ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 սեպտեմբերի 2009 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԶԸ Ք670-ԱՄ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հուլիսի 21-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան 13.08.2009թ. մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. հուլիսի 21-ին: Համաձայնագրի նպատակը Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի նախապատրաստումն է, որն ուղղվելու է Ծրագրի խորհրդատվական ծառայություններին: Ծրագրի ընդհանուր արժեքը 590.000 (հինգ հարյուր իննսուն հազար) ԱՄՆ դոլար է:
2. Գործառնությունները, որոնց իրականացման նպատակով տրամադրվում է կանխավճարը, ներառում են հետևյալ բաղկացուցիչները` ՀՀ-ին տեխնիկական օժանդակության տրամադրում հետևյալ ոլորտներում` մրցակցային քաղաքականություն, ավիացիա, էներգիայի արդյունավետ օգտագործում, հանքարդյունաբերության ճյուղի հարկաբյուջետային ռեժիմ, հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումներ, շահերի բախում, օդի աղտոտում, բնապահպանական գնահատում, աղքատության հաղթահարման ծրագրի թիրախավորում, ոչ տարափոխիկ հիվանդություններ, կրթության որակ և ֆինանսավորում:
3. Համաձայնագիրը բաղկացած է երեք հավելվածից: Համաձայնագրով սահմանված են գործառնությունների իրականացման, ֆինանսական կառավարման, գնումների և կանխավճարի առհանման կարգը, կանխավճարի պայմանները, վարկի մարման, տոկոսագումարների վճարման և համաձայնագրի դադարեցման կարգն ու պայմանները:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
-
հավաստել գործառնությունների նպատակներն իրագործելու իր պատրաստակամությունը,
-
մոնիթորինգի ենթարկել և գնահատել գործառնությունների իրականացման գծով առաջընթացը,
-
ապահովել ֆինանսական կառավարման համակարգի առկայությունը, պատրաստել գործառնությունների վերաբերյալ միջանկյալ, աուդիտի չենթարկված ֆինանսական հաշվետվություններ և դրանք մյուս կողմին ներկայացնել համաձայնագրով սահմանված ժամկետում,
-
ապահովել ՀՀ ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը համաձայնագրի դրույթներին համապատասխան,
-
բացառությամբ համաձայնագրով սահմանված դեպքերի` խորհրդատվական ծառայությունները գնել որակի և գնի վրա հիմնված ընտրության մեթոդով կնքված պայմանագրերի միջոցով,
-
վճարել կանխավճարի առհանված մնացորդի դիմաց ծառայության վճար,
-
եթե կանխավճարի առհանված մնացորդի գումարը չի գերազանցում 50.000 ԱՄՆ դոլարը, ապա այդ մնացորդը մարել մյուս կողմի ուղարկած ծանուցմամբ նշված օրը, իսկ եթե գերազանցում է սույն չափը, ապա մարել թվով տասը, գումարով մոտավորապես միմյանց հավասար կիսամյակային վճարումներով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հուլիսի 21-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|