ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«10» ապրիլի 2025 թ․ |
ԹԻՎ 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 17-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Սարգսյան
«10» ապրիլի 2025 թ. ք․ Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի ապրիլի 10-ի N 2-Ն հրամանի |
ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ
1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ՀՍՏ 452-2024, ՀՍՏ 436-2024 և ԻՍՕ (ISO) 19139 ստանդարտների հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ` Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
2. Մետատվյալները ստեղծվում, պահպանվում և թարմացվում են Նախարարության կողմից` «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։
3. Մետատվյալները ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:
4․ Նախարարությունը ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են փոխգործելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
5․ Նախարարությունն ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով։
6. Տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման պատասխանատու է Նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։
7. Նախարարությունը ստեղծում է Մետատվյալների շտեմարան` Մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով:
8. Մետատվյալների շտեմարանը ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները:
9․ Մետատվյալների շտեմարանը ստեղծվում, մշակվում և թարմացվում է Նախարարության կողմից, էլեկտրոնային եղանակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1787-Ն որոշմամբ հաստատված կարգի։
10. Մետատվյալների շտեմարանը էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում:
11. Նախարարությունը Մետատվյալներն օգտագործում է իր լիազորություններն իրականացնելիս, ապահովում է դրանց օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունը, անվտանգությունը։
12․ Նախարարությունն ապահովում է Մետատվյալների տրամադրումը կամ հասանելիությունը (էլեկտրոնային եղանակով) ոլորտի լիազոր մարմնին` Կադաստրի կոմիտեին:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2025 թվական:
