Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԿԵՂԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության բնագավառում համագործակցության և Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով միջպետական խորհրդի ստեղծման մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագրի վրա, հաշվի առնելով «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիայի և «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրի դրույթները,
առաջնորդվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով,
կարևորելով Կողմերի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը,
ընդունելով պահպանվող ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման նշագրերով ոչ իրավաչափորեն դրոշմավորված ապրանքների իրացումից սպառողների և արտադրողների պաշտպանությանն ուղղված համատեղ միջոցների իրականացման անհրաժեշտությունը,
մոլորության մեջ գցող այդպիսի նշագրերի օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված գործողությունների, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության այլ ակտերի համակարգման նպատակով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ սահմանումները.
ապրանք ՝ առարկա, որը բավարարում է հանրային որևէ պահանջ և արտադրված է վաճառքի ու փոխանակման համար, այսինքն՝ ունի այլ ապրանքների հետ դրա փոխանակման գործընթացում սահմանված արժեք,
ապրանքային նշան ՝ նշագիր, որը պահպանվում է սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցներն են իրենք, և որը ծառայում է քաղաքացիական շրջանառության որոշ մասնակիցների ապրանքները քաղաքացիական շրջանառության մյուս մասնակիցների ապրանքներից առանձնացնելու համար,
աշխարհագրական նշում ՝ նշագիր, որի նկատմամբ իրավունքները ծագել են սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան, և որով ապրանքը նույնականացվում է որպես սույն համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներից, շրջանից կամ այդ տարածքների տեղանքից ծագող ապրանք, եթե ապրանքի որակը, համբավը կամ այլ բնութագրեր առավելապես պայմանավորված են դրա աշխարհագրական ծագմամբ։
Կողմերն ընդունում են, որ աշխարհագրական նշումները կարող են պահպանվել որպես ապրանքների ծագման վայրերի անվանումներ՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան,
կեղծ ապրանքային նշան՝ նշագիր, որի զետեղումն ապրանքի վրա խախտում է համապատասխան ապրանքային նշանների իրավատերերի իրավունքները և (կամ) կարող է սպառողներին մոլորության մեջ գցել ապրանքի որակի, ծագման կամ այլ բնութագրերի առումով,
կեղծ աշխարհագրական նշում ՝ նշագիր, որի զետեղումն ապրանքի վրա խախտում է համապատասխան աշխարհագրական նշումների իրավատերերի իրավունքները և (կամ) կարող է սպառողներին մոլորության մեջ գցել ապրանքի որակի, ծագման կամ այլ բնութագրերի առումով։
Հոդված 2
Սույն համաձայնագրի նպատակն այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք Կողմերին թույլ են տալիս իրականացնել համագործակցություն՝ զետեղված կեղծ ապրանքային նշաններով և աշխարհագրական նշումներով ապրանքների արտադրման և իրացման փաստերի, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պետական սահմաններով այդպիսի ապրանքների տեղաշարժման փաստերի կանխարգելման, բացահայտման և կանխման հարցերում։
Հոդված 3
Սույն համաձայնագրի իրագործումն ապահովելու նպատակով Կողմերը, առաջնորդվելով սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ,
համատեղ ծրագրում և իրականացնում են զետեղված կեղծ ապրանքային նշաններով և աշխարհագրական նշումներով ապրանքների արտադրման և իրացման, այդ թվում՝ դրանց արտահանման կամ ներմուծման, ինչպես նաև ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների պահպանման հետ կապված այլ իրավախախտումների նախականխմանը, բացահայտմանը, կանխմանը և կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,
հարցման դեպքում փոխանակում են տեղեկատվություն՝
այն հարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մասին, որոնց վրա տարածվում է սույն համաձայնագրի գործողությունը,
սույն համաձայնագրի մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից բացահայտված՝ զետեղված կեղծ ապրանքային նշաններով և աշխարհագրական նշումներով ապրանքների արտադրման և իրացման փաստերի, դրանց արտահանման կամ ներմուծման փորձերի մասին,
սույն համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների վրա զետեղված ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների մասին,
աջակցում են արդյունաբերական սեփականության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը,
անցկացնում են սեմինարներ և համաժողովներ,
համագործակցում են մտավոր սեփականության բնագավառում կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման հարցում,
իրականացնում են համապատասխան մեթոդական և հատուկ գրականության փոխանակում։
Հոդված 4
Կողմերը, սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են զետեղված կեղծ ապրանքային նշաններով և աշխարհագրական նշումներով ապրանքների արտադրումը և իրացումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համաձայնեցված միջոցներ՝ համատեղ գործողությունների և կամավոր կերպով իրենց կողմից ստանձնած պարտավորությունների հիման վրա։
Հոդված 5
Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ հանդիսացող՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունները հաստատում են «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում ամրագրված իրենց պարտավորությունները՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն առնչվող մասով։
Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ չհանդիսացող՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունները կձգտեն հետևել նշված համաձայնագրի հիմքում դրված սկզբունքներին և նորմերին։
Հոդված 6
Կողմերն ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների մասով նախատեսում են պաշտպանության իրավական միջոցներ, որոնք թույլ են տալիս կանխել՝
1) ապրանքը նշագրելու կամ ներկայացնելու ժամանակ ցանկացած միջոցի օգտագործումը, որը մատնանշում կամ առաջացնում է այնպիսի ասոցիացիա, որ տվյալ ապրանքը ծագում է իսկական ծագման վայրից տարբերվող աշխարհագրական շրջանից այնպես, որ դա ապրանքի ծագման վայրի և հատկությունների առումով կարող է մոլորության մեջ գցել սպառողին.
2) ցանկացած այնպիսի գործածություն, որը «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիայի 10-bis հոդվածի իմաստով անբարեխիղճ մրցակցության ակտ է։
Հոդված 7
Կողմերն իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող են մերժել ապրանքային նշանի գրանցումը կամ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինման գրանցումը կամ կարող են անվավեր ճանաչել ապրանքային նշանի գրանցումը կամ աշխարհագրական օբյեկտի անվանումից բաղկացած կամ այն պարունակող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինման գրանցումը, եթե սույն համաձայնագրի որևէ մասնակից պետության նշված տարածքից չծագող ապրանքների համար ապրանքային նշանի մեջ օգտագործվում է այնպիսի անվանում, որն այդ ապրանքների իրական ծագման վայրի առումով մոլորության մեջ է գցում սպառողներին։
Հոդված 8
Սույն համաձայնագրի 7-րդ հոդվածում նշված պաշտպանության իրավական միջոցները կիրառվում են նաև այն աշխարհագրական նշումների նկատմամբ, որոնք թեև բառացիորեն ճիշտ են այն տարածքի, շրջանի կամ տեղանքի համար, որտեղից ծագում են ապրանքները, այնուամենայնիվ, սպառողներին սխալ պատկերացում են տալիս ապրանքների տարածքային ծագման մասին։
Հոդված 9
Սույն համաձայնագրով նախատեսված՝ պաշտպանության իրավական միջոցների կիրառումը դյուրացնելու համար Կողմերը կարող են անցկացնել բանակցություններ՝ ապրանքների ծագման վայրերի անվանումների և աշխարհագրական նշումների գրանցման և իրավական պաշտպանության բազմակողմանի համակարգ, ինչպես նաև սույն համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում դրանց պահպանության մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմ հիմնելու շուրջ։
Հոդված 10
Կողմերն ապահովում են սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության մեջ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների նկատմամբ իրավունքների պահպանման ընթացակարգերի մասին այնպիսի դրույթների ներառումը, որոնք նախատեսում են սույն համաձայնագրում նախատեսված իրավունքների ցանկացած խախտման դեմ ուղղված արդյունավետ միջոցներ, ներառյալ՝ այդպիսի խախտումների կանխարգելմանն ուղղված հրատապ միջոցները և խախտումների դեպքերի համար վարչաիրավական պատժամիջոց հանդիսացող միջոցները։ Այս ընթացակարգերը պետք է ապահովեն օրինական առևտրի պաշտպանությունը չարաշահումներից և խոչընդոտեն առևտրում արգելքների ստեղծումը։
Հոդված 11
Ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների նկատմամբ իրավունքների պահպանումն ապահովող ընթացակարգերը պետք է լինեն բոլորի համար հավասար և արդար։
Հոդված 12
Կողմերը սույն համաձայնագրի դրույթների իրագործման մասով համագործակցությունն իրականացնում են իրենց լիազորված (իրավասու) մարմինների միջոցով՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։
Կողմերը սահմանում են իրենց լիազորված (իրավասու) մարմինների ցանկը և ավանդապահին դրա մասին տեղեկացնում են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագիրը հանձնելու ժամանակ։ Լիազորված (իրավասու) մարմինների ցանկի փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում գրավոր, դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է ավանդապահին։
Հոդված 13
Սույն համաձայնագրի դրույթների իրագործման մասով Կողմերի փոխգործակցության համակարգումը վերապահվում է Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմնին՝ Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով միջպետական խորհրդին։
Հոդված 14
Սույն համաձայնագրի իրագործմանն ուղղված՝ Կողմերի կողմից անցկացվող միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է այն միջոցների շրջանակներում, որոնք յուրաքանչյուր տարի սույն համաձայնագրի մասնակից պետությունների բյուջեներում նախատեսվում են համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների համար՝ իրենց գործառույթները կատարելու նպատակով։
Հոդված 15
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել դրա անբաժանելի մասը կազմող փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ։
Հոդված 16
Սույն համաձայնագրի կիրառման և մեկնաբանման առնչությամբ Կողմերի միջև ծագող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ ընթացակարգով։
Հոդված 17
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։
Հոդված 18
Ուժի մեջ մտնելուց հետո սույն համաձայնագիրը բաց է ԱՊՀ մասնակից ցանկացած պետության կողմից դրան միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով։
Միացող պետության համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։
Հոդված 19
Սույն համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Կողմերից յուրաքանչյուրն իրավասու է դուրս գալ սույն համաձայնագրից՝ դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ իր այդ մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին և կարգավորելով համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները։
Հոդված 20
Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սույն համաձայնագրի մասնակից պետությունների համար դադարում է «Կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված միջոցների մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի գործողությունը։
Կատարված է Մինսկ քաղաքում 2021 թվականի մայիսի 28-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն համաձայնագիրն ստորագրած պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության [ստորագրություն] (վերապահումով) |
Ռուսաստանի Դաշնության |
Հայաստանի Հանրապետության [ստորագրություն] (վերապահումով) |
Տաջիկստանի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության |
Թուրքմենստանի Կառավարության կողմից` |
Ղազախստանի Հանրապետության |
Ուզբեկստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության |
Ուկրաինայի Կառավարության կողմից` |
Մոլդովայի Հանրապետության |
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համագործակցության մասին 2021 թվականի մայիսի 28-ի համաձայնագրին
Համաձայնագրի դրույթներն Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ չեն կիրառվելու մինչև հակամարտության հետևանքների ամբողջական վերացումը և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների նորմալացումը։
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ՝ |
[ստորագրություն] |
Ալի Ասադով |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի 2021 թվականի մայիսի 28-ի որոշման առնչությամբ
«ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համագործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի 2021 թվականի մայիսի 28-ի որոշման առնչությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից վերապահում ներկայացնելու կապակցությամբ հայկական կողմն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
Համաձայնագրի դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չեն կիրառվելու մինչև Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիայի հետևանքների ամբողջական վերացումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական դիվանագիտական լուծումը՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված նպատակներին հասնելու շահերից ելնելով։
Հայաստանի Հանրապետության փողվարչապետի պաշտոնակատար՝
[ստորագրություն] |
|
Մ. Հ. Գրիգորյան |