Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Երևան (Հայաստանի Հանրապետություն) և Աշխաբադ (Թուրքմենստան) քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունների հաստատման մասին
Երևանի քաղաքապետարանը (Հայաստանի Հանրապետություն) և Աշխաբադ քաղաքի Խյակիմլիկը (Թուրքմենստան)՝ այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով Երևանի և Աշխաբադի միջև բարեկամական կապեր հաստատելու փոխադարձ ցանկությունը,
հաշվի առնելով տնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության ընդլայնման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին՝
Հոդված 1
Սույն Համաձայնագիրը համագործակցության հարաբերություններ է հաստատում Երևան և Աշխաբադ քաղաքների միջև:
Հոդված 2
Կողմերն իրենց իրավասության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան կիրականացնեն համագործակցություն՝ իրավահավասարության, փոխշահավետության, հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա:
Հոդված 3
Կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով՝
- առևտրատնտեսական ոլորտում,
- կրթության ոլորտում,
- մշակույթի ոլորտում,
- զբոսաշրջության ոլորտում,
- երիտասարդական քաղաքականության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում:
Հոդված 4
Տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ընթացքում Կողմերը՝
- կաջակցեն Կողմերի պաշտոնական պատվիրակությունների փոխանակման կազմակերպմանը` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային փորձն ուսումնասիրելու նպատակով,
- տեղեկատվություն կփոխանակեն քաղաքային կայուն զարգացման, ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում լավագույն փորձերի վերաբերյալ,
- կիրականացնեն Կողմերի պատմության, մշակույթի, ավանդույթների հետ ծանոթացմանն ուղղված գործունեություն:
Հոդված 5
Առևտրատնտեսական ոլորտում համագործակցության շրջանակներում Կողմերը՝
- կաջակցեն առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, տնտեսվարող սուբյեկտների համատեղ ձեռնարկատիրական և ներդրումային գործունեության համար պայմանների ապահովմանը,
- կխրախուսեն ցանկացած կազմակերպաիրավական ձևի տնտեսվարող սուբյեկտների միջև անմիջական կապերը: Մատակարարվող ապրանքների և ծառայությունների ծավալները, անվանացանկը, գները, փոխադարձ հաշվարկների պայմանները և կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը ստանձնած պարտավորությունների նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների միջև պայմանագրերի առարկա են:
Հոդված 6
Կրթության ոլորտում համագործակցության շրջանակներում Կողմերը կիրականացնեն մանկավարժների և սովորողների խմբերի փոխանակումներ՝ Կողմերի հանրակրթական հաստատություններում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման փորձի ուսումնասիրության, դասավանդման մեթոդների կատարելագործման և պատմական ու մշակութային արժեքների հետ ծանոթանալու համար:
Հոդված 7
Մշակույթի ոլորտում համագործակցության շրջանակներում Կողմերը՝
- կաջակցեն ստեղծագործական խմբերի և մշակութային գործիչների մասնակցությանը Երևան և Աշխաբադ քաղաքների Օրերի տոնակատարությունների շրջանակներում ազգային մշակույթների փառատոնին,
- կիրականացնեն գեղարվեստական դպրոցների սովորողների աշխատանքների ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների վերաբերյալ տեսա- և ֆոտոնյութերի փոխանակում Երևանում և Աշխաբադում,
- կաջակցեն Երևան և Աշխաբադ քաղաքների գրադարանների միջև համագործակցության հաստատմանը:
Հոդված 8
Զբոսաշրջության ոլորտում համագործակցության շրջանակներում Կողմերը՝
- կձևավորեն հնարավոր զբոսաշրջային ուղղություններ Երևան և Աշխաբադ քաղաքների միջև,
- կկազմակերպեն ճանաչողական շրջայցեր զբոսաշրջային ընկերությունների և հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար:
Հոդված 9
Երիտասարդական քաղաքականության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության շրջանակներում Կողմերը՝
- կնպաստեն Երևան և Աշխաբադ քաղաքների սպորտային կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը,
- կկազմակերպեն Երևան և Աշխաբադ քաղաքների երիտասարդների սպորտային միջոցառումներին պատանի մարզիկների թիմերի մասնակցությունը:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի իրականացման, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների վերահսկողության նպատակով կարող են իրականացվել երկկողմ հանդիպումներ, բանակցություններ, նիստեր, խորհրդակցություններ և այլ միջոցառումներ՝ Կողմերի պատվիրակությունների և առանձին ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին Կողմերի Երևանի վերջին ծանուցագրի ստացման օրվանից և կնքվում է հինգ (5) տարի ժամկետով: Սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդական հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց (6) ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է քաղաք Աշխաբադում 2014 թվականի ապրիլի 8-ին երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. հունիսի 3-ին