Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄՇՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն) և Ասիական զարգացման բանկը (այսուհետ՝ ԱԶԲ),
ցանկանալով կնքել համաձայնագիր Հայաստանի Հանրապետությունում ԱԶԲ-ի մշտական առաքելության մասին,
համաձայնեցին հետևյալի շուրջ.
ՀՈԴՎԱԾ I
Սահմանումներ
Բաժին 1. Եթե համատեքստն այլ բան չի պահանջում, սույն Համաձայնագրում օգտագործված հետևյալ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.
ա) «ԱԶԲ-ի արխիվներ» նշանակում է` ԱԶԲ-ի բոլոր արխիվները, ներառյալ Մշտական առաքելության արխիվները, և ընդգրկում է բոլոր գրառումները, նամակագրությունը, փաստաթղթերը, ձեռագրերը, տեղափոխվող նկարները, ֆիլմերը, ձայնագրությունները և ԱԶԲ-ին պատկանող կամ ԱԶԲ-ի կամ Մշտական առաքելության կողմից կամ անունից պահվող այլ նյութերը.
բ) «Կանոնադրություն» նշանակում է` Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 1966 թվականի օգոստոսի 22-ին և Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ ուժի մեջ է 2005 թվականի մայիսի 24-ի հմ. N-194-3 որոշմամբ.
գ) «ընտանիքներ» նշանակում է` ամուսիններ, երեխաներ և այլ անձինք, որոնք Մշտական առաքելության պաշտոնյաների և աշխատակազմի անդամների ընտանիքի մաս են կազմում.
դ) «Կապի գրասենյակ» նշանակում է` ԱԶԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գրասենյակ նախքան Մշտական առաքելության ստեղծումը, որտեղ կարող են նշանակվել ԱԶԲ-ի հանձնարարությունները կատարող փորձագետների կարգավիճակ ունեցող խորհրդատուներ և, ԱԶԲ-ի որոշմամբ, նման այլ աշխատակիցներ.
ե) «ԱԶԲ-ի կողմից հրավիրված հանդիպումներ» նշանակում է` ԱԶԲ-ի կամ կապի գրասենյակի հանդիպումներ, այդ թվում՝ ԱԶԲ-ի կամ Մշտական առաքելության կողմից հրավիրված ցանկացած միջազգային խորհրդաժողով կամ այլ հավաք, ինչպես նաև այդպիսի այլ հանդիպումների հանձնաժողով, կոմիտե կամ ենթախումբ.
զ) «անդամ երկիր» նշանակում է` երկիր, որը ԱԶԲ-ի անդամ է.
է) «տնային աշխատողներ» նշանակում է` անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն և վարձված են Մշտական առաքելության պաշտոնյաների և աշխատակազմի տնային ծառայությունների համար.
ը) «ԱԶԲ-ի պաշտոնյաներ և աշխատակազմ» նշանակում է` ԶԱԲի ողջ անձնակազմ.
թ) «Մշտական առաքելության պաշտոնյաներ և աշխատակազմ» նշանակում է` Մշտական առաքելությունում ԱԶԲ-ի կողմից նշանակվող ԱԶԲ-ի ողջ անձնակազմ.
ժ) ԱԶԲ-ի «գույք» նշանակում է` ԱԶԲ-ի ողջ սեփականությունը և ունեցվածքը (ակտիվները)` անկախ այն բանից, թե որտեղ են դրանք գտնվում և ում կողմից են պահվում, և ներառում է ԱԶԲ-ին պատկանող կամ ԱԶԲ-ի կողմից պահվող կամ կառավարվող միջոցները, եկամուտները և իրավունքները.
ժա) «անդամ երկրների ներկայացուցիչներ» նշանակում է` անդամ երկրների պատվիրակությունների հավատարմագրված պաշտոնյաներ, և ներառում է բոլոր փոխարինողներին, խորհրդականներին և այդ պաշտոնյաներին աջակցող տեխնիկական փորձագետներին.
ժբ) «Մշտական առաքելություն» նշանակում է` Մշտական առաքելություն, որը ԱԶԲ-ը կարող է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, կապի գրասենյակ և ցանկացած այլ գրասենյակ, որը ստեղծվել կամ ստեղծվելու է Հայաստանի Հանրապետությունում ԱԶԲ-ի կողմից.
ժգ) «Մշտական առաքելության նստավայր» նշանակում է` Մշտական առաքելության զբաղեցրած տարածքներ, ներառյալ բոլոր շինությունները և դրանց կից հողը, որը կարող է օգտագործվել Մշտական առաքելության նպատակների համար.
ժդ) «Մշտական ներկայացուցիչ» նշանակում է` ԱԶԲ-ի կողմից նշանակված Մշտական առաքելության գլխավոր գործադիր պաշտոնյա։
ՀՈԴՎԱԾ II
Իրավական կարգավիճակը
Բաժին 2. ԱԶԲ-ն ունի իրավաբանական անձի կարգավիճակ և, մասնավորապես, իրավասու է.
ա) կնքել պայմանագրեր.
բ) ձեռք բերել և տնօրինել անշարժ և շարժական գույք.
գ) սկսել դատական վարույթներ։
Բաժին 3. Համաձայն սույն Համաձայնագրի 2-րդ բաժնի դրույթների` ԱԶԲ-ը կարող է գնելու միջոցով կամ այլ կերպով ձեռք բերել հող և այլ անշարժ գույք, որոնք կարող են պահանջվել Մշտական առաքելության նստավայրի նպատակների, ինչպես նաև Մշտական առաքելության պաշտոնյաների և աշխատակազմի ու նրանց ընտանիքների բնակության համար։
ՀՈԴՎԱԾ III
ԱԶԲ-ի անձեռնմխելիությունը
Բաժին 4. Համաձայն Կանոնադրության 50-րդ հոդվածի դրույթների` ԱԶԲ-ը և նրա ողջ սեփականությունը անձեռնմխելի են դատական ցանկացած հետապնդումից:
Բաժին 5. ԱԶԲ-ի սեփականությունը չի կարող է խուզարկվել, ռեկվիզիցիայի ենթարկվել, բռնագրավվել, սեփականազրկումից կամ գործադիր կամ օրենսդրական գործողությամբ վերցվել կամ գրավ դրած սեփականության իրավունքից զրկելու ցանկացած այլ ձևից:
Բաժին 6. ԱԶԲ-ի արխիվները, այդ թվում` Մշտական առաքելության արխիվը, անձեռնմխելի են` անկախ գտնվելու վայրից։
ՀՈԴՎԱԾ IV
Մշտական առաքելության նստավայրը
Բաժին 7. Համաձայն Կանոնադրության 37-րդ հոդվածի 2-րդ կետի` ԱԶԲ-ը կարող է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել Մշտական առաքելություն՝ Հայաստանի Հանրապետությունում ԱԶԲ-ի գործունեության արդյունավետ իրականացմանն օժանդակելու նպատակով։
Բաժին 8. Մշտական առաքելությունը կգլխավորի Մշտական ներկայացուցիչը, իսկ աշխատակազմում կընդգրկվեն այլ աշխատակիցներ, որոնք կարող են նշանակվել ԱԶԲ-ի կողմից։
Բաժին 9. Կառավարությունը խնդրանքի դեպքում պետք է ԱԶԲ-ին աջակցի ապահովել Մշտական առաքելության նստավայրի համար անհրաժեշտ տարածք, ինչպես նաև Մշտական առաքելություն ստեղծելու և աշխատանքների համար պահանջվող հարմարություններ։ ԱԶԲ-ը պետք է կանխի Մշտական առաքելության նստավայրի վերածումը արդարադատությունից խուսափողների կամ հանձնման (էքստրադիցիայի) ենթակա անձանց կամ դատական հետապնդումից կամ դատավարությունից խուսափող անձանց ապաստանի։
ՀՈԴՎԱԾ V
Մշտական առաքելության նստավայրի անձեռնմխելիությունը
Բաժին 10. ա) Մշտական առաքելության նստավայրը պետք է լինի անձեռնմխելի և գտնվի ԱԶԲ-ի վերահսկողության և իրավասության ներքո։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չպետք է մուտք գործեն Մշտական առաքելության նստավայր՝ այնտեղ կատարելու համար որևէ պարտականություն` առանց ԱԶԲ-ի կամ Մշտական առաքելության համաձայնության, և նրանց կողմից սահմանված պայմաններով։
բ) ԱԶԲ-ը պետք է ունենա կանոններ և նորմեր սահմանելու լիազորություն, որոնք կգործեն Մշտական առաքելության նստավայրում՝ վերջինիս աշխատանքների լիարժեք և անկախ իրականացման և գործառույթների կատարման նպատակով։
Բաժին 11. Բացի սույն Համաձայնագրով այլ կերպ նախատեսված դեպքերից` Մշտական առաքելության նստավայրում պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենքները, և Հայաստանի Հանրապետության դատարանները պետք է իրավազորություն ունենան Մշտական առաքելության նստավայրում կատարված գործողությունների նկատմամբ։
ՀՈԴՎԱԾ VI
Մշտական առաքելության նստավայրի պաշտպանությունը
Բաժին 12. ա) Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները պետք է պատշաճ ջանասիրություն ցուցաբերեն՝ ապահովելու համար, որ Մշտական առաքելության նստավայրի անդորրը չխախտի ոչ մի անձ, որը կփորձի առանց թույլտվության մուտք գործել այնտեղ կամ խախտել կարգը Մշտական առաքելության նստավայրի անմիջական հարևանությամբ։
բ) ԱԶԲ-ի կամ մշտական առաքելության խնդրանքով Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները պետք է տրամադրեն ոստիկանության բավարար թվով աշխատակիցներ՝ Մշտական առաքելության նստավայրում օրենքի և կարգ ու կանոնի պահպանման և օրինախախտներին այնտեղից հեռացնելու համար։
ՀՈԴՎԱԾ VII
Հանրային ծառայություններ
Բաժին 13. Կառավարությունը պետք է ԱԶԲ-ին աջակցի ապահովել ծառայություններ, որոնք պահանջվում են Մշտական առաքելության նստավայրը պահպանելու համար այնպիսի պայմաններում, որոնք հարմար են Մշտական առաքելության գործառույթների արդյունավետ իրականացման համար։
Բաժին 14. ա) Կառավարությունը պետք է Մշտական առաքելության նստավայրին տրամադրի, ոչ պակաս նպաստավոր պայմաններով, քան որևէ այլ միջազգային կազմակերպության կամ կառավարության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելությանը, անհրաժեշտ հանրային ծառայություններ, ներառյալ` փոստ, հեռախոս, հեռագիր, էլեկտրականություն, գազ, ջուր, կոյուղի, ջրահեռացում, աղբահեռացում և հակահրդեհային պաշտպանություն, ոչ ավելի ցածր որակով, քան որևէ այլ միջազգային կազմակերպությանը կամ կառավարությանը, այդ թվում՝ վերջինիս դիվանագիտական առաքելությանը տրամադրված ծառայությունների որակն է։ Նշված ծառայություններից որևէ մեկի ընդհատման կամ ընդհատման սպառնալիքի դեպքում Կառավարությունը պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր՝ ապահովելու համար, որ Մշտական առաքելության աշխատանքներին վնաս չհասցվի։
բ) Եթե էլեկտրականությունը, գազը կամ ջուրը մատակարարվում են Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կամ վերջիններիս հսկողության ներքո գտնվող մարմինների կողմից, ապա դրանք պետք է Մշտական առաքելությանը մատակարարվեն այնպիսի սակագներով, որոնք չեն գերազանցի որևէ այլ միջազգային կազմակերպության կամ կառավարության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելությանը տրամադրված ամենացածր դրույքաչափերը։
Բաժին 15. Կառավարությունը խնդրանքի դեպքում պետք է աջակցի ԱԶԲ-ին՝ Մշտական առաքելության պաշտոնյաներին և Մշտական առաքելության աշխատակազմին և նրանց ընտանիքներին հարմար բնակարաններով ապահովելու համար։
ՀՈԴՎԱԾ VIII
ԱԶԲ-ի սեփականությունը և հարկումը
Բաժին 16. ԱԶԲ-ը, նրա սեփականությունը, եկամուտները, ինչպես նաև գործառնությունները և գործարքները պետք է ազատված լինեն.
ա) բոլոր հարկերից և որևէ հարկի կամ տուրքի վճարման, պահման կամ հավաքման որևէ պարտավորությունից.
բ) բոլոր մաքսատուրքերից, հարկերից և ցանկացած ապրանքից, առարկայից, այդ թվում՝ ավտոմեքենաներից, պահեստամասերից և հրատարակություններից կատարված այլ գանձումներից, որոնք ներկրվում կամ արտահանվում են ԱԶԲ-ի կողմից ծառայողական գործածության համար (ներառյալ ԱԶԲ-ի կողմից ներկրված առարկաները, որոնք նախատեսված են Մշտական առաքելության պաշտոնյաների և աշխատակազմի օգտագործման համար), ինչպես նաև մաքսատուրքերի վճարման, պահման կամ հավաքման որևէ պարտավորությունից։ Նման ազատման պայմաններում ներկրված բոլոր ապրանքները կամ առարկաները կարող են տնօրինվել տեղում` այնպիսի պայմաններով, որոնց շուրջ համաձայնություն ձեռք կբերվի Կառավարության հետ, և որոնք չեն լինի պակաս նպաստավոր, քան որևէ այլ միջազգային կազմակերպությանը կամ կառավարությանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելությանը տրամադրված պայմանները.
գ) ԱԶԲ-ի ծառայողական օգտագործման համար նախատեսված ապրանքների կամ առարկաների, այդ թվում՝ ավտոմեքենաների, պահեստամասերի և հրատարակությունների ներկրման և արտահանման բոլոր արգելքներից և սահմանափակումներից (ներառյալ ԱԶԲ-ի կողմից ներկրված առարկաները, որոնք նախատեսված են Մշտական առաքելության պաշտոնյաների և աշխատակազմի օգտագործման համար)։
ՀՈԴՎԱԾ IX
Ֆինանսական հնարավորություններ
Բաժին 17. Չնայած ամեն կարգի ֆինանսական վերահսկողության, կանոնակարգումների կամ ֆինանսական պարտավորությունների հետաձգումների (մորատորիումների)` ԱԶԲ-ը կարող է Հայաստանում ազատորեն`
ա) գնել, պահել և տնօրինել ցանկացած միջոց, արժույթ, ֆինանսական փաստաթուղթ և արժեթուղթ, վարել հաշիվներ ցանկացած արժույթով, ներգրավվել ֆինանսական գործարքներում և կնքել ֆինանսական պայմանագրեր և
բ) փոխանցել իր միջոցները, արժույթները, ֆինանսական փաստաթղթերը և արժեթղթերը Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից ցանկացած այլ երկիր կամ այլ երկրից կամ Հայաստանի Հանրապետության ներսում, և փոխանակել ցանկացած արժույթ ցանկացած այլ արժույթով։
Բաժին 18. Կառավարությունը ցանկացած փոխարկելի արժույթի դիմաց պետք է ԱԶԲ-ին տրամադրի Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը այնպիսի քանակով, ինչքան որ ԱԶԲ-ը ժամանակ առ ժամանակ կարող է պահանջել՝ Հայաստանի Հանրապետությունում ԱԶԲ-ի ծախսերը հոգալու համար, շուկայում կամ պաշտոնապես ընդունված ամենանպաստավոր փոխարժեքով։
Բաժին 19. Կառավարությունը պետք է ԱԶԲ-ին աջակցի օգտվել առավելագույն նպաստավոր պայմաններից փոխարժեքի, փոխանակման գործարքների դիմաց բանկային միջնորդավճարների և նման այլ հարցերում։
Բաժին 20. Հայաստանի Հանրապետությունում տեղական արժույթով ծախսերը հոգալու նպատակներով, Մշտական առաքելության նստավայրի ստեղծման և պահպանման, ինչպես նաև Մշտական առաքելության գործառույթների և ԱԶԲ-ի աշխատանքների արդյունավետ կատարման համար ԱԶԲ-ը կարող է օգտագործել ԱԶԲ-ի բաժնետիրական դրամագլուխ Հայաստանի Հանրապետության մուծած անդամավճարների ցանկացած մաս, որոնք վճարվել են Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով՝ համաձայն Կանոնադրության 6-րդ հոդվածի 2.բ կետի։
ՀՈԴՎԱԾ X
Հավաքներ կազմակերպելու ազատություն
Բաժին 21. ԱԶԲ-ն իրավունք ունի հրավիրելու հանդիպումներ Մշտական առաքելության նստավայրում կամ, Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների համաձայնությամբ, որևէ այլ տեղ Հայաստանի Հանրապետությունում։
Բաժին 22. ԱԶԲ-ի հրավիրած հանդիպումների ժամանակ Կառավարությունը պարտավոր է ապահովել, որ ոչ մի խոչընդոտ չհարուցվի քննարկումների և որոշումների կայացման լիարժեք ազատության հարցում։
ՀՈԴՎԱԾ XI
Կապի միջոցներ
Բաժին 23. ԱԶԲ-ը Հայաստանի Հանրապետությունում պետք է իր պաշտոնական կապի միջոցների նկատմամբ ունենա ոչ պակաս նպաստավոր վերաբերմունք, քան Կառավարության կողմից ցուցաբերվում է որևէ այլ միջազգային կազմակերպության կամ կառավարության, ներառյալ վերջինիս դիվանագիտական առաքելությանը Հայաստանի Հանրապետությունում՝ փոստի, հեռագրերի, տելեքսների, ռադիոգրերի, հեռախոսի և կապի այլ միջոցների առաջնահերթությունների, դրույքաչափերի և հավելավճարների, ինչպես նաև մամուլին և ռադիոյին տրամադրվող տեղեկատվության համար նախատեսված մամուլի դրույքաչափերի առումով։
Բաժին 24. Ցանկացած միջոցով կամ ձևով Մշտական առաքելություն և Մշտական առաքելությունից փոխանցվող բոլոր հաղորդագրությունները պետք է անձեռնմխելի լինեն գրաքննությունից և զերծ լինեն միջամտության բոլոր այլ ձևերից։
Բաժին 25. ԱԶԲ-ը Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունի օգտագործելու ծածկագրեր և առաքել ու ստանալ նամակագրություն և այլ հաղորդագրություններ սուրհանդակի միջոցով կամ կնքված ծանրոցներով, որոնք պետք է ունենան ոչ պակաս նպաստավոր անձեռնմխելիություն կամ արտոնություններ, քան տրամադրվում են դիվանագիտական սուրհանդակներին և ծանրոցներին։
Բաժին 26. ԱԶԲ-ը պետք է իրավունք ունենա շահագործելու ընդհանուր ցանց իր գրասենյակների միջև Հայաստանի Հանրապետության սահմաններում և Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների համար, և Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղադրել և գործարկել սարքավորումներ, որոնք անհրաժեշտ կլինեն օժանդակելու Մշտական առաքելության հետ կապի ապահովմանը թե՛ Հայաստանի Հանրապետության ներսում, թե՛ Հայաստանի Հանրապետությունից դուրս։
ՀՈԴՎԱԾ XII
Տարանցում և կացություն
Բաժին 27. Կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որոնք պահանջվում են օժանդակելու համար հետևյալ անձանց, առանց որևէ սահմանափակման և անկախ ազգությունից, մուտքը Հայաստանի Հանրապետություն, կացությունը Հայաստանի Հանրապետությունում և մեկնումը Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժվելու ազատությունը.
ա) անդամ երկրների ներկայացուցիչներ և նրանց ամուսիններ.
բ) ԱԶԲ-ի պաշտոնյաներ և աշխատակազմի անդամներ, այդ թվում՝ ԱԶԲ-ի հանձնարարությունները կատարող փորձագետներ և նրանց ընտանիքներ.
գ) Մշտական առաքելության պաշտոնյաներ և աշխատակազմի անդամներ, նրանց ընտանիքների անդամներ և նրանց տնային աշխատողներ.
դ) ԱԶԲ-ի կամ Մշտական առաքելության կողմից պաշտոնապես հրավիրված այլ անձինք։ ԱԶԲ-ը կամ Մշտական առաքելությունը պետք է այդ անձանց անունները հաղորդի Կառավարությանը։
Բաժին 28. Սույն Համաձայնագրի 27-րդ բաժնի դրույթները պետք է կիրառվեն՝ անկախ Հայաստանի Հանրապետության Կառավարության և սույն Համաձայնագրի 27-րդ բաժնում նշված որևէ անձի երկրի կառավարության միջև գոյություն ունեցող հարաբերություններից։ Հայաստանի Հանրապետության՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքը սահմանափակող կամ նրանց կացության պայմանները կարգավորող ոչ մի օրենք չպետք է տարածվի սույն Համաձայնագրի 27-րդ բաժնում նշված անձանց վրա։
Բաժին 29. Կառավարությունը պետք է իր դեսպանություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսություններին և Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող ցանկացած այլ գրասենյակի ընդհանուր հրահանգներ տա` հարկ եղած դեպքում մուտքի թույլտվություններ տրամադրել սույն Համաձայնագրի 27-րդ բաժնում նշված անձանց առանց հապաղման կամ որևէ վարձի վճարման` չպահանջելով նրանց ներկայությունը` որպես կանոն։
Բաժին 30. Կառավարությունը և ԱԶԲ-ը կարող են խորհրդակցել Հայաստանի Հանրապետություն մուտքն օժանդակելու մեթոդների և առկա փոխադրամիջոցների օգտագործման շուրջ՝ այն անձանց համար, որոնք ժամանում են արտերկրից և այցելում Մշտական առաքելություն և չեն օգտվում սույն հոդվածով կամ Կանոնադրությամբ սահմանված արտոնություններից։
ՀՈԴՎԱԾ XIII
ԱԶԲ-ի պաշտոնյաների և աշխատակազմի արտոնությունները և անձեռնմխելիությունը
Բաժին 31. 1) ԱԶԲ-ի պաշտոնյաները և աշխատակազմը, այդ թվում՝ ԱԶԲ-ի հանձնարարությունները կատարող փորձագետները, Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում օգտվում են հետևյալ արտոնություններից և անձեռնմխելիությունից.
ա) դատական հետապնդման անձեռնմխելիություն՝ նրանց կողմից իրենց պաշտոնական դիրքում ասված և գրված բառերի և կատարված բոլոր գործողությունների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ը հրաժարվում է անձեռնմխելիությունից.
բ) ազատում հարկերից, որոնք պահվում են ԱԶԲ-ի կողմից վճարվող աշխատավարձից կամ այլ վարձատրություններից.
գ) ազատում փոխանակման սահմանափակումներից, որը պետք է լինի ոչ պակաս նպաստավոր, քան այն, որը տրամադրվում է դիվանագիտական առաքելությունների` հավասարազոր աստիճանի պաշտոնյաներին.
դ) հայրենադարձման նույն հնարավորություններ միջազգային ճգնաժամերի ժամանակ` նրանց ամուսիններին, նրանցից կախված անձանց և տնային աշխատողներին, ինչպիսիք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցիչներին.
ե) իրավունք՝ տուրքերից, հարկերից և այլ գանձումներից, ներկրումների վրա դրված արգելանքներից և սահմանափակումներից զերծ ներկրելու իրենց կահույքը, սարքավորումները և այլ ունեցվածքը, այդ թվում՝ ավտոմեքենաները և անձնական օգտագործման ու սպառման այլ առարկաները, որոնք նվիրելու կամ վաճառելու ենթակա չեն։ Եթե նախապես ներկրված առարկաները և ունեցվածքը (ներառյալ ավտոմեքենաները) պետք է վաճառվեն, փոխադրվեն կամ փոխանցվեն, ապա ԱԶԲ-ը պատշաճ ժամկետում պետք է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ծանուցի այդ մասին նախքան վաճառքը, փոխադրումը կամ փոխանցումը, և
զ) իրավունք՝ Հայաստանի Հանրապետությունում իրենց պաշտոնները ստանձնելուց հետո առանց տուրքերի, հարկերի և այլ գանձումների, ներկրումների վրա դրված արգելանքների և սահմանափակումների ներկրելու ողջամիտ քանակով սննդամթերք և անձնական օգտագործման ու սպառման այլ առարկաներ, որոնք նվիրելու կամ վաճառելու ենթակա չեն` համաձայն ընթացակարգերի, որոնք կհաստատվեն Հայաստանի Հանրապետության Կառավարության և ԱԶԲ-ի միջև և պետք է լինեն ոչ պակաս նպաստավոր, քան որևէ այլ միջազգային կազմակերպության կամ կառավարության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելությանը տրամադրվող ընթացակարգերը։
2) ԱԶԲ-ի և Մշտական առաքելության պաշտոնյաների և աշխատակազմի վրա չեն տարածվում պարտադիր սոցիալական վճարումների, երեխայի նպաստների, պարտադիր ապահովագրության և վճարումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքները, եթե Մշտական առաքելության պաշտոնյաները և աշխատակիցները ԱԶԲ-ի սոցիալական ապահովության համակարգի կամ այնպիսի համակարգի անդամներ են, որին ԱԶԲ-ը միացել է, և որը նախատեսում է բավարար նպաստներ:
Բաժին 32. Մշտական առաքելության պաշտոնյաները և աշխատակազմը, նրանց ընտանիքները և տնային աշխատակազմի անդամները պետք է ազատված լինեն Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության պարտավորություններից։ Այդ ազատումը չպետք է տարածվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Եթե մշտական առաքելության` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնյաները և աշխատակազմի անդամները զորակոչվում են զինվորական ծառայության, Կառավարությունը պետք է գործադրի ամեն ջանք՝ նրանց տարկետում տրամադրելու համար, եթե, ԱԶԲ-ի կարծիքով, իր հիմնական աշխատանքներում լուրջ տեղաշարժեր կարող են տեղի ունենալ։
Բաժին 33. Որպես հավելում սույն Համաձայնագրի 31-րդ և 32-րդ բաժիններով նախատեսված անձեռնմխելիության և արտոնությունների` Մշտական առաքելության ղեկավարին, այդ թվում` նրա բացակայության ժամանակ նրա անունից գործելու համար ԱԶԲ-ի կողմից նշանակված պաշտոնյային, և նրա ամուսնուն ու անչափահաս երեխաներին պետք է տրամադրվեն դիվանագիտական ներկայացուցիչներին միջազգային իրավունքի համաձայն տրամադրվող արտոնություններ, անձեռնմխելիություն, ազատումներ և հնարավորություններ։
Բաժին 34. ԱԶԲ-ի պաշտոնյաներին և աշխատակազմի անդամներ չհանդիսացող անձանց, որոնք ԱԶԲ-ի կամ Մշտական առաքելության կողմից պաշտոնապես հրավիրվում են Մշտական առաքելության նստավայր, պետք է տրամադրվեն սույն Համաձայնագրի 31-րդ բաժնով սահմանված արտոնությունները և անձեռնմխելիությունը, բացառությամբ «ե» և «զ» ենթակետերով սահմանված դեպքերի, պայմանով, որ այդ անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։
Բաժին 35. ԱԶԲ-ը պետք է ժամանակ առ ժամանակ Կառավարությանը հաղորդի ԱԶԲ-ի այն պաշտոնատարների և աշխատակազմի անդամների, ինչպես նաև այլ անձանց անունները, ում վրա սույն հոդվածի և XII հոդվածի դրույթները չեն տարածվում։
Բաժին 36. Սույն Համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող բոլոր անձանց Կառավարությունը պետք է տրամադրի ինքնությունը հաստատող հատուկ քարտեր, որոնք կօգնեն Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին հաստատելու կրողի ինքնությունը, ինչպես նաև կհավաստեն, որ քարտը կրողն օգտվում է սույն Համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից։
