ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/1696/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ` Հասարակական կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Հասարակական կազմակերպության հայցի ընդդեմ «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)՝ Կազմակերպության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ հասարակական կազմակերպությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Կազմակերպության գործողությունները, որով սպառիչ և լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վարաբերյալ, և որպես հետևանք պարտադրել տրամադրելու տեղեկատվություն այն մասին, թե Կազմակերպության 2006, 2007, 2008 թվականների ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից որքան է կազմել, նույն թվականներին որ կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության և նկարագրության պայմանագրեր և որքան հասույթ է ստացել այդ պայմանագրերից։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.12.2009 թվականի վճռով Հասարակական կազմակերպության հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասարակական կազմակերպությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 27-րդ, 27.1 հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածի պահանջները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ պատասխանողը հղում է կատարել այն օրենքներին, որտեղից Հասարակական հազմակերպությունը կարող էր ստանալ իր փնտրած տեղեկությունները։
Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպության կողմից չի նշվել, թե «ՀՀ պետական բյուջեի մասին» համապատասխան օրենքների կոնկրետ որ հոդվածները կամ դրանց մասերը կամ կետերն են պարունակում պահանջվող տեղեկատվությունը։
Նման պայմաններում հայցը մերժելով՝ Դատարանը խախտել է Հասարակական կազմակերպության տեղեկանալու իրավունքը այն մասին, թե որքան գումարի չափով է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել Կազմակերպությունը։
Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով, հետևաբար երրորդ անձանց հետ կնքած պայմանագրերն առևտրային բնույթի չէին կարող լինել, իսկ պահանջվող տեղեկատվությունը որևէ առևտրային գաղտնիք չէր պարունակում։
Դատարանն անտեսել է, որ պահանջվող տեղեկատվությունը վերաբերում էր այն հարցին, թե որ ընկերությունների հետ են կնքվել հանձնարարության և նկարագրության պայմանագրեր։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետում հստակ նշվում է այն տեղեկատվության ցանկը, որը չի կարող մերժվել, իսկ հայցվորի կողմից պահանջվող տեղեկատվությունը նշված ցանկում ընդգրկված չէ։ Բացի դրանից, պահանջվող տեղեկատվությունը իրենից ներկայացնում է հաշվետվություն, որը Կազմակերպությունը ներկայացնում է պետական լիազոր մարմնին` համաձայն իր կանոնադրության և հարկային մարմիններին օրենքով սահմանված կարգով։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Հասարակական կազմակերպությունը 27.02.2009 թվականի թիվ 100-ի 18 հարցմամբ Կազմակերպությանը խնդրել է տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.
« Կազմակերպության ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 և 2008 թվականներին որքա՞ն գումար է կազմել,
« Կազմակերպությունը 2006, 2007, 2008 թվականներին ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության և նկարագրության պայմանագրեր,
« Կազմակերպությունը 2006, 2007 և 2008 թվականներին որքա՞ն հասույթ է ստացել հանձնարարության և նկարագրության պայմանագրերից (գ.թ. 11)։
2. Կազմակերպության 06.03.2009 թվականի թիվ 38/01-322 գրությամբ հայտնվել է, որ 1-ին կետով նախատեսված հարցի պատասխանը պաշտոնապես հրապարակվել է «ՀՀ պետական բյուջեի մասին» համապատասխան օրենքներում, իսկ 2-րդ և 3-րդ կետերով ներկայացված հարցերի պատասխանները պարունակում են առևտրային գաղտնիք, հետևաբար նման տեղեկատվություն չի կարող տրամադրվել (գ.թ. 13)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։
ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։ Տեղեկությունները, որոնք չեն կարող ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք լինել, սահմանվում են օրենքով։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կազմակերպությունն օրենքով սահմանված ժամկետներում Հասարակական կազմակերպության հարցումներին պատասխանել է բոլոր այն հարցերի մասով, որոնք իրենց մեջ առևտրային գաղտնիք չեն պարունակել, ինչպես նաև հղում է կատարել այն օրենքին, որտեղից նրանք կարող էին ստանալ իրենց փնտրած տեղեկությունը։
Միաժամանակ Դատարանը, հաստատված համարելով, որ Կազմակերպությունը պետական ոչ առևտրային կազմակերպություն է և առևտրային շահ չունի, սակայն առևտրային շահ ունեն այն կազմակերպությունները, որոնց հետ Կազմակերպությունը կնքել է պայմանագրեր, հանգել է այն հետևության, որ Կազմակերպությունը, հայցվորին տրամադրելով նրա պահանջած տեղեկությունը, կհրապարակեր այլ ընկերությունների առևտրային գաղտնիքը, ուստի Կազմակերպությունը գործել է օրենքի շրջանակներում, հետևաբար նրա գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հիմքեր չկան։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը։
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։
Մինչդեռ Դատարանը, հաստատված համարելով, որ պահանջվող տեղեկատվությունը, այն է՝ թե ովքեր են Կազմակերպության հետ կնքել հանձնարարության և նկարագրության պայմանագրեր և կնքած պայմանագրերից 2006, 2007 և 2008 թվականներին Կազմակերպությունը որքան հասույթ է ստացել, պարունակում է առևտրային գաղտնիք, որևէ կերպ չի հիմնավորել նման համոզմունքի ձևավորումը։
Մասնավորապես Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չի նշել, թե հատկապես գործում առկա որ ապացույցների հիման վրա է հանգել նման եզրակացության և հասատատել տեղեկատվության առևտրային գաղտնիք լինելու հանգամանքը։
Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ Կազմակերպությունը տվել է պատշաճ պատասխան այն հարցին, թե որքան գումար է կազմել Կազմակերպության ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 և 2008 թվականներին, նշելով, որ «նշված հարցի պատասխանը հրապարակվել է «ՀՀ պետական բյուջեի մասին» համապատասխան օրենքներում», ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տեղեկություններ փնտրող անձին տրամադրել իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության 06.03.2009 թվականի թիվ 38/01-322 գրությամբ նշված միայն ««ՀՀ պետական բյուջեի մասին» համապատասխան օրենքներում» արտահայտությունն իր մեջ չի պարունակում պահանջված ամբողջական տեղեկությունը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227 և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |