ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-3422 |
Քաղաքացիական գործ թիվ 3-177 (ՎԴ) 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Վարդան Ղազարյանի ընդդեմ Լևոն Գրիգորյանի՝ ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ պահանջելու կամ դրա արժեքը վճարելու պահանջի մասին քաղաքացիական գործով Լևոն Գրիգորյանի բողոքը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարդան Ղազարյանը պահանջել է պարտավորեցնել Լևոն Գրիգորյանին վերադարձնել 1996 թվականին վարձավճարով տրված 1985 թվականի արտադրության «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենան կամ վճարել դրա արժեքը` 12000 ԱՄՆ դոլար:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 20.06.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի. Լևոն Գրիգորյանին պարտավորեցվել է Վարդան Ղազարյանին վերադարձնելու «Կամազ-5321» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենան կամ վճարել մեքենայի շուկայական արժեքը, հայցը մնացած մասով մերժվել է:
Վերաքննիչ դատարանի՝ 29.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Լևոն Գրիգորյանը:
Բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճռից հետո ի հայտ է եկել նոր երևան եկած հանգամանք, մասնավորապես, Էդվարդ Շահբազյանի 25.03.2009 թվականի նոտարական կարգով հաստատված բացատրության համաձայն` Լևոն Գրիգորյանը «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենայի հետ որևէ առնչություն չունի, քանի որ հայցվորն ինքն է ավտոմեքենան հանձնել Էդվարդ Շահբազյանին: Բացի դրանից, ավտոմեքենայի համար արդեն վճարվել է Վարդան Ղազարյանին, ուստի Վարդան Ղազարյանը ավտոմեքենայի հետ կապված պահանջի իրավունք չունի:
Նշված հանգամանքով հիմնավորվում է, որ Վարդան Ղազարյանի և Լևոն Գրիգորյանի միջև որևէ գործարք չի կնքվել, և վերջինս պատշաճ պատասխանող չէ:
Այդ մասին Լևոն Գրիգորյանը չի իմացել և չէր էլ կարող իմանալ, քանի որ Էդվարդ Շահբազյանը 1996 թվականից բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, և նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել Լևոն Գրիգորյանին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքների հիմքով բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված Էդվարդ Շահբազյանի ՀՀ վճռաբեկ դատարանին ուղղված 25.03.2009 թվականի նոտարական կարգով հաստատված բացատրության համաձայն` Լևոն Գրիգորյանը «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենայի հետ կապված որևէ առնչություն չունի, և Էդվարդ Շահբազյանը վճարել է ավտոմեքենայի գումարը:
2. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված Վարդաբլուրի գյուղապետարանի 28.04.2009 թվականի տեղեկանքի համաձայն՝ 1996 թվականին Էդվարդ Շահբազյանը ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Մինչ օրս նրա գտնվելու վայրի մասին Վարդաբլուրի գյուղապետարանում որևէ տեղեկություն չկա:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է բավարարման, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճիռը ենթակա է վերանայման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ՝
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն՝ արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (տես՝ Մարինե Մանուկյանին ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու, շուկայական միջինացված արժեքով երկուսենյականոց տան համար դրամական փոխհատուցում տալու, նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) գործով որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Լևոն Գրիգորյանը ընդունել է վիճելի ավտոմեքենայի վերաբերյալ Վարդան Ղազարյանի հետ պայմանավորվածության փաստը:
Մինչդեռ, սույն գործով բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացվել է Էդվարդ Շահբազյանի Վճռաբեկ դատարանին ուղղված 25.03.2009 թվականի նոտարական կարգով հաստատված բացատրությունը, ըստ որի՝ Լևոն Գրիգորյանը «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենայի հետ կապված որևէ առնչություն չունի, ինչպես նաև այն, որ Էդվարդ Շահբազյանը Վարդան Ղազարյանին վճարել է «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 43-71 ԱԴՇ պետհամարանիշի ավտոմեքենայի գումարը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից վկայակոչված Էդվարդ Շահբազյանի 25.03.2009 թվականի բացատրությունը նոր երևան եկած հանգամանք է, որը էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էդվարդ Շահբազյանի 25.03.2009 թվականի բացատրությունում վկայակոչված հանգամանքները հայտնի են եղել Լևոն Գրիգորյանին, և նա ապացուցել է իրենից անկախ պատճառներով դրանք դատարան չներկայացնելու փաստը: Մասնավորապես` տվյալ հանգամանքը հիմնավորվում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված Վարդաբլուրի գյուղապետարանի 28.04.2009 թվականի տեղեկանքով, համաձայն որի` Էդվարդ Շահբազյանը ընտանիքով 1996 թվականից բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, և վերջինիս գտնվելու վայրը հայտնի չի եղել, ուստի դրա ներկայացումը դատարան անհնար է եղել:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 20411-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ, 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Մ. ԴՐՄԵՅԱՆ |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |