ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ 08-1944 Քաղաքացիական գործ թիվ 3-129 (ՎԴ) 2009թ. Դատավորներ՝ Ն. Բարսեղյան Ա. Մկրտչյան
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. Բարսեղյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վերոնիկա Սողոմոնյանի, Էմմա Շահմուրադյանի, Վարդիթեր Աբգարյանի և Կարինե Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էմմա Շահմուրադյանի, Վերոնիկա Սողոմոնյանի, Վարդիթեր Աբգարյանի, Կարինե Գրիգորյանի և ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Գայանե Ղազարյանի ընդդեմ Հայրիկ Ստեփանյանի, Տիգրան Պետրոսյանի, Վայքի նոտարական գրասենյակի, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Վայքի բաժանմունքի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վայքի տարածքային ստորաբաժանման և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի (այսուհետ` Ռեգիստր) «Ստեփանյան և Աբգարյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) գրանցումը, պետական գույքի մասնավորեցման 05.05.2003 թվականի պայմանագիրը, Կադաստրի կողմից Տիգրան Պետրոսյանի անվամբ 05.11.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու և Լիակատար տնտեսական ընկերակցության լիակատար ընկերների իրավունքները վերականգնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով Դատարան` Վերոնիկա Սողոմոնյանը, Էմմա Շահմուրադյանը, Վարդիթեր Աբգարյանը և Կարինե Գրիգորյանը պահանջել են անվավեր ճանաչել Ընկերության գրանցման թիվ 01Ա-037774 վկայականը, պետական գույքի մասնավորեցման 05.05.2003 թվականի պայմանագիրը և վերականգնել Լիակատար տնտեսական ընկերակցության լիակատար ընկերների իրավունքները:
Դիմելով Դատարան` գործով ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Գայանե Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Տիգրան Պետրոսյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման 05.11.2003 թվականի թիվ 1042255 վկայականը, Ընկերության գրանցման թիվ 01Ա-037774 վկայականը, պետական գույքի մասնավորեցման 05.05.2003 թվականի պայմանագիրը և վերականգնել Լիակատար տնտեսական ընկերակցության լիակատար ընկերոջ իրավունքը:
Վարդիթեր Աբգարյանը, հրաժարվելով հայցից, պահանջել է իր հայցի մասով գործի վարույթը կարճել:
Էմմա Շահմուրադյանը, Վերոնիկա Սողոմոնյանը և Կարինե Գրիգորյանը, փոփոխելով հայցապահանջի չափը հրաժարվել են Լիակատար տնտեսական ընկերակցության լիակատար ընկերների իրավունքները վերականգնելու պահանջից և ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել են անվավեր ճանաչել Տիգրան Պետրոսյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման 05.11.2003 թվականի թիվ 1042255 վկայականը:
Գործով ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Գայանե Ղազարյանը հրաժարվել է Լիակատար տնտեսական ընկերակցության լիակատար ընկերոջ իրավունքները վերականգնելու պահանջից:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.02.2007 թվականի վճռով Վարդիթեր Աբգարյանի հայցով գործի վարույթը կարճվել է, Էմմա Շահմուրադյանի, Վերոնիկա Սողոմոնյանի, Կարինե Գրիգորյանի և ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Գայանե Ղազարյանի հայցերով Լիակատար տնտեսական ընկերակցության լիակատար ընկերների իրավունքները վերականգնելու պահանջի մասին գործի վարույթը կարճվել է: Հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել 25.12.2000 թվականի Ընկերության գրանցումը, հայցը մնացած մասերով մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.04.2009 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գագիկ Թումանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի վճռի` հայցը բավարարելու մասը, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վերոնիկա Սողոմոնյանը, Էմմա Շահմուրադյանը, Վարդիթեր Աբգարյանը և Կարինե Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն պահանջել անվավեր ճանաչել Ընկերության պետական գրանցումը, քանի որ այն կատարվել է առանց իրավական հիմքի:
Մասնավորապես, Հայրիկ Ստեփանյանը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածները, այն է՝ առանց ընդհանուր ժողովի որոշման և առանց լիակատար ընկերներին տեղյակ պահելու, «Մուսա Լեռ» ԼՏԸ-ը (այսուհետ՝ Ընկերակցություն) վերակազմավորել է Ընկերության:
Բացի այդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետը վերաբերում է միայն գույքային կամ դրամական պարտավորություններին, մինչդեռ իրավաբանական անձի պետական գրանցումը անվավեր ճանաչելը գույքային պահանջ չէ:
Վերոգրյալի հիման վրա բերող բերող անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 06.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.02.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ընկերակցությունը գրանցվել է 24.09.1997 թվականին և ստացել ձեռնարկության պետական գրանցման թիվ 01Ա-037774 վկայականը (հատոր 1-ին գ. թ. 10):
2. Ընկերակցությունը վերակազմավորվել է Ընկերության, որը գրանցվել է 25.12.2000 թվականին և ստացել թիվ 01Ա-037774 վկայականը (հատոր 1-ին գ. թ. 15):
3. Դատարանի՝ 27.12.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ(հատոր 2-րդ գ. թ. 6-):
4. Սույն գործով Հայրիկ Ստեփանյանն ընդունել է, որ Ընկերակցությունը Ընկերության վերակազմավորելու ամբողջ գործընթացը կատարել է միայնակ, ընդհանուր ժողով չի հրավիրել և գրանցում կատարելիս գրանցամատյանում ստորագրել է լիակատար ընկերների փոխարեն՝ չունենալով դրա համար որևէ մեկի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն (հատոր 1-ին գ.թ. 143, 234):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով Վերոնիկա Սողոմոնյանի, Էմմա Շահմուրադյանի և Կարինե Գրիգորյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով:
Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցներն իրավունք ունեն մասնակցել ընկերակցության կամ ընկերության գործերի կառավարմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները կարող են, մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ, սույն oրենսգրքով սահմանված կարգով, վերակազմավորվել այլ տեսակի տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների:
Սույն գործով Դատարանը Ընկերության գրանցումն անվավեր ճանաչելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերակցության տնօրենն ընկերակցության հիմնադիրների (մասնակիցների) ընդհանուր ժողով չի հրավիրել, իսկ վերագրանցման համար պետական ռեգիստր ներկայացրած փաստաթղթերում և ռեգիստրի գրանցամատյանում ընկերության անդամների փոխարեն ստորագրել է անձամբ՝ չունենալով դրա համար լիազորություններ:
Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի իմաստով տվյալ գործը չի հանդիսանում գույքային պահանջին վերաբերող գործ, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը և դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն գործով չի պարզվել՝ արդյո՞ք հնարավոր է տվյալ քաղաքացիական գործի քնննությունը մինչև հարուցված սնանկության վարույթի ավարտը:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը գրանցվել է 25.12.2000 թվականին և ստացել թիվ 01Ա-037774 վկայականը, Ընկերության տնօրեն Հայրիկ Ստեփանյանն ընդունել է, որ Ընկերակցությունը Ընկերության վերակազմավորելու ամբողջ գործընթացը կատարել է միայնակ, մասնավորապես, ընդհանուր ժողով չի հրավիրել և ռեգիստրում գրանցում կատարելիս գրանցամատյանում ստորագրել է լիակատար ընկերների փոխարեն՝ չունենալով դրա համար որևէ մեկի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերակցությունը Ընկերության վերակազմավորելու գործընթացը կատարվել է վերը նշված օրենսդրական նորմերի պահանջների խախտմամբ, հետևաբար, Ընկերության 25.12.2000 թվականի պետական գրանցումը իրավաչափ չէ:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով այն կիրառելի չէ հետևյալ պատճառաբանությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են՝
1. սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով այլ գործի առկայություն
2. տվյալ գործի քննության անհնարինություն, մինչև վերը նշված դատավարությունների կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը (տես՝ Վճռաբեկ դատարանի 29.07.2008 թվականի գործի վարույթի կասեցումը վերացնելու վերաբերյալ թիվ 3-570 որոշումը քաղաքացիական գործով ըստ Գագիկ Ավետիսյանի հայցի ընդդեմ Գոհար Հայրապետյանի և Յուրիկ Հովհաննիսյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու, բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության սնանկության գործընթացը չի հանգեցնում սույն գործի քննության անհնարինության: Մասնավորապես, հարուցված սնանկության գործընթացում առկա չէ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ իրավական հարցադրում, հետևաբար սույն գործի քննությունը հնարավոր է առանց Ընկերության սնանկության գործընթացն ավարտելու:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման հիմքը բացակայում է:
Ինչ վերաբերում է Վարդիթեր Աբգարյանի վճռաբեկ բողոքին, ապա նրա կողմից հայցից հրաժարված լինելու և այդ մասով գործի վարույթը կարճված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վերոնիկա Սողոմոնյանի, Էմմա Շահմուրադյանի և Կարինե Գրիգորյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ տնտեսական դատարանի 27.02.2007 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |