ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0086/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0086/02/08 |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Տիգրան Քոչարյանի դիմումի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի (այսուհետ՝ Ծառայություն)՝ «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 05.03.2008 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Տիգրան Քոչարյանը պահանջել է վերացնել «Կատարողական վարույթն ավարտելու մասին» Ծառայության 05.03.2008 թվականի որոշումը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.10.2008 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Արմեն Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Տիգրան Քոչարյանը և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժինը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
«Կատարողական վարույթն ավարտելու մասին» Ծառայության 05.03.2008 թվականի որոշմամբ ավարտվել էր Արմեն Սարգսյանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթը: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից այն վերացվելու արդյունքում վարույթը վերսկսվել է։ Մինչդեռ, դատարանը պարտավոր էր Արմեն Սարգսյանին, որպես երրորդ անձ, մասնակից դարձնել գործի քննությանը, քանի որ կայացվելիք դատական ակտն առնչվելու էր նրա իրավունքներին և պարտականություններին: Միաժամանակ, մասնակից չդարձնելով գործի քննությանը, դատարանն Արմեն Սարգսյանին զրկել է գործով քննարկված փաստերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը:
2.1. Տիգրան Քոչարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և գործի քննության ձգձգման նպատակ է հետապնդում: Տիգրան Քոչարյանի կողմից բողոքարկվել է կատարողական վարույթն ավարտելու մասին Ծառայության որոշումը, որը չի առնչվում Արմեն Սարգսյանի գույքային շահերի հետ: Դեռ ավելին, հարկադիր կատարողի որոշմամբ ոտնահարվել են Տիգրան Քոչարյանի գույքային իրավունքները: Բացի այդ, Արմեն Սարգսյանը, տեղյակ լինելով դատաքննության մասին, ոչ մի քայլ չի ձեռնարկել դատաքննությանը մասնակից դառնալու համար:
2.2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Տիգրան Քոչարյանին պարտք լինելու հանգամանքը հիմնավորվում է 18.02.2007 թվականի ստացականով: Ստացականներից պարզ երևում է, որ Տիգրան Քոչարյանը վճռի (հաշտության համաձայնագրի) համաձայն ստացել է 2.000 ԱՄՆ դոլարը և 3.500.000 ՀՀ դրամը: Իսկ 13.10.2006 թվականի գրությունում (ստացականում) չկա որևէ նշում վճռի վերաբերյալ, ինչպես նաև ումից, որ խանութից և ինչի համար է վերցվել ապրանքը: Բացի այդ, Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված երեք ստացականներից երևում է, որ Արմեն Սարգսյանը 10.940.000 դրամ է վճարել, որը 2.280.000 դրամով գերազանցում է կատարողական թերթով սահմանված գումարը:
Իրատեսական է, որ Արմեն Սարգսյանը կպարտադրեր Տիգրան Քոչարյանին վերջին ստացականը գրելիս դրանում նշել վերջնական գումարի ստացման, պարտք ու պահանջի բացակայության վերաբերյալ փաստերը: Բացի այդ, որևէ կերպ չի բացատրվում նաև այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանի կողմից Տիգրան Քոչարյանին կանխիկ գումարով 2.280.000 դրամ գերավճար է տրվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 16.10.2006 թվականի վճռով հաստատվել է Արմեն Սարգսյանի, Տիգրան Քոչարյանի և Սևանի քաղաքապետարանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Արմեն Սարգսյանը պարտավորվել է Տիգրան Քոչարյանին վճարել 17.000 ԱՄՆ դոլար (1 դոլարը 380 դրամի փոխարժեքով), որից 2.000 ԱՄՆ դոլարը՝ մինչև 10.10.2006թ-ը, 10.000 ԱՄՆ դոլարը՝ մինչև 01.12.2006թ-ը, 5.000 ԱՄՆ դոլարը՝ մինչև 31.03.2007թ-ը, ինչպես նաև 2007 թվականի ընթացքում, որպես ապրանքային մնացորդի տարբերություն, վճարել 2.200.000 դրամ։
2. «Կատարողական վարույթն ավարտելու մասին» Ծառայության 05.03.2008 թվականի որոշման համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտել է 24.07.2007թ-ին հարուցված թիվ 05-231/07 կատարողական վարույթը, պատճառաբանելով, որ կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Արմեն Սարգսյանը ներկայացրել է ստացականներ, որոնցից հետևում է, որ Տիգրան Քոչարյանն ստացել է 09.10.2006 թվականին 2.000 ԱՄՆ դոլար, 13.10.2006 թվականին՝ 6.880.000 դրամ (ապրանքային տեսքով) և 18.02.2007 թվականին՝ 3.500.000 դրամ, ընդամենը՝ 11.140.000 դրամ։
3. Սույն գործի քննությանն Արմեն Սարգսյանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածների համաձայն` հարկադիր կատարման է ենթակա նաև քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը, որպիսի հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է: Նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են պահանջատերն ու պարտապանը, ընդ որում պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ oտարերկրյա պետությունը, որի oգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը, իսկ պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ oտարերկրյա պետությունը, որը կատարողական թերթի համաձայն՝ պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (իրավական հիմանվորումները տե՜ս Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Տիգրան Քոչարյանի կողմից վիճարկվում է «Կատարողական վարույթն ավարտելու մասին» Ծառայության 05.03.2008թ-ի որոշումը, որի շրջանակներում որպես պարտապան հանդես է գալիս Արմեն Սարգսյանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է պարտապան Արմեն Սարգսյանի պարտավորություններին, մինչդեռ, նա մասնակից չի դարձվել գործի քննությանը: Այսինքն՝ բողոք բերած անձը զրկվել է դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից, որի արդյունքում էլ խախտվել է անձի՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը (արդար դատաքննության իրավունք):
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Վարչական դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
|
Ս. Սարգսյան |
Ե. Խունդկարյան | ||
|
Վ. Աբելյան | |
|
Ս. Անտոնյան | |
|
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |