ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1825(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Գյուրջյանի | |
Է. Հայրիյանի | ||
|
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 05.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Հանձնաժողովից 565.280 ՀՀ դրամ:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Հանձնաժողովը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ընկերությունը 13.02.2002 թվականի հանձնման-ընդունման ակտը կազմելուց հետո 3 տարվա ժամկետում չի դիմել դատական պաշտպանության, իսկ «Հայագրոբանկ» ՓԲ ընկերությունը պարտքի ճանաչումը վկայող որևէ գործողություն չի կատարել: Դատարանի վճռում նշված է, որ հայցվորին ուղղված 15.06.2004 թվականի գրությամբ բանկը ներկայացրել է պարտավորությունը չկատարելու վերաբերյալ պատճառաբանություններ: Այսինքն, դատարանի վճռից ևս բխում է, որ բանկը երբևէ չի կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածից բխող` պարտքի ճանաչումը վկայող գործողություններ:
Բացի այդ, բանկը 15.06.2004 թվականի գրությամբ չի ընդունել 1000 ԱՄՆ դոլարի վճարման պարտավորությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության և «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի միջև 07.02.2002 թվականին կնքվել է «Եղվարդի համակցված գործարան» ՓԲԸ-ի գույքի գնահատման աշխատանքների վերաբերյալ պայմանագիր:
2) 13.02.2002 թվականին կազմվել է կատարողական ակտ:
3) Հանձնաժողովի նախագահի 15.06.2004 թվականի թիվ ԼՀՆ-01-611 գրության համաձայն՝ ««Հայագրոբանկ» ԲԲԸ 25.12.2003 թ-ից գտնվում է ինքնալուծարման գործընթացում և չի կարող վճարել 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը մինչ «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ն կներկայացնի հաշիվ-ապրանքագիրը և դիմում պարտատեր ճանաչելու վերաբերյալ, որից հետո Լուծարային հանձնաժողովի նախագահը կհրավիրի Լուծարային հանձնաժողովի նիստ և վերջինս կորոշի՝ ընգրկե՞լ պարտատերերի ցուցակում, թե՝ ոչ, պարտատերերի ցուցակում ընդգրկվելու դեպքում Ձեր պահանջը կբավարարվի համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածի, համապատասխան հերթի հետ միաժամանակ»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
Սույն քաղաքացիական գործով Դատարանի վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Հանձնաժողովի նախագահի 15.06.2004 թվականի թիվ ԼՀՆ-01-611 գրության Հանձնաժողովը ընդունել է Ընկերության նկատմամբ ունեցած իր պարտավորությունը:
Մինչդեռ, Հանձնաժողովի նախագահի 15.06.2004 թվականի թիվ ԼՀՆ-01-611 գրության համաձայն՝ ««Հայագրոբանկ» ԲԲԸ 25.12.2003 թ-ից գտնվում է ինքնալուծարման գործընթացում և չի կարող վճարել 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը մինչ «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ն կներկայացնի հաշիվ-ապրանքագիրը և դիմում պարտատեր ճանաչելու վերաբերյալ, որից հետո Լուծարային հանձնաժողովի նախագահը կհրավիրի Լուծարային հանձնաժողովի նիստ և վերջինս կորոշի՝ ընգրկե՞լ պարտատերերի ցուցակում, թե՝ ոչ, պարտատերերի ցուցակում ընդգրկվելու դեպքում Ձեր պահանջը կբավարարվի համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածի, համապատասխան հերթի հետ միաժամանակ»:
Վերոնշյալ գրությունից հետևում է, որ դրանով ոչ թե ճանաչվել է պարտքը, այլ իրազեկվել է, որ գրությամբ նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո լուծարային հանձնաժողովն է իրավասու պարտատերերի ցուցակում ընգրկվելու հարցը որոշելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի խախտման մասին վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր է, քանի որ չնայած Հանձնաժողովի գրությունը Ընկերությանը ուղարկվել է հայցային վաղեմության ընթացքում, սակայն պարտքը չի ընդունվել և պարտքը ճանաչող գործողություններ չեն կատարվել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքը հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար հիմք է դիտում Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
|
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | ||
|
Ս. Սարգսյան |