ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 1999 թվականի N 615
քաղ. Երևան
«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքները սահմանված ժամկետներում անցկացնելու և կազմակերպելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին`
ա) «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողովի հետ համաձայնեցնելով` 15-օրյա ժամկետում հաստատել հիմնախնդրի լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը` հաշվի առնելով փոփոխվող սարքավորումների ու ծրագրային միջոցների գնման կամ ադապտացման, թեստավորման, տարածաշրջանային և միջազգային նմանատիպ կառույցների հետ համաձայնեցման աշխատանքներն ու մասնագիտական, տեխնիկական ռեսուրսները և ֆինանսական միջոցների հաշվառումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ 3-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 1999 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2000 թվականի հունվարի 30-ը ընկած ժամանակահատվածի, ինչպես նաև «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված այլ ժամանակահատվածների համար հստակ գործողությունների ծրագիր.
գ) վերահսկողություն իրականացնել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծրագրերի իրականացման նկատմամբ` մասնավորապես, ֆինանսաբանկային, էներգետիկ, հեռահաղորդակցության, տրանսպորտի, առողջապահության, պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում.
դ) առաջնահերթ համարել «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողովի հաշվետվության բարձր ռիսկի տիրույթի խնդիրների իրականացումը.
ե) ժամանակին քննարկել և լուծել միջին ու թույլ ռիսկի խնդիրների կատարման ընթացքում առաջացած դժվարությունները:
2. «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողովին`
ա) «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված վտանգների հայտնաբերման աշխատանքների ընթացքում առաջացած նոր հիմնահարցերի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարներին Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին.
բ) մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լուսաբանել «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքները.
գ) Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ կոորդինացնել տեղեկատվական համակարգերի վերակազմավորման, արտակարգ իրավիճակների կառավարման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ այս ուղղությամբ պահանջվող աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված միջոցառումների ծրագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` հանձնաժողովի հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով ընդունել ազգային ստանդարտ համապատասխան ԻՍՕ 8601 միջազգային ստանդարտին:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |