ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1458-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Ուորլիպարսոնս» ընկերության հետ կնքված Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնման պայմանագիրը (N ԾՁԲ-09/22)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկը Ռուսաստանի Դաշնության ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով (ԱԷԿ-92 նախագիծը, հզորությունը 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը 60 տարի, ստացել է անվտանգության եվրոպական սերտիֆիկատ) կահավորելուն` հիմք ընդունելով «Ուորլիպարսոնս» կառավարող ընկերության վերլուծության արդյունքները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատուի գործառույթներն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության «ՌՈՍԱՏՈՄ» պետական կորպորացիայի կողմից առաջադրված` «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրել փակ բաժնետիրական ընկերություն: Ստեղծվող փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 60,0 մլն դրամ, կանոնադրական կապիտալում կողմերի բաժնեմասերի 50/50 տոկոս համամասնությամբ:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու նպատակով, մինչև Հայաստանի Հանրապետության անունից փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր պայմանագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը և կանոնադրության հաստատումը, դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը: Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին վերապահել հիմնադիր պայմանագրի ու այլ փաստաթղթերի և կանոնադրության հաստատման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված բոլոր գործողությունների իրականացման, ինչպես նաև բաժնետոմսերի կառավարման լիազորությունները.
2) ապահովել ստեղծվող փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հայկական կողմի 30,0 մլն դրամ ներդրումը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից, մինչև շահութաբաժնի հաշվարկն առաջացած զուտ շահույթի հաշվին.
3) կազմակերպել ռեակտորային կղզյակի սարքավորումների պատվերի տեղադրման գործընթացը Ռուսաստանի Դաշնության համապատասխան ընկերություններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. դեկտեմբերի 22 Երևան
վարչապետՏ. Սարգսյան