Բաժին 37. Սույն Համաձայնագրով տրամադրվող արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումները և հնարավորությունները տրվում են` ելնելով ԱԶԲ-ի շահերից և ոչ թե նրանց՝ անհատների անձնական օգուտի համար։ ԱԶԲ-ը պետք է հրաժարվի որևէ անձի տրված անձեռնմխելիությունից, եթե, ԱԶԲ-ի կարծիքով, այդ անձեռնմխելիությունը կխոչընդոտի արդարադատության ընթացքին, և հրաժարումը վնաս չի հասցնի այն նպատակներին, որոնց համար տրվում է անձեռնմխելիությունը։
Բաժին 38. ԱԶԲ-ը պետք է ցանկացած միջոց ձեռնարկի՝ ապահովելու համար, որ սույն Համաձայնագրով տրվող արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումները և հնարավորությունները չչարաշահվեն, և այդ նպատակով պետք է սահմանի այնպիսի կանոններ և նորմեր, որոնք կարող է համարել անհրաժեշտ և նպատակահարմար։ Եթե Հայաստանի Հանրապետության Կառավարությունը համարի, որ տեղի է ունեցել չարաշահում, ապա Կառավարության և ԱԶԲ-ի միջև պետք է անցկացվի խորհրդակցություն։
ՀՈԴՎԱԾ XIV
Վեճերի լուծումը
Բաժին 39. Սույն Համաձայնագրի կամ այլ լրացուցիչ համաձայնագրերի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կառավարության և ԱԶԲ-ի միջև ծագած ցանկացած վեճ կամ Մշտական առաքելության նստավայրին կամ Կառավարության և ԱԶԲ-ի հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց, որը չի լուծվում բանակցություններով կամ լուծման այլ՝ փոխհամաձայնեցված եղանակով, պետք է վերջնական որոշման համար ուղարկվի երեք դատավորից բաղկացած միջնորդ դատարան, որոնցից մեկին պետք է նշանակի Կառավարությունը, մյուսին՝ ԱԶԲ-ը, իսկ երրորդին, որը պետք է լինի միջնորդ դատարանի նախագահը, պետք է ընտրեն առաջին երկու դատավորները։ Եթե առաջին երկու դատավորները համաձայնության չեն գալիս երրորդ դատավորի նշանակման հարցում, ապա, եթե Կառավարությունը և ԱԶԲ-ը այլ համաձայնություն ձեռք չեն բերում, երրորդ դատավորին ընտրում է Արդարադատության միջազգային դատարանի նախագահը։ Միջնորդ դատավորների ձայների մեծ մասը բավարար է որոշում կայացնելու համար, որը վերջնական է և ենթակա պարտադիր կատարման։ Երրորդ դատավորը լիազորված է լուծելու ընթացակարգային բոլոր հարցերը այն բոլոր դեպքերում, երբ դրանց վերաբերյալ տարաձայնություններ կան։
Բաժին 40. Սույն Համաձայնագրի 39-րդ բաժնում նշված միջնորդ դատարանը պետք է ընդունի և պահպանի Իրավարարության կամընտիր կանոնները, որոնք վերաբերում են միջազգային կազմակերպություններին և Իրավարարության մշտական դատարանի անդամ պետություններին։
ՀՈԴՎԱԾ XV
Այլ դրույթներ
Բաժին 41. Այն բոլոր դեպքերում, երբ սույն Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար սահմանում է այլ պարտավորություններ, քան Կառավարությունը, Կառավարությունը պետք է ապահովի այդ պարտավորությունների կատարումը։
Բաժին 42. Սույն Համաձայնագրի դրույթներից ոչ մեկը չպետք է մեկնաբանվի այնպես, թե դա փոփոխում կամ լրացնում է Կանոնադրությունը կամ վնասում կամ սահմանափակում է տրամադրվող կամ Կանոնադրությամբ նախատեսված իրավունքները, անձեռնմխելիությունը, արտոնությունները կամ ազատումները։
Բաժին 43. Կառավարությունը և ԱԶԲ-ը կարող են մտնել այդպիսի լրացուցիչ պայմանագրային հարաբերությունների մեջ, եթե դրանք կարող են անհրաժեշտ լինել սույն Համաձայնագրի շրջանակներում։
Բաժին 44. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին գրավոր ծանուցումը ԱԶԲ-ի կողմից ստանալու օրվանից։
Ի հավաստումն որի` պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը։
Կատարված է Մանիլա քաղաքում, Ֆիլիպիններ, 2008 թ. հունվարի 23-ին և Երևան քաղաքում 2008 թ. հունվարի 30-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008 թ. հունիսի 3-ին: