ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1497/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1497/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նարեկ Շահինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Նարեկ Շահինյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Նարեկ Շահինյանին վերադարձնել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 863 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այուհետ՝ Դատարան) 18.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 18.03.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարեկ Շահինյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից չի ապացուցվել, որ «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 863 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվել է Նարեկ Շահինյանի տիրապետման ներքո, ինչպես նաև չի հիմնավորվել, որ ավտոմեքենան «ամրակցված» է եղել բողոք բերած անձին։ Գործում բացակայում են այդ մասին վկայող ընդունման-հանձնման կամ այլ ակտերի բնօրինակները։
Ավելին, Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել և պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ մինչև քաղաքացիական գործի քննությունը Նարեկ Շահինյանն ավտոմեքենան հանձնել է, և այն գտնվել է Երևանի Ա. Վշտունի թիվ 73 հասցեում, որն Ընկերության գործունեության նախկին հասցեն է։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.07.2009 թվականի որոշումը, այն փոփոխել և հայցը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 31.05.2008 թվականին Ընկերության տնօրենի հրամանով լուծվել է Ընկերության և վարորդ առաքիչ Նարեկ Շահինյանի միջև 06.03.2008 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը և նույն հրամանով հանձնարարվել է Ընկերության ավտոհավաքակայանի պետին կազմակերպել և իրականացնել Նարեկ Շահինյանին կցված «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 863 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենայի հանձնում-ընդունում (գ.թ. 55)։
2. Սույն գործում բացակայում է Ընկերության «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 863 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Նարեկ Շահինյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը հիմնավորող ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից։
Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները դադարել են, հանգել է այն հետևության, որ վեճի առարկա ավտոմեքենան գտնվում է Նարեկ Շահինյանի մոտ:
Մինչդեռ, սույն գործի փաստերով չի հիմնավորվել Ընկերության «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 863 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Նարեկ Շահինյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի հայցը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Մ. ԴՐՄԵՅԱՆ |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |