ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 252-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 354-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 354-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ ենթակետերով՝
«4.1) իր իրավասության շրջանակներում ազգային անվտանգության ապահովմանը մասնակցելը.
4.2) պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը.».
2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին ենթակետով՝
«20.1) կանոնադրական գործառույթներն իրականացնելիս հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու և ձերբակալելու, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգության սպառնալիքների կանխարգելման համար անհետաձգելի դեպքերում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներն օգտագործելը, եթե ողջամտորեն հնարավոր չէ այլ եղանակով հասնել սույն ենթակետում նշված նպատակներին: Ծառայությունը, օրենսդրությանը համապատասխան, պարտավոր է հատուցել ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատճառած վնասը: Սույն ենթակետում նշված նպատակների համար չեն կարող օգտագործվել դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները.».
3) 9-րդ կետի 24-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ ենթակետերով՝
«19.1) սահմանում է ծառայության ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության նորմատիվները, ինչպես նաև հաստատում է ֆիզիկական և կրակային պատրաստականության պարապմունքների ժամանակացույցները.
19.2) հաստատում է պետական պահպանության ոլորտի գործառույթներին առնչվող մեթոդական ուղեցույցները և ուսումնական ձեռնարկները.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
