ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2190/02/08 Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2190/02/08 2009թ. Դատավորներ՝ Ա. Խառատյան Վ. Ավանեսյան
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Դոնարա, Սարգիս, Լիաննա Մկրտչյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մելանիա Ղազարյան-Հարթոնյանի ընդդեմ Դոնարա, Սարգիս, Լիաննա Մկրտչյանների և Էմմա Թադևոսյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և պատասխանողներին վտարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մելանիա Ղազարյան-Հարթոնյանը պահանջել է Դոնարա, Սարգիս, Լիաննա Մկրտչյանների և Էմմա Թադևոսյանի կողմից Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող շինության և դրան հարակից 458 քմ մակերեսով հողամասի տիրապետումը 19.10.2005 թվականից ճանաչել ապօրինի և պատասխանողներին վտարել նշված հասցեի շինությունից և հողամասից:
01.07.2008 թվականին և 09.07.2008 թվականին հակընդդեմ հայցերով դիմելով դատարան` Դոնարա, Սարգիս, Լիաննա Մկրտչյանները պահանջել են անվավեր ճանաչել աճուրդում հաղթող ճանաչելու մասին արձանագրությունը, գույքի առուվաճառքի պայմանագրերը, սեփականության իրավունքի պետական գրանցումը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.07.2007 թվականի և 09.07.2007 թվականի որոշումներով հակընդդեմ հայցադիմումների ընդունումը մերժվել է:
Դատարանի 18.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 18.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Դոնարա, Սարգիս, Լիաննա Մկրտչյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մելանիա Ղազարյան-Հարթոնյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 53-րդ և 78-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշման մեջ անհիմն նշել է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում թույլ չի տվել և հաստատված է համարել այն հանգամանքը, որ Սարգիս Մկրտչյանը և Էմմա Թադևոսյանը պատշաճ ձևով տեղեկացվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը ևս գործը քննել է սույն գործով պատասխանողներ Դոնարա, Սարգիս, Լիաննա Մկրտչյանների և Էմմա Թադևոսյանի բացակայությամբ, առանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին նրանց պատշաճ ծանուցելու:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 464-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Աճուրդի կազմակերպման ժամանակ հարկադիր կատարողը շինությունը չի գնահատել կատարողական թերթի կատարման օրը գործող շուկայական գներով, իսկ սակարկությունների մասին ծանուցման մեջ նշված անշարժ գույքի չափերը չեն համապատասխանում դրա իրական չափերին, ուստի վիճելի տարածքի աճուրդի արդյունքում կնքված գործարքները և դրանցից բխող իրավունքների պետական գրանցումը կատարվել է համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նորմերի խախտմամբ, հետևաբար ենթակա են անվավեր ճանաչման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Անհիմն են բողոք բերած անձանց պնդումներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է նրանց բացակայությամբ: Ծանուցագրերը ուղարկվել են Դոնարա Մկրտչյանի նշած հասցեով, և նիստը կայացել է միայն այն ժամանակ, երբ վերադարձել են հետադարձ ծանուցման անդորրագրերը, որոնք հավաստում են պատշաճ ծանուցման փաստը:
Վճռաբեկ բողոքի այն հիմքը, որ վիճելի գույքի աճուրդը կայացել է օրենքի խախտմամբ, ուստի անվավեր են դրա հիման վրա կնքված գործարքները և դրանցից բխող համապատասխան իրավունքների պետական գրանցումը, անհիմն է, քանի որ այդ փաստարկները բողոք բերած անձինք չեն ներկայացրել Դատարան և չեն հիմնավորել նաև, որ որևէ կերպ զրկված են եղել այդ փաստարկները Դատարան ներկայացնելու հնարավորությունից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Սույն գործի քննությունը Դատարանում ավարտվել է 09.07.2008 թվականին, իսկ վճիռը հրապարակվել է 18.07.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 104-106, 114):
2. Հանձնման մասին ծանուցման թերթիկի համաձայն՝ Դատարանի 09.07.2008 թվականի ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիրը Սարգիս Մկրտչյանն ստացել է 11.07.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 87, 88):
3. Սույն գործի քննությունը Վերաքննիչ դատարանում ավարտվել է 19.03.2009 թվականին, իսկ բողոքարկվող որոշումը հրապարակվել է 02.04.2009 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 59, 61):
4. 11.02.2009 թվականին փոստային կազմակերպությանը հանձնված Վերաքննիչ դատարանի 19.03.2009 թվականի ժամը 10:45-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագրերը 16.02.2009 թվականին հետ են վերադարձվել՝ համապատասխան հասցեի դուռը փակ լինելու պատճառով: Գործում առկա չէ 19.03.2009 թվականի ժամը 10:45-ին նշանակված դատական նիստի մասին բողոք բերած անձանց պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց (հատոր 3-րդ, գ.թ. 40-53):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 78-րդ հոդվածի կիրառման հարցին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տես՝ Վերգուշ Վարդանյանի հայցն ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի թիվ 3-19(ՎԴ) որոշումը):
Վերաքննիչ դատարանը որոշմամբ պատճառաբանել է, որ Դատարանը դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցել է պատասխանողներին, որը հաստատվում է համապատասխան ծանուցագրերով, դրանց հանձնման վերաբերյալ փաստաթղթերով, դատական նիստերին Դոնարա և Լիանա Մկրտչյանների, ինչպես նաև Դոնարա Մկրտչյանի ներկայացուցչի ներկայանալու փաստերով:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Սարգիս Մկրտչյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ:
Դատարանում 09.07.2008 թվականի ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիրը Սարգիս Մկրտչյանին ուղարկվել է 04.07.2008 թվականին (հիմք՝ փոստային անդորրագիրը), որը վերջինս ստացել է 11.07.2008 թվականին: Փաստորեն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը Սարգիս Մկրտչյանն ստացել է գործի քննության ավարտից հետո:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր հերթին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բողոք բերած անձանց պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրանց բացակայությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` 11.02.2009 թվականին փոստային կազմակերպությանը հանձնված Վերաքննիչ դատարանի 19.03.2009 թվականի ժամը 10:45-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագրերը 16.02.2009 թվականին հետ են վերադարձվել համապատասխան հասցեի դուռը փակ լինելու պատճառով: Այսպիսով, գործում առկա չեն դատական նիստի մասին բողոք բերած անձանց պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց, մասնավորապես` հանձնման մասին ծանուցման թերթիկներ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցումը հավաստող այլ ապացույցներ կամ էլ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն, որոնք կհավաստեն դատարանի կողմից դատական նիստի մասին ծանուցելու վերաբերյալ ակտիվ գործողություններ ձեռնարկելու և բողոք բերած անձանց կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կերպով ծանուցված լինելու փաստերը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի հաստատվել Վերաքննիչ դատարանի կողմից 19.03.2009 թվականի ժամը 10:45-ին նշանակված դատական նիստի մասին բողոք բերած անձանց պատշաճ ծանուցելու վերաբերյալ ակտիվ գործողություններ ձեռնարկելու հանգամանքը, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են իրենց վերաքննիչ բողոքի քննությանը ներկա գտնվելու դատավարական իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Սարգիս Մկրտչյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 09.07.2008 թվականի ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի մասին, իս
կ Վերաքննիչ դատարանը` բողոք բերած անձանց 19.03.2009 թվականի ժամը 10:45-ին նշանակված դատական նիստի մասին:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքում բերված փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ դրանք Վերաքննիչ դատարանում քննության առարկա չեն դարձել կողմի դատավարական իրավունքի խախտման արդյունքում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Մելանիա Ղազարյան-Հարթոնյանից բռնագանձել 20.000 ՀՀ դրամ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |