ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1195(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-502,07-819 | |
Նախագահող դատավոր՝ | Ա. Խառատյան |
դատավորներ՝ | Կ. Հակոբյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Թամարա Հայրումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Թամարա Հայրումյանի ընդդեմ Յուրիկ Հայրումյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին, և Յուրիկ Հայրումյանի հայցի ընդդեմ Թամարա Հայրումյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է Յուրիկ Հայրումյանին վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանից:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 02.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Յուրիկ Հայրումյանը, մեկ այլ քաղաքացիական գործով դիմելով դատարան, պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանի նկատմամբ:
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 07.12.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.01.2007 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճռով Թամարա Հայրումյանի հայցը մերժվել է, իսկ Յուրիկ Հայրումյանի հայցը բավարարվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թամարա Հայրումյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետը, 279-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ վիճելի բնակարանում Յուրիկ Հայրումյանը չի բնակվել, այն չի տիրապետել, այլ վերջինս բնակվել է Կապան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 31 տանը` իր ընտանիքի հետ: Թամարա Հայրումյանն ի սկզբանե վիճելի բնակարանի սեփականատեր է, երբեք չի հրաժարվել սեփականատիրոջ իր իրավունքներից: Ավելին, Թամարա Հայրումյանի կողմից 1998-2006 թվականների ընթացքում կատարվել են նշված բնակարանի համար բոլոր կոմունալ վճարումները, ջրաչափական սարք տեղադրելու համար կնքել է համապատասխան պայմանագիր:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը:
Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:
Դատարանը լիարժեք չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, որոնցով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Յուրիկ Հայրումյանը վիճելի բնակարանում չի բնակվել, այն չի տիրապետել և օգտագործել, և որ Թամարա Հայրումյանը, լինելով բնակարանի միակ սեփականատերը, կատարել է բնակարանի պահպանության հետ կապված գործողություններ և կոմունալ բոլոր անհրաժեշտ վճարումները:
Նշված պատճառաբանությամբ Թամարա Հայրումյանը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 02.10.2006 թվականի և 07.12.2006 թվականի վճիռներին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ժողպատգամավորների Կապանի քաղաքային Խորհրդի գործադիր կոմիտեի 28.04.1993 թվականի որոշմամբ Թամարա Հայրումյանին թույլատրվել է գնել իր կողմից զբաղեցված Կապան քաղաքի Մ.Պապյան թողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանը:
2) Կապանի քաղաքային Խորհրդի բնակվարչության և Թամարա Հայրումյանի միջև 15.09.1993 թվականին կնքված պետական և հանրային բնակարանների ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվարկով վաճառելու մասին պայմանագրով Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանը 4.148 ռուբլով վաճառվել է Թամարա Հայրումյանին:
3) Համաձայն 13.09.1993 թվականի վճարման անդորրագրի` 13.09.1993 թվականին բնակարան գնելու համար Կապանի բնակվարչության հաշվին Թամարա Հայրումյանի անվամբ կատարվել է 4.148 ռուբլի գումարի վճարում:
4) Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2005 թվականի թիվ 1329080 վկայականի` Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանի նկատմամբ գրանցված է Թամարա Հայրումյանի սեփականության իրավունքը:
5) գործում առկա վճարման անդորրագրերի համաձայն` 1998-2006 թվականների ընթացքում Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանի համար սպառված էլեկտրաէներգիայի դիմաց համապատասխան վճարումները կատարվել են Թամարա Հայրումյանի անվամբ:
6) Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանում խմելու ջուր օգտագործողի կողմից ջրաչափական սարք տեղադրելու և խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի մարման կապակցությամբ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ 09.04.2003 թվականին որպես բաժանորդ պայմանագիրը կնքել է Թամարա Հայրումյանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Հոդվածի բովանդակությունից բխում է, որ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը պետք է ապացուցի անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու հանգամանքը:
Սույն գործով վիճելի բնակարանը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ Յուրիկ Հայրումյանի կողմից տիրապետվելու հանգամանքը հիմնավորելիս ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ վիճելի բնակարանի վաճառքի գումարը վճարվել է Յուրիկ Հայրումյանի կողմից, քանի որ վերջինիս մոտ է գտնվում բնակարանի համար կատարված վճարումը հիմնավորող անդորրագրի բնօրինակը:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` ժողովրդական պատգամավորների Կապանի քաղխորհրդի գործկոմի 28.04.1993 թվականի որոշմամբ Թամարա Հայրումյանին է թույլատրվել գնել իր կողմից զբաղեցված Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանը: Նշված որոշման հիման վրա Կապանի քաղխորհրդի գործկոմի բնակվարչության և Թամարա Հայրումյանի միջև 15.09.1993 թվականին կնքվել է պետական և հանրային բնակարանների ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվարկով վաճառելու մասին պայմանագիր, որով Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանը 4.148 ռուբլով վաճառվել է Թամարա Հայրումյանին: Որպես բնակարանի արժեք սահմանված 4.148 ռուբլի գումարը՜ 13.09.1993 թվականի վճարման անդորրագրով վճարվել է Թամարա Հայրումյանի անվամբ: Իսկ բնակարանի համար կատարված վճարման անդորրագրի բնօրինակը Յուրիկ Հայրումյանի մոտ գտնվելու հանգամանքը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել, քանի որ վճարումը կատարվել է Թամարա Հայրումյանի անվամբ: Այսինքն` վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագրով որպես գնորդ հանդես է եկել Թամարա Հայրումյանը:
Դատարանը պատճառաբանել է նաև, որ Յուրիկ Հայրումյանը 1988 թվականից իր ընտանիքի անդամների հետ բնակվում է վիճելի բնակարանում և բացահայտ, անընդմեջ և բարեխիղճ տիրապետում այն որպես սեփական գույք` կատարելով դրա պահպանման հետ կապված ծախսերը, ի հիմնավորումն որի` դատարանը հղում է կատարել Յուրիկ Հայրումյանի կողմից դատարան ներկայացված հարևանների, տեղամասային ԲՇԿ-ի նախկին և ներկայիս աշխատակիցների հայտարարություններին: Սակայն վիճելի բնակարանը Յուրիկ Հայրումյանի կողմից բարեխղճորեն տիրապետելու (ձեռքբերման բարեխղճություն և օգտագործման բարեխղճություն) վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Հակառակ դրան` գործում առկա են 1998-2006 թվականների վճարման անդորրագրեր, համաձայն որոնց 1998-2006 թվականների ընթացքում Կապան քաղաքի Մ.Պապյան թողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանի համար սպառված էլեկտրաէներգիայի դիմաց համապատասխան վճարումները կատարվել են Թամարա Հայրումյանի անվամբ: Բացի այդ, Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանում խմելու ջուր օգտագործողի կողմից ջրաչափական սարք տեղադրելու և խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի մարման կապակցությամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ 09.04.2003 թվականին որպես բաժանորդ պայմանագիր կնքվել է Թամարա Հայրումյանի կողմից: Իսկ հարևանների և տեղամասային ԲՇԿ-ի նախկին և ներկա աշխատակիցների հայտարարությունները, ըստ որոնց` Յուրիկ Հայրումյանը 1988 թվականից իր ընտանիքով բնակվել է վիճելի բնակարանում, չեն կարող հիմք հանդիսանալ վիճելի բնակարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով Յուրիկ Հայրումյանի կողմից բարեխղճորեն տիրապետելու հանգամանքը հիմնավորելու համար: Բացի այդ, քաղաքացիական գործում առկա են նաև այլ հայտարարություններ, ըստ որոնց` Յուրիկ Հայրումյանն իր ընտանիքով բնակվել է ոչ թե վիճելի բնակարանում, այլ Կապան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 31 տանը:
Դատարանը պատճառաբանել է նաև, որ վիճելի բնակարանը վարձակալությամբ տրվել և վարձակալական գումարները տնօրինվել են Յուրիկ Հայրումյանի կողմից, վիճելի բնակարանը վերանորոգվել է Յուրիկ Հայրումյանի կողմից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի բնակարանը Յուրիկ Հայրումյանի կողմից վարձակալության հանձնված լինելու մասին պայմանագրի, ինչպես նաև համապատասխան վարձակալական վճարումները Յուրիկ Հայրումյանին կատարված լինելու վերաբերյալ գրավոր ապացույցների բացակայության պայմաններում, բնակարանը Յուրիկ Հայրումյանի կողմից վարձակալությամբ տալու և վարձակալական գումարները վերջինիս կողմից տնօրինվելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է: Իսկ այն փաստը, որ վիճելի բնակարանի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է Յուրիկ Հայրումյանը, դեռևս բավարար հիմք չէ բնակարանը վերջինիս կողմից տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու հանգամանքը ապացուցված համարելու համար:
Ավելին` բնակարանի առուվաճառքի պայմանագրից ծագած Թամարա Հայրումյանի սեփականության իրավունքը գրանցվել է միայն 30.11.2005 թվականին, որպիսի փաստը բացառում է Յուրիկ Հայրումյանի կողմից վիճելի բնակարանը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու հանգամանքը:
Վերը նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` տասը տարվա ընթացքում վիճելի անշարժ գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետման փաստը Յուրիկ Հայրումյանի կողմից չի հիմնավորվել, ինչից անմիջապես հետևում է, որ վիճելի գույքի նկատմամբ չի կարող ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել Յուրիկ Հայրումյանի սեփականության իրավունքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության: Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետով և 279-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կանոնները սույն գործով կիրառելիս պատճառաբանել է, որ 1993 թվականից սկսած` Թամարա Հայրումյանն իր գործողություններով ապացուցել է, որ այդ բնակարանի նկատմամբ որևէ հավակնություն չունի և հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
Սույն գործի փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է Թամարա Հայրումյանը որպես վիճելի գույքի բնակարանի սեփականատեր, կառավարել է այն, իրականացրել է սեփականատիրոջ իր իրավունքները և պարտականությունները: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետը և 279-րդ հոդվածի 1-ին կետը սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն:
Նշված պատճառաբանությամբ հիմնավոր են դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետը, 279-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածը սխալ մեկնաբանելու վերաբերյալ սույն բողոքի պատճառաբանությունները:
2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործով Թամարա Հայրումյանի կողմից դատարանին ներկայացված ապացույցների, մասնավորապես` բնակարանի արժեքի վճարման, բնակարանի համար կատարված կոմունալ վճարումների վերաբերյալ անդորրագրերը, ջրաչափական սարք տեղադրելու և խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման դիմաց առաջացած պարտքերի մարման կապակցությամբ 2003 թվականին կնքված պայմանագիրը, Թամարա Հայրումյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը դատարանի կողմից բազմակողմանի հետազոտության չեն ենթարկվել: Մինչդեռ նշված փաստաթղթերը վերաբերելի ապացույցներ են պարունակում Թամարա Հայրումյանի կողմից վիճելի բնակարանի տիրապետման, տնօրինման մասին:
Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման մասին սույն բողոքի հիմքը:
Այսպիսով` սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է բավարարման մասնակի, այն է՝ միայն ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու մասով: Իսկ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 02.10.2006 թվականի և 07.12.2006 թվականի վճիռներին օրինական ուժ տալու մասով բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 02.10.2006 թվականի վճիռը կայացվել է ըստ հայցի Թամարա Հայրումյանի ընդդեմ Յուրիկ Հայրումյանի` սեփականության իրավունքով Թամարա Հայրումյանին պատկանող Կապանի Մ.Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանից Յուրիկ Հայրումյանին վտարելու պահանջի մասին քաղաքացիական գործով: Նույն դատարանի 07.12.2006 թվականի վճիռը կայացվել է ըստ հայցի Յուրիկ Հայրումյանի ընդդեմ Թամարա Հայրումյանի` Կապանի Մ.Պապյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 31 բնակարանի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Յուրիկ Հայրումյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով:
Այսինքն` վերը նշված վճիռները կայացվել են առանձին քաղաքացիական գործերով: Դատավարության վերաքննության փուլում նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում, և քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Թամարա Հայրումյանի ընդդեմ Յուրիկ Հայրումյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին, և ըստ հայցի Յուրիկ Հայրումյանի ընդդեմ Թամարա Հայրումյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչելու պահանջի մասին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն անհնար է համարում առանձին քաղաքացիական գործերով կայացված վճիռներին օրինական ուժ տալու բողոքի պահանջի բավարարումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան | |
|
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
|
Վ. Աբելյան |
|
|
Ս. Անտոնյան |
|
|
Ս. Գյուրջյան |
|
|
Է. Հայրիյան |
|
|
Ս. Սարգսյան |