ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«13» հունիսի 2025 թ. |
N 49-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8․ Հայաստանի Հանրապետության մարզերի բոլոր այն բնակավայրերում (քաղաքներում, գյուղերում), որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական ուսումնական հաստատությունն է կամ տվյալ բնակավայրում (Երևան քաղաքում տվյալ վարչական շրջանում) գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից։»․
2) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 10.1.-ին կետով.
«10.1. Ընթացիկ ուսումնական տարվա համար ուսումնական հաստատությունը սովորող կարող է ընդունել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը։ Նոր ուսումնական տարվա համար ուսումնական հաստատությունը սովորող կարող է ընդունել օգոստոսի 1-ից:»․
3) 11.1.-ին կետում «կայքի միջոցով» բառերից հետո լրացնել «ընթացիկ տարվա մայիսի 1-ից ոչ շուտ՝» բառերով․
4) 12-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող և՝
ա․ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաներին կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին․
բ․ խնամակալության տակ գտնվող երեխաներին․
գ․ հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին:»․
5) 13-րդ և 17-րդ կետերում «3-րդ» թիվը փոխարինել «2-րդ» թվով․
6) 13․1.-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.1. Սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված առաջնահերթությունը տրվում է, եթե սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրը Նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին (secretariat@escs.am) ուղարկում է դիմում և սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջները հաստատող տեղեկանք։ Դիմումը և տեղեկանքը ստանալու պահից հաշված տասնօրյա ժամկետում Նախարարությունը, ստուգելով ներկայացված տեղեկանքի հավաստիությունը, առաջնահերթությունից օգտվելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում իր որոշումը ուղարկում է ԿՏԱԿ, չբավարարելու դեպքում նույն ժամկետում այն գրավոր տրամադրում է դիմումատուին։ ԿՏԱԿ-ը սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում իրականացնում է սովորողի հայտագրումը՝ Նախարարության որոշման հիման վրա։»․
7) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«19. Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մինչև մայիսի 1-ը՝ բացառությամբ արտերկրից տեղափոխվող սովորողների, սույն կարգի 20-րդ կետով սահմանված, ինչպես նաև սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև ուսումնական պլանով նախատեսված տվյալ ուսումնական տարվա ուսումնական պարապմունքների վերջին օրը ներառյալ։ Տեղափոխումը կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Նշված ժամկետից հետո տեղափոխում կարող է իրականացվել միայն սովորողի՝ հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշման առկայության դեպքում:».
8) 20-րդ կետում «Հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից (այսուհետ՝ ՆՄՄԿ հաստատություն)» բառերը փոխարինել «Հանրակրթական հիմնական կրթության հիմքով արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններից (այսուհետ՝ ՄՈՒՀ)» բառերով և կարգի մնացած կետերում «ՆՄՄԿ հաստատություն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «ՄՈՒՀ» բառով՝ իր բոլոր հոլովաձևերով և թվով.
9) 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 24.1.-ին կետով.
«24.1. Սույն կարգի 24-րդ կետով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձած և ուսումը օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում շարունակած երեխաները Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխվելիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:».
10) 29-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` սույն կարգի 25-րդ կետի պահանջներին համապատասխան՝
ա. իր տարիքային խմբին համապատասխան դասարան.
բ. իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, եթե հաստատության տնօրենին ծնողի (օրինական ներկայացուցչի) ներկայացրած համապատասխան դիմումի հիման վրա կատարված գնահատման արդյունքում բացահայտվել է ինտելեկտուալ (մտավոր) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք.»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Նախարար՝
6/13/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2025 թվական:
