ՄԻՆԱՄԱՏԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՍՆԴԻԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն Կոնվենցիայի Կողմերը,
Ընդունելով, որ սնդիկը այնպիսի քիմիական նյութ է, որը համաշխարհային առումով մտահոգություն է առաջացնում՝ պայմանավորված մթնոլորտում դրա հեռահար տարածություններում տեղաշարժմամբ, անթրոպոգեն գործունեության արդյունքում շրջակա միջավայր թափանցելու պահից դրա կենսունակությամբ, էկոհամակարգերում դրա կենսակուտակման ունակությամբ, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած դրա լուրջ բացասական ազդեցությամբ,
Վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանական ծրագրի Կառավարման խորհրդի՝ 2009 թվականի փետրվարի 20-ի հմ. 25/5 որոշումը՝ նախաձեռնել միջազգային միջոցներ՝ ուղղված արդյունավետորեն, գործուն և հետևողականորեն սնդիկի կարգավորմանը,
Վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության՝ «Ապագա, որը մենք ուզում ենք» թեմայով Կայուն զարգացման համաժողովի եզրափակիչ փաստաթղթի 221-րդ կետը, որը պարունակում է սնդիկի հարցով իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող համաշխարհային փաստաթղթի շուրջ բանակցությունները հաջող ավարտելու կոչ՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգի վերացման նպատակով,
Վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության՝ Կայուն զարգացման համաժողովի կողմից Շրջակա միջավայրի և զարգացման Ռիոյի հռչակագրի սկզբունքների վերահաստատումը, ներառյալ, այդ թվում, ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվության սկզբունքը, և ընդունելով պետությունների համապատասխան պայմաններն ու հնարավորությունները, ինչպես նաև համաշխարհային մակարդակում գործողությունների անհրաժեշտությունը,
Գիտակցելով, առողջության համար վտանգները, հատկապես` զարգացող երկրներում, որոնք հետևանք են խոցելի բնակչության, հատկապես` կանանց, երեխաների և, նրանց միջոցով, ապագա սերունդների վրա սնդիկի ազդեցության,
Նշելով, որ Արկտիկայի էկոհամակարգերը և բնիկների համայնքները հատկապես խոցելի են՝ սնդիկի բիոմագնիսացման և ավանդական սննդամթերքի վարակման հետևանքով, և մտահոգված լինելով ընդհանուր առմամբ բնիկ համայնքների վրա սնդիկի ազդեցությամբ,
Նկատի ունենալով Մինամատայի հիվանդության նշանակալի դասերը, մասնավորապես` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա սնդիկի աղտոտվածության ունեցած բացասական ազդեցությունը, և սնդիկի պատշաճ կառավարումն ապահովելու և ապագայում նման դեպքերի կրկնումը կանխարգելելու անհրաժեշտությունը,
Ընդգծելով ֆինանսական, տեխնիկական, տեխնոլոգիական աջակցության և կարողությունների ձևավորման ոլորտում աջակցության կարևոր նշանակությունը, հատկապես` զարգացող երկրներում և անցումային տնտեսություն ունեցող երկրներում` նպատակ ունենալով ընդլայնելու սնդիկի կառավարման բնագավառում նրանց ազգային կարողությունները և խթանելու Կոնվենցիայի արդյունավետ իրականացումը,
Ընդունելով նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սնդիկի հետ կապված գործունեությունը՝ ուղղված մարդու առողջության պաշտպանությանը, և համապատասխան բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի, հատկապես` Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի և Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին Ռոտերդամի կոնվենցիայի դերը,
Ընդունելով, որ սույն Կոնվենցիան և բնապահպանության և առևտրի ոլորտում միջազգային այլ համաձայնագրերը փոխլրացնող բնույթ ունեն,
Ընդգծելով, որ սույն Կոնվենցիան չի հետապնդում որևէ Կողմի՝ ցանկացած այլ գործող միջազգային համաձայնագրից բխող իրավունքների և պարտականությունների վրա ազդելու նպատակ,
Գիտակցելով, որ վերոնշյալ արձանագրող դրույթը նպատակ չունի սահմանելու գերակայություն սույն Կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի միջև,
Նշելով, որ սույն Կոնվենցիայի որևէ դրույթ Կողմերից յուրաքանչյուրին չի խոչընդոտում կիրառելի միջազգային իրավունքի համաձայն ստանձնած՝ Կողմերի այլ պարտավորություններին համապատասխան՝ սնդիկի վնասակար ազդեցությունից մարդու առողջությունը և շրջակա միջավայրը պաշտպանելուն ուղղված ջանքերի շրջանակում ձեռնարկելու լրացուցիչ ներպետական միջոցառումներ, որոնք համահունչ են սույն Կոնվենցիային,
Համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Նպատակը
Սույն Կոնվենցիայի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից և արտազատումներից:
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով՝
(a) «ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանություն» նշանակում է՝ ոսկու հանքահանություն, որն իրականացվում է առանձին հանքարդյունահանողների կամ փոքր ձեռներեցների կողմից սահմանափակ կապիտալ ներդրումներով և արտադրության ծավալներով,
(b) «առկա լավագույն մեթոդներ» նշանակում է՝ այն մեթոդները, որոնք ամենաարդյունավետն են կանխարգելելու և, երբ դա հնարավոր չէ, նվազեցնելու համար սնդիկի արտանետումներն ու արտազատումները օդի, ջրի և հողի մեջ և նման արտանետումների ու արտազատումների ազդեցությունը ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի վրա` հաշվի առնելով տվյալ Կողմի կամ այդ Կողմի տարածքում գտնվող տվյալ օբյեկտի տնտեսական և տեխնիկական դիտարկումները: Այս համատեքստում.
i. «լավագույն» նշանակում է՝ առավել արդյունավետ՝ ընդհանուր առմամբ ամբողջ շրջակա միջավայրի ընդհանուր բարձր մակարդակի պաշտպանության համար,
ii. «առկա» նշանակում է՝ տվյալ Կողմի և այդ Կողմի տարածքում գտնվող տվյալ օբյեկտի նկատմամբ մեթոդներ, որոնք մշակված մասշտաբային այն մեթոդներն են, որոնք թույլ են տալիս կիրարկումը տվյալ արդյունաբերական հատվածում տնտեսապես և տեխնիկապես կենսունակ պայմաններում` հաշվի առնելով ծախսերը և առավելությունները` անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք այդ մեթոդները կիրառվել կամ մշակվել են տվյալ Կողմի տարածքում՝ պայմանով, որ դրանք մատչելի են տվյալ արդյունաբերության օպերատորի համար, ինչպես կորոշի տվյալ Կողմը, և
iii. «մեթոդներ» նշանակում է՝ կիրառվող տեխնոլոգիաներ, գործառական կարգեր և այն եղանակներ, որոնցով նախագծվում, կառուցվում, պահպանվում, գործում և ապամոնտաժվում են կայանքները,
(c) «լավագույն բնապահպանական գործելակարգեր» նշանակում է՝ բնապահպանական հսկողության միջոցառումների և ռազմավարությունների առավել համապատասխան համակցություն,
(d) «սնդիկ» նշանակում է՝ սնդիկ տարր (Hg(0), CAS No. 7439-97-6),
(e) «սնդիկի համակցություն» նշանակում է՝ ցանկացած նյութ` բաղկացած սնդիկի ատոմներից և այլ քիմիական տարրերի մեկ կամ ավել ատոմներից, որոնք կարելի է բաժանել տարբեր բաղադրիչների միայն քիմիական ռեակցիաների միջոցով,
(f) «սնդիկի հավելիչներով արտադրանք» նշանակում է՝ արտադրանք կամ արտադրանքի բաղադրիչ, որը պարունակում է սնդիկ կամ սնդիկի համակցություն, որն ավելացվել է դիտավորյալ,
(g) «Կողմ» նշանակում է՝ պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն, որը համաձայնել է, որ սույն Կոնվենցիան իր համար պարտադիր ուժ ունենա և որի համար Կոնվենցիան ուժի մեջ է,
(h) «ներկա և քվեարկող Կողմեր» նշանակում է՝ Կողմեր, որոնք Կողմերի հանդիպմանը ներկա են և քվեարկում են կողմ կամ դեմ,
(i) «սնդիկի առաջնային հանքարդյունաբերություն» նշանակում է՝ հանքարդյունաբերություն, որտեղ փնտրվող հիմնական նյութը սնդիկն է,
(j) «տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է՝ կազմակերպություն, որը ձևավորվել է տվյալ տարածաշրջանի սուվերեն պետությունների կողմից, որին դրա անդամ պետությունները փոխանցել են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում իրենց իրավասությունները, և որը պատշաճ կարգով լիազորված է, համաձայն իր ներքին ընթացակարգերի, ստորագրելու, վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ միանալու սույն Կոնվենցիային, և
(k) «կիրառությունը թույլատրելի է» նշանակում է՝ սույն Կոնվենցիայի համաձայն՝ սնդիկի կամ սնդիկի միացությունների ցանկացած կիրառություն Կողմի կողմից՝ ներառյալ, սակայն չսահմանափակելով 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների համաձայն կիրառությունը:
Հոդված 3
Սնդիկի մատակարարման աղբյուրները և առևտուրը
1. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝
(a) Հղումները «սնդիկին» ներառում են այլ նյութերի հետ սնդիկի խառնուրդներ, այդ թվում` սնդիկի համաձուլվածքներ, որտեղ սնդիկի խտությունը կազմում է ընդհանուր կշռի առնվազն 95 տոկոսը, և
(b) «Սնդիկի միացություններ» նշանակում է՝ սնդիկի (I) քլորիդ (նաև հայտնի որպես կալոմել), սնդիկի (II) օքսիդ, սնդիկի (II) սուլֆատ, սնդիկի (II) նիտրատ, կինաբարիս և սնդիկի սուլֆիդ:
2. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում.
(a) Սնդիկի կամ սնդիկի միացությունների այն քանակների նկատմամբ, որոնք օգտագործվելու են լաբորատոր հետազոտություններում կամ որպես էտալոնային չափորոշիչ, կամ
(b) Սնդիկի կամ սնդիկի միացությունների քանակների` բնական եղանակով հայտնաբերվող հետքերի նկատմամբ, որոնք առկա են որոշ արտադրանքներում, ինչպես՝ սնդիկ չպարունակող մետաղները, երկաթաքարերը կամ հանքանյութերը, այդ թվում` ածուխը, կամ այդ նյութերից առաջացող արտադրանքը և պատահական հետքաքանակների նկատմամբ քիմիական արտադրանքում, կամ
(c) Սնդիկի հավելիչներով արտադրանքի նկատմամբ:
3. Կողմերից յուրաքանչյուրը չի թույլատրում սնդիկի առաջնային հանքարդյունաբերություն, եթե այն արդեն իսկ չի իրականացվում իր տարածքում սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելու պահին:
4. Կողմերից յուրաքանչյուրը միայն թույլ է տալիս սնդիկի առաջնային հանքարդյունաբերություն, եթե այն արդեն իսկ իրականացվում է իր տարածքում սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելու պահին՝ մինչև տասնհինգ տարի դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այդ հանքարդյունաբերությունից ստացված սնդիկն օգտագործվում է միայն սնդիկի հավելիչներով ստացված արտադրության մեջ` համաձայն 4-րդ հոդվածի, արտադրական գործընթացներում` համաձայն 5-րդ հոդվածի, կամ տնօրինվում է` համաձայն 11-րդ հոդվածի` կիրառելով գործողություններ, որոնք չեն հանգեցնում վերականգնման, թափոնների մշակման, վերստացման ուղղակի կիրառության կամ այլընտրանքային կիրառությունների:
5. Կողմերից յուրաքանչյուրը՝
(a) պետք է փորձի հայտնաբերել սնդիկի կամ սնդիկի միացությունների առանձին պաշարներ, որոնք գերազանցում են 50 մետրիկ տոննան, ինչպես նաև սնդիկի մատակարարման աղբյուրներ, որոնք առաջացնում են տարեկան 10 մետրիկ տոննան գերազանցող պաշարներ իր տարածքում,
(b) պետք է ձեռնարկի միջոցներ` ապահովելու համար, որ՝ երբ Կողմը որոշում է, որ առկա է քլոր-ալկալիական արտադրությունների ապամոնտաժումից ավելացած սնդիկ, այդ սնդիկը տնօրինվի 11-րդ հոդվածի 3-րդ կետի «a ենթակետում նշված՝ շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով կառավարման ուղեցույցի համաձայն՝ կիրառելով գործողություններ, որոնք չեն հանգեցնում վերականգնման, թափոնների մշակման, վերստացման ուղղակի կիրառության կամ այլընտրանքային կիրառությունների:
6. Կողմերից ոչ մեկը չի թույլատրում սնդիկի արտահանում՝ բացառությամբ.
(a) այն Կողմին, որն արտահանող Կողմին տրամադրել է գրավոր համաձայնություն, և միայն հետևյալ նպատակներով.
i. ներկրող Կողմին սույն Կոնվենցիայով թույլատրված կիրառության համար կամ
ii. շրջակա միջավայրի համար անվտանգ միջանկյալ պահեստավորման համար` համաձայն 10-րդ հոդվածի, կամ
(b) ոչ անդամ կողմին, որն արտահանող Կողմին տրամադրել է գրավոր համաձայնություն, այդ թվում` հավաստագիր այն մասին, որ.
i. ոչ անդամ կողմը ձեռնարկել է միջոցներ` ապահովելու համար մարդու առողջությունը ու շրջակա միջավայրի պաշտպանությունը և ապահովելու համար իր կողմից համապատասխանությունը 10-րդ և 11-րդ հոդվածների դրույթներին, և
ii. Այդ սնդիկն օգտագործվելու է միայն այն կիրառության համար, որը թույլ է տրված Կողմին սույն Կոնվենցիայով կամ շրջակա միջավայրին չվնասող միջանկյալ պահպանման համար` համաձայն 10-րդ հոդվածի:
7. Արտահանող Կողմը կարող է հիմք ընդունել ներկրող Կողմի կամ ոչ անդամ կողմի՝ Քարտուղարությանն ուղղված ընդհանուր ծանուցումը որպես 6-րդ կետով պահանջվող գրավոր համաձայնություն: Նման ընդհանուր ծանուցումը պետք է սահմանի այն ժամկետներն ու պայմանները, որոնց շրջանակում ներմուծող Կողմը կամ ոչ անդամ կողմը տվել են իրենց համաձայնությունը։ Ծանուցումը կարող է ցանկացած պահի չեղյալ հայտարարվել Կողմի կամ ոչ անդամ կողմի կողմից: Քարտուղարությունը վարում է բոլոր այդպիսի ծանուցումների հրապարակային ռեգիստր:
8. Ոչ մի Կողմ չի թույլատրում սնդիկի ներկրում այն ոչ անդամ կողմից, որին տալիս է իր գրավոր համաձայնությունը, եթե ոչ անդամ կողմը չի ներկայացնում հավաստագիր առ այն, որ սնդիկը, 3-րդ կետի կամ 5-րդ կետի «b» ենթակետի համաձայն, անթույլատրելի ճանաչված աղբյուրներից չէ:
9. Այն Կողմը, որը համաձայնության ընդհանուր ծանուցում է ներկայացրել 7-րդ կետի համաձայն, կարող է որոշել չկիրառել 8-րդ կետը՝ պայմանով, որ նա կիրառում է համապարփակ սահմանափակումներ սնդիկի արտահանման հարցում և ձեռնարկել է ներպետական միջոցներ` ապահովելու համար, որ ներկրված սնդիկը կառավարվի շրջակա միջավայրին չվնասող եղանակով: Կողմը պետք է Քարտուղարությանը ներկայացնի նման որոշման մասին ծանուցում, ներառյալ՝ տեղեկություն արտահանման իր սահմանափակումների և կարգավորման ներպետական միջոցների մասին, ինչպես նաև տեղեկություն ոչ անդամ կողմերից ներկրվող սնդիկի քանակի և ծագման երկրների մասին: Քարտուղարությունը վարում է բոլոր այդպիսի ծանուցումների հրապարակային ռեգիստր: Կիրարկման և համապատասխանության կոմիտեն դիտարկում և գնահատում է բոլոր նման ծանուցումները և օժանդակ տեղեկությունը՝ համաձայն 15-րդ հոդվածի, և կարող է, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնել Կողմերի խորհրդաժողովին:
10. 9-րդ կետում նշված ընթացակարգը կիրառվում է մինչև Կողմերի խորհրդաժողովի երկրորդ հանդիպման գումարումը: Դրանից հետո այն չի կիրառվի, եթե միայն Կողմերի խորհրդաժողովն այլ բան չորոշի ներկա գտնվող և քվեարկության մասնակցող Կողմերի ձայների պարզ մեծամասնությամբ՝ բացառությամբ այն Կողմի առնչությամբ, որը, 9-րդ կետի համաձայն, ծանուցում է ներկայացրել նախքան Կողմերի խորհրդաժողովի երկրորդ հանդիպման ավարտը:
11. Յուրաքանչյուր Կողմ 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր հաշվետվություններում ներառում է տեղեկություն այն մասին, որ սույն հոդվածի պահանջները բավարարված են:
12. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին հանդիպման ժամանակ լրացուցիչ ուղենիշներ կներկայացնի սույն հոդվածի, հատկապես 5-րդ կետի «a» ենթակետի, 6-րդ և 8-րդ կետերի վերաբերյալ և կմշակի ու կընդունի 6-րդ կետի «բ» ենթակետում և 8-րդ կետում նշված հավաստագրման պահանջվող բովանդակությունը:
13. Կողմերի խորհրդաժողովը կգնահատի, թե արդյո՞ք առանձին սնդիկի միացությունների առևտուրը բացասաբար է անդրադառնում սույն Կոնվենցիայի նպատակի վրա, և կդիտարկի այն հարցը, թե արդյո՞ք 27-րդ հոդվածի համաձայն ընդունվող լրացուցիչ հավելվածում թվարկված սնդիկի առանձին միացությունների վրա պետք է տարածվեն 6-րդ և 8-րդ կետերը:
Հոդված 4
Սնդիկի հավելիչներով արտադրանք
1. Յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով թույլ չի տա A Հավելվածի I մասում թվարկված՝ սնդիկի հավելիչներով արտադրանքի ստեղծումը, ներկրումը կամ արտահանումը այդ արտադրանքի կրճատման համար նախատեսված ժամկետից հետո՝ բացառությամբ այն դեպքի, եթե A Հավելվածը նախատեսում է բացառություն, կամ Կողմը գրանցել է բացառություն` համաձայն 6-րդ հոդվածի:
2. Կողմը, որպես 1-ին կետի այլընտրանք, կարող է A Հավելվածի փոփոխության վավերացման կամ ուժի մեջ մտնելու ժամանակ նշել այն մասին, որ իրականացնելու է տարբեր միջոցառումներ կամ ռազմավարություն` անդրադառնալու համար A Հավելվածի I մասում թվարկված արտադրանքին: Կողմը կարող է ընտրել այս այլընտրանքը միայն այն դեպքում, եթե կարող է ապացուցել, որ արդեն իսկ նվազագույնի է հասցրել A Հավելվածի I մասում թվարկված արտադրանքի գերակշիռ մեծամասնության արտադրությունը, ներկրումը և արտահանումը, և որ ձեռնարկել է միջոցառումներ կամ ռազմավարություն` նվազեցնելու համար սնդիկի օգտագործումը A Հավելվածի I մասում չնշված հավելյալ արտադրանքում այն ժամանակ, երբ ծանուցում է Քարտուղարությանը տվյալ այլընտրանքից օգտվելու իր որոշման մասին: Ի լրումն այս ամենի` տվյալ այլընտրանքն ընտրող Կողմը պետք է.
(a) առաջին հնարավորության դեպքում զեկուցի Կողմերի խորհրդաժողովին իրականացված միջոցառումների կամ ռազմավարության մասին, այդ թվում` կրճատված քանակների մասին, որին հաջողվել է հասնել,
(b) կիրառի միջոցառումներ կամ ռազմավարություն` կրճատելու համար սնդիկի օգտագործումը A Հավելվածի I մասում թվարկված այն արտադրանքում, որի համար դեռևս ձեռք չի բերվել նվազագույն արժեք,
(c) դիտարկի լրացուցիչ միջոցառումներ ավելի մեծ կրճատումների հասնելու համար, և
(d) իրավունք չունենա հավակնելու 6-րդ հոդվածի համաձայն տրվող բացառությունների արտադրանքի որևէ տեսակի համար, որի համար ընտրվել է տվյալ այլընտրանքը:
Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 տարուց ոչ ուշ, Կողմերի խորհրդաժողովը, որպես 8-րդ կետով նախատեսված դիտարկման գործընթացի մաս, կդիտարկի սույն կետի համաձայն ձեռնարկված միջոցառումների առաջընթացն ու արդյունավետությունը:
3. Յուրաքանչյուր կողմ միջոցներ կձեռնարկի A Հավելվածի II մասում թվարկված սնդիկի հավելիչներով արտադրանքի համար` համաձայն դրանում սահմանված դրույթների:
4. Քարտուղարությունը պետք է Կողմերի տրամադրած տեղեկության հիման վրա հավաքի ու պահի տեղեկություն սնդիկի հավելիչներով արտադրանքի և դրանց փոխարինողների վերաբերյալ և պետք է այդ տեղեկությունը դարձնի հանրության համար մատչելի: Քարտուղարությունը պետք է նաև հանրության համար մատչելի դարձնի Կողմերի ներկայացրած՝ ցանկացած այլ բանի վերաբերյալ տեղեկություն:
5. Յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի միջոցներ՝ կանխելու համար հավաքովի արտադրանքում սնդիկի հավելիչներով այնպիսի արտադրանքի ներառումը, որոնց արտադրությունը, ներկրումը և արտահանումը թույլատրելի չէ սույն հոդվածի համաձայն:
6. Ոչ մի Կողմ չի խրախուսում առևտրում սնդիկի հավելիչներով ապրանքների արտադրությունը և տարածումը, որոնց վրա չի տարածվում սնդիկի հավելիչներով արտադրանքի որևէ հայտնի կիրառություն նախքան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելը, եթե միայն տվյալ արտադրանքի ռիսկերի և առավելությունների գնահատումը չի ապացուցում, որ առկա են առավելություններ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար: Կողմը պատշաճ կարգով Քարտուղարությանը տրամադրում է տեղեկություններ ցանկացած նման արտադրանքի մասին, այդ թվում` տեղեկություններ արտադրանքի` շրջակա միջավայրի և մարդու առողջության համար ունեցած ռիսկերի և առավելությունների մասին: Քարտուղարությունը հանրության համար մատչելի է դարձնում այդ տեղեկությունը:
7. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկություն ներկայացնել Քարտուղարությանը սնդիկի հավելիչներով արտադրանքը A Հավելվածում ներառելու մասին, որը պետք է պարունակի տեղեկություն դրա մատչելիության, տեխնիկական և տնտեսական իրագործելիության և արտադրանքի` սնդիկ չպարունակող հավելիչների` շրջակա միջավայրի և մարդու առողջության համար ունեցած ռիսկերի և առավելությունների մասին` հաշվի առնելով 4-րդ կետում նշված տեղեկությունը:
8. Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան հինգ տարի անց, Կողմերի խորհրդաժողովը կվերանայի A Հավելվածը և կարող է դիտարկել այդ Հավելվածում փոփոխություններ կատարելու հարցը` համաձայն 27-րդ հոդվածի:
9. 8-րդ կետի համաձայն A Հավելվածը վերանայելիս Կողմերի խորհրդաժողովը հաշվի կառնի առնվազն հետևյալը.
(a) 7-րդ կետի համաձայն ներկայացված ցանկացած առաջարկություն,
(b) 4-րդ կետի համաձայն` մատչելի տեղեկությունը և
(c) Կողմերի տրամադրության տակ սնդիկ չպարունակող այլընտրանքի առկայությունը, որոնք տեխնիկապես և տնտեսապես իրագործելի են` հաշվի առնելով շրջակա միջավայրի և մարդու առողջության համար առկա ռիսկերն ու առավելությունները:
Հոդված 5
Արտադրական գործընթացներ, որոնցում օգտագործվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ
1. Սույն հոդվածի և B Հավելվածի նպատակներից ելնելով` այն արտադրական գործընթացները, որոնցում օգտագործվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ, չեն ներառում այն գործընթացները, որոնցում օգտագործվում է սնդիկի հավելիչներով արտադրանք, գործընթացներ սնդիկի հավելիչներով արտադրանքի արտադրության համար կամ գործընթացներ, որոնք ուղղված են սնդիկ պարունակող թափոնների մշակմանը:
2. Յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով չի թույլատրում սնդիկի կամ սնդիկի միացությունների օգտագործումը B Հավելվածի I մասում թվարկված արտադրական գործընթացներում այդ Հավելվածում առանձին գործընթացների համար նշված՝ դադարեցման ժամկետից հետո, եթե միայն Կողմը չունի գրանցված բացառություն` համաձայն 6-րդ հոդվածի:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի միջոցներ` սահմանափակելու համար սնդիկի կամ սնդիկի հավելիչների օգտագործումը՝ B Հավելվածի II մասում թվարկված արտադրական գործընթացներում` դրա դրույթներին համապատասխան:
4. Քարտուղարությունը Կողմերի տրամադրած տեղեկության հիման վրա հավաքում և պահում է տեղեկություն այն գործընթացների մասին, որոնք օգտագործում են սնդիկ կամ սնդիկի միացություններ և դրանց այլընտրանք, և հանրության համար մատչելի է դարձնում այդ տեղեկությունը: Կողմերը կարող են ներկայացնել նաև այլ վերաբերելի տեղեկություն, ինչը ևս պետք է հանրության համար մատչելի դարձվի Քարտուղարության կողմից:
5. Յուրաքանչյուր Կողմ, որն ունի արդյունաբերություն, որտեղ B Հավելվածում թվարկված արտադրական գործընթացներում օգտագործվում է սնդիկ կամ սնդիկի միացություն, պետք է.
(a) ձեռնարկի միջոցներ` լուծելու համար այդ արդյունաբերության սնդիկի կամ սնդիկի միացությունների թափոնների և արտանետումների հարցը,
(b) 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր հաշվետվություններում ներառի տեղեկություն սույն կետի համաձայն ձեռնարկված միջոցառումների մասին,
(c) ջանա իր տարածքում բացահայտել այն արդյունաբերությունները, որտեղ B Հավելվածում թվարկված գործընթացների համար օգտագործվում է սնդիկ կամ սնդիկի միացություններ, և սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 3 տարվա ընթացքում Քարտուղարություն ներկայացնի տեղեկություն նման արդյունաբերությունների թվի և տեսակների, ինչպես նաև այդ արդյունաբերություններում օգտագործվող սնդիկի կամ սնդիկի միացությունների տարեկան գնահատվող քանակի մասին: Քարտուղարությունն այդ տեղեկությունը հրապարակում է:
6. Ոչ մի Կողմ չի թույլատրում սնդիկի կամ սնդիկի միացությունների օգտագործումը այնպիսի արդյունաբերության մեջ, որը չի եղել նախքան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելը՝ օգտագործելով B Հավելվածում թվարկված արտադրական գործընթացները: Այդ արդյունաբերություններում բացառությունները կիրառելի չեն:
7. Ոչ մի Կողմ չի խրախուսում որևէ արդյունաբերության զարգացում, որում կօգտագործվեն այլ արտադրական գործընթացներ սնդիկի կամ սնդիկի միացությունների դիտավորյալ կիրառությամբ, որոնք չեն եղել սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմը կարող է Կողմերի խորհրդաժողովին համոզիչ կերպով ցույց տալ, որ արտադրական գործընթացն առաջարկում է նշանակալի առավելություններ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար, և որ չկան տեխնիկապես և տնտեսապես իրագործելի՝ սնդիկ չպարունակող առկա այլընտրանք, որոնք նման առավելություններ են առաջարկում:
8. Կողմերը խրախուսվում են փոխանակել տեղեկություն համապատասխան նոր տեխնոլոգիական զարգացումների, սնդիկ չպարունակող՝ տնտեսապես և տեխնիկապես իրագործելի այլընտրանքի, ինչպես նաև այնպիսի հնարավոր միջոցառումների և մեթոդների մասին, որոնք թույլ են տալիս կրճատելու և հնարավորության դեպքում նաև վերացնելու սնդիկի և սնդիկ պարունակող միացությունների օգտագործումը և սնդիկի ու սնդիկ պարունակող արտանետումները և արտազատումները B Հավելվածում թվարկված արտադրական գործընթացներում:
9. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկություն ներկայացնել B Հավելվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` դրանում այնպիսի արտադրական գործընթաց ներառելու համար, որում օգտագործվում է սնդիկ կամ սնդիկի միացություն: Այն պետք է պարունակի տեղեկություն գործընթացի` սնդիկ չպարունակող այլընտրանքի մատչելիության, տեխնիկական և տնտեսական իրագործելիության, ինչպես նաև շրջակա միջավայրի և մարդու առողջության համար ունեցած ռիսկերի և առավելությունների վերաբերյալ:
10. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան հինգ տարի հետո Կողմերի խորհրդաժողովը կվերանայի B Հավելվածը և կարող է դիտարկել դրանում փոփոխություններ կատարելու հարցը` համաձայն 27-րդ հոդվածի:
11. 10-րդ կետի համաձայն իրականացվող B Հավելվածի ցանկացած վերանայման պարագայում Կողմերի խորհրդաժողովը հաշվի է առնում առնվազն հետևյալը.
(a) 9-րդ կետի համաձայն ներկայացված ցանկացած առաջարկություն,
(b) 4-րդ կետի համաձայն՝ մատչելի տեղեկությունը և
(c) Կողմերի համար սնդիկ չպարունակող այնպիսի այլընտրանքի առկայությունը, որը տեխնիկապես և տնտեսապես իրագործելի է` հաշվի առնելով ռիսկերը և առավելությունները մարդու առողջության և շրջակա միջավայրի համար:
Հոդված 6
Խնդրանքի դեպքում Կողմին տրամադրվող բացառությունները
1. Ցանկացած պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն կարող է գրանցել մեկ կամ ավել բացառություններ A և B Հավելվածներում թվարկված դադարեցման ժամկետներից, այսուհետև` «բացառություններ», գրավոր ծանուցելով Քարտուղարությանը.
(a) սույն Կոնվենցիայի Կողմ դառնալով, կամ
(b) A Հավելվածի փոփոխության միջոցով ավելացվող ցանկացած՝ սնդիկի հավելիչներով արտադրանքի կամ B Հավելվածի փոփոխության միջոցով ավելացվող սնդիկի կիրառությամբ ցանկացած արտադրության դեպքում՝ ոչ ուշ, քան կիրառելի փոփոխությունն ուժի մեջ կմտնի Կողմի համար:
Ցանկացած նման գրանցում ուղեկցվում է հայտարարությամբ, որտեղ բացատրվում է, թե ինչու Կողմն ունի նման բացառության կարիք:
2. Բացառությունը կարող է գրանցվել A կամ B Հավելվածներում թվարկված դասերի կամ որևէ պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության նշած ենթադասերի համար:
3. Յուրաքանչյուր Կողմ, որն ունի մեկ կամ ավել բացառություններ, պետք է ներառվի ռեգիստրում: Քարտուղարությունն ստեղծում և վարում է ռեգիստրը և այն դարձնում հրապարակային:
4. Ռեգիստրը ներառում է.
(a) այն Կողմերի ցանկը, որոնք ունեն մեկ կամ ավել բացառություններ,
(b) յուրաքանչյուր Կողմի համար գրանցված բացառությունը կամ բացառությունները, և
(c) յուրաքանչյուր բացառության վերջնաժամկետը:
5. Եթե Կողմը ռեգիստրում չի նշում ավելի կարճ ժամկետ, 1-ին կետի համաձայն արված բոլոր բացառությունները լրանում են A կամ B Հավելվածներում նշված կրճատման օրվանից հինգ տարի անց:
6. Կողմերի խորհրդաժողովը կարող է Կողմի խնդրանքով որոշել երկարաձգել բացառությունը հինգ տարով, եթե Կողմն ավելի կարճ ժամկետ չի խնդրել: Իր որոշումը կայացնելիս Կողմերի խորհրդաժողովը պետք է պատշաճորեն հաշվի առնի.
(a) Կողմի հաշվետվությունը, որով վերջինս հիմնավորում է բացառությունը երկարաձգելու կարիքը և ուրվագծում ձեռնարկված և ծրագրված գործողությունները, որոնք ուղղված են բացառության կարիքը հնարավորինս արագ վերացնելուն,
(b) հասանելի տեղեկատվությունը, այդ թվում` այլընտրանքային այն արտադրանքի և գործընթացների մատչելիության վերաբերյալ, որոնք չեն պարունակում սնդիկ, կամ որոնք ենթադրում են սնդիկի պակաս սպառում, քան բացառության կարգով օգտագործումը, և
(c) ծրագրված կամ իրականացվող գործողությունները, որոնք միտված են սնդիկի` շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող սպառմանը և սնդիկի թափոնների տնօրինմանը:
Բացառությունը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ, մեկ արտադրանքի առնչությամբ` ըստ դադարեցման ժամկետի:
7. Կողմը կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել բացառությունից` այդ մասին գրավոր ծանուցելով Քարտուղարությանը: Բացառությունից հրաժարումը ուժի մեջ է մտնում ծանուցման մեջ նշված պահից:
8. Անկախ 1-ին կետից` որևէ պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն չի կարող գրանցել բացառություն A կամ B Հավելվածներում թվարկված համապատասխան արտադրանքի կամ գործընթացի համար դադարեցման ժամկետից հինգ տարի անց, եթե Կողմերից մեկը կամ մի քանիսը չեն մնում գրանցված տվյալ արտադրանքի կամ գործընթացի բացառության համար` ստացած լինելով երկարաձգում՝ համաձայն 6-րդ կետի: Այդ դեպքում պետությունը կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը կարող է 1-ին կետի (a) և (b) ենթակետերում սահմանված ժամկետներում գրանցել բացառություն տվյալ արտադրանքի կամ գործընթացի համար, որը կլրանա համապատասխան դադարեցման օրվանից տասը տարի անց:
9. Որևէ Կողմ չի կարող 10 տարի հետո ունենալ ուժի մեջ գտնվող բացառություն A կամ B Հավելվածներում թվարկված որևէ արտադրանքի կամ գործընթացի դադարեցման ժամկետից հետո:
Հոդված 7
Ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանություն
1. Սույն հոդվածի և C Հավելվածի միջոցառումները կիրառվում են ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության և մշակման նկատմամբ, որտեղ օգտագործվում են սնդիկի ամալգամներ՝ երկաթաքարից ոսկի ստանալու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ, որի տարածքում սույն հոդվածի համաձայն տեղի է ունենում ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանություն, պետք է ձեռնարկի քայլեր՝ նվազեցնելու, իսկ հնարավորության դեպքում՝ նաև վերացնելու սնդիկի և սնդիկի միացությունների օգտագործումը և սնդիկի արտանետումներն ու արտազատումները շրջակա միջավայր նմանօրինակ հանքահանությունից և մշակումից:
3. Յուրաքանչյուր Կողմ ծանուցում է Քարտուղարությանը, եթե երբևէ որոշում է, որ այդ ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանությունը և մշակումն իր տարածքում աննշանից ավելի է: Եթե Կողմն այդպես է որոշում, վերջինս պետք է.
(a) համաձայն C Հավելվածի` մշակի և իրականացնի գործողությունների ազգային ծրագիր,
(b) իր գործողությունների ազգային ծրագիրը ներկայացնի Քարտուղարությանը ոչ ուշ, քան Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում կամ Քարտուղարությանը ծանուցելուց հետո երեք տարվա ընթացքում՝ կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի ուշ, և
(c) դրանից հետո՝ երեք տարին մեկ, իրականացնի դիտարկում սույն հոդվածով սահմանված իր պարտավորությունների կատարման առաջընթացի մասին և ներառի այդ դիտարկումները 21-րդ հոդվածի համաձայն ներկայացրած իր զեկույցներում:
4. Կողմերը կարող են, ըստ անհրաժեշտության, համագործակցել միմյանց հետ և համապատասխան միջկառավարական կազմակերպությունների և այլ միավորների հետ` սույն հոդվածով սահմանված նպատակներին հասնելու համար: Այդ համագործակցությունը կարող է ներառել.
(a) ռազմավարության մշակում` կանխարգելելու համար ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության մեջ սնդիկի և սնդիկի միացությունների օգտագործումից բացի որևէ այլ կիրառության շեղումները,
(b) կրթական, իրազեկման և կարողությունների ձևավորման նախաձեռնություններ,
(c) գիտական հետազոտությունների խրախուսումը սնդիկ չպարունակող կայուն այլընտրանքային գործելակարգերում,
(d) տեխնիկական և ֆինանսական աջակցության տրամադրում,
(e) գործընկերությունը սույն հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարմանն աջակցելու համար, և
(f) տեղեկության փոխանակման առկա մեխանիզմների կիրառումը՝ խթանելու համար գիտելիքը, լավագույն բնապահպանական գործելակարգերը և բնապահպանական, տեխնիկական, սոցիալական և տնտեսական տեսանկյունից կենսունակ այլընտրանքային տեխնոլոգիաները:
Հոդված 8
Արտանետումները
1. Սույն հոդվածը վերաբերում է սնդիկի և սնդիկի միացությունների, որոնք սովորաբար կոչվում են «սնդիկի ամբողջություն», դեպի մթնոլորտ արտանետումների հսկողությանը և հնարավորության դեպքում կրճատմանը՝ D Հավելվածում թվարկված աղբյուրների դասին պատկանող սկզբնաղբյուրներից արտանետումների հսկողության միջոցառումներով:
2. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝
(a) «արտանետումներ» նշանակում է՝ դեպի մթնոլորտ սնդիկի և սնդիկի միացությունների արտանետումներ,
(b) «համապատասխան աղբյուր» նշանակում է՝ աղբյուր, որը պատկանում է D Հավելվածում թվարկված աղբյուրի դասերից որևէ մեկին: Կողմը կարող է ցանկության դեպքում սահմանել չափանիշներ D Հավելվածում թվարկված աղբյուրի դասի շրջանակներում աղբյուրների նույնացման համար, եթե որևէ դասի համար մշակված այդ չափանիշները ներառում են այդ դասի արտանետումների առնվազն 75 տոկոսը,
(c) «նոր աղբյուր» նշանակում է՝ որևէ համապատասխան աղբյուր D Հավելվածում թվարկված դասից, որի կառուցումը կամ էական ձևափոխումը սկսվում է հետևյալ ժամկետներից առնվազն մեկ տարի անց.
i) տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կամ
ii) տվյալ Կողմի համար D Հավելվածում փոփոխության ուժի մեջ մտնելու, որով աղբյուրի վրա միայն այդ փոփոխության ուժով տարածվում են սույն Կոնվենցիայի դրույթները,
(d) «էական ձևափոխում» նշանակում է՝ համապատասխան աղբյուրի ձևափոխում, որի հետևանքով զգալիորեն մեծանում են արտանետումները, բացառությամբ օժանդակ արտադրանքի վերականգնման արդյունքում արտանետումների փոփոխության: Կողմը պետք է որոշի՝ արդյո՞ք ձևափոխումն զգալի է, թե ոչ:
(e) «առկա աղբյուր» նշանակում է՝ ցանկացած համապատասխան աղբյուր, որը նոր աղբյուր չէ,
(f) «արտանետումների սահմանաչափ» նշանակում է՝ սկզբնաղբյուրից արտանետվող սնդիկի կամ սնդիկի միացությունների, որոնք սովորաբար կոչվում են «սնդիկի ամբողջություն», խտության, զանգվածի կամ արտանետումների աստիճանի սահմանային չափ:
3. Համապատասխան աղբյուրներ ունեցող Կողմը ձեռնարկում է միջոցներ՝ վերահսկելու համար արտանետումները, և կարող է մշակել ազգային ծրագիր, որով կնախատեսվեն արտանետումների վերահսկողության համար ձեռնարկվելիք միջոցները և դրանց ակնկալվող թիրախները, նպատակները և արդյունքները: Ցանկացած ազգային ծրագիր ներկայացվում է Կողմերի խորհրդաժողովին այդ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո չորս տարվա ընթացքում: Եթե Կողմը, 20-րդ հոդվածի համաձայն, մշակում է Իրականացման ծրագիր, ապա Կողմը կարող է դրանում ներառել սույն կետին համապատասխան մշակված ծրագիրը:
4. Իր նոր աղբյուրների համար յուրաքանչյուր Կողմ կպահանջի արտանետումները վերահսկելու և հնարավորության դեպքում նաև կրճատելու համար առկա լավագույն մեթոդների և լավագույն բնապահպանական գործելակարգերի օգտագործում հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան տվյալ Կողմի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարի հետո: Կողմը կարող է օգտագործել արտանետումների սահմանային արժեքները, որոնք համահունչ են գործող լավագույն մեթոդներին:
5. Իր գործող աղբյուրների համար յուրաքանչյուր Կողմ ցանկացած ազգային ծրագրում պետք է ներառի և իրագործի հետևյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը` հաշվի առնելով իր ազգային հանգամանքները և տնտեսական ու տեխնիկական իրագործելիությունը և ծախսային առումով այդ միջոցառումների մատչելիությունը, հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից տասը տարի հետո.
(a) քանակական նպատակ վերահսկելու և, երբ իրագործելի է, կրճատելու համար համապատասխան աղբյուրներից գոյացող արտանետումները,
(b) արտանետումների սահմանաչափ համապատասխան աղբյուրներից արտանետումները վերահսկելու և, երբ իրագործելի է, կրճատելու համար,
(c) համապատասխան աղբյուրներից գոյացող արտանետումները վերահսկելու լավագույն մեթոդների և լավագույն բնապահպանական գործելակարգերի օգտագործումը,
(d) բազմակի աղտոտիչները վերահսկելու ռազմավարություն, որը կունենա հարակից առավելություններ սնդիկի արտանետումների վերահսկողության համար,
(e) այլընտրանքային միջոցառումներ` կրճատելու համար համապատասխան աղբյուրներից արտանետումները:
6. Կողմերը կարող են կիրառել նույն միջոցառումները բոլոր համապատասխան առկա աղբյուրների նկատմամբ կամ ձեռնարկել տարբեր միջոցներ աղբյուրների տարբեր դասերի նկատմամբ: Կողմի ձեռնարկած այդ միջոցների նպատակը պետք է լինի ունենալ ողջամիտ առաջընթաց ժամանակի ընթացքում արտանետումները կրճատելու հարցում:
7. Յուրաքանչյուր Կողմ, երբ իրագործելի է և ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ամսաթվից հինգ տարի հետո, կազմում է և հետագայում վարում համապատասխան աղբյուրներից գոյացող արտանետումների գույքացանկ:
8. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին հանդիպման ժամանակ պետք է ընդունի ուղեցույցներ հետևյալի վերաբերյալ.
(a) առկա լավագույն մեթոդները և լավագույն բնապահպանական գործելակարգերը` հաշվի առնելով բոլոր տարբերությունները նոր և առկա աղբյուրների միջև և տարբեր միջավայրերի միջև ազդեցությունները նվազեցնելու անհրաժեշտությունը, և
(b) աջակցություն Կողմերին 5-րդ կետում թվարկված միջոցառումների իրականացման հարցում, մասնավորապես` նպատակների որոշման և արտանետումների սահմանաչափերի սահմանման հարցում:
9. Կողմերի խորհրդաժողովը պետք է հնարավորության սահմաններում ընդունի ուղեցույց հետևյալի վերաբերյալ.
(a) չափանիշներ, որոնք Կողմերը կարող են մշակել՝ համաձայն 2-րդ կետի «բ» ենթակետի,
(b) արտանետումների գույքացանկի պատրաստման մեթոդաբանություն:
10. Կողմերի խորհրդաժողովը պետք է պարբերաբար դիտարկի և պատշաճ կարգով արդիականացնի 8-րդ և 9-րդ կետերի համաձայն մշակված ուղեցույցները: Կողմերը հաշվի են առնում ուղեցույցները սույն հոդվածի համապատասխան դրույթները կիրարկելիս:
11. Յուրաքանչյուր Կողմ 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր զեկույցներում ներառում է տեղեկություններ իր կողմից սույն հոդվածի կիրարկման վերաբերյալ, մասնավորապես` տեղեկություններ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկել է 4-7-րդ կետերի համաձայն, և այդ միջոցառումների արդյունավետության մասին:
Հոդված 9
Արտազատումներ
1. Սույն հոդվածը վերաբերում է սնդիկի և սնդիկի միացությունների, որոնք սովորաբար կոչվում են «ամբողջական սնդիկ» սույն Կոնվենցիայի այլ դրույթներով չկարգավորվող համապատասխան սկզբնաղբյուրներից հողի ու ջրի մեջ արտազատումների վերահսկողությանը և, երբ իրագործելի է, կրճատմանը:
2. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝
(a) «արտազատումներ» նշանակում է՝ սնդիկի և սնդիկի միացությունների արտազատումներ հողի ու ջրի մեջ,
(b) «համապատասխան աղբյուր» նշանակում է՝ արտազատման ցանկացած նշանակալի անթրոպոգեն սկզբնաղբյուր՝ բացահայտված Կողմի կողմից, որը չի կարգավորվում սույն Կոնվենցիայի այլ դրույթներով,
(c) «նոր աղբյուր» նշանակում է՝ ցանկացած համապատասխան աղբյուր, որի կառուցումը կամ էական ձևափոխումը սկսվում է տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից առնվազն մեկ տարի հետո,
(d) «էական ձևափոխում» նշանակում է՝ համապատասխան աղբյուրի ձևափոխում, ինչի հետևանքով զգալիորեն մեծանում են արտազատումները, բացառությամբ օժանդակ արտադրանքի ստացման արդյունքում արտազատումների ցանկացած փոփոխության: Կողմը պետք է որոշի՝ արդյո՞ք ձևափոխումն զգալի է, թե ոչ,
(e) «առկա աղբյուր» նշանակում է՝ ցանկացած համապատասխան աղբյուր, որը նոր աղբյուր չէ,
(f) «արտազատումների սահմանաչափ» նշանակում է՝ սկզբնաղբյուրից արտազատվող սնդիկի կամ սնդիկի միացությունների, որոնք սովորաբար կոչվում են «ամբողջական սնդիկ», խտության կամ զանգվածի սահմանային չափ:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ամսաթվից ոչ ուշ, քան երեք տարի հետո և կանոնավոր հիմունքներով նշի համապատասխան սկզբնաղբյուրների դասերը:
4. Համապատասխան աղբյուրներ ունեցող Կողմը ձեռնարկում է միջոցներ արտազատումները վերահսկելու համար և կարող է մշակել ազգային ծրագիր, որով կնախատեսվեն արտազատումների վերահսկողության համար ձեռնարկվելիք միջոցները և դրանց ակնկալվող թիրախները, նպատակները և արդյունքները: Ցանկացած ազգային ծրագիր ներկայացվում է Կողմերի խորհրդաժողովին այդ Կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո չորս տարվա ընթացքում: Եթե Կողմը, 20-րդ հոդվածի համաձայն, մշակում է Իրականացման ծրագիր, ապա կարող է դրանում ներառել սույն կետին համապատասխան մշակված ծրագիրը:
5. Միջոցառումները պետք է ներառեն հետևյալներից մեկը կամ մի քանիսը` ըստ անհրաժեշտության.
(a) արտազատումների սահմանաչափը համապատասխան աղբյուրներից արտազատումները վերահսկելու և, երբ իրագործելի է, կրճատելու համար,
(b) համապատասխան աղբյուրներից արտազատումները վերահսկելու լավագույն մեթոդների և լավագույն բնապահպանական գործելակարգերի օգտագործումը,
(c) բազմակի աղտոտիչները վերահսկելու ռազմավարություն, որը կունենա հարակից առավելություններ սնդիկի արտազատումների վերահսկողության համար,
(d) այլընտրանքային միջոցառումներ` կրճատելու համար համապատասխան աղբյուրներից արտազատումները:
6. Կողմերից յուրաքանչյուրը գործնականում հնարավոր լինելուն պես և ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարի հետո կազմում և հետագայում վարում է համապատասխան աղբյուրներից արտազատումների գույքացանկ:
7. Կողմերի խորհրդաժողովը գործնականում հնարավոր լինելուն պես պետք է ընդունի ուղեցույց հետևյալի վերաբերյալ.
(a) առկա լավագույն մեթոդները և լավագույն բնապահպանական գործելակարգերը` հաշվի առնելով բոլոր տարբերությունները նոր և առկա աղբյուրների միջև և տարբեր միջավայրերի միջև ազդեցությունները նվազեցնելու անհրաժեշտությունը,
(b) արտազատումների գույքացանկի պատրաստման մեթոդաբանություն:
8. Յուրաքանչյուր Կողմ 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր զեկույցներում ներառում է տեղեկություններ իր կողմից սույն հոդվածի կիրարկման վերաբերյալ, մասնավորապես` տեղեկություններ այն միջոցների մասին, որոնք ձեռնարկել է 3-6-րդ կետերի համաձայն, և այդ միջոցառումների արդյունավետության մասին:
Հոդված 10
Բացի սնդիկի թափոններից՝ այլ սնդիկի` շրջակա միջավայրի համար անվտանգ միջանկյալ պահեստավորում
1. Սույն հոդվածը կիրառվում է 3-րդ հոդվածով սահմանված այն սնդիկի և սնդիկի միացությունների միջանկյալ պահեստավորմանը, որոնց վրա չի տարածվում 11-րդ հոդվածով սահմանված՝ սնդիկի թափոնների սահմանումը:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է միջոցներ, որպեսզի ապահովի, որ սույն Կոնվենցիայով Կողմի համար թույլատրելի օգտագործման ենթակա նման սնդիկի և սնդիկի միացությունների միջանկյալ պահեստավորումը կատարվի շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով` հաշվի առնելով ուղեցույցները և 3-րդ կետի համաձայն ընդունված պահանջները:
3. Կողմերի խորհրդաժողովն ընդունում է ուղեցույցներ նման սնդիկի և սնդիկի միացությունների` շրջակա միջավայրի համար անվտանգ միջանկյալ պահեստավորման վերաբերյալ` հաշվի առնելով Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի շրջանակներում մշակված բոլոր ուղեցույցները և այլ վերաբերելի ուղեցույցները: Կողմերի խորհրդաժողովը կարող է ընդունել պահանջներ միջանկյալ պահեստավորման վերաբերյալ 27-րդ հոդվածի համաձայն ընդունվող՝ սույն Կոնվենցիային լրացուցիչ հավելվածով:
4. Կողմերը պատշաճ կարգով համագործակցում են միմյանց և համապատասխան միջկառավարական կազմակերպությունների և այլ միավորների հետ` նման սնդիկի և սնդիկի միացությունների` շրջակա միջավայրի համար անվտանգ պահեստավորման համար կարողությունների ստեղծումը խթանելու նպատակով:
Հոդված 11
Սնդիկի թափոններ
1. Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի համապատասխան սահմանումները կիրառվում են սույն Կոնվենցիայով կարգավորվող թափոնների նկատմամբ Բազելի կոնվենցիայի կողմերի համար: Սույն Կոնվենցիայի այն Կողմերը, որոնք Բազելի կոնվենցիայի կողմեր չեն, օգտագործում են այդ սահմանումները որպես ուղեցույց սույն Կոնվենցիայով կարգավորվող թափոնների առնչությամբ:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար` սնդիկի թափոններ նշանակում են՝ այն նյութերը կամ առարկաները, որոնք.
(a) բաղկացած են սնդիկից կամ սնդիկի միացություններից,
(b) պարունակում են սնդիկ կամ սնդիկի միացություններ կամ
(c) վարակված են սնդիկով կամ սնդիկի միացություններով,
այն քանակով, որը գերազանցում է այն շեմը, որը սահմանել է Կողմերի խորհրդաժողովը՝ համագործակցելով Բազելի կոնվենցիայի համապատասխան մարմինների հետ՝ ներդաշնակեցման եղանակով, և որոնք տնօրինվում են կամ նախատեսվում է, որ պետք է տնօրինվեն, կամ պահանջվում է, որ տնօրինվեն ազգային օրենսդրության կամ սույն Կոնվենցիայի դրույթներով: Այս սահմանումը չի ներառում հանքահանությունից գոյացող փոխաբեռնումները, ապարները և պոչամբարները՝ բացառությամբ սնդիկի առաջնային հանքահանության, եթե միայն դրանք չեն պարունակում սնդիկ կամ սնդիկի միացություններ, որոնք կգերազանցեն Կողմերի խորհրդաժողովի սահմանած շեմը:
3. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի սնդիկի թափոնները.
(a) կառավարվեն շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով` հաշվի առնելով Բազելի կոնվենցիայի շրջանակներում մշակված ուղեցույցները և այն պահանջներին համապատասխան, որոնք Կողմերի խորհրդաժողովն ընդունում է լրացուցիչ հավելվածով՝ 27-րդ հոդվածի համաձայն: Այդ պահանջները մշակելիս Կողմերի խորհրդաժողովը հաշվի է առնում Կողմերի` թափոնների կառավարման կարգավորումները և ծրագրերը,
(b) միայն վերականգնվեն, վերամշակվեն, վերստացվեն կամ ուղղակիորեն վերօգտագործվեն այնպիսի կիրառության համար, որը սույն Կոնվենցիայով թույլ է տրվել Կողմին, կամ տնօրինվեն շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով` համաձայն 3-րդ կետի (a) ենթակետի,
(c) Բազելի կոնվենցիայի Կողմերի համար չփոխադրվեն միջազգային սահմաններով՝ բացառությամբ շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող տնօրինման նպատակով` սույն հոդվածին և այդ Կոնվենցիային համապատասխան: Այն հանգամանքներում, երբ Բազելի կոնվենցիան չի կիրառվում միջազգային սահմաններով փոխադրումների նկատմամբ, Կողմը նման փոխադրում թույլ է տալիս միայն համապատասխան միջազգային կանոնները, չափորոշիչներն ու ուղեցույցները հաշվի առնելուց հետո:
4. Կողմերի խորհրդաժողովը կձգտի սերտորեն համագործակցել Բազելի կոնվենցիայի համապատասխան մարմինների հետ 3-րդ կետի (a) ենթակետում նշված ուղեցույցների վերանայման և լրամշակման գործում:
5. Խրախուսվում է Կողմերի համագործակցությունը միմյանց և համապատասխան միջկառավարական կազմակերպությունների ու այլ մարմինների հետ, ըստ անհրաժեշտության, սնդիկի թափոնների՝ շրջակա միջավայրի համար անվտանգ կառավարման համաշխարհային, տարածաշրջանային և ազգային կարողություններ ձևավորելու և պահպանելու համար:
Հոդված 12
Վարակված տեղանքներ
1. Յուրաքանչյուր Կողմ ջանքեր է գործադրում սնդիկով կամ սնդիկի միացություններով վարակված տեղանքներ հայտնաբերելու և դրանք գնահատելու նպատակով համապատասխան ռազմավարություն մշակելու համար:
2. Նման տեղանքների հետ կապված ռիսկերի նվազեցման համար ձեռնարկվող որևէ գործողություն պետք է իրականացվի շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող եղանակով` ներառելով, ըստ անհրաժեշտության, դրանց պարունակած սնդիկի կամ սնդիկի միացությունների՝ մարդու առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի գնահատում:
3. Կողմերի խորհրդաժողովն ընդունում է ուղեցույց վարակված տեղանքների կառավարման մասին, որը կարող է ներառել մեթոդներ և մոտեցումներ.
(a) տեղանքի հայտնաբերման և բնորոշման,
(b) հանրության ներգրավման,
(c) մարդու առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի գնահատման,
(d) վարակված տեղանքներից եկող ռիսկերի կառավարման տարբերակների,
(e) առավելությունների և ծախսերի գնահատման և
(f) արդյունքների արձանագրման համար:
4. Խրախուսվում է Կողմերի համագործակցությունը վարակված տեղանքների հայտնաբերման, գնահատման, ըստ առաջնահերթությունների դասակարգման և անհրաժեշտության դեպքում վերականգնման համար ռազմավարության մշակման և գործողությունների իրականացման ոլորտում:
Հոդված 13
Ֆինանսական ռեսուրսներ և մեխանիզմներ
1. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է իր կարողությունների շրջանակներում տրամադրել ռեսուրսներ սույն Կոնվենցիայի կիրարկումն ապահովելուն ուղղված՝ իր կողմից ձեռնարկվելիք ազգային գործողությունների համար` համաձայն իր ազգային քաղաքականության, առաջնահերթությունների, պլանների և ծրագրերի: Այդ ռեսուրսները կարող են ներառել ներպետական ֆինանսական միջոցներ համապատասխան քաղաքականության, զարգացման ռազմավարության և պետական բյուջեների ու երկկողմ և բազմակողմ ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավման միջոցով:
2. Սույն Կոնվենցիայի կիրարկման ընդհանուր արդյունավետությունը զարգացող երկիր հանդիսացող Կողմերի համար առնչվում է սույն հոդվածի արդյունավետ կիրարկմանը:
3. Ֆինանսական և տեխնիկական աջակցության, ինչպես նաև կարողությունների ձևավորման և տեխնոլոգիաների փոխանցման՝ բազմակողմ, տարածաշրջանային և երկկողմ աղբյուրները խրախուսվում են հրատապ կարգով զարգացնելու և ծավալելու իրենց գործունեությունը սնդիկի ոլորտում` աջակցելու համար զարգացող երկիր հանդիսացող Կողմերին սույն Կոնվենցիայի կիրարկման հարցում` կապված ֆինանսական ռեսուրսների, տեխնիկական աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման հետ:
4. Ֆինանսավորման հետ կապված իրենց գործողություններում Կողմերը լիարժեքորեն հաշվի են առնում զարգացող փոքր կղզի-պետություններ կամ թույլ զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի հատուկ կարիքներն ու առանձնահատուկ հանգամանքները:
5. Սույնով սահմանվում է համարժեք, կանխատեսելի և ժամանակին տրամադրվող ֆինանսական ռեսուրսների մեխանիզմ: Մեխանիզմն աջակցելու է զարգացող երկիր հանդիսացող Կողմերին և անցումային տնտեսությամբ Կողմերին սույն Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման գործում:
6. Մեխանիզմը պետք է ներառի.
(a) Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամը և
(b) Հատուկ միջազգային ծրագիր՝ աջակցելու համար կարողությունների ձևավորմանը և տեխնիկական աջակցությանը:
7. Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամը ճիշտ ժամանակին տրամադրում է նոր, կանխատեսելի, համարժեք ֆինանսական ռեսուրսներ` սույն Կոնվենցիայի կիրարկմանն աջակցության ծախսերը հոգալու համար` ըստ Կողմերի խորհրդաժողովի պայմանավորվածության: Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամը գործում է Կողմերի խորհրդաժողովի ուղղորդմամբ և հաշվետու է վերջինիս: Կողմերի խորհրդաժողովն ուղեցույց է տրամադրում ֆինանսական ռեսուրսների մատչելիության և օգտագործման ընդհանուր ռազմավարության, քաղաքականության, ծրագրային առաջնահերթությունների և ընտրության չափանիշների վերաբերյալ: Ի լրումն սրա` Կողմերի խորհրդաժողովը տրամադրում է ուղեցույց այն գործողությունների տեսակների մոտավոր ցանկի վերաբերյալ, որոնք կարող են օժանդակություն ստանալ Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամից: Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամը տրամադրում է ռեսուրսներ` հոգալու համար համաձայնեցված լրացուցիչ ծախսերը, որոնք կապված են գլոբալ էկոլոգիական առավելություններ ստանալու հետ, և համաձայնեցված լիարժեք ծախսերը, որոնք կապված են որոշ խթանող գործունեության հետ:
8. Որևէ գործողության համար ռեսուրս տրամադրելիս Գլոբալ էկոլոգիական միջոցների նպատակային հիմնադրամը պետք է հաշվի առնի առաջարկվող գործողության արդյունքում սնդիկի հավանական կրճատումը` համեմատած դրա ծախսերի հետ:
9. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` 6-րդ կետի (b) ենթակետում վկայակոչված Ծրագիրը գործարկվելու է Կողմերի խորհրդաժողովի ուղղորդման ներքո և հաշվետու է լինելու վերջինիս: Կողմերի խորհրդաժողովն իր առաջին հանդիպման ժամանակ որոշելու է Ծրագիրը հյուրընկալող կառույցը, որը պետք է լինի գործող մարմին և ուղեցույց տրամադրի վերջինիս, այդ թվում` դրա տևողության մասին: Բոլոր Կողմերը և այլ շահագրգիռ կողմերը հրավիրվում են՝ ֆինանսական ռեսուրսներ տրամադրելու Ծրագրին կամավորության հիմունքներով:
10. Կողմերի խորհրդաժողովը և Մեխանիզմը կազմող մարմինները Կողմերի խորհրդաժողովի առաջին հանդիպման ժամանակ համաձայնության են գալիս վերոնշյալ կետերը կենսագործելու կարգավորումների շուրջ:
11. Կողմերի խորհրդաժողովը իր երրորդ հանդիպումից ոչ ուշ, իսկ դրանից հետո կանոնավոր հիմունքներով վերանայում է ֆինանսավորման մակարդակը, Կողմերի` խորհրդաժողովի տրամադրած ուղեցույցները այն մարմիններին, որոնց վստահված է սույն հոդվածով ստեղծված Մեխանիզմի գործարկումը և դրանց արդյունավետությունը, ինչպես նաև դրանց կարողությունները բավարարելու՝ զարգացող երկիր հանդիսացող Կողմերի և անցումային տնտեսություններով Կողմերի փոփոխվող կարիքները: Նման վերանայման հիման վրա Կողմերի խորհրդաժողովը կձեռնարկի համապատասխան գործողություններ` բարելավելու համար Մեխանիզմի արդյունավետությունը:
12. Բոլոր Կողմերը, իրենց կարողությունների շրջանակներում, հրավիրվում են իրենց ներդրումն ունենալու Մեխանիզմի կայացմանը: Մեխանիզմը խրախուսում է ռեսուրսների տրամադրումն այլ աղբյուրներից, այդ թվում` մասնավոր հատվածից, և կփորձի օգտագործել այդ ռեսուրսները իր օժանդակությունը վայելող գործողությունների համար:
Հոդված 14
Կարողությունների ձևավորում, տեխնիկական աջակցություն և տեխնոլոգիաների փոխանցում
1. Կողմերը համագործակցում են իրենց համապատասխան կարողությունների շրջանակներում, ժամանակին և համապատասխան կարողությունների ձևավորման և տեխնիկական աջակցություն տրամադրելու ուղղությամբ զարգացող պետություն հանդիսացող Կողմերին, մասնավորապես` թույլ զարգացած երկրներ կամ զարգացող փոքր կղզի-պետություններ հանդիսացող Կողմերին և անցումային տնտեսությամբ Կողմերին` նրանց՝ սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում օժանդակելու նպատակով:
2. 13-րդ հոդվածի և 1-ին կետի համաձայն կարողությունների ձևավորումը և տեխնիկական աջակցությունը կարող են տրամադրվել տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և ազգային կառույցների միջոցով, ներառյալ առկա տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կենտրոնները, այլ բազմակողմ և երկկողմ եղանակով և գործընկերությունների՝ ներառյալ մասնավոր հատվածի ներգրավմամբ գործընկերությունների միջոցով: Համագործակցությունը և համակարգումը քիմիական նյութերի և թափոնների ոլորտում այլ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի հետ անհրաժեշտ են` մեծացնելու համար տեխնիկական աջակցության և դրա տրամադրման արդյունավետությունը:
3. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը և այլ Կողմերն իրենց կարողությունների շրջանակներում խթանում և հեշտացնում են մասնավոր հատվածի և, ըստ անհրաժեշտության, այլ շահագրգիռ կողմերի օժանդակությամբ, շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող արդիական այլընտրանքային տեխնոլոգիաների զարգացումը, փոխանցումը և տարածումը, ինչպես նաև դրանց հասանելիությունը զարգացող երկիր հանդիսացող Կողմերի համար, մասնավորապես` թույլ զարգացած երկրների և զարգացող փոքր կղզի- պետությունների, ինչպես նաև անցումային տնտեսությամբ Կողմերի համար` նրանց՝ սույն Կոնվենցիան արդյունավետորեն կիրարկելու կարողությունները հզորացնելու նպատակով:
4. Կողմերի խորհրդաժողովը մինչև իր երկրորդ հանդիպումը, իսկ դրանից հետո կանոնավոր հիմունքներով և հաշվի առնելով Կողմերի ներկայացրած փաստաթղթերը և զեկույցները, այդ թվում` 21-րդ հոդվածում նախատեսվածները և այլ շահագրգիռ կողմերի տրամադրած տեղեկությունը.
(a) դիտարկում է այլընտրանքային տեխնոլոգիաների առնչությամբ առկա նախաձեռնությունների և առաջընթացի վերաբերյալ տեղեկությունը,
(b) դիտարկում է Կողմերի, մասնավորապես` զարգացող երկիր հանդիսացող Կողմերի կարիքներն այլընտրանքային տեխնոլոգիաների ոլորտում և
(c) բացահայտում է Կողմերի, մասնավորապես` զարգացող երկիր հանդիսացող Կողմերի առջև ծառացած մարտահրավերները տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում:
5. Կողմերի խորհրդաժողովը առաջարկություններ է ներկայացնում, թե ինչպես կարելի է, սույն հոդվածի համաձայն, էլ ավելի զարգացնել կարողությունների ձևավորումը, տեխնիկական աջակցությունը և տեխնոլոգիաների փոխանցումը:
Հոդված 15
Կիրարկման և համապատասխանության կոմիտեն
1. Սույնով ստեղծվում է մեխանիզմ, այդ թվում` Կոմիտե` որպես Կողմերի խորհրդաժողովի օժանդակ մարմին, խթանելու համար սույն Կոնվենցիայի բոլոր դրույթների կիրարկումը և դիտարկելու համապատասխանությունը դրանց: Մեխանիզմը, այդ թվում` Կոմիտեն, ունեն հեշտացման բնույթ և պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Կողմերի համապատասխան ազգային կարողություններին և հանգամանքներին:
2. Կոմիտեն կխրախուսի սույն Կոնվենցիայի բոլոր դրույթների կիրարկումը և դրանց համապատասխանության դիտարկումը: Կոմիտեն քննության է առնում կիրարկման և համապատասխանության անհատական և համակարգային հարցերը և, ըստ անհրաժեշտության, տալիս առաջարկություններ Կողմերի խորհրդաժողովին:
3. Կոմիտեն կազմված է Կողմերի նշանակած և Կողմերի խորհրդաժողովի կողմից ընտրված 15 անդամից` պատշաճորեն հաշվի առնելով հավասարակշռված աշխարհագրական ներկայացուցչությունը` Միավորված ազգերի կազմակերպության հինգ տարածաշրջանների հիման վրա. առաջին անդամներն ընտրվում են Կողմերի խորհրդաժողովի առաջին հանդիպմանը, իսկ դրանից հետո` Կողմերի խորհրդաժողովի կողմից հաստատված ընթացակարգով՝ համաձայն 5-րդ կետի. Կոմիտեի անդամները պետք է իրավազոր լինեն սույն Կոնվենցիային առնչվող ոլորտներում և Կոմիտեում արտահայտեն փորձագիտական պատշաճ հավասարակշռություն:
4. Կոմիտեն կարող է հարցեր քննարկել հետևյալ հիմքերով.
(a) որևէ Կողմի գրավոր դիմումով՝ իր կողմից համապատասխանության առնչությամբ,
(b) ազգային զեկույցների հիման վրա` համաձայն 21-րդ հոդվածի, և
(c) Կողմերի խորհրդաժողովի դիմումով:
5. Կոմիտեն մշակում է իր ընթացակարգը, որը պետք է հաստատվի Կողմերի խորհրդաժողովի երկրորդ հանդիպման ժամանակ: Կողմերի խորհրդաժողովը կարող է լրացուցիչ պայմաններ ընդունել Կոմիտեի համար:
6. Կոմիտեն գործադրում է բոլոր ջանքերը իր հանձնարարականները կոնսենսուսով ընդունելու համար: Եթե սպառվել են կոնսենսուսի ուղղությամբ ձեռնարկված բոլոր ջանքերը, և կոնսենսուս չկա, որպես վերջին լուծում՝ նման հանձնարարականներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցած անդամների ձայների երեք քառորդ մեծամասնությամբ՝ անդամների երկու երրորդ քվորումի հիման վրա:
Հոդված 16
Առողջապահական ասպեկտներ
1. Կողմերը խրախուսվում են.
(a) խթանել այնպիսի ռազմավարություն և ծրագրերի մշակումն ու իրականացումը, որոնցով բացահայտվում և պաշտպանվում է ռիսկային բնակչությունը, մասնավորապես` խոցելի բնակչությունը, և որոնք կարող են ներառել գիտականորեն հիմնավորված առողջապահական ուղեցույցների ընդունում` սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցության առնչությամբ, թիրախների սահմանում՝ սնդիկի ազդեցությունը նվազեցնելու համար, երբ դա հնարավոր է, և հանրությանն իրազեկում՝ հանրային առողջապահության և այլ ներգրավված ոլորտների մասնակցությամբ,
(b) խթանել սնդիկից և սնդիկի միացություններից աշխատանքային ազդեցության մասին գիտականորեն հիմնավորված՝ կրթական և կանխարգելիչ ծրագրերի մշակումն ու իրականացումը,
(c) խթանել համապատասխան առողջապահական ծառայություններ սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությունից տուժած բնակչության համար կանխարգելման, բուժման և խնամքի ոլորտում, և
(d) ստեղծել և հզորացնել, պատշաճ կարգով, ինստիտուցիոնալ և առողջապահական պրոֆեսիոնալ կարողություններ սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությանն առնչվող առողջապահական ռիսկերի կանխարգելման, ախտորոշման, բուժման և դիտարկման ոլորտում:
2. Կողմերի խորհրդաժողովը առողջապահությանն առնչվող հարցերը կամ գործողությունները քննարկելիս պետք է.
(a) խորհրդակցի և համագործակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և այլ համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ պատշաճ կարգով և
(b) խթանի համագործակցությունը և տեղեկության փոխանակումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և այլ համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ պատշաճ կարգով:
Հոդված 17
Տեղեկության փոխանակում
1. Յուրաքանչյուր Կողմ հեշտացնում է փոխանակումը.
(a) սնդիկի և սնդիկի միացությունների վերաբերյալ գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական տեղեկույթի, այդ թվում` թունաբանական, էկոթունաբանական և անվտանգության վերաբերյալ տեղեկույթի,
(b) սնդիկի և սնդիկի միացությունների արտադրության, կիրառության, առևտրի, արտազատումների և արտանետումների կրճատման և վերացման վերաբերյալ տեղեկույթի,
(c) տեխնիկապես և տնտեսապես կենսունակ այլընտրանքների վերաբերյալ տեղեկույթի՝ հետևյալի մասին.
i. սնդիկի հավելիչներով արտադրանքի,
ii. արտադրական գործընթացների, որոնցում օգտագործվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ, և
iii. գործողությունների կամ գործընթացների, որոնց հետևանքով արտազատվում կամ արտանետվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ,
ներառյալ նման այլընտրանքների՝ առողջապահական և բնապահպանական ռիսկերի ու տնտեսական և սոցիալական ծախսերի ու առավելությունների վերաբերյալ տեղեկույթը, և
(d) համաճարակաբանական տեղեկույթի սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությանն առնչվող՝ առողջապահական հետևանքների վերաբերյալ` ըստ անհրաժեշտության սերտորեն համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ համապատասխան կազմակերպությունների հետ:
2. Կողմերը կարող են 1-ին կետում նախատեսված տեղեկույթը փոխանակել անմիջականորեն, Քարտուղարության միջոցով կամ այլ համապատասխան կազմակերպությունների միջոցով, այդ թվում, ըստ անհրաժեշտության, քիմիական նյութերի և թափոնների կոնվենցիաների Քարտուղարությունների միջոցով:
3. Քարտուղարությունը դյուրացնում է համագործակցությունը սույն հոդվածով նախատեսված տեղեկույթի փոխանակման ոլորտում, ինչպես նաև համապատասխան կազմակերպությունների, այդ թվում` բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի և այլ միջազգային նախաձեռնությունների Քարտուղարությունների հետ: Ի լրումն Կողմերից ստացված տեղեկույթի` այդ տեղեկույթը ներառում է սնդիկի ոլորտում փորձագիտական միջկառավարական և հասարակական կազմակերպություններից և նման փորձագիտական ազգային և միջազգային մարմիններից ստացված տեղեկույթը:
4. Յուրաքանչյուր Կողմ նշանակում է ազգային պատասխանատու սույն Կոնվենցիայով նախատեսված տեղեկույթի փոխանակման համար, այդ թվում` 3-րդ հոդվածի համաձայն՝ ներկրող Կողմերի համաձայնության առնչությամբ:
5. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` մարդու և շրջակա միջավայրի առողջության ու անվտանգության մասին տեղեկույթը չի կարող համարվել գաղտնի: Կողմերը, որոնք սույն Կոնվենցիայի համաձայն, փոխանակում են այլ տեղեկույթ, փոխադարձ համաձայնությամբ պաշտպանում են ցանկացած գաղտնի տեղեկություն:
Հոդված 18
Հանրային տեղեկատվություն, իրազեկություն և կրթություն
1. Յուրաքանչյուր Կողմ իր կարողությունների շրջանակներում խթանում և հեշտացնում է.
(a) հասանելի տեղեկույթի տարածումը հանրության շրջանում՝ հետևյալի վերաբերյալ.
i. սնդիկի և սնդիկի միացությունների` առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության,
ii. սնդիկի և սնդիկի միացությունների այլընտրանքների,
iii. 17-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված թեմաների,
iv. 19-րդ հոդվածի համաձայն՝ իր հետազոտական, զարգացման և դիտարկման գործունեության արդյունքների,
v. սույն Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների կատարմանն ուղղված գործողությունների,
(b) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցության հետևանքների վերաբերյալ կրթության, վերապատրաստման և հանրությանն իրազեկման վերաբերյալ՝ համագործակցելով համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպությունների և խոցելի բնակչության հետ՝ ըստ անհրաժեշտության:
2. Յուրաքանչյուր Կողմ օգտագործում է գործող մեխանիզմները կամ դիտարկում է այնպիսի մեխանիզմների մշակումը, ինչպիսիք են աղտոտիչների արտանետման և փոխանցման գրանցումը, ըստ անհրաժեշտության, մարդկային գործունեության արդյունքում արտանետվող, արտազատվող կամ տնօրինվող սնդիկի և սնդիկի միացությունների տարեկան քանակությունների գնահատման վերաբերյալ տեղեկատվության հավաքման և տարածման համար:
Հոդված 19
Հետազոտական, զարգացման և մոնիտորինգային գործունեություն
1. Կողմերը, հաշվի առնելով իրենց համապատասխան հանգամանքներն ու կարողությունները, ջանում են համագործակցել` մշակելու և կատարելագործելու համար՝
(a) սնդիկի և սնդիկի միացությունների օգտագործման, սպառման և օդի մեջ անթրոպոգեն արտանետումների և ջրի ու հողի մեջ արտազատումների գույքագրումը,
(b) սնդիկի և սնդիկի միացությունների մակարդակի մոդելավորումը և աշխարհագրական ներկայացվածության դիտարկումը խոցելի բնակչության շրջանում և բնապահպանական բաղադրիչներում, ներառյալ՝ բիոտիկ միջավայրում, ինչպիսիք են` ձկները, ծովային կաթնասունները, ծովային կրիաները և թռչունները, ինչպես նաև համագործակցություն համապատասխան և անհրաժեշտ նմուշների հավաքման և փոխանակման ոլորտում,
(c) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա սնդիկի և սնդիկի միացությունների ներգործության գնահատումները՝ ի լրումն սոցիալական, տնտեսական և մշակութային ներգործության, հատկապես` խոցելի բնակչության առնչությամբ,
(d) ներդաշնակեցված մեթոդաբանությունները «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված գործողությունների համար,
(e) տեղեկատվությունը սնդիկի և սնդիկի միացությունների բնապահպանական պարբերաշրջանի, տեղափոխման (այդ թվում` մեծածավալ փոխադրումներ ու դեպոնացում), ձևափոխման և տարբեր էկոհամակարգերում շրջանառության մասին` պատշաճորեն հաշվի առնելով սնդիկի անթրոպոգեն և բնական արտանետումների և արտազատումների միջև տարբերությունը և նախկինում դեպոնացված սնդիկի վերամոբիլիզացիան,
(f) տեղեկատվությունը սնդիկի և սնդիկի միացությունների, ինչպես նաև սնդիկի հավելիչներով արտադրանքի կոմերցիայի և առևտրի մասին,
(g) տեղեկատվությունը և հետազոտությունները սնդիկ չպարունակող արտադրանքի և գործընթացների տեխնիկական ու տնտեսական հասանելիության, ինչպես նաև սնդիկի ու սնդիկի միացությունների արտանետումների և արտազատումների կրճատման ու դիտարկման առկա լավագույն մեթոդների և բնապահպանական լավագույն գործելակարգերի վերաբերյալ:
2. Կողմերը պետք է, ըստ անհրաժեշտության, զարգացնեն գործող դիտարկման ցանցերը և հետազոտական ծրագրերը 1-ին կետում նախատեսված գործողությունները ձեռնարկելիս:
Հոդված 20
Իրականացման ծրագրեր
1. Յուրաքանչյուր Կողմ նախնական գնահատումից հետո մշակում և իրագործում է իրականացման ծրագիր սույն Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների կատարման համար՝ հաշվի առնելով իր ներպետական հանգամանքները: Ցանկացած նման ծրագիր պետք է մշակվելուն պես ներկայացվի Քարտուղարությանը:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է վերանայել և արդիականացնել իր իրականացման ծրագիրը` հաշվի առնելով իր ներպետական հանգամանքները և հիմնվելով Կողմերի խորհրդաժողովի ուղեցույցների և այլ համապատասխան ուղեցույցների վրա:
3. Կողմերը պետք է 1-ին և 2-րդ կետերով սահմանված աշխատանքներն իրականացնելիս խորհրդակցեն ազգային շահագրգիռ կողմերի հետ` հեշտացնելու համար իրենց իրականացման ծրագրերի մշակումը, իրականացումը, վերանայումն ու արդիականացումը:
4. Կողմերը կարող են նաև համակարգել սույն Կոնվենցիայի իրականացումը հեշտացնող տարածաշրջանային ծրագրերը:
Հոդված 21
Զեկույցները
1. Յուրաքանչյուր Կողմ Քարտուղարության միջոցով Կողմերի խորհրդաժողովին զեկուցում է սույն Կոնվենցիայի դրույթների կատարման համար իր կողմից ձեռնարկված միջոցների և այդ միջոցների արդյունավետության, ինչպես նաև սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելիս իր առջև ծառացած խնդիրների մասին:
2. Յուրաքանչյուր Կողմ իր զեկույցներում ներառում է սույն Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներով պահանջվող տեղեկույթը:
3. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին հանդիպման ժամանակ որոշում է զեկույցների ժամանակացույցն ու ձևաչափը, որոնք պետք է պահպանվեն Կողմերի կողմից` հաշվի առնելով քիմիական նյութերի և թափոնների մասին այլ կոնվենցիաների հետ զեկույցների համակարգման ցանկալիությունը:
Հոդված 22
Արդյունավետության գնահատումը
1. Կողմերի խորհրդաժողովը գնահատում է սույն Կոնվենցիայի արդյունավետությունը Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան վեց տարի անց, իսկ դրանից հետո՝ պարբերաբար` իր որոշած պարբերականությամբ:
2. Գնահատումը հեշտացնելու նպատակով Կողմերի խորհրդաժողովը իր առաջին հանդիպման ժամանակ նախաձեռնում է կարգավորումների ստեղծում` իր շրջակա միջավայրում սնդիկի և սնդիկի միացությունների առկայության և շարժի մասին, ինչպես նաև բիոտիկ միջավայրում և խոցելի բնակչության շրջանում դիտվող սնդիկի և սնդիկի միացությունների մակարդակների փոփոխությունների մասին համեմատելի դիտարկման տվյալներով ապահովելու համար:
3. Գնահատումը կատարվում է առկա գիտական, բնապահպանական, տեխնիկական, ֆինանսական և տնտեսական տեղեկությունների հիման վրա, այդ թվում`
(a) 2-րդ կետի համաձայն Կողմերի խորհրդաժողովին ներկայացված զեկույցները և այլ մոնիտորինգային տեղեկատվությունը,
(b) 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված զեկույցները,
(c) 15-րդ հոդվածի համաձայն ներկայացված տեղեկատվությունն ու հանձնարարականները,
(d) սույն Կոնվենցիայի համաձայն իրականացվող ֆինանսական աջակցության, տեխնոլոգիաների փոխանցման և կարողությունների ձևավորման միջոցառումների իրականացման մասին զեկույցները և այլ համապատասխան տեղեկատվությունը:
Հոդված 23
Կողմերի խորհրդաժողովը
1. Սույնով հիմնադրվում է Կողմերի խորհրդաժողով:
2. Կողմերի խորհրդաժողովի առաջին հանդիպումը հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանական ծրագրի գործադիր տնօրենը՝ ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Դրանից հետո Կողմերի խորհրդաժողովի հերթական հանդիպումները տեղի են ունենում Խորհրդաժողովի որոշած կանոնավոր պարբերականությամբ:
3. Կողմերի խորհրդաժողովի արտահերթ հանդիպումները տեղի են ունենում ցանկացած այլ ժամանակ, երբ դա անհրաժեշտ է համարում Խորհրդաժողովը, կամ որևէ Կողմի գրավոր խնդրանքով` պայմանով, որ Քարտուղարության կողմից խնդրանքը Կողմերին փոխանցվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, դրան աջակցում է Կողմերի առնվազն մեկ երրորդը:
4. Կողմերի խորհրդաժողովը իր առաջին հանդիպման ժամանակ կոնսենսուսով համաձայնեցնում և ընդունում է իր և իր ցանկացած օժանդակ մարմնի կանոնակարգը և ֆինանսական կանոնները, ինչպես նաև Քարտուղարության գործունեության կառավարման ֆինանսական դրույթները:
5. Կողմերի խորհրդաժողովը շարունակական դիտարկման տակ է պահում և գնահատում է սույն Կոնվենցիայի կիրարկումը: Նա իրագործում է սույն Կոնվենցիայով իրեն վերապահված գործառույթները և այդ նպատակով.
(a) ձևավորում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ է համարում Կոնվենցիայի կատարման համար,
(b) համագործակցում է, ըստ անհրաժեշտության, իրավասու միջազգային կազմակերպությունների և միջկառավարական ու հասարակական մարմինների հետ,
(c) պարբերաբար դիտարկում է իրեն և Քարտուղարությանը 21-րդ հոդվածի համաձայն տրամադրված ողջ տեղեկատվությունը,
(d) քննության է առնում Իրականացման և համապատասխանության կոմիտեի կողմից իրեն ներկայացված առաջարկությունները,
(e) քննության է առնում և ձեռնարկում այլ լրացուցիչ գործողություններ, երբ դա պահանջվում է սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար, և
(f) վերանայում է A և B հավելվածները` 4-րդ և 5-րդ հոդվածների համաձայն:
6. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված գործակալությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել Կողմերի խորհրդաժողովի հանդիպումներին: Ցանկացած մարմին կամ գործակալություն` ազգային կամ միջազգային, կառավարական կամ հասարակական, որը որակավորված է սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարցերի ոլորտում և տեղեկացրել է Քարտուղարությանը Կողմերի խորհրդաժողովին դիտորդի կարգավիճակով ներկայացված լինելու իր ցանկության մասին, կարող է ընդունվել, եթե Կողմերի մեկ երրորդը առարկություն չի ներկայացնում: Դիտորդների ընդունումն ու մասնակցությունը ենթակա են կարգավորման Կողմերի խորհրդաժողովի ընդունած կանոնակարգով:
Հոդված 24
Քարտուղարությունը
1. Սույնով ձևավորվում է Քարտուղարություն:
2. Քարտուղարության գործառույթներն են.
(a) ձեռնարկել միջոցներ Կողմերի խորհրդաժողովի և նրա օժանդակ մարմինների հանդիպումների համար և տրամադրել ծառայություններ, երբ պահանջվում է,
(b) հեշտացնել սույն Կոնվենցիայի կիրարկման հարցում Կողմերին ցուցաբերվող աջակցությունը, հատկապես` զարգացող երկիր հանդիսացող Կողմերին և անցումային տնտեսությամբ Կողմերին` նրանց խնդրանքի դեպքում,
(c) համակարգել, ըստ անհրաժեշտության, համապատասխան միջազգային մարմինների, մասնավորապես` քիմիական նյութերի և թափոնների հարցերով այլ կոնվենցիաների Քարտուղարությունների հետ,
(d) աջակցել Կողմերին սույն Կոնվենցիայի կիրարկմանը վերաբերող տեղեկատվության փոխանակման հարցում,
(e) նախապատրաստել և Կողմերին տրամադրել պարբերական զեկույցներ 15-րդ և 21-րդ հոդվածների համաձայն ստացված տեղեկության և այլ հասանելի տեղեկության հիման վրա,
(f) Կողմերի խորհրդաժողովի ընդհանուր ղեկավարությամբ ձեռնարկել այնպիսի վարչական և պայմանագրային գործողություններ, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ իրականացման համար, և
(g) իրականացնել Քարտուղարության այլ գործառույթներ` նախատեսված սույն Կոնվենցիայով, ինչպես նաև այդօրինակ այլ գործառույթներ, որոնք կարող են սահմանվել Կողմերի խորհրդաժողովի կողմից:
3. Սույն Կոնվենցիայով Քարտուղարության գործառույթներն իրականացվում են Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանական ծրագրի գործադիր տնօրենի կողմից, եթե Կողմերի խորհրդաժողովը ներկա և քվեարկող Կողմերի ձայների երեք քառորդ մեծամասնությամբ չի որոշում Քարտուղարության գործառույթները վստահել մեկ կամ ավել այլ միջազգային կազմակերպությունների:
4. Կողմերի խորհրդաժողովը, համապատասխան միջազգային մարմինների հետ խորհրդակցելով, կարող է ապահովել ավելի սերտ համագործակցություն և համակարգում Քարտուղարության և քիմիական նյութերի և թափոնների հարցերով այլ կոնվենցիաների Քարտուղարությունների միջև: Կողմերի խորհրդաժողովը համապատասխան միջազգային մարմինների հետ խորհրդակցելուց հետո կարող է լրացուցիչ ուղեցույց ներկայացնել այս հարցով:
Հոդված 25
Վեճերի լուծումը
1. Կողմերը փորձում են լուծել սույն Կոնվենցիայի մեկնաբանության կամ կիրառության վերաբերյալ իրենց միջև ծագող բոլոր վեճերը բանակցությունների միջոցով կամ, իրենց ընտրությամբ, այլ խաղաղ միջոցներով:
2. Սույն Կոնվենցիան վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ Կոնվենցիային միանալիս կամ դրանից հետո՝ ցանկացած պահի, Կողմը, որը տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն չէ, կարող է ավանդապահին հանձնած գրավոր փաստաթղթով հայտարարել, որ սույն Կոնվենցիայի մեկնաբանությանը կամ կիրառությանն առնչվող որևէ վեճում ինքը ճանաչում է վեճերի կարգավորման հետևյալ մեկ կամ երկու միջոցները որպես պարտադիր որևէ Կողմի առնչությամբ, որն ընդունում է նույն պարտավորությունը.
(a) արբիտրաժ` համաձայն Ե Հավելվածի I մասով սահմանված ընթացակարգի,
(b) վեճերի հանձնում արդարադատության միջազգային դատարան:
3. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն հանդիսացող Կողմը կարող է նմանատիպ հայտարարություն անել արբիտրաժի վերաբերյալ` համաձայն 2-րդ կետի:
4. 2-րդ կամ 3-րդ կետերի համաձայն արված հայտարարությունը մնում է ուժի մեջ մինչև դրա ժամկետի լրանալը` ըստ դրա համար նախատեսված պայմանների, կամ՝ երեք ամիս՝ այն բանից հետո, երբ այն չեղարկելու մասին գրավոր ծանուցումը հանձնվում է ավանդապահին:
5. Հայտարարության ժամկետի լրանալը, այն չեղարկելու մասին ծանուցումը կամ նոր հայտարարությունը որևէ կերպ չեն ազդում արբիտրաժային դատարանում կամ արդարադատության միջազգային դատարանում ընթացող գործընթացների վրա, եթե վեճի կողմերն այլ բանի շուրջ համաձայնության չեն գալիս:
6. Եթե վեճի կողմերը չեն ընդունել վեճերի լուծման նույն միջոցը` համաձայն 2-րդ կամ 3-րդ կետերի, և եթե չեն կարողացել լուծել իրենց վեճը 1-ին կետում նշված եղանակով Կողմերից մեկի կողմից մյուս Կողմին իրենց միջև առկա վեճի մասին ծանուցվելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում, ապա վեճը հանձնվում է հաշտեցման հանձնաժողովին՝ վեճի որևէ Կողմի խնդրանքով: Ե Հավելվածի II մասի ընթացակարգը կկիրառվի սույն հոդվածով նախատեսված հաշտեցման նկատմամբ:
Հոդված 26
Կոնվենցիայի փոփոխությունները
1. Ցանկացած Կողմ կարող է սույն Կոնվենցիայում առաջարկել փոփոխություններ:
2. Սույն Կոնվենցիայում փոփոխություններն ընդունվում են Կողմերի խորհրդաժողովի հանդիպման ժամանակ: Առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստ փոխանցվում է Կողմերին Քարտուղարության կողմից այն հանդիպումից առնվազն վեց ամիս առաջ, որի ընթացքում դրա ընդունումն առաջարկվում է: Քարտուղարությունն առաջարկվող փոփոխությունը փոխանցում է նաև սույն Կոնվենցիան ստորագրողներին և ավանդապահին՝ ի գիտություն:
3. Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը սույն Կոնվենցիայում առաջարկվող որևէ փոփոխության շուրջ կոնսենսուսով համաձայնության գալու համար: Եթե սպառված են կոնսենսուսի հասնելու բոլոր ջանքերը, և համաձայնություն ձեռք չի բերվել, փոփոխությունը, որպես վերջին միջոց, ընդունվում է հանդիպմանը ներկա և քվեարկող Կողմերի ձայների երեք քառորդ մեծամասնությամբ:
4. Ընդունված փոփոխությունը ավանդապահի կողմից փոխանցվում է բոլոր Կողմերին վավերացման, ընդունման կամ հաստատման համար:
5. Փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին գրավոր ծանուցվում է ավանդապահը: 3-րդ կետի համաձայն ընդունված փոփոխությունը դրանով պարտավորված լինելու համաձայնություն տված Կողմերի համար ուժի մեջ է մտնում իննսուներորդ օրը այն պահից հետո, երբ փոփոխության ընդունման ժամանակ Կողմ հանդիսացող Կողմերի առնվազն երեք քառորդը ի պահ են հանձնում վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը: Դրանից հետո փոփոխությունն ուժի մեջ է մտնում որևէ այլ Կողմի համար իննսուներորդ օրն այն պահից հետո, երբ այդ Կողմը ի պահ է հանձնում փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթը:
Հոդված 27
Հավելվածների ընդունումն ու փոփոխումը
1. Սույն Կոնվենցիայի հավելվածները կազմում են դրա բաղկացուցիչ մասը, և եթե բացահայտորեն այլ բան չի նախատեսվում, հղումը սույն Կոնվենցիային նշանակում է միաժամանակ հղում նաև Կոնվենցիայի ցանկացած հավելվածին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո ընդունված ցանկացած լրացուցիչ հավելված կսահմանափակվի ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերով:
3. Սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար կկիրառվի հետևյալ ընթացակարգը.
(a) լրացուցիչ հավելվածները կառաջարկվեն և կընդունվեն 26-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված ընթացակարգով,
(b) ցանկացած Կողմ, որը չի կարող ընդունել լրացուցիչ հավելվածը, այդ մասին գրավոր ծանուցում է ավանդապահին հավելվածի ընդունման մասին ավանդապահի կողմից հաղորդվելուց հետո մեկ տարվա ընթացքում: Ավանդապահն անհապաղ ծանուցում է բոլոր Կողմերին ստացված այդպիսի ցանկացած ծանուցման մասին: Կողմը կարող է ցանկացած ժամանակ գրավոր ծանուցել ավանդապահին, որ չեղարկում է լրացուցիչ հավելվածը չընդունելու մասին նախկին ծանուցումը, և այդ հավելվածը Կողմի համար ուժի մեջ է մտնում համաձայն «գ» ենթակետի, և
(c) լրացուցիչ հավելվածի ընդունման մասին ավանդապահի կողմից ծանուցվելուց մեկ տարի հետո հավելվածն ուժի մեջ է մտնում բոլոր այն Կողմերի համար, որոնք ծանուցում չեն ներկայացրել այն չընդունելու մասին` համաձայն «բ» կետի դրույթների:
4. Սույն Կոնվենցիայի հավելվածներում փոփոխությունների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը կատարվում են այն նույն ընթացակարգով, որով կատարվում են սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը՝ բացառությամբ այն դեպքի, երբ հավելվածում փոփոխությունն ուժի մեջ չի մտնում որևէ Կողմի համար, որը հայտարարություն է արել հավելվածների փոփոխությունների առնչությամբ` համաձայն 30-րդ հոդվածի 5-րդ կետի, ինչի պարագայում ցանկացած նման փոփոխություն ուժի մեջ է մտնում այդ Կողմի համար վերջինիս կողմից այդ փոփոխության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:
5. Եթե լրացուցիչ հավելվածը կամ հավելվածում փոփոխությունն առնչվում է սույն Կոնվենցիայի փոփոխությանը, լրացուցիչ հավելվածը կամ փոփոխությունն ուժի մեջ չեն մտնում այնքան ժամանակ, քանի դեռ ուժի մեջ չի մտել Կոնվենցիայի փոփոխությունը:
Հոդված 28
Ձայնի իրավունքը
1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն՝ բացառությամբ 2-րդ կետով նախատեսված դեպքի:
2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունն իր իրավասությանը վերաբերող հարցերում իրականացնում է իր ձայնի իրավունքը ձայների այն թվով, որը հավասար է սույն Կոնվենցիայի անդամ հանդիսացող իր անդամ պետությունների թվին: Այդ կազմակերպությունը չի իրականացնում ձայնի իր իրավունքը, եթե իր անդամ հանդիսացող պետություններից որևէ մեկն իրականացնում է ձայնի իր իրավունքը և՝ հակառակը:
Հոդված 29
Ստորագրումը
Սույն Կոնվենցիան ստորագրության համար բաց է Ճապոնիայի Կումամոտո քաղաքում 2013 թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին բոլոր պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների համար, իսկ այնուհետև` Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորքի կենտրոնական գրասենյակում մինչև 2014 թ. հոկտեմբերի 9-ը:
Հոդված 30
Վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միացումը
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման պետությունների կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Այն բաց է միանալու համար պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ստորագրման համար Կոնվենցիայի փակվելու օրվա հաջորդ օրվանից: Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Ցանկացած տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն, որը դառնում է սույն Կոնվենցիայի Կողմ այն պարագայում, երբ իր անդամ պետություններից ոչ մեկը Կողմ չէ, ստանձնում է սույն Կոնվենցիայի շրջանակներում բոլոր պարտավորությունները: Նման կազմակերպությունների պարագայում, որոնց անդամ պետություններից մեկը կամ մի քանիսը սույն Կոնվենցիայի Կողմ են, կազմակերպությունն ու իր անդամ պետությունները որոշում են իրենց համապատասխան պատասխանատվությունը սույն Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման հարցում: Նման դեպքերում կազմակերպությունն ու իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ իրականացնել սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքները:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը հայտարարում է իր իրավասության աստիճանը սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարցերի առնչությամբ: Ցանկացած նման կազմակերպություն տեղեկացնում է նաև ավանդապահին, որն էլ իր հերթին ծանուցում է Կողմերին իր իրավասության աստիճանի որևէ համապատասխան փոփոխության մասին:
4. Յուրաքանչյուր պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն խրախուսվում է սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու պահին Քարտուղարությանը փոխանցել տեղեկություն իր կողմից սույն Կոնվենցիայի կիրարկմանն ուղղված միջոցների մասին:
5. Իր վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթում Կողմը կարող է հայտարարել, որ հավելվածում կատարվող ցանկացած փոփոխությունն իր համար ուժի մեջ է մտնում դրա վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու պահից:
Հոդված 31
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին հիսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը:
2. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որը կվավերացնի, կընդունի կամ կհաստատի սույն Կոնվենցիան կամ կմիանա դրան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին հիսուներորդ փաստաթղթի ի պահ հանձնվելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից իր վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո՝ իննսուներորդ օրը:
3. 1-ին և 2-րդ կետերի նպատակներից ելնելով՝ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած փաստաթուղթ չի դիտվի որպես լրացուցիչ այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին:
Հոդված 32
Վերապահումներ
Սույն Կոնվենցիային վերապահումներ չեն թույլատրվում:
Հոդված 33
Հրաժարում
1. Սույն Կոնվենցիան Կողմի համար ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո՝ ցանկացած ժամանակ, Կողմը կարող է դուրս գալ Կոնվենցիայից` ավանդապահին գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով:
2. Կոնվենցիայից ցանկացած այդպիսի դուրս գալն ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից հետո մեկ տարին լրանալուն պես կամ ավելի ուշ ժամկետում, որը կարող է նշվել դուրս գալու մասին ծանուցման մեջ:
Հոդված 34
Ավանդապահը
Սույն Կոնվենցիայի ավանդապահը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարն է:
Հոդված 35
Հավասարազոր տեքստեր
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ կհանձնվի ավանդապահին:
Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ճապոնիայի Կումամոտո քաղաքում երկու հազար տասներեք թվականի հոկտեմբերի տասին:
Հավելված A
Սնդիկի հավելիչներով արտադրանք
Հետևյալ արտադրանքը բացառված է սույն Հավելվածից.
(a) քաղաքացիական պաշտպանության և ռազմական օգտագործման համար անհրաժեշտ արտադրանք,
(b) հետազոտությունների, գործիքակազմի կալիբրացիայի համար որպես չափորոշիչ օգտագործվող արտադրանք,
(c) այնտեղ, որտեղ առկա չեն փոխարինման ենթակա՝ սնդիկ չպարունակող պիտանի այլընտրանքներ, անջատիչներ և ռելեներ, սառը կատոդային ցերեկային լույսի լապտեր և արտաքին էլեկտրոդով ցերեկային լույսի լամպեր (CCFL և EEFL) էլեկտրոնային էկրանների և չափիչ սարքավորումների համար,
(d) ավանդական կամ կրոնական արարողություններում օգտագործվող արտադրանք,
(e) թիոմերսալը որպես պահպանիչ պարունակող պատվաստանյութեր:
I մաս. 4-րդ հոդվածի 1-ին կետի առարկա հանդիսացող արտադրանք
Սնդիկի հավելիչներով արտադրանք |
Ամսաթիվ, որից հետո չի թույլատրվում արտադրանքի թողարկումը, ներկրումը կամ արտահանումը (դադարեցման ամսաթիվ) |
Մարտկոցներ, բացառությամբ կոճակային ցինկե արծաթի օքսիդի մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2% է, և կոճակային ցինկե օդային մարտկոցներ, որոնցում սնդիկի պարունակությունը 2% է |
2020 |
Անջատիչներ և ռելեներ, բացառությամբ շատ բարձր ճշգրտության կարողության և կորստի չափիչ կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և ռելեների մոնիտորինգային և հսկիչ գործիքների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով |
2020 |
Կոմպակտ ցերեկային լուսային լամպեր (CFL-ներ) ընդհանուր լուսավորության համար, որոնք ≤ 30 վատտ են, որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ն` լամպի մեկ այրիչի հաշվով |
2020 |
Գծային ցերեկային լույսեր (LFL-ներ) ընդհանուր լուսավորության համար.(a) Եռաժապավեն ֆոսֆոր <60 վատտ, որում սնդիկի պարունակությունը 5 մգ է` մեկ լամպի հաշվով. (b) Հալոֆոսֆատային ֆոսֆոր ≤ 40 վատտ, որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 10 մգ-ը` մեկ լամպի հաշվով |
2020 |
Բարձր ճնշման սնդիկի շոգելամպեր (HPMV) ընդհանուր լուսավորության համար |
2020 |
Սնդիկը սառը կատոդային ցերեկային լույսի լամպերում և արտաքին էլեկտրոդով ցերեկային լույսի լամպերում (CCFL և EEFL) էլեկտրոնային դիսփլեյների համար. (a) կարճ (≤ 500 մմ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 3,5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով. (b) միջին (> 500 մմ և ≤ 1 500 մմ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով. (c) երկար (> 1 500 մմ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 13 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով |
2020 |
Կոսմետիկ միջոցներ (սնդիկի պարունակությունը 1 պպմ-ից ավելի է), այդ թվում` մաշկը բացացնող օճառներ և կրեմներ, չներառելով աչքի շրջանի կոսմետիկան, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես պահպանիչ, այլ ոչ` ազդող միջոց, և առկա են անվտանգ այլընտրանքային պահպանիչ միջոցներ1 |
2020 |
Պեստիցիդներ, բիոցիդներ և հականեխիչ միջոցներ |
2020 |
Ստորև թվարկված ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումները, բացառությամբ ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումների` տեղադրված մեծածավալ սարքավորումներում, կամ որոնք օգտագործվում են բարձր ճշգրտության չափումների համար, եթե չկան սնդիկ չպարունակող պիտանի այլընտրանքներ` (a) բարոմետրեր (b) հիդրոմետրեր (c) մանոմետրեր (d) ջերմաչափեր (e) սֆիգմոմանոմետրեր |
2020 |
II մաս. 4-րդ հոդվածի 3-րդ կետի առարկա հանդիսացող արտադրանք
Սնդիկի հավելիչներով արտադրանք |
Դրույթներ |
Ատամնաբուժական խառնուրդ |
Ատամնաբուժական խառնուրդի օգտագործման դադարեցման ուղղությամբ Կողմի ձեռնարկելիք միջոցները հաշվի են առնում Կողմի ազգային հանգամանքներն ու համապատասխան միջազգային ուղեցույցները և ներառում են երկու կամ ավելի միջոց հետևյալ ցանկից. i. սահմանել ազգային նպատակներ ատամի կարիեսի կանխարգելման նպատակով և առողջության խթանում` այդպիսով նվազեցնելով ատամի վերականգնման անհրաժեշտությունը, ii. սահմանել ազգային նպատակներ` նվազագույնի հասցնելու համար դրա օգտագործումը, iii. խթանել ծախսարդյունավետ և կլինիկական տեսանկյունից արդյունավետ՝ սնդիկ չպարունակող այլընտրանքները ատամի վերականգնման համար, iv. խթանել ատամի վերականգնման՝ սնդիկ չպարունակող որակյալ գիտահետազոտական և ուսումնական գործունեությունը, v. խրախուսել ներկայացուցչական մասնագիտական կազմակերպություններին և ատամնաբուժական դպրոցներին՝ կրթելու և վերապատրաստելու մասնագետ ատամնաբույժներ և ուսանողներ ատամի վերականգնման՝ սնդիկ չպարունակող այլընտրանքներ օգտագործելու և կառավարման լավագույն գործելակարգեր խթանելու ոլորտում, vi. ապաքաջալերել այնպիսի ապահովագրական քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կողմ են ատամնաբուժական խառնուրդի կիրառությանը՝ ի վնաս սնդիկ չպարունակող վերականգնման, vii. խրախուսել ապահովագրական քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կողմ են ատամնաբուժական խառնուրդի կիրառության որակյալ այլընտրանքներին, viii. սահմանափակել ատամնաբուժական խառնուրդի կիրառությունը վերջինիս կապսուլացված ձևով, ix. խթանել ատամնաբուժության ոլորտում լավագույն բնապահպանական գործելակարգերի կիրառումը` նվազեցնելու համար սնդիկի և սնդիկի միացությունների արտանետումները հողի ու ջրի մեջ: |
Հավելված B
Արտադրական գործընթացներ, որոնցում օգտագործվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ
I մաս. 5-րդ հոդվածի 2-րդ կետի առարկա հանդիսացող գործընթացներ
Սնդիկ կամ սնդիկի միացություններ օգտագործող արտադրական գործընթացներ |
Դադարեցման ամսաթիվ |
Քլոր-ալկալիի արտադրություն |
2025 |
Ացետալդեհիդի արտադրություն, որտեղ որպես կատալիզատոր օգտագործվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ |
2018 |
II մաս. 5-րդ հոդվածի 3-րդ կետի առարկա հանդիսացող գործընթացներ
Սնդիկ կիրառող գործընթացներ |
Դրույթներ |
Վինիլքլորիդի մոնոմերի արտադրություն |
Կողմերի ձեռնարկելիք միջոցները ներառում են հետևյալը, սակայն չեն սահմանափակվում դրանով. i. կրճատել սնդիկի օգտագործումը մեկ միավորին ընկած արտադրանքի հաշվով 50%-ով մինչև 2020 թվականը` 2010 թվականի օգտագործման համեմատ, ii. խթանել միջոցներ` կրճատելու համար առաջնային հանքահանությունից սնդիկի կիրառությունը, iii. ձեռնարկել միջոցներ` կրճատելու համար շրջակա միջավայր սնդիկի արտանետումներն ու արտազատումները, iv. օժանդակել գիտահետազոտական և զարգացման միջոցառումներին սնդիկ չպարունակող կատալիզատորների և գործընթացների առնչությամբ, v. չթույլատրել սնդիկի օգտագործումը հինգ տարի հետո, երբ Կողմերի խորհրդաժողովը սահմանել է, որ սնդիկ չպարունակող կատալիզատորները` հիմնված ներկայիս գործընթացների վրա, դարձել են տեխնիկապես և տնտեսապես պիտանի, vi. զեկուցել Կողմերի խորհրդաժողովին այլընտրանքներ մշակելու և/կամ հայտնաբերելու ջանքերի և 21-րդ հոդվածի համաձայն սնդիկի օգտագործման դադարեցման մասին: |
Նատրիումի կամ կալիումի մեթիլատ կամ էթիլատ |
Կողմերի ձեռնարկելիք միջոցները ներառում են հետևյալը, սակայն չեն սահմանափակվում դրանով. i. միջոցառումներ` նվազեցնելու համար սնդիկի կիրառությունը, նպատակ ունենալով դադարեցնելու այդ կիրառությունը հնարավորինս արագ և սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա ընթացքում, ii. կրճատել արտազատումներն ու արտանետումները մեկ միավոր արտադրանքի հաշվարկով 50%-ով մինչև 2020 թվականը` 2010 թվականի համեմատ, iii. արգելել առաջնային հանքահանությունից թարմ սնդիկի օգտագործումը, iv. աջակցել հետազոտություններին և զարգացմանը սնդիկ չպարունակող գործընթացների առնչությամբ, v. չթույլատրել սնդիկի օգտագործումը հինգ տարի հետո, երբ Կողմերի խորհրդաժողովը սահմանել է, որ սնդիկ չպարունակող կատալիզատորները` հիմնված ներկայիս գործընթացների վրա, դարձել են տեխնիկապես և տնտեսապես պիտանի, vi. զեկուցել Կողմերի խորհրդաժողովին այլընտրանքներ մշակելու և/կամ հայտնաբերելու ջանքերի և 21-րդ հոդվածի համաձայն սնդիկի օգտագործման դադարեցման մասին: |
Պոլիուրեթանի արտադրություն` օգտագործելով սնդիկ պարունակող կատալիզատորներ |
Կողմերի ձեռնարկելիք միջոցները ներառում են հետևյալը, սակայն չեն սահմանափակվում դրանով. i. ձեռնարկել միջոցներ` նվազեցնելու համար սնդիկի կիրառությունը, նպատակ ունենալով հնարավորինս արագ դադարեցնելու այդ կիրառությունը Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա ընթացքում, ii. ձեռնարկել միջոցներ` կրճատելու համար սնդիկից կախվածությունը սնդիկի առաջնային հանքահանությունից, iii. ձեռնարկել միջոցներ` կրճատելու համար շրջակա միջավայր սնդիկի արտանետումներն ու արտազատումները, iv. խրախուսել հետազոտությունները և զարգացումը սնդիկ չպարունակող կատալիզատորների և գործընթացների առնչությամբ, v. զեկուցել Կողմերի խորհրդաժողովին այլընտրանքներ մշակելու և/կամ հայտնաբերելու ջանքերի և 21-րդ հոդվածի համաձայն սնդիկի օգտագործման դադարեցման մասին: 5-րդ հոդվածի 6-րդ կետը չի վերաբերում այս արտադրական գործընթացին: |
Հավելված C
Արհեստագործական և փոքրածավալ ոսկու հանքահանություն
Գործողությունների ազգային ծրագրեր
1. 7-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների առարկա հանդիսացող յուրաքանչյուր Կողմ գործողությունների ազգային ծրագրում ներառում է.
(a) ազգային նպատակներ և կրճատման թիրախներ,
(b) գործողություններ` վերացնելու համար.
i. ամբողջական երկաթաքարի խառնուրդները,
ii. բնակելի տարածքներում խառնուրդների կամ վերամշակված խառնուրդի բաց այրումը,
iii. ցիանիդի մոխրաջրումը նստվածքներում, երկաթաքարում կամ պոչամբարներում, որոնց ավելացվել է սնդիկ` առանց սնդիկի առաջնային հեռացման,
(c) քայլեր` հեշտացնելու համար ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության ֆորմալիզացիան կամ կարգավորումը,
(d) օգտագործված սնդիկի քանակների և կիրառված գործելակարգերի բազային հաշվարկներ սեփական տարածքում ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության և մշակման ոլորտում,
(e) ռազմավարություն` խթանելու համար սնդիկի արտանետումների և արտազատումների կրճատումը և սնդիկի ռիսկերը ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության և մշակման ոլորտում, այդ թվում` սնդիկ չպարունակող մեթոդներով,
(f) ռազմավարություն` կառավարելու առևտուրը և կանխելու սնդիկի և սնդիկի միացությունների խոտորումը օտարերկրյա և ներպետական աղբյուրներից` ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության և մշակման մեջ օգտագործելու նպատակով,
(g) ռազմավարություն` ներառելու համար շահագրգիռ կողմերին գործողությունների ազգային ծրագրի իրականացման և շարունակական զարգացման գործում,
(h) հանրային առողջապահության ռազմավարություն ոսկու արհեստագործ և փոքրածավալ հանքափորներին և նրանց համայնքներին սնդիկից պաշտպանելու ոլորտում: Այդպիսի ռազմավարությունը, ի թիվս այլ հարցերի, պետք է ներառի առողջապահական տվյալների հավաքումը, առողջապահության ոլորտի աշխատակիցների համար վերապատրաստումը և իրազեկության բարձրացումը առողջապահական օջախների միջոցով,
(i) ռազմավարություն` կանխարգելելու խոցելի բնակչության, մասնավորապես երեխաների և մայրանալու տարիքի կանանց, հատկապես հղի կանանց վրա ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության ոլորտում օգտագործվող սնդիկի ազդեցությունը,
(j) ռազմավարություն՝ տրամադրելու տեղեկություն ոսկու արհեստագործ և փոքրածավալ հանքափորներին և տուժած համայնքներին, և
(k) գործողությունների ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցը:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է գործողությունների իր ազգային ծրագրում ներառել լրացուցիչ ռազմավարություն իր նպատակներին հասնելու համար, այդ թվում` սնդիկ չպարունակող՝ ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության չափորոշիչների և շուկայի վրա հիմնված մեխանիզմների և մարկետինգային գործիքների կիրառության կամ ներդրման վերաբերյալ:
Հավելված D
Մթնոլորտ սնդիկի և սնդիկի միացությունների արտանետումների սկզբնաղբյուրների ցանկը
Սկզբնաղբյուրների դասերը.
ածուխով այրվող էլեկտրակայաններ,
ածուխով այրվող արդյունաբերական կաթսաներ,
հալեցման և այրման գործընթացներ, որոնք կիրառվում են գունավոր մետաղների արտադրության մեջ2,
թափոնների այրման կայանքներ,
ցեմենտի կլինկերային արտադրության կայանքներ:
Հավելված E
Արբիտրաժ և հաշտեցման ընթացակարգեր
I մաս. Արբիտրաժի ընթացակարգ
Սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի նպատակներից ելնելով` արբիտրաժի ընթացակարգը հետևյալն է.
Հոդված 1
1. Կողմը կարող է նախաձեռնել արբիտրաժի ընթացակարգ սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի համաձայն վեճի մյուս կողմին կամ կողմերին հասցեագրված գրավոր ծանուցման միջոցով: Ծանուցումը պետք է ուղեկցվի պահանջի մասին հայտարարությամբ՝ ցանկացած հիմնավորող փաստաթղթի հետ միասին: Նման ծանուցումը պետք է նկարագրի արբիտրաժի առարկան և ներառի, մասնավորապես, սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնց մեկնաբանությունը կամ կիրառումը հարցի տակ են:
2. Դիմող կողմը պետք է ծանուցի Քարտուղարությանը, որ վեճը հանձնում է արբիտրաժի` սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի համաձայն: Ծանուցումն ուղեկցվում է դիմող կողմի գրավոր ծանուցմամբ, պահանջի հայտարարությամբ և վերոնշյալ 1-ին կետում նշված հիմնավորող փաստաթղթերով: Քարտուղարությունն ստացված ողջ տեղեկությունն ուղարկում է բոլոր Կողմերին:
Հոդված 2
1. Եթե վեճը, 1-ին հոդվածի համաձայն, հանձնվել է արբիտրաժի, կազմավորվում է արբիտրաժային դատարան: Այն կազմվում է երեք անդամից:
2. Վեճի կողմերից յուրաքանչյուրը նշանակում է մեկ արբիտր, և այդ եղանակով նշանակված երկու արբիտրները համաձայնությամբ նշանակում են երրորդ արբիտրին, որը դառնում է դատարանի Նախագահ: Երկուսից ավել կողմերի միջև վեճերի դեպքում նույն շահը հետապնդող կողմերը համաձայնությամբ միասին նշանակում են մեկ արբիտր: Դատարանի Նախագահը չի կարող լինել վեճի կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ իր մշտական բնակության վայրն ունենալ այդ կողմերից որևէ մեկի տարածքում կամ աշխատել նրանցից որևէ մեկի մոտ կամ որևէ այլ կարգավիճակով առնչվել այդ գործին:
3. Թափուր տեղերը լրացվում են նախնական նշանակման համար սահմանված կարգով:
Հոդված 3
1. Եթե վեճի կողմերից մեկն արբիտր չի նշանակում արբիտրաժի մասին ծանուցումը պատասխանող կողմի ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում, մյուս կողմը կարող է այդ մասին տեղեկացնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, ով երկամսյա ժամկետում պետք է կատարի նշանակում:
2. Եթե երկրորդ արբիտրի նշանակման օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, արբիտրաժային դատարանի Նախագահ չի նշանակվում, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը պետք է, կողմի խնդրանքով, նշանակի Նախագահին երկամսյա ժամկետում:
Հոդված 4
Արբիտրաժային դատարանն ընդունում է իր որոշումները սույն Կոնվենցիայի և միջազգային իրավունքի դրույթների համաձայն:
Հոդված 5
Եթե վեճի կողմերն այլ բան չեն պայմանավորվում, արբիտրաժային դատարանը սահմանում է իր ընթացակարգի կանոնները:
Հոդված 6
Արբիտրաժային դատարանը կարող է, վեճի կողմերից մեկի խնդրանքով, առաջարկել պաշտպանության էական միջանկյալ միջոցառումներ:
Հոդված 7
Վեճի կողմերը հեշտացնում են արբիտրաժային դատարանի աշխատանքը և, մասնավորապես, իրենց տրամադրության տակ եղած միջոցներն օգտագործելու միջոցով՝
(a) տրամադրում բոլոր համապատասխան փաստաթղթերը, տեղեկություններն ու հարմարությունները և
(b) լիազորում դատարանին, ըստ անհրաժեշտության, կանչելու վկաներ կամ փորձագետներ և նրանցից ստանալու վկայություն:
Հոդված 8
Վեճի կողմերը և արբիտրները պարտավոր են պահել արբիտրաժային դատարանի ողջ վարույթի ընթացքում խորհրդապահական կարգով ստացած ցանկացած տեղեկության կամ փաստաթղթի գաղտնիությունը:
Հոդված 9
Եթե արբիտրաժային դատարանն այլ բան չի սահմանում` ելնելով գործի առանձնահատուկ հանգամանքներից, դատարանի ծախսերը հոգում են վեճի կողմերը՝ հավասար մասնաբաժիններով: Դատարանը կատարում է իր բոլոր ծախսերի հաշվառում և կողմերին ներկայացնում դրանց վերաբերյալ վերջնական հաշվետվություն:
Հոդված 10
Այն կողմը, որը վեճի առարկա հանդիսացող պահանջի մեջ իրավական բնույթի շահ ունի, որի վրա կարող է ազդել որոշումը, կարող է, արբիտրաժային դատարանի համաձայնությամբ, միջամտել վարույթին:
Հոդված 11
Արբիտրաժային դատարանը կարող է լսել և որոշում կայացնել այն հակընդդեմ պահանջների վերաբերյալ, որոնք ուղղակիորեն բխում են վեճի առարկայից:
Հոդված 12
Արբիտրաժային դատարանի որոշումները` դատավարական և նյութական իրավունքի վերաբերյալ, կարող են ընդունվել վերջինիս անդամների ձայների մեծամասնությամբ:
Հոդված 13
1. Եթե վեճի կողմերից որևէ մեկը չի ներկայանում արբիտրաժային դատարան կամ չի պաշտպանում իրեն, մյուս կողմը կարող է խնդրել, որ դատարանը շարունակի վարույթը և որոշում կայացնի: Կողմի բացակայությունը կամ չպաշտպանվելը արգելք չէ վարույթի համար:
2. Նախքան վերջնական որոշում կայացնելը արբիտրաժային դատարանը պետք է ներքին համոզմունք ձևավորի այն մասին, որ պահանջը հիմնավոր է թե՛ փաստական և թե՛ իրավական տեսանկյունից:
Հոդված 14
Արբիտրաժային դատարանը կայացնում է իր վերջնական որոշումն իր լիարժեք կազմավորումից հետո հինգ ամսվա ընթացքում, եթե չի գտնում, որ անհրաժեշտ է երկարաձգել իր վերջնաժամկետը ոչ ավելի, քան ևս հինգ ամսով:
Հոդված 15
Արբիտրաժային դատարանի վերջնական որոշումը սահմանափակվում է վեճի առարկայով և պետք է լինի պատճառաբանված: Այն ներառում է այն անդամների անունները, ովքեր մասնակցել են, և վերջնական որոշման ամսաթիվը: Դատարանի անդամներից յուրաքանչյուրը կարող է վերջնական որոշմանը կցել իր առանձին կամ հակառակ կարծիքը:
Հոդված 16
Վերջնական որոշումը պարտադիր է վեճի կողմերի համար: Վերջնական որոշմամբ տրված՝ սույն Կոնվենցիայի մեկնաբանությունը ևս պարտադիր է վերոնշյալ 10-րդ հոդվածի համաձայն միջամտած Կողմի համար՝ այնքանով, որքանով այն առնչվում է այնպիսի հարցերի, որոնց առնչությամբ այդ Կողմը միջամտել է: Վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ, եթե վեճի կողմերը նախապես համաձայնության չեն եկել բողոքարկման ընթացակարգի շուրջ:
Հոդված 17
Ցանկացած տարաձայնություն, որը կարող է առաջանալ 16-րդ հոդվածի համաձայն վերջնական որոշմամբ պարտավորություն կրողների միջև վերջնական որոշման մեկնաբանության կամ կիրարկման կարգի վերաբերյալ, նրանցից յուրաքանչյուրի կողմից որոշման համար կարող է ներկայացվել այն արբիտրաժային դատարանին, որը այն կայացրել է:
II մաս. Հաշտեցման ընթացակարգ
Սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 6-րդ կետի նպատակներից ելնելով` արբիտրաժի ընթացակարգը հետևյալն է.
Հոդված 1
Վեճի կողմի խնդրանքը՝ հաշտեցման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, համաձայն սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 6-րդ կետի, գրավոր ներկայացվում է Քարտուղարությանը, և դրա պատճենն ուղարկվում է վեճի մյուս կողմին կամ կողմերին: Քարտուղարությունն անմիջապես պատշաճ կարգով ծանուցում է բոլոր Կողմերին:
Հոդված 2
1. Եթե վեճի կողմերն այլ բանի շուրջ համաձայնության չեն գալիս, հաշտեցման հանձնաժողովը կազմավորվում է երեք անդամից, որոնցից մեկական անդամ նշանակվում է շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրի կողմից, իսկ Նախագահողին համատեղ ընտրում են այդ անդամները:
2. Երկուսից ավել կողմերի միջև ծագած վեճերում նույն շահը հետապնդող կողմերը համաձայնությամբ համատեղ նշանակում են հանձնաժողովի իրենց անդամին:
Հոդված 3
Եթե 1-ին հոդվածում նշված գրավոր խնդրանքը Քարտուղարության ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, վեճի կողմերը նշանակում չեն անում, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը, կողմերից որևէ մեկի խնդրանքով, երկամսյա ժամկետում կատարում է այդ նշանակումը:
Հոդված 4
Եթե հաշտեցման հանձնաժողովի Նախագահը չի ընտրվում հանձնաժողովի երկրորդ անդամի նշանակումից հետո երկամսյա ժամկետում, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը, վեճի կողմերից որևէ մեկի խնդրանքով, երկամսյա ժամկետում կատարում է այդ նշանակումը:
Հոդված 5
Հաշտեցման հանձնաժողովն անկախ և անկողմնակալ եղանակով աջակցում է վեճի կողմերին բարեկամական կարգավորման հասնելու նրանց ջանքերում:
Հոդված 6
1. Հաշտեցման հանձնաժողովը կարող է վարել հաշտեցման վարույթն այնպես, ինչպես ինքը պատշաճ է համարում` լիարժեքորեն հաշվի առնելով գործի հանգամանքները և այն տեսակետները, որ վեճի կողմերը կարող են արտահայտել, այդ թվում` արագ կարգավորման վերաբերյալ խնդրանքները: Եթե կողմերն այլ բան չեն պայմանավորվում, նա կարող է, ըստ անհրաժեշտության, ընդունել իր ընթացակարգը:
2. Հաշտեցման հանձնաժողովը կարող է վարույթի ցանկացած փուլում անել առաջարկություններ կամ խորհրդատվություն վեճի կարգավորման վերաբերյալ:
Հոդված 7
Վեճի կողմերը համագործակցում են հաշտեցման հանձնաժողովի հետ: Մասնավորապես` նրանք փորձում են կատարել հանձնաժողովի խնդրանքները գրավոր նյութեր տրամադրելու, ապացույցներ ներկայացնելու և հանդիպումներին մասնակցելու վերաբերյալ: Կողմերը և հաշտեցման հանձնաժողովի անդամները պարտավոր են պահել հանձնաժողովի վարույթի ընթացքում խորհրդապահական կարգով ստացված ցանկացած տեղեկության կամ փաստաթղթի գաղտնիություն:
Հոդված 8
Հաշտեցման հանձնաժողովն իր որոշումները կայացնում է իր անդամների ձայների մեծամասնությամբ:
Հոդված 9
Եթե վեճն արդեն իսկ չի լուծվել, հաշտեցման հանձնաժողովը կազմում է զեկույց՝ վեճի կարգավորմանը վերաբերող առաջարկություններով, իր լիարժեք կազմավորումից հետո տասներկու ամսից ոչ ուշ, որը վեճի կողմերը բարեխղճորեն քննության են առնում:
Հոդված 10
Ցանկացած տարաձայնություն այն մասին, թե արդյո՞ք հաշտեցման հանձնաժողովն իրավասու է քննության առնելու իրեն հանձնած հարցը, որոշվում է հանձնաժողովի կողմից:
Հոդված 11
Եթե այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, հաշտեցման հանձնաժողովի ծախսերը հոգում են վեճի կողմերը՝ հավասար մասնաբաժիններով: Հանձնաժողովը վարում է իր բոլոր ծախսերի հաշվառում և դրանց վերաբերյալ կողմերին ներկայացնում վերջնական հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության հայտարարությունը «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի վերաբերյալ
«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի 30-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Կոնվենցիայի հավելվածներում կատարված ցանկացած փոփոխություն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի միայն վավերացման, միանալու, ընդունման և հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո:
____________________________
1 Նպատակն է չներառել այն կոսմետիկ միջոցները, օճառները կամ քսուքները, որոնք պարունակում են սնդիկի հետքային աղտոտումներ:
2 Սույն Հավելվածի նպատակներից ելնելով` «գունավոր մետաղները» վերաբերում են ցինկին, պղնձին և արդյունաբերական ոսկուն: