիր՝ տեսական և/կամ գործնական խնդիրների համախմբություն, որոնք իրենց լուծման համար պահանջում են նպատակասլաց ուսումնասիրությունների և մշակումների անցկացում և ապահովում են գիտելիքների ձեռքբերում որակապես նոր գիտական մտահղացումների իրականացման և մրցակցության ընդունակ տեխնիկայի նմուշների, տեխնոլոգիայի, նյութերի ստեղծումը,
գիտատեխնիկական համագործակցության առաջնային ուղղություններ՝ գիտական հետազոտությունների և մշակումների թեմատիկ ոլորտներ, որոնք Կողմերի սոցիալ-տնտեսական զարգացման համար ապահովում են հիմնական գիտատեխնոլոգիական ներդրումները ընթացիկ փոխադարձ օգտակար նպատակներին հասնելու համար,
գտնվելու վայր պետություն՝ պետություն, որի տարածքում գտնվում է Կենտրոնը (Կազմակերպությունը),
Կենտրոնի (Կազմակերպության) անդամ պետություն՝ Համաձայնագրի մասնակից պետություն, որը կատարում է տվյալ Համաձայնագրի և Կենտրոնի (Կազմակերպության) կողմից ընդունված կանոնադրության բոլոր պարտավորությունները,
Կենտրոնի (Կազմակերպության) ասոցացված անդամ՝ պետություն, որը Կենտրոնի (Կազմակերպության) անդամ չի հանդիսանում, մասնակցում է առանձին նախագծերի մշակմանը և ղեկավարմանը, իրականացնում է դրանց ֆինանսավորումը, ինչպես նաև նյութատեխնիկական և կադրային ապահովումը: Կենտրոն (Կազմակերպության) ասոցացված անդամի իրավունքները և պարտավորությունները նշվում են Կենտրոնի (Կազմակերպության) հետ կնքված պայմանագրում,
դիտորդ՝ պետության ներկայացուցիչ, որը չի հանդիսանում Կենտրոնի (Կազմակերպության) անդամ, մասնակցում է նրա մարմինների աշխատանքին, ինչպես նաև մասնակցում է նրա կողմից հրավիրված խորհրդակցություններին և համաժողովներին,
լիազորված ներկայացուցիչ՝ Կենտրոնի (Կազմակերպության) անդամ պետության ներկայացուցիչ, որը Կենտրոնի (Կազմակերպության) բարձրագույն մարմնի կազմի մեջ նշանակվում է անդամ պետության Կենտրոնի (Կազմակերպության) կողմից, ունենալով համապատասխան լիազորություններ, գործում է իր պետության անունից,
պաշտոնական անձինք՝ Կենտրոնի (Կազմակերպության) հաստիքային աշխատակիցներ, բացառությամբ տեխնիկական և սպասարկող անձնակազմի:
Հ ո դ վ ա ծ 2
Կենտրոնի (Կազմակերպության) իրավական կարգավիճակը
Կենտրոնը (Կազմակերպությունը) հանդիսանում է միջազգային միջպետական կազմակերպություն, ունի միջազգային իրավազորություն, որը որոշվում է սույն Կոնվենցիայով, Համաձայնագրով և այլ միջազգային պայմանագրերով, որոնք կնքվել են նրա Կանոնադրության հիման վրա ի զարգացումն այդ պայմանագրերի և օգտվում են իրավական անձի իրավունքներից Կենտրոնի (Կազմակերպության) անդամ պետությունների տարածքներում նրանց ազգային օրենսդրության համաձայն:
Հ ո դ վ ա ծ 3
Կենտրոնի հիմնական գործառույթները
Կենտրոնի հիմնական գործառույթներն են.
