ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ3/0070/05/10 |
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վաչագան և Դուխիկ Հունանյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ Վաչագան և Դուխիկ Հունանյանների հայցի ընդդեմ Կիմա, Աղավնի, Վաչագան, Վարսենիկ և Անի Մնացականյանների, ՀՀ Արարատի մարզի Սիսավանի գյուղապետարանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման` քաղվածքը և պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վաչագան և Դուխիկ Հունանյանները պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Սիսավան համայնքի տնտեսության թիվ 2 գրքի 149 գրանցման համարից 25.05.2000 թվականին տրված քաղվածքը և ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 03084-4-1 մատյանի 000256 համարի տակ 28.07.2000 թվականին կատարված պետական գրանցումը` Կիմա, Աղավնի, Վաչագան, Վարսենիկ և Անի Մնացականյանների մասով:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել 25.05.2000 թվականի ՀՀ Արարատի մարզի Սիսավան գյուղական համայնքի տնտեսության թիվ 2 գրքից 149 համարի տակ գտնվող գրանցման քաղվածքը` Կիմա, Աղավնի, Վաչագան, Վարսենիկ և Անի Մնացականյանների 1.800քմ մակերեսով տնամերձ հողամասի մասով, անվավեր ճանաչել 28.07.2000 թվականի ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրում անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03084-4-1 մատյանի 000256 համարի տակ Վաչագան, Դուխիկ և Ռազմիկ Հունանյանների, Կիմա, Աղավնի, Վաչագան, Վարսենիկ և Անի Մնացականյանների անվամբ ՀՀ Արարատի մարզի Սիսավան գյուղում գտնվող 0,2հա մակերեսով բնակելի տան կառուցման և սպասարկման հողամասի, 122,3քմ մակերեսով բնակելի տան, 12,4քմ, 16,6քմ և 23,8քմ մակերեսներով օժանդակ շինությունների նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը` Կիմա, Աղավնի, Վաչագան, Վարսենիկ և Անի Մնացականյանների 0,2հա մակերեսով բնակելի տան կառուցման և սպասարկման հողամասի մասով: Մնացած մասով (122,3քմ մակերեսով բնակելի տան, 12,4քմ, 16,6քմ և 23,8քմ մակերեսներով օժանդակ շինությունների) հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վաչագան և Դուխիկ Հունանյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.1999 թվականին` 17.06.1998 թվականի թիվ ՀՕ-229 օրենքով) 5-րդ, 13-րդ, 20-րդ հոդվածները, «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 28.11.2006 թվականի թիվ ՀՕ-199-Ն օրենքով) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ուժը կորցրել է 01.01.1999 թվականին` 17.06.1998 թվականի թիվ ՀՕ-229 օրենքով) 106-րդ, 117-րդ, 127-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը (ուժը կորցրել է 28.11.2006 թվականի թիվ ՀՕ-199-Ն օրենքով), որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Սիսավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 22.03.1991 թվականի թիվ 5 որոշմամբ Վաչագան Հունանյանի ծխին սեփականաշնորհվել է 0,720հա մակերեսով հողամաս: Բացի այդ, վերջինիս ծխի անդամներին ՀՀ Արարատի մարզի Սիսավան գյուղում սեփականության իրավունքով պատկանել է 122,3քմ մակերեսով բնակելի տուն, 12,4քմ, 16,6քմ և 23,8քմ մակերեսներով օժանդակ շինություններ, ինչպես նաև 0,2հա մակերեսով տնամերձ հողամաս:
Մինչդեռ, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կիմա, Աղավնի, Վաչագան, Վարսենիկ և Անի Մնացականյանները Վաչագան Հունանյանի ծխի անդամներ չեն, քանի որ Կիմա Մնացականյանը վերջինիս որդու հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել, ինչպես նաև նրանց երեխաները ծնվել են նշված սեփականաշնորհման գործընթացից հետո, իսկ 0,2հա մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի տունը կառուցվել է դեռևս 1950-ական թվականներին:
Դատարանը, բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ Կիմա, Աղավնի, Վաչագան, Վարսենիկ և Անի Մնացականյանների սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասով մերժելով հայցը, ղեկավարվել է «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով, մինչդեռ, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը սույն գործով կիրառելի չէ, քանի որ նշված օրենքն ընդունվել է պետությանը և համայնքներին պատկանող բնակելի ֆոնդը քաղաքացիներին սեփականաշնորհելու նպատակով, իսկ տվյալ դեպքում Վաչագան Հունանյանին և նրա ընտանիքի անդամներին դեռևս 1950-ական թվականներին հատկացված տնամերձ հողամասում կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները պետական, հանրային կամ համայնքային սեփականություն չեն, քանի որ դրանք ի սկզբանե վերջիններիս սեփականությունն են: Հետևաբար, այդ օրենքը որևէ կերպ չի առնչվում վիճելի բնակելի տան սեփականաշնորհման հետ, և դրա կիրառմամբ խախտվել են գույքի սեփականատերերի իրավունքները և օրինական շահերը:
Այսպիսով, Դատարանը վճիռը կայացրել է ոչ թե գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման միջոցով, այլ հենվելով ենթադրությունների վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 23.07.2010 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ռազմիկ Հունանյանը և Կիմա Մնացականյանը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվում 13.04.1991 թվականից (գ.թ. 17):
2) Աղավնի Մնացականյանը ծնվել է 19.08.1992 թվականին, Վաչագան Մնացականյանը` 15.02.1994 թվականին, Վարսենիկ Մնացականյանը` 06.04.1995 թվականին, իսկ Անի Մնացականյանը` 23.12.1997 թվականին (գ.թ. 79-82):
3) Վաչագան Հունանյանը 07.03.1991 թվականին դիմել է Ենգիջայի գյուղական խորհրդին առընթեր հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողով` իրեն հասանելիք հողաբաժնի սեփականության իրավունքն իրացնելու նպատակով: Միաժամանակ, վերջինս որպես իր ընտանիքի չափահաս անդամներ նշել է Դուխիկ Վարդանյանին (Հունանյան) և Ռազմիկ Հունանյանին (գ.թ. 28):
4) ՀՀ Արարատի մարզի Սիսավան համայնքի ղեկավարի 20.07.2000 թվականի որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց թողնվել է և ճանաչվել է Սիսավան համայնքի բնակիչ Վաչագան Հունանյանի` ընտանիքի 6 անձով սեփականության իրավունքը Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 22.03.1991 թվականի թիվ 5 որոշմամբ սեփականաշնորհված 0,18հա մակերեսով տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողամասերից մինչև 20 տոկոս ավելի օգտագործվող 200քմ մակերեսով տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ (գ.թ. 33):
5) 25.05.2000 թվականի ՀՀ Արարատի մարզի Սիսավան համայնքի տնտեսության թիվ 2 գրքից 149 համարի գրանցման քաղվածքի համաձայն` Վաչագան Հունանյանի անվամբ Սիսավան գյուղի գյուղապետարանում գրանցված է 1.800քմ մակերեսով տնամերձ հողամաս, որի վրա կա բնակելի տուն` օժանդակ շինություններով: Նույն քաղվածքով վերջինիս ընտանիքի կազմում նշվել են Դուխիկ և Ռազմիկ Հունանյանները, Կիմա, Աղավնի, Վարդան (Վաչագան), Վարսենիկ և Անի Մնացականյանները: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված քաղվածքով Վաչագան Մնացականյանի անունը սխալմամբ գրվել է «Վարդան», 17.05.2010 թվականին տրվել է ՀՀ Արարատի մարզի Սիսավան համայնքի տնտեսության թիվ 2 գրքից 149 համարի գրանցման ուղղված քաղվածքը, որի համաձայն` Վաչագան Հունանյանի անվամբ Սիսավան գյուղի գյուղապետարանում գրանցված է 0,2հա մակերեսով տնամերձ հողամաս, որի վրա կա բնակելի տուն` օժանդակ շինություններով` կառուցված 1967 թվականին: Նույն քաղվածքով վերջինիս ընտանիքի կազմում նշվել են Դուխիկ և Ռազմիկ Հունանյանները, Կիմա, Աղավնի, Վաչագան, Վարսենիկ և Անի Մնացականյանները (գ.թ. 34, 96):
6) 28.07.2000 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0234420 վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Սիսավան գյուղում գտնվող 0,2հա մակերեսով բնակելի տան կառուցման և սպասարկման հողամասի, 122,3քմ մակերեսով բնակելի տան, ինչպես նաև 12,4քմ, 16,6քմ և 23,8քմ մակերեսներով օժանդակ շինությունների նկատմամբ 25.05.2000 թվականի ՀՀ Արարատի մարզի Սիսավան համայնքի տնտեսության թիվ 2 գրքից 149 համարի գրանցման քաղվածքի հիման վրա Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրում անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03084-4-1 մատյանի 000256 համարի տակ գրանցված է Վաչագան, Դուխիկ և Ռազմիկ Հունանյանների, Կիմա, Աղավնի, Վաչագան, Վարսենիկ և Անի Մնացականյանների սեփականության իրավունքը (գ.թ. 35-37):
7) Սույն գործում առկա չէ ՀՀ Արարատի մարզի Սիսավան գյուղում գտնվող 122,3քմ մակերեսով բնակելի տունը, ինչպես նաև 12,4քմ, 16,6քմ և 23,8քմ մակերեսներով օժանդակ շինությունները պետական, հանրային կամ համայնքային բնակարանային ֆոնդի կազմում ընդգրկված լինելու վերաբերյալ որևէ ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 29.06.1993 թվականին, ուժի մեջ է մտել 01.09.1993 թվականին, ուժը կորցրել է 04.01.2007 թվականին) նախաբանի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բնակարանային ֆոնդի և հանրային բնակարանային ֆոնդի և համայնքային բնակարանային ֆոնդի (բնակելի տների և այլ շինությունների բնակելի տարածությունների) սեփականաշնորհման հիմնական դրույթները, կարգավորում սեփականության հարաբերությունների ձևափոխման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները, ինչպես նաև ապահովում բնակարանային ֆոնդի արդյունավետ օգտագործումն ու պահպանումը:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման օբյեկտ են հանդիսանում`
ա) պետական (նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող), հանրային (նախկին կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող), ինչպես նաև համայնքային (օրենսդրությամբ համայնքներին հանձնված պետական բնակարանային ֆոնդ) ֆոնդի բնակարանները.
բ) բնակելի տունը ամբողջությամբ` ներառյալ կից կառույցները, նկուղները և ընդհանուր օգտագործման տարածքները, որոնք նախատեսված են բնակելի տան տարածքի հատակագծով:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկա հանդիսացող սեփականաշնորհման օբյեկտներ էին պետական (նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող), հանրային (նախկին կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող) և համայնքային (օրենսդրությամբ համայնքներին հանձնված պետական բնակարանային ֆոնդ) ֆոնդի բնակարանները:
Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ ՀՀ Արարատի մարզի Սիսավան գյուղում գտնվող բնակելի տների սեփականաշնորհման գործընթացը կարող էր իրականացվել միայն «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի հիման վրա, մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կիրառելով «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը, անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վիճելի բնակելի տունն ընդգրկված էր պետական, հանրային կամ համայնքային ֆոնդի բնակարանների կազմում:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը հայցը մերժելու մասով անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` վիճելի բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը և ժամկետները պարզելու համար:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.07.2010 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ՝ |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |