ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ4/0197/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ4/0197/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ծատուրյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ժորա Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Յուրիկ և Հովհաննես Քոչարյանների ընդդեմ Ժորա Քոչարյանի, Վաղարշապատի նոտարական տարածքի նոտար Ալեք Ավետյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Յուրիկ և Հովհաննես Քոչարյանները պահանջել են անվավեր ճանաչել Էջմիածնի Չարենցի փողոցի 13-րդ շենքի թիվ 18 բնակարանի նկատմամբ Ժորա Քոչարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեփականության իրավունքի գրանցման վկայականը և ճանաչել ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգներ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժորա Քոչարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը բերվել է դատավարական իրավունքի խախտման հիմքով:
Բողոքում պատճառաբանվել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:
Դատարանը 16.06.2009 թվականի դատական նիստի ծանուցագիրը Ժորա Քոչարյանի անվամբ ուղարկել է Էջմիածնի Հ.Հակոբյան 15 ա հասցեով այն դեպքում, երբ Ժորա Քոչարյանի փաստացի բնակության վայրն է` Էջմիածնի Լերմոնտով փողոցի 35 հասցեն, որով էլ վերջինս ստացել է նախնական դատական նիստերի մասին ծանուցումները: Այսինքն` Դատարանը պատշաճ չի ծանուցել Ժորա Քոչարյանին: Վճռաբեկ դատարանը նշված իրավական խնդրին անդրադարձել է 26.06.2007 թվականի 3-24 (Ա) որոշմամբ:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Հայցադիմումում որպես Ժորա Քոչարյանի հասցե նշվել է Էջմիածնի Լերմոնտով 35 տունը (գ.թ. 1):
2) Դատարանը 16.06.2009 թվականի դատական նիստի ծանուցագիրը Ժորա Քոչարյանի անվամբ ուղարկել է Էջմիածին քաղաքի Հ.Հակոբյան 15 հասցեով (գ.թ. 144-146):
3) Գործը քննվել է Ժորա Քոչարյանի բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով: Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները: Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ:
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը՝ փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը՝ նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե որպես հասցեատեր հանդես է գալիս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա առաքման փաթեթը պետք է հանձնվի ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների՝ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տես՝ «Արմենմոտոր» ՓԲԸ ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարան, երրորդ անձ Նախարարություն՝ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի՝ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.11.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Ժորա Քոչարյանի 16.06.2009 թվականի դատական նիստի մասին ծանուցումը Էջմիածին քաղաքի Լերմոնտով փողոցի 35 հասցեով ուղարկվելու փոխարեն ուղարկվել է Էջմիածին քաղաքի Հ.Հակոբյան 15ա հասցեով: Այսինքն` Դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը բողոք բերած անձին ուղարկել է սխալ հասցեով, որի հետևանքով նա պատշաճ չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, զրկվելով սույն գործով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացվելու և գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու իրավունքներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի 30.06.2009 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ՝ |
|
Վ. Ավանեսյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |