Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ԵՎ Էկոլոգիական, տեխնոլոգիական ԵՎ ատոմային վերահսկողության դաշնային ծառայության (Ռուսաստանի Դաշնություն) միջԵՎ` արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռուսաստանի Դաշնություն), այսուհետև՝ Կողմեր,
հաշվի առնելով Կողմերի իրավասությանն առնչվող` արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում փոխգործակցության մեխանիզմների և աշխատանքային մեթոդների մշտական կատարելագործման անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի առարկան է արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում Կողմերի համագործակցությունը:
Հոդված 2
Կողմերը համագործակցում են հետևյալ հիմնական ուղղություններով.
ա) արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական բազայի մշակման հարցերով փորձի փոխանակում.
բ) արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում գործունեության լիցենզավորման վերաբերյալ փորձի փոխանակում.
գ) վերահսկողական գործունեության իրականացման բնագավառում փորձի փոխանակում.
դ) անվտանգության կարգավորման բնագավառում փորձի փոխանակում հետևյալ աշխատանքներն իրականացնելիս.
արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծում, կառուցում, շահագործում, վերականգնում, հիմնանորոգում, տեխնիկական վերազինում, պահպանում և ոչնչացում,
արտադրական վտանգավոր օբյեկտներում կիրառվող տեխնիկական սարքերի պատրաստում, տեղադրում, կարգավորում, սպասարկում և նորոգում,
արտադրական վտանգավոր օբյեկտներում վտանգավոր նյութերի փոխադրում,
պայթեցման աշխատանքների կատարում,
ընդերքի օգտագործման հետ կապված աշխատանքների կատարում,
գերճնշման տակ աշխատող սարքավորումների շահագործում.
ե) արդյունաբերական անվտանգության բնագավառում մասնագետների պատրաստման և որակավորման ուղղությամբ փորձի փոխանակում.
զ) Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` իրենց իրավասությունների շրջանակներում արդյունաբերական անվտանգության հարցերի հետ կապված այլ ուղղություններ:
Հոդված 3
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով, որոնք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ճշգրտվում և համաձայնեցվում են Կողմերի միջև.
տեղեկության և փաստաթղթերի փոխանակում.
համատեղ սեմինարների, խորհրդակցությունների և խորհրդատվությունների անցկացման նպատակով փորձագետների փոխայցելություններ.
գիտական այցելություններ, նախապատրաստական դասընթացներ և ուսուցողական սեմինարներ.
Կողմերի իրավասության շրջանակներում համատեղ նախագծերի իրականացում.
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ այլ ձևեր:
2. Յուրաքանչյուր Կողմ նշանակում է սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության կոնկրետ ուղղությունների սահմանման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության և համատեղ նախագծերի իրականացման համար պատասխանատու համակարգող:
3. Տեղեկության և փաստաթղթերի փոխանակումը իրականացվում է համակարգողների միջոցով, եթե նախապես չի համաձայնեցվում դրանց փոխանցման այլ միջոց:
4. Համատեղ նախագծերը, որպես կանոն, նախատեսում են սույն Համաձայնագրի Կողմերի մասնակցությունը: Նախագծերի իրականացման նպատակով կարող են կնքվել պայմանագրեր Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև և ներգրավվել այլ գերատեսչությունների ու փորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եթե դա անհրաժեշտ է նախագծերի արդյունավետ իրականացման համար և համաձայնեցված է Կողմերի միջև:
Հոդված 4
Կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում մյուս Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունքների օգտագործման հետևանքների համար, եթե Կողմերը չպայմանավորվեն այլնի մասին:
Հոդված 5
1. Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիք և Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիք համարվող տեղեկությունները սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցման ենթակա չեն:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող կամ դրա իրականացման արդյունքում ստեղծվող տեղեկությունը, որը հայկական Կողմը և նրա իրավասու կազմակերպությունները կամ գերատեսչությունները և նախագծի իրականացման նպատակով ներգրավված փորձագիտական կազմակերպությունները դիտարկում են որպես սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկություն կամ ռուսական Կողմը և նրա իրավասու կազմակերպությունները կամ գերատեսչությունները ու նախագծի իրականացման նպատակով ներգրավված փորձագիտական կազմակերպությունները դիտարկում են որպես սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկություն, հստակ սահմանվում և նշվում է որպես այդպիսին:
3. Այնպիսի տեղեկություն պարունակող փաստաթղթերը, որը հայկական Կողմը դիտարկում է որպես սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկություն, պետք է ունենան հայերենով նշում՝ «Ծառայողական օգտագործման համար»: Այնպիսի տեղեկություն պարունակող փաստաթղթերը, որը ռուսական Կողմը դիտարկում է որպես սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկություն, պետք է ունենան ռուսերենով նշում՝ «Для служебного пользования»:
4. Այն կողմերն ու կազմակերպությունները, որոնք համագործակցում են սույն Համաձայնագրի շրջանակներում, նվազագույնի են հասցնում այն անձանց շրջանակը, որոնք սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկության հասանելիության թույլտվություն ունեն, և ապահովում են դրա օգտագործումը միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով:
Նման տեղեկությունը չի հրապարակվում և չի փոխանցվում սույն Համաձայնագրի իրականացմանը մասնակցություն չունեցող երրորդ կողմի՝ առանց այդպիսի տեղեկությունը փոխանցող Կողմի գրավոր համաձայնության, և Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում դիտարկվում է որպես սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկություն:
5. Սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկության պաշտպանությունն ապահովվում է յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան:
6. Փոխանցվող տեղեկության փոխանակման կանոնները և ծավալը սահմանվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար՝ յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան:
7. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև ամբողջ նամակագրությունը և տեղեկության փոխանակումն իրականացվում է ռուսերենով:
Հոդված 6
Կողմերն ապահովում են մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը` Կողմերի պետությունների օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հոդված 7
Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ տարաձայնությունները լուծվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է հինգ տարվա ընթացքում:
Սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չի տեղեկացնում մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին ոչ պակաս, քան Համաձայնագրի գործողության հերթական ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ:
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնություններ ծագելու դեպքում մեկնաբանման նպատակով օգտագործվում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. մայիսի 11-ին