ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 493-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 17-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու և հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մասին» N 17-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թույլատրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող և հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավ-Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի համաձայն կոնցեսիոներին փոխանցելու համար նախատեսվող գույքով (հաշվեկշռային արժեքով` շենքեր, շինություններ, երկաթգծեր, հարմարանքներ, կառուցվածքներ և այլ գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` դրանց ձեռքբերման և մարման արդյունքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը:
1.2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն «Հայկական երկաթուղի» փակ բաժնեետիրական ընկերության գույքի կազմից գույքի առանձնացման արդյունքում առաջացած ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:
1.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը:».
2) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում «լուծարման գործընթացն» բառերը փոխարինել «գույքի հանձնումն» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ և 11-րդ կետերով.
«10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացված ցանկերի համաձայն:
11. Սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության տրասնպորտի և կապի նախարարությանը հանձնվող գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|