ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2005 թվականի N 900-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի հուշարձան-շենքերի պահպանության խնդիրները կանոնակարգելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մշակել և սահմանված կարգով 2006 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պատմամշակութային հուշարձանների արժեքի գնահատման և դրանց վնասվածության չափի որոշման կարգը:
2. Երևանի քաղաքապետին`
ա) Երևան քաղաքի 2006 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում և Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկել հետևյալ աշխատանքների կատարումը`
Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակում,
19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի` Երևանի առավել վտանգված (քայքայված և ավերման եզրին գտնվող) հուշարձան-շենքերի տեխնիկական վիճակի հետազոտում,
պետության կողմից պահպանվող հուշարձանների վրա հուշատախտակների տեղադրում.
բ) Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման գործընթացում, նախօրոք մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` Երևան քաղաքի հուշարձան-շենքերի վերանորոգման և վերականգնման աշխատանքների կատարման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|