1. Կենտրոնի անդամ պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ գիտատեխնիկական հիմնախնդիրների գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների հիմնական ուղղությունների որոշում և դրանց կատարման ապահովում գիտատեխնիկական ծրագրերի և նախագծերի ձևով:
2. Կենտրոնի կողմից գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական աշխատանքների կատարում, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման կազմակերպումը, պայմանագրային (կոնտրակտային) հիմունքներով, այլ կազմակերպությունների կողմից:
3. Եզակի գիտական սարքերի և սարքավորումների, ինչպես նաև գիտական ապահովման օբյեկտների օգտագործում:
4. Կենտրոնի կողմից կատարվող աշխատանքների տեղեկատվական ապահովում, միջպետական գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման ապահովում, ներառյալ ավարտված աշխատանքների գովազդը:
5. Կենտրոնի գիտատեխնիկական ուղղություններին համապատասխանող, այդ պետություններում մշակվող և արտադրվող արդյունաբերական արտադրանքի ստանդարտացում և հավաստագրում:
6. Կողմերի շուկաների պահանջարկի բավարարման և համաշխարհային շուկա դուրս գալու համար մասնագիտացման և արտադրության կոոպերացիայի կազմակերպման առաջարկությունների նախապատրաստում:
7. Գիտնականների և մասնագետների պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում:
8. Կենտրոնի անդամ պետությունների գիտնականների և մասնագետների փոխանակման կազմակերպում:
9. Կենտրոնի գործունեության հետ կապված միջազգային գիտատեխնիկական համագործակցության իրագործում:
10. Միջազգային գիտաժողովների, համաժողովների, սեմինարների կազմակերպում և անցկացում:
Հ ո դ վ ա ծ 4
Կազմակերպության հիմնական գործառույթները
Կազմակերպության հիմնական գործառույթներն են.
1. Կազմակերպության անդամ պետությունների գիտատեխնիկական համագործակցության, համաձայնագրով որոշված, ուղղությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության մշակում և այդ պետությունների տեխնիկական, ֆինանսական ներուժի և նյութական ռեսուրսների միավորման ճանապարհով իրականացում:
2. Համատեղ գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունների որոշում:
3. Համատեղ և/կամ համակարգված գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման միջոցով գիտատեխնիկական նախագծերի համալիրի հիման վրա գիտական հետազոտությունների ծրագրերի մշակում:
4. Կազմակերպության անդամ պետությունների ազգային գիտական ներուժի զարգացման համար համաձայնեցված միջոցառումների անցկացում:
5. Աջակցություն Կազմակերպության անդամ պետություններում գոյություն ունեցող եզակի գիտական սարքերի, սարքավորումների արդյունավետ օգտագործմանը:
6. Կազմակերպության անդամ պետությունների գիտնականների և մասնագետների, գիտական և տեխնիկական տեղեկության փոխանակման համար աջակցություն:
7. Կազմակերպության գործունեության հետ կապված միջազգային գիտական համագործակցության իրականացում:
8. Միջազգային գիտաժողովների, համաժողովների, սեմինարների կազմակերպում և անցկացում:
Հ ո դ վ ա ծ 5
Կենտրոնի (Կազմակերպության) հիմնական իրավունքները
Կենտրոնի (Կազմակերպության) վրա դրված պարտականությունների կատարման համար Կողմերը նրան տալիս են իրավունք.
1. Ձևավորել և հաստատել գիտահետազոտական և կազմակերպչական իր գործունեության ծրագրերը և բյուջեն:
2. Կենտրոնի (Կազմակերպության) անդամ պետությունների և այլ պետությունների պետական մարմինների, գիտական, արդյունաբերական կազմակերպությունների հետ հաստատել և իրագործել ուղղակի պաշտոնական և աշխատանքային հարաբերություններ:
3. Իր իրավասության սահմաններում, իր անունից պայմանագրեր կնքել պետական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Կողմերի և այլ պետությունների պետական մարմինների և ֆիզիկական անձանց հետ:
4. Հաստատել և զարգացնել միջազգային կապերը:
5. Դրամական միջոցների անմիջական փոխանցում այլ երկրների կոնտրագենտներին, համատեղ և պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա, պատվիրված աշխատանքների կատարման համար, այդ երկրներում սահմանված կարգի համաձայն:
6. Գույքային և ոչ գույքային իրավունքներ ձեռք բերել, մտավոր գործունեության (մտավոր սեփականության) արդյունքների նկատմամբ ունենալ բացառիկ իրավունք, տիրել, օգտվել և տնօրինել սեփական անշարժ և շարժական գույքը, դատարաններում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:
7. Բանկային հաշիվներ բացել ցանկացած արժույթով:
8. Կենտրոնի (Կազմակերպության) անդամ պետությունների միջև իրականացնել գիտական, տեխնիկական և տնտեսական տեղեկատվության փոխանակում:
9. Կենտրոնի (Կազմակերպության) անդամ պետությունների միջև իրականացնել գիտնականների և մասնագետների փոխանակում:
10. Կենտրոնի (Կազմակերպության) անդամ պետությունների տարածքում հրատարակել և տարածել այդ պետությունների օրենսդրությանը համապատասխանող իր պաշտոնական տպագրական հրատարակությունները, որոնց հրատարակումը նախատեսված է Կենտրոնի (Կազմակերպության) հիմնադիր փաստաթղթերով կամ էլ նրա բարձրադիր մարմնի որոշումներով:
11. Կենտրոնի (Կազմակերպության) անդամ պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական և գիտատեխնիկական ուղղություններով կատարել գիտնականների և մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում:
12. Ստեղծել Կենտրոնի (Կազմակերպության) բաժանմունքներ և ներկայացուցչություններ:
Հ ո դ վ ա ծ 6
Կենտրոնի (Կազմակերպության) ստեղծումը
1. Կենտրոնը (Կազմակերպությունը) հիմնադրվում է շահագրգռված պետությունների կողմից Համաձայնագրի կնքման միջոցով:
2. Կենտրոնի (Կազմակերպության) հիմնադրման առաջարկությունը նախապատրաստվում է շահագրգիռ պետությունների նախաձեռնությամբ, գիտատեխնիկական զարգացման Միջպետական կոմիտեի կողմից (այսուհետ՝ ԳՏԶ ՄՊԿ): Համաձայնության նախագիծը, Կենտրոնի (Կազմակերպության) կանոնադրությունը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Տնտեսական միության Միջպետական Տնտեսական Կոմիտեին քննարկման համար, որից հետո ներկայացվում են ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանը:
3. Կենտրոնի (Կազմակերպության) Համաձայնագրի և Կանոնադրության մեջ որոշվում են Կենտրոնի (Կազմակերպության) ստեղծման նպատակները, նրա խնդիրները և գործառույթները, իրավական կարգավիճակը, գիտահետազոտական ուսումնասիրությունների, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական աշխատանքների հիմնական ուղղությունները, նրա գործունեության ֆինանսավորման պայմանները և կարգը, գիտական և տնտեսական գործունեության պայմանները, Կենտրոնի (Կազմակերպության) մարմինները, արտոնությունները, առավելությունները և անձեռնմխելիությունը, որոնք տրվում են Կենտրոնին (Կազմակերպությանը), իրավասու ներկայացուցիչներին և պաշտոնական անձանց, Կենտրոնի (Կազմակերպության) գույքային և ոչ գույքային իրավունքները, որոշումների ընդունման կարգը, Կենտրոնի (Կազմակերպության) լուծարման կարգը, ինչպես նաև այլ հարցեր, որոնք անհրաժեշտ են Կենտրոնի (Կազմակերպության) արդյունավետ գործունեության համար:
Համաձայնագիրը պետք է գրանցվի Միավորված ազգերի Կազմակերպության Քարտուղարությունում:
4. Կենտրոնը, որպես կանոն, կազմակերպվում է ազգային գիտական կենտրոնների (կամ էլ նրանց մասնաճյուղերի) հիման վրա, որոնք համաշխարհային գիտության մեջ գրավում են առաջնային դիրքեր և/կամ ունեն սարքերի և սարքավորումների եզակի համակազմ:
5. Կենտրոնը (Կազմակերպությունը) իր գործունեությունը կատարում է սույն Կոնվենցիայի, Համաձայնագրի և այլ միջազգային պայմանագրերի և Կանոնադրությանը համապատասխան:
6. Կենտրոնը (Կազմակերպությունը), յուրաքանչյուր պետության հետ, համաձայնագիր է կնքում տվյալ երկրում գտնվելու պայմանների վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 7
Ֆինանսավորում
1. Կենտրոնի (Կազմակերպության) գործունեության ֆինանսավորումը կատարվում է Համաձայնագրով և Կանոնադրությամբ նախատեսված աղբյուրների միջոցով:
Ֆինանսավորումը կարող է իրականացվել ի հաշիվ՝
Կենտրոնի (Կազմակերպության) անդամ պետությունների մասնային և միանվագ նպատակային մուծումների,
նրան բացառիկ իրավունքով (մտավոր սեփականության) պատկանող իրականացումից ստացված շահույթի,
պետությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կատարվող կամավոր մուծումների և նվիրատվությունների,
Կենտրոնի (Կազմակերպության) Համաձայնագրով և Կանոնադրությամբ նախատեսված այլ աղբյուրների:
2. Կենտրոնի (Կազմակերպության) գործունեության ընթացքում ստեղծված և ձեռք բերված գույքը հանդիսանում է նրա սեփականությունը:
3. Կենտրոնի (Կազմակերպության) լուծարման դեպքում յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ստանալ միջոցների և ունեցվածքի իր բաժինը:
Հ ո դ վ ա ծ 8
Հետազոտությունների արդյունքների սեփականության իրավունք
1. Կենտրոնը (Կազմակերպությունը) իր կողմից ինքնուրույն, ինչպես նաև պատվիրված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ պայմանագրերում (կոնտրակտներում), այլ որոշումների բացակայության դեպքում, բացառիկ իրավունք ունի:
2. Կենտրոնի (Կազմակերպության) անդամ պետությունները իրավունք ունեն ոչ առևտրային նպատակներով օգտագործել գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների արդյունքները:
Հ ո դ վ ա ծ 9
Առավելությունները, արտոնությունները և անձեռնմխելիությունը
1. Կողմերը Կենտրոնի (Կազմակերպության) լիազոր ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց կարգավիճակի և կանոնադրական խնդիրների համաձայն, համապատասխան գործունեության համար, առավելությունների, արտոնությունների և անձեռնմխելիության իրավունք են տալիս: Կոնկրետ առավելությունները, արտոնությունները և անձեռնմխելիությունը որոշվում են պայմանագրով, որը կնքվում է Կենտրոնի (Կազմակերպության) և այլ պետության հետ, որի տարածքում է նա գտնվում:
Ընդ որում, առավելությունները, արտոնությունները և անձեռնմխելիությունը Կենտրոնի (Կազմակերպության) գտնվելու պետության տարածքում տարածվում են այդ պետության քաղաքացիություն չունեցող (կամ էլ մշտական չբնակվող) անձանց վրա:
2. Արտոնությունները և անձեռնմխելիությունը Կենտրոնին (Կազմակերպությանը), լիազորված ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց տրվում են ոչ թե անձնական շահի, այլ Կենտրոնի (Կազմակերպության) աշխատանքների հետ կապված իրենց գործառույթները անկախ և արդյունավետ կատարելու համար:
Հ ո դ վ ա ծ 10
Կենտրոնի (Կազմակերպության) բարձրագույն մարմինը
1. Բարձրագույն մարմին է հանդիսանում՝
Կենտրոնի համար՝ Կենտրոնի անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների Խորհուրդը,
Կազմակերպության համար՝ Կազմակերպության անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների Կոմիտեն:
Լիազոր ներկայացուցիչները նշանակվում են Համաձայնագրի ստորագրման ժամանակ:
Բարձրագույն մարմնի աշխատանքներին կարող են մասնակցել Կենտրոնի (Կազմակերպության) ասոցացված անդամների կողմից լիազորված ներկայացուցիչները, ինչպես նաև դիտորդները:
2. Բարձրագույն մարմինը հաստատում է Կենտրոնի (Կազմակերպության) բյուջեն և նրա կատարման հաշվետվությունը: Ձևավորում է Կենտրոնի (Կազմակերպության) գործադիր, գիտական, խորհրդակցական և ֆինանսավերահսկողական մարմինները:
3. Բարձրագույն մարմինը հաստատում է Կենտրոնի (Կազմակերպության) գիտահետազոտական և կազմակերպչական գործունեության ծրագիրը:
4. Բարձրագույն մարմնի որոշումները Կենտրոնի (Կազմակերպության) գործունեությանը մասնակցող բոլոր կազմակերպությունների համար պարտադիր բնույթ են կրում:
Հ ո դ վ ա ծ 11
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Կոնվենցիան չի շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներն են հանդիսանում Կողմերը:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
3. Սույն Կոնվենցիայում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
4. Սույն Կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան կամ այլ իրավասու միջազգային դատական մարմիններ:
5. Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ 5 տարով, եթե Կողմերը այլ որոշում չկայացնեն:
6. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից‚ այդ մասին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
7. Սույն Կոնվենցիան բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի փետրվարի 24-ից: