ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը նշում է, որ բնակչության դրամական եկամուտների համեմատաբար ավելի արագ աճի և սպառողական շուկայի անհաշվեկշռվածության հետևանքով դրամաշրջանառության վիճակը հանրապետությունում կտրուկ վատացել է։
Բնակչության դրամական եկամուտների արագ աճը պայմանավորված է բանվող-ծառայողների աշխատավարձերի հարաճուն բարձրացման, ապրանքների գների թանկացման կապակցությամբ դրամական փոխհատուցումների վճարումներով և կանխիկ դրամի նկատմամբ կոոպերատիվների, մանր ձեռնարկությունների ու բաժնետիրական այլ ընկերությունների պահանջների աճմամբ։
Նման վիճակը հանգեցրել է նրան, որ ընթացիկ տարվա ապրիլ-սեպտեմբեր ամիսներին բանկերի դրամարկղային ծախսերի 36,3 տոկոսը ծածկվել է շրջանառության մեջ լրացուցիչ կանխիկ դրամ բաց թողնելու հաշվին, որը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ավելի է 2,6 անգամ։
Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել դրամաշրջանառության վիճակը կայունացնելու ժամանակավոր միջոցառումներ (կցվում է)։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին, ֆինանսների նախարարությանը, առևտրի նախարարությանը, Հայկոոպի վարչությանը և հանրապետական բանկերին` 10-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ոչ պետական առևտրում դրամաշրջանառության հարցերի կարգավորման և առևտրի հասույթների ինկասացիայի կազմակերպման վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
4 հոկտեմբերի 1991 թ. N 590 քաղ. Երևան |
|
Հաստատված է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 4-ի N 590 որոշմամբ |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1. Շրջանառության մեջ բացթողնվող կանխիկ դրամը առավելագույն չափով կրճատելու նպատակով բանկային հիմնարկություններին թույլատրել կանխիկ դրամ բաց թողնել առաջին հերթին աշխատավարձեր, թոշակ-նպաստներ վճարելու, պարենային ապրանքներ և գյուղատնտեսական մթերքներ գնելու համար:
2. 1991 թվականի տարեկան աշխատանքի արդյունքներով և երկարամյա ծառայության համար վճարումները կատարել 1992 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:
Հիմնարկություններից, ձեռնարկություններից (անկախ սեփականության ձևերից), ինչպես նաև անհատ քաղաքացիներից ոչ պարենային ապրանքներ ձեռք բերելու համար հաշվարկները կատարել անկանխիկ։ Այլ նպատակների համար կանխիկ դրամ բաց թողնել բացառիկ դեպքերում՝ ամսական հազար ռուբլուց ոչ ավելի:
3. Հանձնարարել ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկին՝ մինչև 1991 թվականի վերջը այլ հանրապետություններից ավանդային հաշիվներին փոխանցված գումարներից և այլ հանրապետություններից տրված հաշվարկային անդորրագրերով և սերտիֆիկատներով կանխիկ վճարումներ չկատարել:
4. Կոմիսիոն հիմունքներով առևտուր կատարող բոլոր խանութներին՝ վճարման ենթակա հազարից ավելի գումարների դեպքում հաշվարկները կատարել անկանխիկ՝ խնայբանկերի ավանդներին փոխանցելու միջոցով:
5. Բոլոր պետական, կոոպերատիվ, բաժնետիրական, վարձակալական, հանրային, համատեղ, հասարակական և մյուս ձեռնարկություններին, միավորումներին, կազմակերպություններին և հիմնարկություններին՝ դրամարկղային տնտեսությունների վարումը խստորեն կազմակերպել ԽՍՀՄ պետբանկի 1991 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ հաստատված «Ժողովրդական տնտեսությունում դրամարկղային գործառնությունները վարելու կարգի մասին» կանոններով, որը հրապարակվել է «Էկոնոմիկա ի ժիզն» թերթի 34-րդ համարում։
Հանրապետության բոլոր բանկերին և հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ անհրաժեշտ հսկողություն սահմանել տնտեսությունների նկատմամբ՝ դրամարկղային գործառնությունների կատարումը և դրամական միջոցների պահպանումը նշված կանոններով և դրանց կից հանձնարարականներով կազմակերպելու համար։
6. ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական բանկին ու ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկին, ինչպես նաև պետական և ոչ պետական բանկերին՝ 10-օրյա ժամկետում մշակել միջոցառումներ բնակչությունից, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից, սեփականության բոլոր ձևերի առևտրական կազմակերպություններից խնայողությունների, հասույթների լրացուցիչ ներգրավման ուղղությամբ, այդ թվում նաև ավանդների ու դեպոզիտների տոկոսադրույքները բարձրացնելու հաշվին։
7. Հանրապետության բանկերին՝ դադարեցնել հիմնարկությունների, ձեռնարկությունների, կոոպերատիվների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և իրավաբանական մյուս անձանց կողմից կապի հիմնարկությունների միջոցով հոժարագրված վճարման հանձնարարագրերով դրամական փոխանցումներն անհատ քաղաքացիներին, բացառությամբ աշխատավարձի, թոշակների, նպաստների, կրթաթոշակների, ալիմենտների և գյուղատնտեսական մթերքների վաճառքի դիմաց բնակչությանը հասանելիք գումարների։
8. Հայաստանի Հանրապետության կապի ձեռնարկություններին՝ բանկային հիմնարկների հետ համատեղ առանձնակի հսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետություն այլ տարածքաշրջաններից փոստային առաքումների միջոցով դրամական փոխադրումների օրինականության վրա։ Հանրապետությունում գտնվող այլ տարածքաշրջանների բնակիչների անունով փոխադրված գումարներից կանխիկ վճարել մինչև 500 ռուբլի, մնացածը վերադարձնել առաքողին: Տեղի բնակիչների անունով ստացված 500 ռուբլուց ավելի փոխադրումների գումարը փոխանցել նրանց խնայդրամարկղի ավանդներին, կամ անձնական հաշիվներին։
