Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունը, այսուհետ` «Կողմեր»,
ցանկություն ունենալով հաստատել ավելի սերտ համագործակցություն զբոսաշրջության բնագավառում և կարևորելով զբոսաշրջությունը որպես երկու պետությունների պատմությունը, մշակութային ժառանգությունը, ժողովուրդների կենցաղն ու ապրելակերպը ճանաչելու գործուն միջոց և որպես ժողովուրդների միջև բարի կամքի դրսևորման ձև,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը պայմանավորվում են համագործակցել զբոսաշրջության բնագավառում` սույն Համաձայնագրին և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան,
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը կիրականացվի, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.
- երկու պետությունների զբոսաշրջության բնագավառի տնտեսավարող սուբյեկտների, հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանն ու զարգացմանն աջակցություն,
- երկու պետությունների զբոսաշրջության զարգացման գործընթացին երիտասարդության մասնակցության, ներառյալ երիտասարդների փոխայցելությունների ապահովում,
- զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավմանն աջակցություն,
- զբոսաշրջության բնագավառի տեղեկատվության փոխանակում,
- զբոսաշրջության պետական կարգավորման բնագավառում փորձի փոխանակում,
- երկու պետությունների զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպում:
Հոդված 2
Կողմերն իրենց պետական իրավասու մարմինների միջոցով կաջակցեն զբոսաշրջության բնագավառում ներդրողների, տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:
Հոդված 3
Կողմերը կհամագործակցեն երկու պետություններում զբոսաշրջային ռեսուրսների ուսումնասիրության և գնահատման, զբոսաշրջային վայրերի կառավարման, հյուրանոցային շինարարության, ոլորտի շուկայագիտության և այլ բնագավառներում: Կողմերն իրենց օրենսդրությանը համապատասխան կնպաստեն այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Հոդված 4
Կողմերն իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, կձգտեն դյուրացնել երկու պետությունների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը:
Հոդված 5
Կողմերը կփոխանակեն մասնագիտական խմբեր, որոնք կմասնակցեն մարզական, երաժշտական, թատերական միջոցառումներին և ազգային փառատոներին, զբոսաշրջության ոլորտին վերաբերող ցուցահանդեսներին, սիմպոզիումներին և համաժողովներին:
Հոդված 6
Կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և կխրախուսեն զբոսաշրջության բնագավառում մասնագետների, փորձագետների և լրագրողների փոխանակումը:
Հոդված 7
Կողմերը կակտիվացնեն համագործակցությունը զբոսաշրջության բնագավառի միջազգային կազմակերպություններին անդամակցության շրջանակներում:
Հոդված 8
Կողմերը սույն Համաձայնագրի կիրառումը կհանձնարարեն իրենց` զբոսաշրջության ոլորտը կառավարող պետական լիազոր մարմիններին:
Հոդված 9
Կողմերը սույն Համաձայնագրի կիրառմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով, անհրաժեշտության դեպքում հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից կստեղծեն Համատեղ հանձնաժողով: Հանձնաժողովի նիստերն ըստ անհրաժեշտության կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Համատեղ հանձնաժողովը կգործի իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում Կողմերը դրանք կլուծեն դիվանագիտական ուղիներով:
Հոդված 11
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով ու կհանդիսանան դրա անբաժանելի մասը:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման ավարտը հավաստող վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամանակով: Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2013թ. նոյեմբերի 12-ին երկու հավասարազոր բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով: Մեկնաբանության ժամանակ առաջացած հակասությունների դեպքում, կգերակայի անգլերեն լեզվով տարբերակը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 3-ին