ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 1992 թվականի N 171
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրման ֆոնդը` տարեկան 1373,0 հազար ռուբլի, ներառյալ 30 տոկոս աշխատավարձի բարձրացումը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը ունենալու նախարարի 5 տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 13 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Ի լրացումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքի հետ կապված միջոցառումների մասին» N 54 որոշման 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ենթակայությանը հանձնել`
Հայկական ատոմային էլեկտրակայանը.
նախկին ԽՍՀՄ «Ատոմաէներգանախագիծ» ինստիտուտի հայկական մասնաճյուղը.
ատոմային էլեկտրակայանների շահագործման նախկին համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղը.
«Հայէներգացանցնախագիծ» ինստիտուտը.
«Երևանհիդրոնախագիծ» ինստիտուտը.
Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը.
նախկին ԽՍՀՄ «Սոյուզգազնախագիծ» ինստիտուտի Երևանի մասնաճյուղը.
նախկին ԽՍՀՄ պետգազհսկողության հայկական տարածքային տեսչությունը.
Արփա-Սևանշին մասնագիտացված վարչությունը.
«Հատուկհիդրոշին» անդրկովկասյան մասնագիտացված վարչությունը.
«Կովկասատոմէներգակարգավորում» ձեռնարկությունը.
«Հարավհատուկատոմէներգամոնտաժ» տրեստի անդրկովկասյան մոնտաժային վարչությունը.
«Հայատոմջերմաէներգամոնտաժ» ձեռնարկությունը.
Հյուսիսային Կովկասի էլեկտրամոնտաժային տրեստի N 4 մոնտաժային վարչությունը.
«Հարավէներգաքիմպաշտպանություն» վարչության Անդրկովկասի տնտհաշվարկային տեղամասը.
«Հայէներգամեքենայացում» փոքր մեքենայացման վարչությունը.
«Ուկրէներգաջերմամեկուսացում» միավորման հայկական արտադրական տեղամասը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և նյութական ռեսուրսների նախարարությանը` էներգետիկայի և վառելիքի նախարարության ներկայացմամբ լուծել նախարարության կենտրոնական ապարատի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների, մեքենաների, կահույքի և այլ նյութերի ձեռքբերման հարցերը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
