ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0176/05/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0176/05/08 |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Սարգսյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի հուլիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դավթաշենի հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն) ընդդեմ «Լեպիս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հարկային տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ, որից 90 տոկոսը՝ 696.600 ՀՀ դրամը, փոխանցել բյուջետային հաշվի համարին, իսկ 10 տոկոսը՝ 77.400 (յոթանասունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամը, հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի հաշվի համարին:
Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.03.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` գումարի 90 տոկոսի մասով:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատաքննության ընթացքում Դատարանը հաստատված և հիմնավոր է համարել Ընկերության նկատմամբ 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ տուգանքի նշանակման հանգամանքը, սակայն հայցը մասնակիորեն մերժել է և բռնագանձման ենթակա գումարի 10 տոկոսը` 77.400 (յոթանասունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամը, պատասխանողից չի բռնագանձել` պատճառաբանելով, որ հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի հաշվի համարին նշված գումարի բռնագանձման համար հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել հիմնավորումներ, թե որ նորմատիվ ակտով է սահմանվում նշված բռնագանձումը: Մինչդեռ, հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին բռնագանձումների կատարումը սահմանված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` հայցի չբավարարված մասով, բեկանել Վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճիռը և փոփոխել ստորադաս դատարանի ակտը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 03.10.2007 թվականի թիվ 1102815 հանձնարարականի հիման վրա Հարկային տեսչության վերահսկողության բաժնի հարկային տեսուչները Ընկերությունում կատարել են ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգում:
2) Ստուգման արդյունքում 18.10.2007 թվականին կազմվել է թիվ 1102815 ստուգման ակտը:
3) Ստուգման ակտով արձանագրվել է, որ Ընկերության կողմից 07.08.2007 թվականին կատարվել է ընդհանուր գումարով 1.548.000 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամի ձեռնարկատիրական գործունեության առարկաների տեղափոխում` առանց հաշիվ ապրանքագրերի և առանց տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում գրանցում կատարելու, որի համար ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել է 387.000 (երեք հարյուր ութսունյոթ հազար) ՀՀ դրամ տուգանքի պարտավորություն:
4) Սահմանված երեսնօրյա ժամկետում Ընկերության կողմից տուգանքը չի վճարվել, ինչի հետևանքով գումարը կրկնապատկվել է և կազմել է 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ նույն oրենքով սահմանված հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմինը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի առաջին ենթակետի համաձայն` հարկային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետ` ֆոնդ): Ֆոնդը կազմավորվում է հարկային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից (այսուհետ` լրացուցիչ գումարներ) տասը տոկոս մասհանումների հաշվին:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի առաջին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության՝ որպես պետական ծառայության հատուկ տեսակ, կազմակերպման և իրականացման, հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, հարկային ծառայության առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Նույն օրենքի 2-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ նույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի և դրանում հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վրա: Նշված օրենքի վերոնշյալ հոդվածները ցույց են տալիս նշված օրենքի գործողության ոլորտը:
Սույն քաղաքացիական գործով Դատարանը, հաստատված համարելով Ընկերության նկատմամբ 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ հարկային պարտավորության առկայության հանգամանքը, մասնակիորեն՝ գումարի 10 տոկոսի չափով, մերժել է հայցը՝ հիմք ընդունելով այն, որ հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի հաշվի համարին նշված գումարի բռնագանձման համար հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել հիմնավորումներ, թե որ նորմատիվ ակտով է սահմանվում նշված բռնագանձումը:
Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալ հոդվածները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հարկային պարտավորության բռնագանձման պահանջ ներկայացնելիս հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին փոխանցումների կատարումը տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների շրջանակից դուրս է: Այսինքն՝ Ընկերությունը «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի ուժով պարտավորություն չի կրում գումարներն առանձին պետական բյուջեի և հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվի համարներին փոխանցելու հարցում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին փոխանցումը կատարվում է բռնագանձման ենթակա հարկային պարտավորության գումարից, որով հարկատուի համար լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջանում: Այսինքն՝ անկախ հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին փոխանցման վերաբերյալ հայցապահանջի մերժման հանգամանքից Ընկերության մոտ հարկային օրենսդրությամբ ծագած հարկային պարտավորությունն ամբողջությամբ ենթակա է բռնագանձման ՀՀ բյուջետային հաշվին:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի ուժով Ընկերության մոտ չի ծագում որևէ լրացուցիչ պարտավորություն հարկային պարտավորության տեղաբաշխման վերաբերյալ, փոխարենը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 28-րդ հոդվածների ուժով պարտավորվում է հարկային պարտավորության ամբողջ գումարը վճարել ՀՀ բյուջետային հաշվին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:
Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. «Լեպիս» ՍՊԸ-ից բռնագանձել 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ հօգուտ Հայաստանի Հանրապետության: Հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի հաշվի համարին գումարը փոխանցելու մասով հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա.Մկրտումյան |
Դատավորներ` |
Վ. Աբելյան |
Ս. Սարգսյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
|
Ս. Օհանյան |