ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2003 թվականի N 212-Ն
«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 133-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝
1. Հաստատել «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Արփա-Սևան» թունելի անհետաձգելի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները կազմակերպելու, դրա հետագա անխափան շահագործման և տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 133-Ն որոշմամբ:
2. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Հանձնաժողովի գործունեության հիմնական խնդիրներն են՝
ա) «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի կողմից արձանագրված թերությունների մասին ակտերի հիման վրա «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների ընթացիկ տեխնիկական վիճակի գնահատումը.
բ) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների պահպանման ու շահագործման բարելավման միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե տեղեկատվություն ներկայացնելը.
գ) առաջիկայում կատարվելիք աշխատանքների առաջնահերթության և ժամանակացույցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե առաջարկություններ ներկայացնելը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովը, ելնելով իր գործունեության հիմնական խնդիրներից, իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի կողմից «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման արդյունքների հիման վրա կազմված՝ թերությունների մասին ակտերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքների տարեկան ծրագրերի և ըստ փուլերի դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը.
գ) «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման և վերակառուցման տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրման համար կազմված տեխնիկական առաջադրանքի հաստատում.
դ) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման արդյունքներով կազմված՝ թերությունների մասին ակտերի հիման վրա փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալը՝ պատվիրատուի կողմից դրանք ընդունվելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե, այնուհետև՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելու համար.
ե) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման ընթացքում, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար նաև շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների համապատասխան մասնագետներին հրավիրելը.
զ) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի բարելավման նպատակով ներկայացված առաջարկությունների վերաբերյալ քննարկումների կազմակերպում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե դրանց կիրառման մասին կարծիք ներկայացնելը։
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի, խորհրդակցությունների և արտագնա ստուգայցերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի առնվազն 7 և ավելի անդամների առաջարկությամբ, բայց առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:
6. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը:
7. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը՝ հաշվի առնելով հանձնաժողովի անդամներից ստացված առաջարկությունները: Օրակարգը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:
8. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի նիստի հրավիրման, դրա անցկացման տեղի ու ժամանակի մասին նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին՝ նրանց տրամադրելով նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող նյութերը:
9. Հանձնաժողովի նիստերն ու նրա կողմից ընդունված որոշումները համարվում են իրավազոր՝ նիստին հանձնաժողովի առնվազն 7 անդամի մասնակցության դեպքում։
10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
11. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության այլ շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների համապատասխան մասնագետները՝ հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ:
12. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:
13. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամ՝ «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի աշխատողը: Հատուկ կարծիքի առկայության դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:
14. Հանձնաժողովի նախագահը՝
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերն ու նախագահում դրանք.
բ) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.
գ) ստորագրում է հանձնաժողովի նիստի որոշումներն ու արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը:
15. Հանձնաժողովի անդամները՝
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին և իրականացնում հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.
բ) պարտավոր են 5-օրյա ժամկետում ներկայացնել նիստի արձանագրության վերաբերյալ իրենց կարծիքները.
գ) հանձնաժողովի նիստին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:
16. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) հանձնաժողովին է տրամադրում նրա գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.
գ) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք 5-օրյա ժամկետում ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամներին։
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
17. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
18. Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու մյուս նյութերը հանձնաժողովի գործունեության դադարումից հետո ենթակա են պահպանման՝ «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |