Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱԿՈՒՐՈՐՏԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետև՝ Կողմեր),
հիմնվելով 1999թ. հունիսի 4-ի՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կազմակերպված հանգստի և առողջարանակուրորտային բուժման մասին համաձայնագրի և 1999թ. մայիսի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության ռազմական և ոազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի դրույթների վրա,
գիտակցելով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների առողջության մասին հոգալու կարևորությունն ու անհրաժեշտությունը,
նկատի ունենալով, այն որ Կողմերի պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների առողջարանակուրորտային բուժման և առողջացման ոլորտում Կողմերի միջև համագործակցությունը պետք է իրականացվի, հաշվի առնելով փոխշահավետության սկզբունքները և Կողմերի պետությունների ազգային օրենսդրությունների համաձայն,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կիրառվող հասկացությունները և դրանց սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակների համար գործածված հասկացությունները նշանակում են հետևյալը.
“զինծառայող” ֊ Կողմերից մեկի պետության քաղաքացի, ով ծառայում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն ստեղծված զինված ուժերում և Կողմի պետության օրենսդրությամբ նրան հավասարեցված քաղաքացիներ,
“զինծառայողի ընտանիքի անդամներ” - հայրը, մայրը, ամուսինը (կինը), անչափահաս երեխաները, այդ թվում՝ որդեգրվածները, զինծառայողի խնամքի տակ գտնվող 18 տարեկանից բարձը երեխաները,
“ռազմաբժշկական հաստատություն” - բժշկական հաստատություն, որը իրականացնում է առողջարանակուրորտային բուժման և առողջացման հարցերով գործունություն և ենթարկվում է Կողմերից մեկին։
Հոդված 2
Լիազորված մարմիններ
Սույն Համաձայնագրի դրույթների իրագործման և կատարման համար հսկողության նպատակով Կողմերը նշանակում են լիազորված մարմիններ՝
հայկական կողմից - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչություն,
բելառուսական կողմից - Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչություն։
Լիազորված մարմինների փոփոխության վերաբերյալ Կողմերը միմյանց տեղեկացնում են գրավոր։ Լիազորված մարմինների փոփոխությունը չի ենթադրում սույն Համաձայնագրում փոփոխությունների և/կամ լրացումների կատարման պաշտոնական ընթացակարգեր։
Հոդված 3
Կազմակերպման կարգ
Սույն Համաձայնագրի դրույթների իրագործման համար Կողմերի լիազորված մարմինների միջոցով յուրաքանչյուր տարի, մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը, միմյանց ներկայացնում են.
մեկնման գրաֆիկին համապատասխան տեղերի քվոտաները, հաջորդ տարվա համար կազմակերպված հանգստի և առողջարանակուրորտային բուժման (այսուհետև՝ ուղեգիր, բուժում) ուղեգրման նպատակով,
ուղեգրերի արժեքի վերաբերյալ տվյալները հաջորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ,
մեկնման ժամանակացույցը,
կազմակերպված հանգստի և առողջարանակուրորտային բուժման վերաբերյալ ծառայության մատուցման մասին պայմանագրերի նախագծերը։
Ուղեգրերի հատկացումն իրականացվում է լիազորված մարմինների հայտերին համապատասխան։ Մեկնման ժամկետները և նախատեսվող ուղեգրերով բուժման ուղարկվող անձանց թվաքանակը չի փոփոխվում առանց ընդունող Կողմի լիազորված մարմնի գրավոր համաձայնության։
Կողմերը փոխադարձաբար ճանաչում են առողջարանակուրորտային բուժման անհրաժեշտության և առողջության վիճակի մասին բժշկական եզրակացությունները, բժշկական տեղեկանքները, բժշկական փաստաթղթերի քաղվածքները և այլ փաստաթղթեր, որոնք տրվել են առողջապահական կազմակերպությունների (բժշկական կազմակերպությունների) ռազմաբժշկական հաստատությունների կողմից։
Հոդված 4
Ֆինանսավորման և վճարման կարգ
Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված ֆինանսական ծախսերը Կողմերն իրականացնում են իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան։
Ուղեգրի գները սահմանվում են ընդունող Կողմի պետության ազգային արժույթով։
Ուղեգրի արժեքը սահմանվում է միջազգային պայմանագրերով և Կողմ պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով։
Ուղեգրի վճարումն իրականացվում է ընդունող Կողմի ռազմաբժշկական հաստատությունում իր պետության ազգային արժույթով։ Հատկացված ուղեգրերի արժեքի փոփոխման դեպքում Կողմերը գրավոր (ֆաքսի միջոցով, լիազորված մարմնի էլեկտրոնային փոստին) միմյանց տեղեկացնում են, ոչ պակաս, քան մեկնումից քսան օր առաջ։ Ուղարկող Կողմը հատկացված ուղեգրերի արժեքի փոփոխման մասին ծանուցումն ստանալու դեպքում պետք է յոթ օրվա ընթացքում գրավոր (ֆաքսի միջոցով, լիազորված մարմնի էլեկտրոնային փոստին) հաստատի իր զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների նոր պայմաններով ուղարկելու վերաբերյալ համաձայնությունը։
Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ընդունվում են Կողմի ռազմաբժշկական հաստատություններ ներքոնշյալների առկայությամբ ՝
ուղեգրի լրացված բլանկի՝ հաստատված ռազմաբժշկական հաստատության կամ Կողմի լիազորված մարմնի կնիքով,
ուղարկող Կողմի պետության քաղաքացու անձնագրի, որի գործողության ժամկետը ընդունող Կողմի պետության տարածքում կազմում է մեկնման օրվանից ոչ պակաս, քան վեց ամիս,
զինծառայողի ընտանիքի անդամի պատկանելիությունը հաստատող փաստաթղթերի,
առողջարանակուրորտային բուժման անհրաժեշտության, առողջության վիճակի մասին բժշկական եզրակացության։
Ուղարկող Կողմը պարտավոր է իր զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ծանոթացնել ուղեգրի արժեքի և ընդունող Կողմի ռազմաբժշկական հաստատությունում մնալու պայմանների հետ։
Ռազմաբժշկական հաստատություն ուշացումով ժամանած անձանց ուղեգրի ժամկետները չեն վերականգնվում։ Ավելի, քան հինգ օր ուշացած անձինք ռազմաբժշկական հաստատություն չեն ընդունվում։
Ռազմաբժշկական հաստատությունից վաղ մեկնման դեպքում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին իրենց կողմից ուղեգրի չօգտագործված օրերի համար գումարի վերադարձ տրվում է հետևյալ դեպքերում.
զինծառայողի ծառայության վայր հետկանչի դեպքում Կողմերի համաձայնեցված կարգով գրավոր փաստաթղթերի հիման վրա,
հանկարծակի ծանր հիվանդության կամ մերձավոր բարեկամի (մոր, հոր, ամուսնու, կնոջ, եղբոր, քրոջ, երեխաների) կամ խնամակալության տակ գտնվող անձի մահվան դեպքում գրավոր հաստատման հիման վրա (հաստատված հեռագիր կամ ֆաքսի),
ընտանիքի կամ մերձավոր բարեկամի հետ պատահած տարերային աղետի մասին գրավոր հաստատման հիման վրա,
բուժման նպատակով բժշկական հաստատություն տեղափոխման դեպքում։
Սույն Համաձայնագրի պայմաններով ռազմաբժշկական հաստատությունում գտնվող զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները ընդունող Կողմի պետության քաղաքացիների հետ հավասար իրավունքներով օգտվում են ընդունող Կողմի ռազմաբժշկական հաստատության մատուցած ծառայություններից։
Ռազմաբժշկական հաստատություններն իրավունք չունեն փոխելու արժեքը և պահանջել հավելյալ վճար ուղեգրի համար, որով արդեն ուղարկող Կողմի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ընդունվել են ռազմաբժշկական հաստատություն։
Կողմերն իրավունք չունեն ստացված ուղեգրերը վաճառել կամ փոխանցել երրորդ իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձի։ Պայմանի խախտման դեպքում այդ ուղեգրով ժամանած անձը ռազմաբժշկական հաստատություն չի ընդունվի։
Ընդունող Կողմի ռազմաբժշկական հաստատություններն իրավունք ունեն վաղ դուրս գրել ուղարկող Կողմի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բուժման ռեժիմը խախտելու դեպքում առանց ուղեգրի համար վճարված գումարը վերադարձնելու։
Հոդված 5
Փաստաթղթերի պաշտոնական լեզուն
Սույն Համաձայնագրի պայմաններով ռազմաբժշկական հաստատություն ընդունված զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող բժշկական փաստաթղթերի լրացման համար որպես պաշտոնական լեզու հանդիսանում է ռուսերենը։
Հոդված 6
Տարաձայնությունների կարգավորում
Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման հետ կապված ցանկացած տարաձայնություններ լուծվում են Կողմերի միջև բանակցությունների և խորհրդատվությունների միջոցով։
Հոդված 7
Փոփոխություններ և լրացումներ
Կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրի մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով։ Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան։
Հոդված 8
ժամկետները և գործողության դադարեցումը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ հայկական Կողմի ներպետական ընթացակարգերը կատարելու մասին գրավոր ծանուցումը դիվանագիտական խողովակներով բելառուսական Կողմի ստանալու օրվանից։
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։
Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերի փոխադարձ հանաձայնությամբ կամ միակողմանի կարգով՝ Կողմերից մեկի գրավոր ծանուցմամբ։ Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է այդպիսի գրավոր ծանուցումն ստանալուց երեք ամիս հետո։
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում մինչ դրա դադարեցումը, Համաձայնագրի իրականացման արդյունքում առաջացած Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվում։
Կատարված է ք. Մինսկում, 2017թ. նոյեմբերի «28»-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են։